livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

Goga-1Նոր մայրցամաք հայտնաբերած չենք լինի` ասելով, որ Միացյալ Նահանգները օր օրի շարունակում է համալրվել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներով: Բայց փաստն այն է, որ նրանք, լինելով արտասահմանում, կարողանում են իրենց մոռացնել չտալ հայ հանդիսատեսի համար: Ցավալի է, որ մեր դերասան-դերասանուհիները, երգիչ-երգչուհիները, լինեն սիրված թե չսիրված, երբ ապրում եւ ստեղծագործում են մեր կողքին, հաճախ չենք գնահատում, երբեմն էլ նույնիսկ չենք նկատում, բայց հենց տեղափոխվում են այլ երկիր, այդ ժամանակ սկսվում են բամբասանքների ու ափսոսանքների շարքը: Բոլորիս սիրելի ամենակարող ինտերնետի շնորհիվ` այս անգամ զրուցեցինք «Մեղավորները» սերիալում Լուիզայի կերպարը մարմնավորած երգչուհի ԳՈԳԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը վերջին շրջանում ապրում է Միացյալ Նահանգներում:

- Ինչո՞ւ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ:

- Նախ` ասեմ, որ չի կարելի համարել, թե տեղափոխվել եմ արտասահման, ուղղակի ստացել եմ հետաքրքիր գործնական առաջարկներ ու այդ պատճառով ժամանակավոր ապրում եմ Հայաստանից դուրս:

- Լուրեր են պտտվում, որ Ձեր` արտասահմանում բնակվելու հիմնական պատճառը ամուսնուց բաժանվելն է, կհերքե՞ք, թե՞ կհաստատեք այդ փաստը:

- Իհարկե, կհերքեմ, որովհետեւ քաղաքակիրթ մարդկանց մոտ նման խնդիրներ չեն լինում: Ես իմ նախկին ամուսնու` երեխայիս հոր հետ լավ հարաբերություններ ունեմ, եւ ինչպես նախապես նշեցի, իմ ԱՄՆ-ում լինելը պայմանավորված է զուտ լավ աշխատանքային առաջարկով:

- Այսօր Ձեզ տեսնում ենք հեռուստասերիալում, արդյոք երգը զիջե՞ց իր տեղը:

- Իհարկե, ոչ: Երգը երբեք չեմ թողնի, քանի որ համարում եմ այն Աստծո շնորհ, որից չեմ կարող հրաժարվել: Իսկ սերիալում ու կինոյում բազմիցս հանդես եմ եկել դեռ շատ մանուկ հասակից եւ խաղացել եմ շատ հայտնի դերասանների հետ: Պատիվ եմ ունեցել նկարահանվել տաղանդավոր ռեժիսորների ֆիլմերում, մեր հանդիսատեսին ծանոթ են «Հարսնացուն Ջերմուկից» եւ «Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմերը, «Փախուստ» հեռուստասերիալը, իսկ հիմա՝ «Մեղավորները»: Կարծում եմ` յուրաքանչյուր տարիքում փորձ ձեռք բերելը երբեք ավելորդ չէ:

- Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնվեցիք նկարահանվել հենց «Մեղավորները» հեռուստասերիալում, այն էլ` բավական բարդ կերպարում:

- Երբ փորձ ունես, կարդում ես սցենարը եւ այն հետաքրքիր է, դժվար չէ որոշում կայացնելը: Ինչ վերաբերում է կերպարի բարդությանը, հիմնականում կարելի է ասել` բնազդով եմ խաղում: Ուղղակի կարդում եմ սցենարը եւ փորձում վերարտադրել իմ տեսակի մեջ: Արձագանքները դեռ դրական են ու հուսով եմ, որ այդպես էլ կմնան:

Goga-2- Ի՞նչ կասեք ընդհանրապես հայկական հեռուստասերիալների մասին:

- Հեռուստասերիալ դիտելիս յուրաքանչյուր հեռուստադիտող վերապրում է բոլոր դեպքերը այնպես, ինչպես սեփական կյանքը:

- Լավ առաջարկի դեպքում կհամաձայնվեի՞ք նկարահանվել հայաստանյան սերիալներից որեւէ մեկում:

- Եթե սցենարը լավը լինի, ինչո՞ւ ոչ: Արդեն նման փորձ ունեցել եմ` նկարահանվելով «Փախուստ» հեռուստասերիալում եւ մի քանի ֆիլմերում: Այդ տիպի աշխատանքը ինձ դուր է գալիս:

- Հեռուստասերիալից բացի, ի՞նչով է արտասահմանում զբաղվում Գոգա Գեւորգյանը:

- Իհարկե, իմ հիմնական մասնագիտությամբ՝ երգով: Չնայած Հայաստանում չեմ, բայց շատ շուտով կլինեն անակնկալներ երեւանյան ունկնդրի համար: Այժմ պատրաստում եմ դուետ-ռեմիքս դիջեյ Սերժոյի եւ Միշոյի հետ:

- Ինչո՞ւ եղավ էստրադային դադար, պահանջարկ չկա՞ր, թե՞ այլ խնդիրներ կային, որ այսօր չենք տեսնում Ձեզ մրցանակաբաշխություններում եւ շոուբիզնեսյան ակտիվության մեջ:

- Անիմաստ եմ համարում մրցել որեւէ մեկի հետ: Կարծում եմ, որ ամեն անձ իր յուրահատուկ տեղն ունի, եւ կարեւորն այն է, որ ժամանակի ընթացքում էլ իր տեղն ու պահանջարկը ունենա: Մրցանակաբաշխություններում զգեստները ավելի շատ են քննարկվում ու դեռ փորձում են վատ ակնարկներ անել մոդելավորողի մասին: Դա արդեն սովորական մարդկային նախանձ է, որից նույնպես փորձում եմ հեռու մնալ: Մեր մրցանակաբաշխությունները տպավորություն են ստեղծում, կարծես տանը խմորեղեն են պատրաստել ու միայն այդ սենյակում գտնվողներին միշտ պետք է բաժին հասնի: Շատ տաղանդներ զուրկ են մնում այդ «բաժնից», որ կարող էր իրենցը լինել:

- Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է հայկական էստրադան այսօր:

- Միանման, առանց մտքի թռիչքի էստրադան հոգնեցուցիչ է: Երբ մեկը մի բան է անում, անմիջապես փորձում են կրկնօրինակել, կարծես թե վերացել են վերարտադրելու ոճերը եւ ձեւերը:

- Ամերիկահայ շոու-բիզնեսը ինչո՞վ է տարբերվում հայաստանյան շոու-բիզնեսից:

- Պետք է ասեմ, որ գրեթե չի տարբերվում, քանի որ լսարանը հայկական է: Միգուցե աշխատելաոճն է տարբեր, բայց, եթե մի բան լավ ես անում` անկախ նրանից, որ մայրցամաքում ես, գնահատվում է: Բայց կա մարդկանց մի տեսակ, որ միեւնույն է, ամեն ինչից բողոքում են կամ քննադատում:

Goga- Ձեր փոքրիկն արդյոք կշարունակի՞ մայրիկի գործը եւ ընդհանրապես ինչո՞վ է զբաղվում:

- Արդեն 7 տարեկան է իմ փոքրիկ հրաշք Մադլենը, բացի համակրթական դպրոցից, հաճախում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին: Նաեւ Տիգրան Հեքեքյանի երգչախմբում է երգում, հաճախում է լողի: Իսկ թե ինչ մասնագիտություն կընտրի, դեռ կորոշի ինքը, չեմ ուզում երբեւէ ճնշում գործադրել: Նա ազատ է իր ընտրության մեջ, ես միայն կօգնեմ:

- Իսկ այս տարի փոքրիկ Մադլենը սեպտեմբերի 1-ը դիմավորեց Հայաստանո՞ւմ, թե՞ այդտեղ, եւ ընդհանրապես սիրո՞ւմ է սովորել:

- Մադլենս, ցավոք սրտի, ինձ հետ չէ, բայց, ինչպես բոլոր երեխաները, այս տարի էլ մեծ եռանդով գնաց դպրոց: Շատ է սիրում սովորել եւ լավ է սովորում: Այս տարի նաեւ կսկսի հաճախել Սոֆի Դեւոյանի հոգու եւ պարի թատրոն: Մի քիչ ավելի շատ կծանրաբեռնվի, բայց երբեք չի բողոքում ու այդ ամենն անում է հաճույքով:

Վերջում Գոգան, որը ԱՄՆ-ում երգչուհի Շպռօտից լավ (հիշեցնենք, որ վերջինս ԱՄՆ-ում հասարակական տարբեր ոլորտներում իր օրվա հացն է վաստակում) եւ Արմենչիկից վատ վիճակում է գտնվում,  իր հանդիսատեսին մաղթեց.

- Կուզեմ` մարդիկ ավելի բարի լինեն, չվիրավորեն, այլ սիրեն իրար եւ ոչ թե քննադատեն: Ընդունեն այն ամենը, ինչ յուրաքանչյուր արվեստագետ ներկայացնում է: Իսկ եթե դուր չի գալիս, ապա ամեն մարդ ազատ է իր ընտրության մեջ. միշտ կարելի է ընտրել այն, ինչ դուր է գալիս:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում