livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

altԱրևելքի կնոջ սքողված-դյութիչ կերպարը մեր ընդհանրական պատկերացումներում կարծրատիպի պես մի բան է, ինչը հաղթահարելու ներքին ձգտումով եմ այցելում ցուցահանդեսը: Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում առաջին անգամ չէ, որ ներկայացվում է իրանական արվեստը. ամեն անգամ՝ նոր հայացք, նոր դիտանկյուն, նորովի մոտեցումներ կան այս ցուցադրություններում, և ակնկալիքս մեծ է նաև այս մշակութային նորույթից:

Կնոջ կերպարը ներկայացնելու՝ ներկայիս ազգային-կրոնական սահմանափակումների պայմաններում իրանցի մի շարք հայտնի արվեստագետներ պատկերային լեզվի, արտահայտչամիջոցների ուրույն, հնարագետ ու յուրատեսակ օգտագործմամբ կարողացել են ամբողջական, խորությամբ տալ կին-անհատի ներքինի նկարագրությունը: Արտաքին փակերը, արգելքները, սահմանագծումները շրջանցելով ակնարկների, ուրվագծումների, խորհրդանիշների, գեղարվեստական անակնկալ լուծումների միջոցով՝ նրանք ասես, իրենց արվեստով խփվում են արգելքների պատնեշին, մտովի կառուցում ու քանդում ներքին խոչընդոտներ, հարցեր տալիս ու փնտրում այդ հարցերի պատասխանները: Ամեն ինչ այստեղ խորհրդանիշների լեզվով է խոսում ակնդրի հետ: Կանանց՝ ավանդական փակ զգեստների ներքո սքողված դեմքերն ու մարմնաձևերը մի առանձնակի գրավչություն ունեն: Իրանցի կանանց դեմքերը ծածկող կտորները վերածվում են դիմակների, ներհյուսվում նրանց դեմքերին, ներաճում նրանց էությանը՝ դառնալով անբաժանելի, անջնջելի…

altԱյդ դիմակները պատուհաննե՞ր են, որոնց նեղ անցքերից դեպի աշխարհն են նայում կանանց հայացքները, իրենց էության մի մա՞սը, որը կրում են և ապրում են դրանց հետ անանջատ, թե՞ տեսադաշտը նեղող-նեղացնող կապ ու կապանքներ, որ անմռունչ կրում են: Հարցեր, որ ծագում են լուսանկարիչ Էհսան Միրհոսեյնի ստեղծագործությունների շարքը դիտելիս: Բայց այս գեղարվեստական լուսանկարները միայն գաղափարներ չեն կրում ու հաղորդում. դրանք նաև պարզապես գեղեցիկ են, ինչպես որ ինքնին սքանչելի է բնության արարչագործությունը հիացած աչքերով ներկայացնող ամեն մի պատկեր:

altԱնանուն ծաղիկներով, անհավանական կենդանիներով շրջապատված, թռիչքների ու երանության մեջ Եվան՝ մերկ ու ազատ է. անհոգության թեթև շունչը կա այս գործերում, թերևս՝ նաև համարձակություն, քանզի կնոջ մերկությունը ցուցանելը, կրոնական և ազգային ինչ-ինչ թելադրանքներից ելնելով՝ անընդունելի է: Բայց իրանցի արվեստագետները գտնում են լեզուն՝ արգելանքը խափանելու, ու այդ մասին է պատմում այս ցուցահանդեսը համադրող Շաքե Պետրոսյանը. :

Նորարար կերպարվեստագետները թեև մի քանի տասնյակ են, բայց լայն ճանաչում ունեն և գնահատված ենalt արվեստասեր հանրության կողմից: Այդ ճանաչվածներից մեկն է Ջասեմ Ղազբանփուրը, որը երևանյան ցուցահանդեսում ներկայացել է իր շարժանկարներով և գեղարվեստական լուսանկարների շարքերով: Ներքին մաքրագործման ճանապարհն անցած, կրոնական պահքի, սակավապետության խորհուրդը ներքուստ ապրած, սրանով, ասես, նորից որպես անաղարտ հոգի աշխարհ եկած ամուսինների լուռ, զուսպ-ջերմ, ներքին խանդաղատանքով լեցուն պատկերներն են իրար հաջորդող լուսանկարներում: Բոլորը ճերմակների մեջ են, նշանը՝ մաքրագործման ու հոգու վերափոխումների. երկրային սիրո արգելանքը զույգերին ավելի մտերմացրել, հոգեկից է դարձրել: Ավանդական ծածկոցներով կանանց պատկերները. սակայն, արդեն լուսանկարների մի այլ շարքում փոխարինվում են կանանց՝ համարյա ոչնչով չսքողված ուրվագծերով: Իրանի Սեֆեյան Զանդի և Ղաջար արքայատոհմերի շրջաններում կանանց պատկերները շատ են օգտագործվել՝ զարդարելու արտաքին և անձնական տարածքները, ու նկարիչը ուզում է նորագույն ժամանակներում վերականգնել հնից ժառանգած ավանդույթները՝ արվեստի նոր լեզվով ու արտահայտչամիջոցներով: Պատկերների ընդերքներում պարզորեն ուրվագծվում են մերկ մարմնաձևերը կանանց, որոնց բնորդները Իրանից չեն: Որպես վավերագրող՝ Ջասեմ Ղազբանփուրը բազում ժամեր ֆիլմեր է նկարել իրանական տարբեր նահանգների մասին: Գեղեցիկ ոչինչ, ոչ մի մանրամասն չի վրիպել նրա աչքից, այդ թվում՝ և կինը: Նա ասում է՝ այն, ինչ արգելվում է հասարակ մահկանացուին, չպետք է արգելվի արվեստագետին: Ահա թե ինչու, Ղազբանփուրը փնտրում է ուղիներ՝ աչքերում և հոգում դաջված գեղեցիկը ներկայացնելու համար: Հարցիս, թե ի՛նչ է տանում Հայաստանից ու ինչկե՛պ են իր արվեստում ներկայանալու իր տպավորությունները, պատասխանում է, որ բազմիցս է այցելել altՀայաստան ու չի դադարել լուսանկարել Հայաստանը՝ իր մարդկանցով, բնությամբ, շինություններով, իրադարձություններով: Բազում հայ ընկերներ ունի, նրանց մեջ՝ արվեստագետներ: Նկատում է, թե զուր են իր հայ ընկերները դժգոհում փոփոխությունների բացակայությունից: Ինքը, որ պարբերաբար այցելում է Հայաստան, տեսնում ու արձանագրում է տարեցտարի կատարվող փոփոխությունները, որոնցից որոշները, իր գնահատմամբ, իհարկե, ողջունելի չեն (արվեստագետը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի հատկապես Երևանի ճարտարապետական դիմագծի աղճատումները): Դրսից հայացքը, ա՛յն էլ՝ արվեստագետի, օբյեկտիվ է:

Կանայք հաճախ հենց իրենք են իրենց սեփական անձը պարփակում ավանդական, ընտանեկան պատերի ներքո, իրե՛նք են բարձրացնում այդ պատերը, որոնց հեղձուկում հետո տոչորվում են անօգնական ու անազատ:

Սև, համեստ ծածկոցը երեսին քաշած դեռատի կինը՝ ասես բարուրը մանկան, զարդանախշ կրող քարի բեկորն է կրծքին հպել քնքշորեն: Սադեղ Սաֆայու ստեղծագործության կողքին Հոջջաթ Ամանիի է: Այստեղ իրենց գործերն են ցուցադրում նաև Սորուշ Միլանիզադեհը, որ ավելի քան 12 տարի փորձում է տարբեր տեսանկյուններից ներկայացնել կանանց խնդիրները, Ֆարիբորզ Միրքաբիրին, Մեհրաբան Մեհրաբանին, Շիվա Էյնին, Մոժգան Փարսամաղան, Արշիա Հուշմանդը, Քավե Խոսրավին:

Հասմիկ Սարգսյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում