livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

 

altՍանկտ Պետերբուրգում կայացած "Ճանապարհ դեպի աստղեր" էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթից Երեւանի մշակութի պետական քոլեջի ուսանողները` յուրաքանչյուրն իր տարիքային խմբում, Հայաստան են վերադարձել առաջին եւ երկրորդ մրցանակներով:

15 երկրի 120 մասնակիցների թվում Հայաստանը ներկայացնող Անի Սարգսյանը արժանացել է 2-րդ մրցանակի, իսկ Սարո Գրիգորյանը` 1-ին: "Զարուհու" հետ զրույցում մրցանակակիրները պատմում էին, որ ժյուրիի օտարազգի անդամներին գրավելուց ու զարմացնելուց բացի, շատ է օգնել ու ոգեւորել այն փաստը, որ ժյուրիի կազմում եղել է նաեւ իրենց դասախոս, միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր, երգիչ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` Տիգրան Հայորդին:Հայ մասնակիցները բացի մրցանակներից, ստացել են նաեւ անվանական հրավերներ` մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների: 

"ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ ՆՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ"

 

Տիգրան Հայորդին "Զարուհուն" պատմեց, որ մասնակիցները ժյուրիի բոլոր անդամներին գերել են, նույնիսկ` ժյուրիի կազմում եղած Թուրքիայի ներկայացուցչին.

- Անին առաջին փուլում ակապելլա կատարեց Կոմիտաս, հրաշալի էր լսվում դահլիճից: Իրականում չէի սպասում նման
 արձագանք, ամեն դեպքում, Կոմիտասի կատարումն առանձնացավ բոլորից: Տիկին Նադեժդա Սարգսյանի ձեռագիրն այս հարցում էլ միանգամից զգացվեց, քանի որ այն հայկական շունչ, մթնոլորտ տարածեց դահլիճում: 2-րդ գործը Անին կատարեց Կոնստանտին Օրբելյանի Ջազային վարիացիաները` վոկալիզը: Հենց Անին սկսեց երգել, ժյուրիի նախագահը միանգամից նայեց ինձ ու ասաց` հաստատ Նադեժդա Սարգսյանի ընտրությունն է: Ի դեպ, բոլորին ցնցեց այն հանգամանքը, որ վարիացիաների ժամանակ Անին նաեւ սաքսաֆոն էր նվագում: Երգն ինքնին բարդ է, ու դրա հետ մեկտեղ, երգին նվագակցել ինչ-որ գործիքով ու միանգամից մտնել տոնայնության մեջ, գեղեցիկ անցումներ կատարել, դրանից արդեն իսկ իրենք` հասկացան, թե որքան պատրաստված է Անին: Իսկ Սարոն որպես երկրի հիթ` երգեց Արմեն Սմբատյանի "Հայաստան" երգը: Նրա կատարումն էլ տարբերվեց բոլոր երկրների երգերից նրանով, որ ականջին ավելի հասանելի էր: Նույնիսկ մի քանի երկրների ներկայացուցիչներ ինձ խնդրեցին այդ երգի գործիքավորումը եւ բառերը փոխանցեմ` շատ էին հավանել, ցանկանում էին երգել: Արդեն տիկին Սարգսյանի հետ կորոշենք, արժե՞ նրանց տրամադրել այդ գործիքավորումը, թե` ոչ:

 

"ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ ՆՇԱՆԱԿԵԼ"

 

-Նախորդ մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել էին խնդիրներ ստեղծել` "Սարի աղջիկ" երգը ներկայացնելով իբրեւ ադրբեջանական ժողովրդական երգ: Այս անգամ նման խնդիրներ չծագեցի՞ն:

- Ոչ, նման բան չեղավ: Անին Թուրքիայից հրավեր ստացավ` մասնակցելու իրենց երկրի միջազգային մրցույթին, բայց, կարծում եմ, այդքան էլ նպատակահարմար չի լինի Անիի մասնակցությունը հենց այս տարի: Բայց ասեմ` ամենաբարձր գնահատականը Անիին Թուրքիան է նշանակել:

 

"ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԵՄ ԼՌՈՒՄ..."

 

Մեր զրույցին միացած ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հավելեց, որ իրենք հիմա հանդիսանում են միջազգային մրցույթների ասոցիացիայի անդամ.

- Ուստի, հրավերներն անմիջապես գալիս են մեզ մոտ, եւ մենք որոշում ենք, թե որ երեխան պետք է ներկայացնի մեր երկիրը տվյալ մրցույթում: Այս անգամ էլ համոզվեցինք` իրոք ճիշտ մասնակիցներ ենք ընտրել: Լավ պատրաստվել էին երեխաները, այդ իսկ պատճառով արդյունքը, ինչպես միշտ, լավագույնն էր: Մեկ մրցույթում, երբ մի երկիրը 2 գլխավոր մրցանակային տեղեր է զբաղեցնում, արդեն իսկ խոսում է մեր երկրի եւ մեր դպրոցի մասին:

- Իսկ առաջիկայում ո՞ր միջազգային մրցույթին եք պատրաստում Ձեր սաներին:

- Առաջիկայում ունենք Սան Ռեմո` արդեն հայտերն ուղարկված են, 2 մասնակից ենք պատրաստում: Հրավերներ ունենք Ղազախստանից, Իսպանիայից... Տարին 12 ամիս ստանում ենք մրցույթների հրավերներ, սակայն մրցույթի մեկնելու համար ամենադժվարը գումար հայթայթելն է: Բայց շնորհակալ ենք ՀՀ մշակույթի նախարարությանը, ամեն անգամ մեզ աջակցում է այդ հարցում: Ուրախ եմ, որ հենց երեխաների դպրոցի տնօրեններն ու ուսուցիչներն են բարյացակամ վերաբերմունք ցուցաբերում, որ իրենց սաները կարողանան ներկայանալ միջազգային մրցույթում: Այսօր բարդ է, հրավերը` հրավեր, բայց երեխաների մեկնելը կապ ունի ֆինանսների հետ, եւ բոլոր այդ խնդիրների լուծումը իհարկե կարողանում ենք գտնել մեր նամակներով, խնդրանքներով:

- Տիկին Նադյա, 100-րդ տարելիցին որեւէ նախագծով կամ ծրագրով հանդես կգա՞ք:

- Իհարկե, ծրագիր ունենք, բայց, իմ սովորության համաձայն, չեմ ուզում նախօրոք խոսել այդ մասին: Այնպես որ, այս անգամ էլ եմ լռում եւ իրականանալու դեպքում, ինչպես միշտ, առաջինը դուք տեղյակ կլինեք:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում