livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԸստ հայտարարության՝ փետրվարի 5-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում իտալացի դաշնակահար ԱՆՏՈՆԻՈ ԿՈՆՍԱԼԵՍԻ նախատեսված համերգը չի կայացել` դաշնակահարի վատառողջ լինելու պատճառով: Սակայն, սա մասամբ է համապատասխանում իրականությանը, քանի որ Կոնսալեսի ինքազգացողության վատացման պատճառը եղել է թատրոնի գլխավոր դիրիժոր ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԸ: «Զարուհու» հետ բացառիկ զրույցում դաշնակահարը պատմեց, որ մինչ Հայաստան գալը, արդեն հասկացել է, որ Հայաստանում Դուրգարյանի հետ աշխատելը հեշտ չի լինելու:

«ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՉԳԻՏԵՄ` ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ»

Այնուամենայնիվ, արդեն Հայաստանում Կոնսալեսը լուռ հարմարվել է Դուրգարյանի «քմահաճույքներին». «Մինչ այդ, ես լուռ անում էի այն, ինչ նա էր ասում` իր քմահաճույքով էի շարժվում: Դիմացա, դիմացա, դիմացա, բայց վերջում արդեն չկարողացա դիմանալ...

Նա ինձ ասում էր, որ ես պրոֆեսիոնալ երաժիշտ եմ, բայց հետո հայերենով, համերգի կազմակերպիչ Մարինա Սարգսյանին ասում էր, որ պրոֆեսիոնալ չեմ: Եթե այդ խնդիրը կար, ինչո՞ւ նա ինձ ավելի վաղ չէր ասում այդ մասին` հենց կոնսերվատորիայի փորձի ժամանակ: Կոնսերվատորիայում վերջին փորձից հետո շնորհավորեցինք միմյանց, ձեռք սեղմեցինք եւ բաժանվեցինք: Հաջորդ օրը չգիտեմ` ինչ պատահեց Դուրգարյանին: Երբ համերգից մեկ ժամ առաջ եկա թատրոն, տեսա, որ իրավիճակը լարված է. թատրոնում նրան գտա ահավոր բարկացած: Երբ արդեն բեմի վրա էինք, մաեստրո Դուրգարյանն ասաց, որ ժամը ուշ է` փորձ սկսելու համար, մինչդեռ ես փորձի մասին բացարձակ տեղեկություն չունեի, եւ բոլորի մոտ ասաց, որ մեղավորը դու չես, այլ քո կազմակերպիչները: Բայց ամբողջ աշխարհում նման բան գոյություն չունի, որ համերգից առաջ համերգի փորձ անեն»,- ասաց Ա. Կոնսալեսն ու տեղեկացրեց, որ անկախ ամեն ինչից, ինքն իր սեփական կարծիքն ունի տեղի ունեցածի վերաբերյալ. «Այստեղ նախանձի խնդիր կար, մտածելով, որ կազմակերպչական հարցերով ինքը առաջին տեղում չէ, որոշեց պատերազմ սկսել… Նույնիսկ նա մտադրություն չուներ` գլխավոր անձ լինել այս ամենում, ուղղակի, ուզում էր պատերազմ սկսել եւ արեց այն, ինչ եղավ: Ես ամեն կերպ փորձեցի հանդարտեցնել իրավիճակը, փորձեցի բոլորի հետ հաշվի նստել, բայց հասկացա, որ այդ ամենն ինձանից վեր է, այսինքն` միայն ես չեմ կարող այդ հարցերը լուծել»:

«ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԷՐ ԻՆՁ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

altԸստ իտալացի երաժշտի` Դուրգարյանն իր վերաբերմունքը ցուցաբերում էր հենց փորձերի ժամանակ` իր անտարբերությամբ ու անընդհատ փորձերը դադարեցնելով. «Առաջին փորձի ժամանակ նա շատ անտարբեր էր, կեղծ ժպտում էր, կարծես սպասեր, թե երբ կսխալվեմ, բայց ես այստեղ եմ հրավիրվել, որ վիրավորե՞ն ինձ: Սպասում եմ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի արձագանքին: Մինչեւ հիմա իմ բջջայինում պահում եմ այն նամակը, որտեղ նա գրել էր` մինչ Հայաստան գալս, որ իրենց համար մեծ պատիվ է իմ ելույթը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրում: Ազնվորեն, չեմ ուզում մտածել, որ իրենք ինձ հրավիրել են, որպեսզի նման կերպ վարվեն: Չեմ հասկանում` ինչու Դուրգարյանն այդպես արեց, նա մտածում էր, որ փորձերին ես մի սխալ կանեմ, բայց քանի որ չստացվեց, երեւի գնաց տուն մտածելով, թե` լավ, այսօր դաշնակահարը չտապալվեց, ես վաղը նրան կտապալեմ: Նա գիտեր, որ արտիստի համար դժվար է համերգից 1 ժամ առաջ փորձ անել, դրա համար էլ այդպես արեց: Գուցե սառը բնավորություն ունեցող մարդը կարողանար դիմադրել, բայց ես զգայուն եմ, չկարողացա: Այնպես չէր, որ ինձ վատ էի զգում, գիտեի, որ Դուրգարյանն այդ ամենն անում էր միայն ինձ տապալելու համար, ինձ հաճելի չէր այդ համերգին նվագել, որովհետեւ չկար ներդաշնակություն, այդ պայմաններում չէի կարող նվագել... Եվ նա ունեցավ այն, ինչ ցանկանում էր` խափանեց համերգը, որը կազմակերպված էր»,- պատմեց Կոնսալեսն ու խոսելով իր առողջական վիճակի մասին` հավելեց. «Ես միայն մի քիչ անհանգիստ եմ, ուզում եմ տուն հասնել եւ մի քիչ հանգստանալ, որովհետեւ իսկապես լարված իրավիճակ ու շատ ծանր օրեր ապրեցի, 2 գիշեր է նորմալ չեմ քնում: Միայն ցավում եմ, որ այս իրավիճակի հետեւանքով, ինձ Հայաստան հրավիրող պրոդյուսերներս` Մարինա Սարգսյանն ու Դավիթ Խաչատրյանը խնդիրներ ունեն օպերային թատրոնի հետ»:

«ԱՅՍ ՀԱՄԵՐԳՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ»

Կոնսալեսը նաեւ շեշտեց, որ ինքը Հայաստան է եկել անշահախնդիր, եւ որ այս համերգն իր համար կարեւոր էր. «Հայաստան եմ եկել համերգի` միայն ընկերական նպատակով: Ես ոչ մի լումա չեմ ուզել այս համերգի համար, քանի որ դրամից ավելի մեծ նշանակություն ուներ այն ինձ համար: Վստահ էի, որ այստեղ հայերի կողմից կգտնեի ջերմություն եւ գտա, բացի մի մարդուց, որը սպասում էր իմ սխալներին ու սայթաքումներին: Դրա համար մտածեցի` այլեւս պատճառներ չկան, որ այս համերգին նվագեմ»:

ՆԱՄԱԿ ԿԳՐԻ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Ի դեպ, Կոնսալեսը նաեւ պատրաստվում է նամակ գրել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ պատմել ամբողջ եղելությունը. «Ուզում եմ մի նամակ գրել մշակույթի նախարարին, որտեղ պարզապես կպատմեմ այն, ինչ տեղի է ունեցել: Բայց նամակն իմ անունից կփոխանցեն հայաստանյան համերգի պրոդյուսերները: Ոչ մի բողոք չեմ ուզում ներկայացնել, ուղղակի, ուզում եմ նախարարին ներկայացնել ամբողջ իրողությունը, թե ինչի պատճառով տեղի չի ունեցել այս համերգը: Ճիշտ է, որ նա իմանա իրականությունը, գուցե կմտածի, որ ես ուղղակի չեմ նվագել…»:

ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՈՆՍԱԼԵՍԸ ԿԼԻՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀՅՈՒՐԸ

Կոնսալեսի առողջական վիճակի մասին հետաքրքրվել է նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպանը, որը նույնպես չկայացած համերգի ժամանակ եղել է թատրոնում. «Ասացի, որ լավ եմ զգում ինձ, ես եկել եմ Երեւան եւ տեսել եմ հրաշալի մարդկանց` բոլորն ինձ ընդունել են ջերմությամբ, պատահեց այնպես, որ Կ. Դուրգարյանը ի հայտ բերեց խնդիրներ, որի պատճառով այլեւս չէի կարող ելույթ ունեալ: Ինձ դեսպանն ասաց, որ Հայաստանում կան ֆանտաստիկ նվագախմբեր, ու հաջորդ անգամ իր հյուրը կլինեմ ու կունենամ մեծ համերգներ Հայաստանում»:

Այնուամենայնիվ, չկայացած համերգին հաջորդող 2 օրերին Կոնսալեսի վարպետության դասերը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում ընթացան փայլուն: Ի դեպ, հատկանշական է, որ ստեղծված իրավիճակից անցել է գրեթե 5 օր, սակայն ոչ մի տեղ Կ. Դուրգարյանը ո՛չ հերքել, ո՛չ մեղադրել, ոչ էլ առավելեւս արդարացել է իր իսկ կողմից «եփած բորշչի» համար:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում