livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՇուրջ հինգ տասնամյակ Մայր թատրոնի` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում է սիրված դերասանուհի ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ: Բազմաթիվ ներկայացումներում, գեղարվեստական ֆիլմերում, հեռուստասերիալներում, ինչպես նաեւ գովազդներում մի քանի տասնյակ դերեր կերտած դերասանուհին այսօր էլ շարունակում է իր ստեղծագործական ուղին ու անգամ չի էլ մտածում վաստակավորի կամ ժողովրդական արտիստի կոչում ստանալու մասին` գտնելով, որ լավագույն կոչումը ժողովրդի սերն է:

Երեկ դերասանուհին Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում տոնեց իր հոբելյանը` ծննդյան 70-ամյակի հետ մեկտեղ, թեպետ տիկին Ջուլիետան իրեն համարում է 50 տարեկան: Ի դեպ, դերասանուհուն շնորհավորելու էին եկել հարազատ թատրոնի դերասանները, հայտնի ու սիրված արտիստներ, որոնք ծափեր, արցունքներ ու ծաղիկներ պարգեւելուց բացի, փորձում էին մտաբերել, թե որ ժամանակներից են ճանաչում Ջ. Բաբայանին:

Այնուամենայնիվ, դեռեւս կոչումների չարժանացած դերասանուհին այդ երեկո պարգեւատրվեց ՀԹԳՄ ոսկե մեդալով` թատերարվեստում ունեցած ձեռքբերումների եւ ծննդյան հոբելյանի կապակացությամբ: Իսկ մինչ հոբելյանական երեկոն` «Զարուհու» հետ զրույցում տիկին Ջուլիետան պատմեց իր 50-ամյա անցած ուղու եւ թատրոնի այսօրվա խնդիրների մասին:

«ԿԱՐՈՂ ԷԻՆՔ... ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԽԱԽՏՎԵՑ...»

-Ուղիղ 50 տարին է լրանում, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում եմ: 1965 թվականից թատրոնում եմ, եւ կարելի է ասել, որ այն ժամանակ թատրոնի ոսկե դարն էր, Սունդուկյանի անվան թատրոնը ղեկավարում էր Վարդան Աճեմյանը` մի տաղանդավոր ռեժիսոր, ինչպիսին երեւի 100 տարին մեկ կծնվի թատրոններում: Այդ տարիները Վ. Աճեմյանի գլխավորությամբ թատրոնի ծաղկուն շրջանն էր, իսկ դրանից հետո արդեն սկսվեց երկրաշարժը, պատերազմը, թատրոնն էլ լուծարվեց… Ինչ խոսք, դժվար տարիներ անցան, ու դա մեր կյանքից գնաց, չէ՞ որ կարող էինք շատ ավելի լավ դերեր խաղալ, շատ ավելի լավ ներկայացումներ բեմադրել, բայց ինչ-որ բան խախտվեց… Թեպետ հիմա կամաց-կամաց տեղն է ընկնում:

«ԿԱՏԱԿՈՎ ԻՆՁ ԱՍՈՒՄ ԵՆ`ՍՈՎԵՏԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ»

-Թեպետ թատրոնի վաստակաշատ դերասանուհի եք, բայց այսօր հանրությունը Ձեզ մեծամասամբ ճանաչում է հեռուստասերիալներից եւ գովազդներից:

- Ոչ միայն հեռուստասերիալներից, դեռ շատ վաղուց ե՛ւ ֆիլմերում եմ նկարահանվել, ե՛ւ հեռուստատեսությամբ եմ ելույթalt ունեցել: Նույնիսկ կատակով ինձ ասում են` Սովետի դերասանուհի: Իհարկե, ինձ համար թատրոնն առաջին տեղում է, բայց սերիալներում նկարահանվելն էլ մեր պարտականությունն ու մասնագիտությունն է, որ պետք է անպայման մասնակցենք, որովհետեւ սերիալն էլ նույն թատրոնն ու նույն կինոն է` մի քիչ ուրիշ տեսակի: Այնպես որ, հաճույքով եմ նկարահանվում ե՛ւ գովազդներում, ե՛ւ սերիալներում ու որեւէ խնդիր չեմ տեսնում:

«ՈՐ ԱՅԴՊԵՍ ՀԵՇՏ ԼԻՆԵՐ, ԲՈԼՈՐՆ ԷԼ ԴԵՐԱՍԱՆ ԿԴԱՌՆԱՅԻՆ»

-Ձեր սերնդակիցները կարծես իրոք բոլորիս կողմից են սիրվել ու այսօր էլ մնում են իրենց բարձունքի վրա: Ի՞նչն է պատճառը, որ այսօր շատ արվեստագետներ, պարզապես, թիթեռնիկի կյանք են ունենում:

- Նորահայտների մասին այսպես կասեմ. մի սերիալում, մի էպիզոդում կամ երբեմն գլխավոր դերում խաղում են ու արդեն իրենց համարում են դերասան կամ դերասանուհի: Կամ ով մի տեսահոլովակ է նկարահանում` իրեն համարում է երգիչ-երգչուհի: Այդպես չէ, մաղվում են, կարող է` խաղան մի քանի տեղ կամ մի քանի երգ երգեն, բայց չմնան, որովհետեւ աստղային հիվանդությունն է նրանց տանում ու չեն կարողանում իրենց տեղը գտնել: Դերասանի եւ երգիչի մասնագիտությունը պիտի շատ սիրես, շատ աշխատես` կայանալու համար: Թե չէ հիմա մի քիչ հեշտացել է, դրսից էլ մարդ են բռնում, բերում ու նկարում են` ասելով, որ արդեն դերասան է: Դերասանն այդպես չի լինում, որ այդպես հեշտ լիներ, բոլորն էլ դերասան կդառնային: Իմ կարծիքով` ճիշտ չէ, այս մոտեցումը վիրավորում է մեզ` իսկական մասնագետներիս: Միչդեռ պատահական մարդկանց են բերում, որ նկարահանվեն, ու մի դուբլի փոխարեն, պետք է 10 դուբլ նկարահանես, որ տվյալ տեսարանն ստացվի: Հաճախ չեն էլ հասկանում` ինչ են անում, ուղղակի տեքստը ասում են, բայց չէ՞ որ դերասանությունը դա չէ:

«ՇԱՏ ՎԱՍՏԱԿԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԷԼ ՃԱՆԱՉՈՒՄ»

-Մի շարք արվեստագետներ ունեն վաստակավորի կոչումներ, բայց զարմանալիորեն Դուք որեւէ կոչում դեռեւս չունեք:

alt- Ինքս կոչում չունեմ եւ չեմ էլ ուզում արդեն ունենալ: Եթե հիսուն տարի թատրոնում աշխատում ես եւ կոչում չունես, դա արդեն ծիծաղելի է: Բայց ինձ թվում է` կոչումը ժողովրդի սերն ու հարգանքն է, որն ամեն օր ես վայելում եմ: Կոչումներն արդեն արժեզրկվել են, եթե երիտասարդ մեկը 20-25 տարեկանում վաստակավորի կոչում է ստանում, ես դա չեմ ընդունում: Չէ՞ որ վաստակավորի կոչումն ստանում են վաստակի համար, ոչ թե` սիրուն աչքերի: Շատ բան է փոխվել, արժեզրկվել է ամեն ինչ, անկեղծ ասած, ունենալ կոչում, թե` ոչ, ոչինչ չի նշանակում: Ոչինչ չի տալիս դա, որովհետեւ շատ վաստակավորներ կան, որ ժողովուրդը չի էլ ճանաչում: Ինձ թվում է` ամենամեծ գնահատողը ժողովուրդն է, եթե ժողովուրդը մեկին ընդունեց, հավանեց, սիրեց, ուրեմն` դա ամենամեծ կոչումն է:

«ԾԵԾԵԼՈՎ ԷԼ ՀԱՆԵՍ, ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ ԹԱՏՐՈՆԻՑ»

-Համացանցի, նոր տեխնոլոգիաների դարում թատրոնը կարո՞ղ է հարատեւել:

- Թատրոնը միշտ կհարատեւի, որովհետեւ այն կենդանի շփում է հանդիսատեսի հետ: Ե՛վ համացանցը, ե՛ւ հեռուստատեսությունն ունեն իրենց ոչ դրական կողմերը` այն իմաստով, որ մարդիկ նստում են տանը, սուրճը կամ թեյը խմում են ու նայում: Նրանք նույնիսկ չեն ուզում գալ թատրոն` մտածելով, որ դե` սերիալ ենք նայում կամ կինո ենք նայում էլի: Բայց, իմ կարծիքով, թատրոնն ուրիշ է, դա հեքիաթային աշխարհ է, եւ ով մտնում է թատրոն` շատ դժվար է դուրս գալիս: Եթե մարդ իրոք արվեստը սիրում է, թատրոնը սիրում է, ինչպես ասում են` ծեծելով էլ հանես, դուրս չի գա թատրոնից: Ես բեմը միշտ համեմատում եմ եկեղեցու հետ. հասկացողի համար բեմը սուրբ միջավայր է: Այսօր ամեն մեկը կարող է թատրոն մտնել ու դուրս գալ, բայց օրինակ ինձ թվում է` Սունդուկյանի պատերից մեր բոլոր մեծերը նայում են: Գրեթե 50 տարի կլինի` այդ թատրոնում եմ աշխատում, բայց ամեն անգամ հուզվում եմ: Ընդհանրապես, առանց հուզմունքի, չես կարող բեմ բարձրանալ, դա կլինի էստրադա, թե թատրոն:


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում