livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altԳաղտնիք չէ, որ վերջին տարիներին հայկական էստրադան գնում է անհայտ ուղղությամբ, չկա նախկին համբավն ու աշխուժությունը: Իսկ թե դեպի ո՞ւր է գնում հայկական էստրադան, «Զարուհին» փորձեց պարզել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի, պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ:

«ԻՆՉՊԵ՞Ս ԱՍԵՄ` ՄԻ՛ ԵՐԳԵՔ ԱԿՈՒՄԲՈՒՄ»

-Հայկական էստրադան ոչ մի տեղ էլ չի գնում, բավականին ժամանակ է գնացել է: Եթե դասական երգարվեստը վերելք է ապրում, ապա էստրադան արդեն անդունդի խորքերում է, այնտեղ դեռ շատ երկար էլ կմնա, մինչեւ ինչ-որ նոր բան չնախաձեռնենք, որ ոտքի կանգնենք: Տեսեք` մեկը մյուսին հաջորդելով, ով գումար ունի, ոչինչ չասող տեսահոլովակներ է նկարահանում: Իհարկե, չեմ կարող չնշել, որ մեր լավագույն երգիչներն էլ են նկարահանում տեսահոլովակ` տարեկան 1-ը կամ 2-ը կարողանան նկարահանել, թե` ոչ: Ինչ օգուտ, եթե թողարկեց ձայնասկավառակ, նկարահանեց տեսահոլովակ, բայց չկարողացավ վաճառել այն: Մինչեւ մեր հեղինակային իրավունքները լրջորեն չպաշտպանվեն, մինչեւ մեր «պիրատները» առանց մեր թույլտվության չվաճառեն մեր ձայնասկավառակները, ոչինչ չենք կարող անել: Իրոք, շատ անգամ նույնիսկ «պիրատները» չեն էլ հարցնում, միանգամից արտատպում են ու գումար աշխատում: Իսկ դա պետք է հետեւի Հայհեղինակը` հեղինակային իրավունքների կազմակերպությունը, որը ուղղակի գրանցված է ու նստած: Թող ինձնից չնեղանա տիկին Սուսաննան, բայց շատ վիրավորված եմ, որ գործ չի արվում, դա փաստ է: Ինչո՞ւ պետք է գումար ծախսեմ, նոր ձայնասկավառակ թողարկեմ ու չկարողանամ վաճառել: Էլ չեմ ասում, որ եթե նախկինում երգիչները գոնե համերգներից էին գումար աշխատում, ապա այսօր համերգներ էլ չեն կազմակերպվում, բոլոր երգիչները ակումբներում են երգում, որ իրենց օրվա հացը վաստակեն: Ես նախկինում բարկանում էի նրանց վրա, թե ինչու եք ակումբում երգում, ձայնը փչանում է: Իրոք, եթե համերգի ընթացքում կարողանում են երգիչներն իրենց կառավարել, ապա ակումբների երգիչներն այդ մթնոլորտում չեն կարողանում եւ կորցնում են ձայնը: Բայց ինչպե՞ս ասեմ` մի՛ երգեք ակումբում, դա էլ իրենց բենզալցակայանն է` մեր կոկորդը, ձայնալարերը մեր հացն ու ջուրն են:

«Ի ՎԵՐՋՈ, ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀՈԳՆԵՑ»

-Տարիներ առաջ մեր զրույցներից մեկում ասում էիք` կգա ժամանակ, որ մաղի միջով կանցնի էստրադան, հիմա մաղվե՞լ է, թե՞...

- Դեռ անցնում ենք այդ մաղի միջով: Մեր հանդիսատեսի կողմից մի տենդենց եմ նկատել, գուցե հենց դա է պատճառը, որ չեն գնում համերգների, որովհետեւ խեղճ հանդիսատեսը զզվել էր համերգի ժամանակ ֆոնոգրամայով նույն երգերը լսելով, չէ՞ որ նա գումար է տալիս, որ գա համերգին երգչի կենդանի կատարումը լսելու: Ի վերջո, հանդիսատեսը հոգնեց: Ինքներս պիտի մի ելք գտնենք, որ հանդիսատեսը կրկին մեծ սիրով գա համերգներին ու դահլիճից հեռանա լիարժեք` չափսոսելով տոմսի համար վճարած 1000 կամ 5000 դրամը: Երեւի, այդ մաղն արդեն իր վերջնակետին է հասել: Բայց այդ նույն պսեվդո երգիչները երեւի թե պետք է արդեն մտածեն բեմը լքելու մասին, երգեր ձայնագրելու ու տեսահոլովակներ նկարահանելու փոխարեն թող ուրիշ գործով զբաղվեն: Այսօր բոլորը ստուդիաներ են բացում, վոկալի դասեր են տալիս, բայց արդյո՞ք կարող են այդ ամենն անել պրոֆեսիոնալ, որ իրենց երեխաները` 3 հոգով մեկնեն մրցույթի, ու 3-ն էլ հաղթանակած վերադառնան:

ԷՄՄԻԻ ԱՄՈՒՍԻՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԻՐ ԹԻԿՈՒՆՔԻՆ

-Նադյա, օրերս կայացավ Էմմիի «Հայելի» երգի տեսահոլովակի պրեմիերան, շատերն ասում են, որ սա ապացույց էր, որ ամուսնությունը չխոչընդոտեց նրան:

- Նախ, փառք Աստծո, ամուսնությունն իրեն չի խանգարել, մենք արդեն գիտեինք, որ ամուսնությունը չի ազդելու իր կարիերայի վրա: Բացի դա, Էմիի ամուսինն այնպիսի անձնավորություն է, ոչ թե դեմ է, այլ մի բան էլ կանգնած է Էմմայի թիկունքին, ինչի համար շատ ուրախ եմ: Անմիջապես ԱՄՆ մեկնելուց հետո Էմման մասնակցեց «Արմենիա» մրցանակաբաշխությանը` հենց «Հայելի» երգով, որից հետո արդեն նկարահանեց տեսահոլովակը: Այսօր նա աշխատում է նոր երգեր ձայնագրելու, նոր տեսահոլովակներ նկարահանելու ուղղությամբ:

- Բայց հուսանք, հայաստանյան իր հանդիսատեսին չի անտեսի:

- Իհարկե, նա Հայաստանի հետ կապը չի կտրել ու չի էլ կտրի երբեք, քանի որ նա մեր հայաստանյան երգչուհին է: Նա միշտ ասում է` ես իմ Երեւանն եմ սիրում, իմ Հայաստանն եմ սիրում... Այնպես որ, ամուսնությունը ոչ թե կխոչընդոտի Էմմայի գործունեությանը, այլ էլ ավելի կզարգացնի: Ի դեպ, արդեն 3-րդ գործն է, որ ես չեմ խառնվել, նա ինքնուրույն է աշխատել: Ճիշտ է, շատ հուզված էի, որ ինձ ասաց` մամ, թող ես աշխատեմ: Իհարկե` միշտ բանակցում ենք միմյանց հետ, երգն էլ է ուղարկում, լսում ենք միասին ու քննարկում, բայց տեսահոլովակները նկարահանելուց ես ոչ մի մասնակցություն չեմ ունեցել: Փառք Աստծո, արդեն կարող եմ ասել, որ Էմմին նույնիսկ որպես իր ստեղծագործությունների պրոդյուսերը կարող է հանդիսանալ: Գիտեմ, որ արդեն ուրիշ գործունեությամբ է զբաղվում, բայց դեռ չեմ բացի փակագծերը, երեւի թե շուտով բոլորդ կիմանաք:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում