livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altԱմերիկացի երգիչ ԴԱՆԻԵԼ ԴԵՔԵՐԸ ցանկություն է հայտնել դառնալ ՀՀ քաղաքացի: Այդ մասին երեկ "Զարուհի" հետ զրույցում հաստատեց ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

15 ԹՎԱԿԱՆԻՆ "ԱԴԱՆԱ" ԵՐԳԸ ԿԹՈՂԱՐԿՎԻ 15 ԼԵԶՎՈՎ

-Նախ` Դանիել Դեքերը հայերիս համար շատ կարեւոր գործ արեց այն առումով, որ ցանկացավ գրել "Ադանա" երգի խոսքերը: Երբ երգի շատ ազդեցիկ տեքստը պատրաստ էր, թարգմանեցի 20 լեզվով: 2005 թվականին արդեն թողարկվեց 10 լեզվով ձայնասկավառակ եւ միայն բաժանվեց` տրվեց Ցեղասպանության ինստիտուտ թանգարանին, Ազգային գրադարանին, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարություններին, Հայ դատին եւ այլն: Իսկ այս տարի ցանկացա "Ադանան" թողարկել 15 լեզվով: Դ. Դեքերի գործն այս առումով մեծ խթան հանդիսացավ, որ այդ գործը սկսեցի: Այսինքն` օտար ազգի մարդ, որը ազգակցական, արյունակցական կապ չունենալով հայերի հետ, արեց այդ գործը: Մեր շփումներն այնքան զորավոր եղան, որ Դեքերը նաեւ ճամփորդեց աշխարհի տարբեր երկրներ, նույնիսկ Կրեմլի բեմում կատարեց "Ադանան": Միշտ ասում էի` այս տղային պետք է ինչ-որ ձեւով շնորհակալություն հայտնենք: Ճիշտ է, նա շնորհակալագրեր ստացավ Սփյուռքի նախարարությունից, քաղաքապետարանից, ստացավ Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ, բայց միշտ ուզում էի, որ նա մեր պետության կողմից պարգեւատրվեր, կամ այդ մարդուն ճանաչեինք մեր երկրի պատվավոր քաղաքացի: Երեւի, այնքան հասունացավ դա, որ մոտ մեկ ամիս առաջ Դեքերից նամակ ստացա, որտեղ ցանկություն է հայտնում դառնալ ՀՀ քաղաքացի: Կարծում եմ` սա պետք է ոգեւորիչ ու ազդեցիկ առիթ լինի բոլորիս համար: Նույնիսկ` եթե մեր պետական այրերը հարմար կգտնեն իրեն ճանաչել ՀՀ քաղաքացի, առաջարկում եմ Դեքերին անձնագիրը հանձնել հենց ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում: Դա օտար տեսախցիկների առջեւ կլինի շատ ազդեցիկ, ոգեւորիչ: Շատ եմ ուզում դա իրականանա զուտ մի բանի համար, որ Ադրբեջանի նախագահը շատ է հայտարարում ու ադրբեջանցիներին հույս տալիս, որ համբերեք, Հայաստանը դատարկվում է, մենք շուտով կտիրանանք Հայաստանին: Այդ հայտարարությունների ֆոնի վրա Դեքերի` ՀՀ քաղաքացի դառնալը, կարծում եմ, շատ մարդկանց բերան կփակի:

- Այդ հարցով որեւէ կառույցի դիմե՞լ եք:

- Այդ լուրը փոխանցեցի մշակույթի նախարարին, խոստացավ դրանով զբաղվել եւ խնդրեց Դեքերի կենսագրությունը: Դեքերն ուղարկեց, եւ ես փոխանցեցի նախարարությանը, հիմա ես ու Դեքերը սպասման մեջ ենք:

"ՑՈՒՅՑ ՏԱՄ, ՈՐ ՄԵԶ ՀԵՏ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ Է ԵՐԳՈՒՄ"

-Որքան գիտեմ, նաեւ նոր երգ եք պատրաստում Դեքերի հետ:

- Այո, վերջին մեր համագործակցության արդյունքում ծնվեց նոր երգը, որը կոչվում է "Remember", երգում է Հայաստանի պետական երգչախումբը` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, նվագակցում` Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ: Այն հիմա տեսահոլովակի եմ վերածում, նկարահանումների առաջին փուլն արդեն ավարտել ենք Ծիծեռնակաբերդում, որտեղ երգում էին մոտավորապես 10-15 երկրներից ժամանած երգչախմբեր: Նրանք Հայաստան էին եկել Սփյուռքի նախարարության հրավերով` "Իմ Հայաստան" փառատոնին մասնակցելու: Առիթից օգտվելով` ներկայացրի երգը, որոնք միացյալ կատարեցին Արամ Խաչատրյան համերգասրահում: Իսկ հետո երգչախմբերին տեղափոխեցի Ծիծեռնակաբերդ, եւ նկարահանվեց տեսահոլովակը: Իհարկե, իմ շնորհակալական խոսքերը կուզենամ հղել մեծ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, ամբողջ ակադեմիական երգչախմբի անդամներին, իմ շատ սիրելի Էդուրադ Թոփչյանին` ամբողջ նվագախմբին եւ տնօրինությանը, Ազգային կինոկենտոնին, Հանրային հեռուստաընկերությանը եւ այն մարդկանց, ում ջանքերով եւ օգնությամբ այն իրականություն դարձավ: Հիմա արտասահմանյան տարբեր երկրներում նույնպես նկարահանվում են երգչախմբեր: Հարավային Ամերիկայում այդ ամենը կազմակերպում է դուդուկահար, հայրենասեր Գագիկ Գասպարյանը: Օրինակ` երեկ արդեն ստացա Չիլիի երգչախմբի կատարումը, շուտով կստանամ Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի երգչախմբերի կատարումները: Հիմա նկարահանվում են Եգիպտոսի, Ռուսաստանի տարբեր քաղաքների երգչախմբերը: Ուզում եմ այդ ամենը միացնել այս մի տեսահոլովակին, ցույց տամ, որ մեզ հետ ամբողջ աշխահն է երգում:

- Բոլորը երգում են հայերե՞ն:

alt

- Տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է, հայերեն տեքստը գրել է Լեւոն Բլբուլյանը: Բայց հիմա շատ ձեռնտու է, որ երգը կատարվի անգլերեն, որպեսզի շատ մարդիկ ճանաչեն ու հասկանան, թե ինչի մասին են երգում այդ երգչախմբերը: Հուսով եմ` երկրորդ փուլն էլ կավարտեմ` այդ նույն մարդկանց օգնությամբ: Նկարահանման առաջին փուլը կիսատ մնաց` Ցեղասպանության հուշահամալիրը վերանորոգվում էր, իսկ հիմա սպասում եմ, որ օրերը տաքանան: Համոզված եմ, երբ ավարտենք, շատ հզոր ու ազդեցիկ մի բան է դառնալու:

"ԵԿԱՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄՏՑՐԵՑԻՔ ՑԵԽՆ ՈՒ ԷԼ ՉՀԱՆԵՑԻՔ"

-Պարոն Գեւորգյան, Դեքերը հաճախ է լինում Հայաստանում, Ձեզ այդ ինչպե՞ս հաջողվեց նրան այդքան հայասեր դարձնել:

- Դեքերն այնքան լավ գիտի Հայոց ցեղասպանության մասին, որ նույնիսկ Սիրիայում ընկավ մեծ խնդրի մեջ: Հյուրանոցում նրա վրա հարձակվեց հյուրանոցի ադմինիստրատորը, որն ազգությամբ թուրք էր, թե այս ինչ արեցիք, եկաք Թուրքիային մտցրեցիք ցեխն ու էլ չհանեցիք: Տարօրինակ էր, որ ինձ կամ որեւէ հայի չկանչեց այդ ադմինիստրատորը ու ոչինչ չասաց, թե այս ինչ արեցիք թուրքերի գլխին... Դեքերը բոլոր առումներով այդ մարդու պատասխանը տվեց: Վերջապես, մի տարի նա ծանոթացել է Ցեղասպանության մասին մեր գրքերին, կայքերին, տեղեկացված անձնավորություն է: Նա ելույթ ունեցավ Արցախում` Արցախի անկախության 20-ամյակին նվիրված, "Կարոտ" փառատոնի շրջանակներում` իմ համերգին: Այդ առթիվ նաեւ ունեցավ հեղինակային մենահամերգ` Արամ Խաչատրյան համերգասրահում: Թողարկեց ձայնասկավառակ, որի վրա գրվեց` "Ես հայ եմ ընտրությամբ", ոչ թե ծնունդով կամ ազգությամբ: Նրա հայրը կարծեմ իռլանդացի է, մայրը` իսպանացի, նա ծնվել է Պուեռտո Ռիկոյում: Դեքերը սիրահարված է մեր ազգին, եւ դրանից օգտվելով` պետք է, ինչով կարող ենք, օգտակար լինել իրեն: Եթե նա խնդրում է դառնալ ՀՀ քաղաքացի, կարծում եմ` մեզ համար մեծ պատիվ է: Լավ կլինի, որ նա մեր երկրի քաղաքացի կդառնա, կտեղափոխվի Հայաստանում ապրելու, դա շատ մարդկանց կոգեւորի:

- Իսկ 15 լեզուներով ձայնագրված "Ադանա" երգի սկավառակը ե՞րբ հասանելի կլինի:

- Այս պահին փնտրում եմ դիզայներ, ով ինձ կօգնի ձայնասկավառակի շապիկի գեղարվեստական ձեւավորումը կատարել: Հենց դա եղավ, վաղն էլ կգնամ տպարան` ձայնասկավառակը տպելու: Իսկ երգի ձայնագրությունները վաղուց պատրաստ են:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում