livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

SIBILՀամահայկական 5-րդ խաղերի բացման եւ փակման արարողությանը ստամբուլահայ երգչուհի ՍԻԲԻԼ ԲԵԿԹՈՐՈՍՕՂԼԻՆ առաջին անգամ ներկայացավ հայաստանյան ունկնդրին: Երգչուհին ոչ միայն հայ հանդիսատեսին զարմացրեց իր ձայնային տվյալներով, այլեւ իր քաջությամբ: Վերջինս թուրքական պետական TRT հեռուստաընկերությունում, այն էլ` ապրիլին, առաջին անգամ հնչեցրել է հայերեն երգ` "Նամակե երգը", որի խոսքերը վերցրած է Հովհաննես Շիրազի բանաստեղծությունից: Երգչուհին Ստամբուլում թողարկել է "Սիբիլ" ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված երգերից են` "Տեր, Ողորմիա" եւ "Կիլիկիա" երգերը եւ, իհարկե, պատմական Անիում երգելու փափագ ունեցող երգչուհին չէր կարող իր ձայնասկավառակում չընդգրկել "Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ" երգը: Մեզ հաջողվեց կապ հաստատել արդեն նաեւ Հայաստանում ճանաչում ձեռք բերած Սիբիլ Բեկթորոսօղլու հետ եւ զրուցել հայաստանյան այցելությունից ստացած տպավորությունների մասին.

- Տպավորություններս անկարելի է մի քանի խոսքով պատմել: Ճիշտ տասը տարի առաջ էր, որ եկել էի Հայաստան, ու հայրենիքս իր ձեռքերը բաց ինձ ողջագուրեց: Ամեն օր ասում Էի. "Սիբիլ, եթե այս ապրածներդ երազ են, լավ է, որ դուն այս երազէն մի արթննար": Պոլիս վերադառնալով` որոշել եմ հայրենիքում ապրածս տասը օրերի մասին իմ տպավորությունները գրի առնել եւ մոտ օրերս հանձնել "Մարմարա" օրաթերթին: Վստահ եմ, որ իմ հոդվածաշարը օրաթերթի խմբագիրները սիրով կհրատարակեն:

- Ի՞նչ փոփոխություններ տեսաք Հայաստանում տասը տարի անց:SIBIL-12

- Դրական փոփոխություններ շատ կային: Հայաստանը շատ գեղեցկացել էր: Տասը տարի առաջ, դժբախտաբար, փողոցներում շատ մուրացկաններ էի տեսել, հիմա ուրախացա` տեսնելով, որ գրեթե չկան:   

- Հայաստանյան հանդիսատեսի ընդունելությունից գո՞հ մնացիք:

- Վստահաբար կարող եմ ասել, որ դրանից լավ հնարավոր չէր դիմավորել: Կարծես արյան կանչն էր, որ մեզ միացրեց իրար: Փողոցներում ինձ նույնիսկ շատերը ճանաչեցին ու շնորհավորեցին` ասելով, որ շատ են սիրում: Այսպիսի խոսքեր լսելը ինձ համար աշխարհում եղած ամենամեծ հարստությունն է: Իմ հայրենիքից` որպես չափազանց հարուստ Սիբիլ, վերադարձա Պոլիս: Իրոք, զգացի, որ Հայաստանն իմ տունն էր, իսկ հայաստանցիները` իմ հարազատները:  

- Հնարավո՞ր է, որ մի օր վերադառնաք Հայաստան մշտական բնակության համար:

- Շատ եմ փափագում, որ անձնական տուն ունենամ եւ հաճախակի տարբեր առիթներով այցելեմ Հայաստան:

SIBIL-9- Հայաստանյան երգիչ-երգչուհիներից ո՞ւմ հետ ծանոթացաք:

- Դեռ Պոլսում ծանոթացել էի իմ շատ սիրելի Անդրեի հետ: Դժբախտաբար, Հայաստանում եղածս ժամանակ ինքն Ամերիկայում էր, հետեւաբար չկարողացանք միմյանց տեսնել: Պետք է ասեմ, որ տասը տարի առաջ ծանոթացել ու լուսանկարվել էի Արա Գեւորգյանի հետ, բայց այս անգամ ավելի մտերմանալու հնարավորություն ունեցանք: Ծանոթացա նաեւ Նունե Եսայանի, Արման Հովհաննիսյանի, Լեյլա Սարիբեկյանի, Արամեի, Մհերի, Զարուհի Բաբայանի եւ «Արմենոիդսե խմբի Էդգարի հետ: Պետք է նշեմ, որ հայաստանցի երգիչ-երգչուհիները մեկը մեկից տաղանդավոր են, շատ շատերին եմ հավանում ու հետեւում նրանց երաժշտական գործունեությանը:

- Ձեր հայաստանյան այցը Թուրքիայում ինչպե՞ս ընդունեցին:

- Բոլորն էլ շատ լավ ընդունեցին ու ինձ համար անչափ ուրախացան:

- Ասում են` շուտով կրկին Հայաստանում եք լինելու մի քանի տոնակատարությունների մասնակցելու համար: Կպատմե՞ք այդ մասին:

- Ես որեւէ առաջարկ չեմ ստացել ու բնավ տեղեկություն չունեմ:

SIBIL-11- Թուրքիայում հայկական երգերով ձայնասկավառակից ու թուրքական հեռուստաալիքով հայկական երգ հնչեցնելուց հետո Ստամբուլում ինչպիսի՞ արձագանքներ եղան:

- Ասեցին, ամոթ մեզ, որ ավելի վաղ չենք ճանաչել քեզ ու անծանոթ ենք եղել այս երգերին: Լավ է, որ այսպիսի քայլ արեցիր ու քո շնորհիվ մենք ծանոթացանք հայերեն երգերին եւ տեսանք, թե որքան գեղեցիկ լեզու ու մեղեդիներ ունեք:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի արմատների ու ցեղասպանություն վերապրած ճակատագրի մասին:

- Հայրս` Կարոն, եւ մայրս` Մարին, ծնվել են Ստամբուլում: Հորս ընտանիքը Պոլսից է, իսկ մորս կողմից մեծ մայրս ծնվել է Թոքատի Էրբաա գավառակում, մեծ հայրս էլ Սեբաստիայի (Սիվաս) Տիվրիկ գավառակից է: Հորս կողմը, պոլսեցի լինելու շնորհիվ, այդ սեւ օրերը չեն տեսել ու ցեղասպանություն չեն վերապրել, իսկ մորս կողմից մեծ մայրիկս ու մեծ հայրիկս, դժբախտաբար, այդ դաժան օրերն ապրել են ու իրենց ընտանիքում մեծ կորուստներ են ունեցել:

- Այժմ ո՞ւմ հետ եք ապրում, եւ Ձեր ընտանիքում կան օտար ամուսնություններ:

- Ավագ քույր ունեմ` Կարին անունով: Քույրս երկու հրաշալի զավակ ունի` Քամին եւ Սարին: Ես ամուսնացած չեմ ու ապրում եմ ընտանիքիս հետ: Ընտանիքիս մեջ որեւէ օտար ամուսնություն չկա:

SIBIL-13- Այսօր Թուրքիայում կա՞ որեւէ ճնշում հայերի նկատմամբ:

- Ոչ մի ճնշում չկա: Թուրքիայում ազատորեն ապրում ու ջանում ենք ապրեցնել հայ մշակույթը:

- Ունենալով հրաշալի ձայնային տվյալներ` ինչո՞ւ եք բանկում աշխատում ու ոչ թե երգարվեստի բնագավառում:

- Երբեք չեմ մտածել օպերային երգչուհի լինել: Շատ մեծ սեր ունեի հայկական էստրադային երաժշտության հանդեպ: Ես էլ այդ սերը ջանացի հագեցնել` «Սուրբ Վարդանանց» երգչախմբում ելույթներ ունենալով: Թուրքիայում չի կարելի, որ երիտասարդ հայուհին հայկական երաժշտության միջոցով գումար վաստակի: Այդ պատճառով ապրուստս ապահովելու համար փոքր տարիքից սկսեցի աշխատել:

- Թուրքիայում կա՞ն էլի հայ երգիչ-երգչուհիներ, որոնք քիչ թե շատ հայտնի են:

- Անշուշտ, հայերիս մեջ ունենք երգիչ-երգչուհիներ, բայց իրենք հայկական համայնքին են ծառայում: Իսկ Թուրքիայում շատ         ճանաչված ու նշանավոր Հայկո Քեփկին անունով երգիչ ունենք: Նա թուրքերեն ռոք է երգում ու շատ սիրված է:

SIBIL-5- Ըստ Ձեզ` ո՞րն է հայ կնոջ իրական կերպարը:

- Հայ կինը պետք է լինի պարկեշտ, իր ազգային արժանիքների տերն ու պաշտպանը, զարգացած եւ բարեսիրտ:

- Արդյոք Թուրքիայում հնարավո՞ր է պահպանել ազգային դիմագիծը:

- Հավատացեք` ազգային դիմագիծը պահելու համար Ստամբուլում շատ աշխատող ու ջանք թափող անձեր կան: Նրանք, որոնք ինձ պես հայեր են, ազգապահպանմանը շատ մեծ կարեւորություն են տալիս:

Չմոռանանք նշել, որ Սիբիլ Բեկթորոսօղլու «աղվոր» արեւմտահայերենը հայաստանյան ընթերցողին մատչելի լինելու համար ներկայացրել էինք ոչ պակաս քաղցր արեւելահայերենով: Իսկ վերջում առանց մեկնաբանության ավելացնենք երգչուհու մաղթանքները հայաստանցիներին.

- Համերաշխություն, միաբանություն, իսկական ու անխարդախ սեր…


Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում