livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

tatul7-ամյա ԹԱԹՈՒԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ դուդուկի միջոցով «Դլե յամանի» հնչյունները տարածեց Ծիծեռնակաբերդի բարձունքում, որտեղ ՀՀ նախագահի հետ միասին ներկա էին մի քանի երկրների նախագահներ, պաշտոնական պատվիրակություններ, դիվանագետներ եւ այլ պաշտոնատար անձինք: Ի դեպ, միջոցառման ժամանակ, պտտվեցին խոսակցություններ, թե իբրեւ փոքրիկը ՀՀ նախագահի թոռնիկն է: «Զարուհին» պարզեց, որ Թաթուլն ամենեւին էլ ՀՀ նախագահի թոռնիկը չէ, այլ սովորում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի դուդուկի բաժնում: Նվագել սկսել է 5 տարեկանից, իսկ մինչ այդ Թաթուլի անբաժան ընկերը եղել է փոքրիկ դհոլը, որից հետո արդեն անբաժան ընկեր է դարձել դուդուկը:

Թաթուլի դուդուկի ուսուցիչ Ժիրայր Հարությունյանն այսօր հպարտանում է իր սաների գրանցած հաջողություններով, քանի որ երկու տարի սովորելուց հետո Թաթուլն արդեն հասցրել է մասնակցել Գյումրու «Վերածնունդ» փառատոնին եւ դառնալ ոսկե մեդալակիր: Փոքրիկը նաեւ մասնակցել է բազմաթիվ այլ մրցույթների եւ փառատոների, ինչպես նաեւ իր կատարումներով հանդես եկել "Երգող Արմավիր" մանկապատանեկան մրցույթ-փառատոնին: "Ծիծեռնակաբերդում նվագելու համար Թաթուլին անձամբ ընտրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. ապրիլի 4-ին Բյուրականի երաժշտական ակադեմիայի բացման ժամանակ Թաթուլի կատարումը գրավել էր նախագահի ուշադրությունը, որից հետո էլ հանձնարարել էր, որպեսզի ապրիլի 24-ին Թաթուլը հանդես գա Ծիծեռնակաբերդում` «Դլե յամանի» կատարմամբ»,- պատմեց տաղանդավոր փոքրիկի ուսուցիչը եւ հավելեց, որ իր համար այս ամենը մեծ պատիվ է եղել, ուստի ամենայն պատասխանատվությամբ են սկսել նախապատրաստվել միջոցառմանը:

«ԹԱԹՈՒԼՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԸ»

Ժ. Հարությունյանի խոսքով` շատ կարճ ժամանակում Թաթուլը կարողացել է կատարել հանձնարարված առաջադրանքը. «Երբ իմացանք, որ ապրիլի 24-ին Թաթուլը պետք է ելույթ ունենա Ծիծեռնակաբերդում եւ կատարի «Դլե յամանը»  անմիջապես սկսեցինք պարապմունքը: Ունեինք ընդամենը մի քանի օր, բայց փառք Աստծո, ինչպես միշտ` Թաթուլն արդարացրեց մեր հույսերը: Փոքրիկը կարողացավ հուզել Ծիծեռնակաբերդ այցելած ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի հյուրերին»:

«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԴԱՌՆԱԼ ԼԱՎ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ»

Թաթուլը չի սիրում շատ խոսել, փոխարենը նախընտրում է նվագել. «Ամենաշատը սիրում եմ նվագել «Դլե յամանը»: Ծիծեռնակաբերդում էլ այս ստեղծագործությունը նվագեցի, ես գիտեմ այս ստեղծագործությունն ինչի մասին է... Երազում եմ դառնալ լավ դուդուկահար»,- «Զարուհու» հետ զրույցում ասաց քչախոս փոքրիկն ու շտապեց բեմ` «Երգող Արմավիր» մանկապատանեկան երգի մրցույթ-փառատոնին իր մասնակցությամբ եւս մեկ անգամ հուզելով հանդիսատեսին, իսկ հանդիսատեսն էլ փոքրիկին ծափահարեց հոտնկայս եւ «բրավոներով»:

ԲԵՄՈՒՄ ԹԱԹՈՒԼԻՆ ՄԻԱԿ ԿԱՇԿԱՆԴՈՂԸ ԻՐԵՆԻՑ ԲԱՐՁՐ ԲԱՐՁՐԱԽՈՍՆ ԷՐ

Փոքրիկի անունը եւ մուտքը դեպի բեմ հանդիսատեսի մոտ առաջացրեց մեծ ոգեւորություն, քանի որ հարազատ քաղաքում արդեն ճանաչում են Թաթուլին: Ուստի հանդիսատեսի համակ ուշադրությունն ու ջերմությունը 7-ամյա փոքրիկին չէին կաշկանդում. Թաթուլին միակ կաշկանդողը իրենից բարձր բարձրախոսն էր` սակայն դա էլ հաղթահարեց` բարձրախոսը հավասարեցրին, որպեսզի դուդուկի ձայնը կարողանա հասցնել դահլիճի ամենավերջին շարքերում նստած հադիսատեսի ականջին ու սրտին: Ահա եւ վերջ, ելույթի համար ամեն ինչ պատրաստ էր: Բեմում փոքրիկ Թաթուլը կարծես դարձավ հասուն մարդ, ով ծայրից ծայր կարողացավ դուդուկի հնչյուններով լցել հանդիսատեսի հոգին, փոխանցել նրան իր հուզմունքն ու ապրումները: Փոքրիկ հրաշքի ստեղծած այս հոգեւոր կապը իր եւ հանդիսատեսի միջեւ ավարտվեց հանդիսատեսի առջեւ նրա երկար խոնարհումով:

«ՓՈՔՐԻԿ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՀԱՅԵՐԸ 100 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՒՅՆՔԱՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՆ»

Թաթուլ Համբարձումյանը գրավել է ոչ միայն երկրի նախագահի, այլեւ ՀՀ մշակույթի նախարարի ուշադրությունը, ով Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում եղավ նաեւ այն դպրոցում, որտեղ սովորում է Թաթուլը: Դպրոցում ՀՀ մշակույթի նախարարը Թաթուլի ուսուցիչ Ժիրայր Հարությունյանին պարգեւատրեց նախարարության պատվոգրով, նշելով. «Թաթուլը եւ նրա նման տաղանդավոր փոքրիկները Հայաստանի ապագան են: Փոքրիկ դուդուկահարը ցույց տվեց, որ հայերը 100 տարի անց նույնքան տաղանդավոր են եւ նույնքան դեպի ապագան նայող»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում