livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

fest2«Մեկ տանիքի ներքո» խորագրով «ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 11-ից հունիսի 11-ը: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը` ՀՀ Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախորդ երկու տարիների համեմատ, երկու շաբաթի փոխարեն շուրջ մեկ ամիս հանրությանը կներկայացնի արվեստի մի քանի ճյուղեր` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, դիզայն եւ դեկորատիվ կիրառական արվեստ եւ երգարվեստ: «ԱՐՏ-ՖԵՍՏ»-ն արդեն 3-րդ տարին է, 16-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռում ինքնադրսեւորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու` ձեւավորելով համագործակցության հեռանկարային լայն շրջանակներ: Ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը, արվեստի ամեն տեսակից որոշում է ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակակիրներին:

«Զարուհու» հետ զրույցում փառատոնի հիմնադիր-տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ հավաստիացրեց, որ գրեթե 2 օր է մեկնարկած է հայտերի ընդունումը, սակայնն արդեն նկատվում է յուրատեսակ աշխույժություն երիտասարդների կողմից:

«ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ»

- Միակ երիտասարդական բազմաժանր փառատոնն այս տարի ինչո՞վ կառանձնանա նախորդ երկուսից:

fest

- Այո՛, ազդարարվեց «ԱՐՏ ՖԵՍՏ 2015»-ի մասնակիցների հայտագրման մեկնարկը: Եվ քանի որ ունենք դրական նորամուծություններ, այս տարի փառատոնը կիրականացվի մի ամբողջ ամիս` մայիսի 11-ից հունիսի 11-ը: Հաշվի առնելով «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի ձեւաչափը, որ նաեւ կարգախոս է` «արվեստի տեսակները մեկ տանիքի ներքո», նախորդ տարվա փառատոնի ավարտին մտադրվեցինք ընդլայնել մասնագիտական շրջանակը` ներմուծելով արվեստի նոր ճյուղեր: Հաշվի առնելով երիտասարդական ստեղծագործական խմբերի մի քանի առաջարկություններ, որոշում կայացվեց արդեն եղած վեց ճյուղերին (թատերական արվեստ, կինոարվեստ, գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, գրաֆիկա) ավելացնել երգարվեստը, դիզայնը եւ դեկորատիվ կիրառական արվեստը: Երգարվեստի ոլորտում փառատոնի մասնագիտական հանձնախումբն ընտրվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ղեկավարության հետ խորհրդակցության արդյունքում: Բարեկամության եւ պատրաստակամության համար խորին շնորհակալություն եմ հայտնում ԲՈՒՀ-ի ղեկավարությանը` հանձին ռեկտոր պարոն Շահինյանի:

«ՇՏԱՊԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»»

- Էրիկ, նախորդ տարիներին փառատոնին սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն չունեին մասնակցության հայտեր ուղարկելու, այս տարի նրանց հնարավորություն կընդձեռվի՞, թե՞ կրկին կան որոշակի բարդություններ:

- Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ կատարվել են, եւ փառք Աստծուն հաջողությամբ են պսակվել: Լիահույս եմ, որ սփյուռքի հետ տարվող բանակցությունների վերջնական արդյունքում մենք կիրագործենք նաեւ այդ նպատակը: Շտապելու անհրաժեշտություն չկա: Ես այն համոզմանն եմ, որ փառատոնի շրջանակում իրականացվող ցանկացած նորամուծություն պետք է լինի լավ մշակված բարեփոխում` հատկապես երբ գործ ունենք երիտասարդ ստեղծագործողների հետ, որոնցից շատերի առաջին քայլերը սկսում են հենց «ԱՐՏ ՖԵՍՏ»-ից:

«ԿԱՐԻՔ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԸ ԹԵՄԱՏԻԿ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ»

- «Արտ Ֆեստն» այս տարի անդրադարձ կկատարի՞ կամ որեւէ առնչություն կունենա՞ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ:

fest3- Խորապես համոզված եմ, որ հատկապես միջազգային հանրության ուշադրության սեւեռումը` Հայոց Ցեղասպանության խնդրին, տարեթիվ չպետք է ճանաչի: 99-ամյակը, 100-ամյակն ու 101-ամյակը, միջազգային ճանաչման ու դատապարտման վերջնական նպատակին հասցնելու առումով, նույնացնում եմ: Հետեւաբար` կարիք չեմ տեսնում փառատոնը թեմատիկ շրջանակի մեջ դնելու` միաժամանակ վստահ լինելով, որ այս տարի Հայոց Ցեղասպանության թեման բոլոր ոլորտներում կարմիր գծով է անցնելու: Իբրեւ քաղաքացի, ավելի շատ կարեւորում եմ պատմության դասի ընկալումը` հետագայում նույն ճակատագրին չբախվելու համար: Փառատոնն, ընդհանուր առմամբ, խրախուսում է ազգային մշակույթը: Օրինակ` երգարվեստի մասնակիցների կատարումներից մեկը պարտադիր պետք է լինի Կոմիտասի ստեղծագործություններից: Ասեմ նաեւ, որ հուրախություն մեզ, հայտագրման մեկնարկն ազդարարելուց ընդամենը մեկ օր անց, փառատոնն արդեն ստացել է քսանից ավելի հայտ: Վստահ եմ` այս տարի նույնպես մայրաքաղաքային եւ մարզային ԲՈՒՀ-երից, մշակութային այլ կրթօջախներից «մեկ տանիքի ներքո» կհավաքվեն ստեղծագործական խմբեր ու անհատներ:

«ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊԱՑՈՒՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

- Ղեկավարում եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնը, խոսենք նաեւ թատրոնի առաջիկա անելիքների մասին:

- Վերջին շրջանում թատրոնում տեղի են ունեցել բարեփոխումներ: ԵԹԿՊԻ ռեկտոր պարոն Մուրադյանի fest1առաջարկով «Ուսումնական թատրոնը» անվանափոխվեց «ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոն-լաբորատորիա»` ձեռք բերելով կազմակերպաիրավական նոր ձեւաչափ` ի նպաստ թատրոնի զարգացման եւ հետագա արդյունավետ գործունեության: Նոր կարգավիճակն, ըստ էության, ընձեռում է հիմնական խաղացանկային քաղաքականություն իրականացնելու լայն հնարավորություն, նպաստում է երիտասարդական նոր ուժերի հետ համագործակցությանը: Վստահ եմ, որ կարգավիճակի փոփոխությունը գործնականորեն կապացուցի արդյունավետությունը` նոր թափ հաղորդելով «Ուսանողական թատրոնի» առաջիկա աշխատանքներին: Ի դեպ, «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի բացումն այս տարի կազդարարի նաեւ «Ուսանողական թատրոնի» նոր խաղաշրջանի մեկնարկը` մեր ԲՈՒՀ-ի շրջանավարտ ՀՀ գրողների միության անդամ Աստղիկ Սիմոնյանի «Մեկ թագավորի թատրոն» պիեսի բեմադրությամբ: Ինչպես ասում են ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում