altՄնջախաղի պետական թատրոնն օրերս է վերադարձել Թբիլիսիի մնջախաղի առաջին փառատոնից: Այդ մասին երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ: Նրա փոխանցմամբ` մնջախաղի թատրոնի ներկայացրած "Շերանիկ" ներկայացումն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին եւ հուզել վրաց հանդիսատեսին:

Փառատոնին ներկա է եղել նաեւ Մնջախաղի միջազգային ֆեդերացիայի նախագահը, ում հետ, ըստ Ժ. Դադասյանի, հետաքրքիր զրույց են ունեցել առհասարակ մնջախաղի արվեստի զարգացման հեռանկարների մասին եւ քննարկել մնջախաղի միջազգային օր ստեղծելու հարցը: 

"Զարմանալի բան ասեմ, "Շերանիկ" ներկայացումից հետո մեզ մոտենում շնորհավորում էին ու ասում` սա մնջախաղ չէ, սա թատրոն է... Չգիտեմ, սա լավ էր, թե` վատ",- ասաց Դադասյանը:

"ԵՐԿՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ  ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԻՆ"

Փառատոնային մի քանի օրերի ընթացքում հասցրել են շփվել եւ կապեր ստեղծել Թբիլիսիի հայկական թատրոնի հետ. "Մեր գործընկերները հայկական թատրոնից նույնպես ներկա էին "Շերանիկ" ներկայացմանը, որից հետո մենք այցելեցինք հայկական թատրոն` մեր թատերախմբերը հանդիպում ունեցան միմյանց հետ: Մնջախաղի փառատոնին ամեն տարի վրացական թատրոնը հրավիրված է լինում ու ամեն անգամ իրենք չեն գալիս: Երկու դեպքում էլ պատճառները քաղաքական էին, բայց որոշեցինք` ինչպիսին էլ լինի քաղաքական վիճակը, մյուս տարի պիտի մասնակցեն",- վստահեցրեց Ժ. Դադասյանն ու հավելեց. "Ուրախ կլինեմ, որ մեր հանդիսատեսը դիտի վրացական մնջախաղը, իրենք տարբերվում են այն ամենից, ինչ մենք ենք անում: Իրենց մոտ դասական մնջախաղն ավելի առկա է, ավելի կենտրոնացած են ժանրի վրա, ի տարբերություն մեզ, որ ավելի շատ կենտրոնացել ենք թատրոնի վրա` առհասարակ իբրեւ ժանր: Մեզ ավելի շատ հետաքրքրում է թատրոն երեւույթը, որ բեմադրությունը հնարավոր լինի փոխանցել մարմնի լեզվով` դրամատուրգիական ամբողջ ընթացքով":


alt

"ԱՌԱՆՁՆԱԿԻ ՍԻՐՈՎ ԵՄ ԽԱՂՈՒՄ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ"

Խոսելով փառատոնի մասին` Ժ. Դադասյանն ասաց, որ մասնակցել է նաեւ ճապոնացի դերասան Մակոտո Ինոուեն, ով երեկ հայ հանդիսատեսի համար հանդես եկավ "Դոջոջին" մոնոներկայացումով:
Բայց մինչ այդ լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց, որ ուրախ է կրկին Հայաստանում լինելու եւ հայ հանդիսատեսի առջեւ ներկայանալու համար: Ճապոնացի դերասանն առաջին անգամ չէ, որ գտնվում է Հայաստանում: "Ամեն անգամ առանձնակի սիրով եմ խաղում հայ հանդիսատեսի համար",- խոստովանեց Մակոտոն` հավելելով, որ այս անգամ էլ պահը բաց չի թողել կրկին երեւանյան բեմում հանդես գալու համար: Մակոտոյի փոխանցմամբ` ներկայացումը պատմում է վանականի եւ աղջկա ողբերգական սիրո մասին. "Դա լեգենդ է այն մասին, թե ինչպես է աղջիկը սիրած մարդուց բաժանվելուց հետո աստիճանաբար վերածվում հրեշի` մեծ օձի: Ես խաղում եմ միանգամից երկու դեր` կնոջ եւ տղամարդու":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ