livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՌԴ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանի համար 1987 թվականին հիմնադրված Խորեոգրաֆիայի պետական թատրոնի մասին հանրությունն այդքան էլ տեղեկացված չէ: Շատերը չգիտեն էլ, որ Բայրոնի 5 հասցեում` Պարարվեստի ուսումնարանի եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արանքում տեղակայված թատրոնը գործում է առանձին մուտքով, որպեսզի չխանգարի երկու ուսումնական հասատությունների աշխատանքը: Այս մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու շտապեց տեղեկացնել, որ թատրոնն իրոք ստեղծվել է Մ. Մարտիրոսյանի համար` նրան հայրենիք վերադարձնելու նպատակով:

«ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԱՐԴԵՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԾԱՌԱՅԻ ԻՐ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԻՆ»

-Թատրոնի հիմնադրման առիթը` մեծ վարպետ Մաքսիմ Մարտիրոսյանին հայրենիք վերադարձնելն էր, իսկ նպատակը, որ թատրոնը դառնա միջնաբեմ` Պարավեստի ուսումնարանի ուսանողների համար, որպեսզի դեպի մեծ բեմ` Օպերայի եւ բալետի թատրոն, ճանապարհը հարթ լինի: Մ. Մարտիրոսյանի օրոք թատրոնում բեմադրվել են մոնումենտալ ներկայացումներ, բայց վարպետի սրտի վիրահատությունից հետո թատրոնն անցավ փոքր, էտյուդային ներկայացումների:

- Տիկին Գայանե, թատրոնի անունը ծանոթ չէ շատերին...

- Երբ նշանակվեցի տնօրեն, այն ժամանակ թատրոնը չուներ տարածք, ի սկզբանե թատրոնը ստեղծվել է Պարարվեստի ուսումնարանի բազայի վրա, դրա համար շատերին ծանոթ չէ թատրոնի անունը, առավելեւս` նոր սերնդին: Բայց թատրոնն ունի կենսագրություն, տվել է հրաշալի կադրեր, որոնք օպերային թատրոնի այսօրվա դեմքերն են: Ժամանակի ընթացքում մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց թատրոնը գոյատեւեց: Անգամ փորձեր եղան թատրոնը վերափոխելու` որպես փոքր դրամատիկ թատրոն, սակայն կառավարության կողմից մերժվեց, եւ մնաց Խորեոգրաֆիկ պարարվեստի թատրոնը եւ առ այսօր ծառայում է իր նպատակին: Վերջին 4 տարում թատրոնը հսկայական աճ ունի, ստեղծվեց տարածք` ՀՀ մշակույթի նախարարի կողմից տրամադրվեց նախարարության նախկին արխիվային տարածքը` ավերակ վիճակում: Բայց հիմա քիչ-քիչ բարեկարգեցինք տարածքը` ունենք բավականին լավ պայմաններով փորձասենյակ, շատ ավելի լավ պայմաններով, քան որեւէ թատրոնում կգտնեք: Վերջին 2 տարում էլ, երբ արդեն ապացուցեցինք, որ կարող ենք լավ որակի ներկայացումներ անել, նախարարը հավատալով մեզ` տրամադրեց Պարարվեստի ուսումնարանի դահլիճը` շաբաթվա 4 օրերին: Իհարկե, սա դեռ լիարժեք չէ, մենք ինչ-որ չափով ստեղծել ենք նորմալ աշխատանքային պայմաններ, մինչեւ թատրոնը կունենա հիմնական շենք, այդ ժամանակ արդեն թատրոնը կծառայի իր բուն նպատակին:

«ԳՈՒՑԵ, ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԱԹՈՌՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՆՔ»

-Իսկ ինչն է խանգարում այսօր թատրոնը բուն նպատակին ծառայեցնելու համար:

- Բեմական վիճակը, դահլիճը, այս տարի որքան փորձեցինք մի քիչ նորմալ վիճակի բերել, միեւնույնն է, շատ հին է տեխնիկան` լուսային եւ ձայնային: Եվ հետո դահլիճի աթոռներն են վատ վիճակում, մի բան է ուսումնական պրոցես անցկացնես, մի բան` վաճառված տոմսերով ներկայացման բերել հանդիսատեսին` այդպիսի աթոռներով դահլիճում: Բայց դիմել ենք նախարարություն, գուցե այս տարի էլ աթոռների հարցը լուծենք:

«ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ ԹԱՏՐՈՆՆ Է ՏՈՒԺՈՒՄ»

-Ավելի լուրջ ներկայացումներով թատրոնը ե՞րբ հանդես կգա:

- Առաջին հերթին` բեմ ունենալու խնդիրն է, այդ 4 օրը մենք խաղանք ներկայացո՞ւմ, թե բեմական փորձեր անենք. սա արդեն բավականին մեծ խնդիր է, ներկայացումը պետք է բեմում եփվի: Փորձասենյակում փորձում ենք, բայց այնտեղ չկա լիարժեք տեխնիկա, որ լուրջ ներկայացումների գնանք: Դրա համար մեր ներկայացումների ե՛ւ առաջնախաղը, ե՛ւ հանձնումը լինում է Սունդուկյան թատրոնի բեմում: Փառք Աստծո, ամեն ինչ մեզ տրամադրում են, բայց ներկայացումը տեղից տեղ տեխափոխվելուց ինչ-որ բան փոխվում է` կոտրվում, հետո դեկոր պիտի հարմարեցնես, մի խոսքով` մեխանիկորեն բարդություններ է առաջ գալիս: Մեր անձնակազմով ամեն ինչի գնացել ենք, որ մեր ներկայացումները լինեն բարձր որակի: Այս տարվանից նախարարի հետ համատեղ մշակվեց, որ Պարարվեստի ուսումնարանի ուսանողները պրակտիկան պարտադիր անցկացնեն մեր թատրոնում, որպեսզի թատրոնի վիճակն այդ առումով ավելի թեթեւացվի: Մենք անցել ենք ավելի մյուզիքլային վիճակի, որ շատ չտուժենք պարողների բացակայությունից: Մեզ համար խնդիր է նաեւ տղաների բանակի հարցը, աշխատում ենք նրանց հետ, ներկայացումը հասցնում այն աստիճանի, որ պիտի արդեն անընդհատ խաղացվի, առաջ է գալիս բանակի խնդիրը: Բարոյական իրավունք անգամ չունեմ բողոքելու, պարտավոր են ծառայել հայրենիքին, բայց այս առումով թատրոնն է տուժում: Իսկ մեր ֆինանսական պայմանները չեն ներում, որ կարողանանք փոխարինող կազմ պահել: Այդ իսկ պատճառով ներկայացումները երբեմն ընդհատվում են: Իսկ նոր կազմով խաղալն էլ արդեն նշանակում է ներկայացումը նորից բեմադրել: Խոսք չէ, որ անգիր անեն, պար է` շարժում:

«ԿԿԱՐԾԵՆ, ԹԵ ԱՅՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ Է»

-Որքան հիշում եմ` ժամանակին հարց եղավ թատրոնը փակելու:

- Այո, կար նման բան, բայց հավատացեք, ամեն կերպ նախարարության եւ անձամբ նախարարի հետ համատեղ աշխատանքը բերեց դրան, որ այսօր մեր 2 ներկայացումներն էլ` «Չիպոլինոն» եւ «Մաուգլին», համարվել են տարվա ձեռքբերումներ: Իսկ արդեն հունիսի 13-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա «Ճպուռն ու մրջյունը»` մեր նոր մյուզիքլ-ներկայացման առաջնախաղը` Վիգեն Ստեփանյանի բեմադրությամբ: «Ճպուռն ու մրջյունը» անվանումը լսելով` շատերը կկարծեն, թե այն մանկական ներկայացում է, բայց իրականում պարային, խորեոգրաֆիկ, պլաստիկ ներկայացում է` աշխատասիրության ու ընկերասիրության մասին գունեղ, գեղեցիկ ներկայացում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում