livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altԳրեթե երկու տարի «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծը, որի շրջանակներում առաջին անգամ ստեղծվել է հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու: «Զարուհու» հետ զրույցում նախագծի երաժշտական պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ասաց, որ նախագծի շրջանակներում վերծանվել, վերաձայնագրվել է հայ ազգային ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունը, մասնագետների կողմից իրականացվել է նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում եւ ձայնագրում, ինչպես նաեւ հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում եւ հրատարակում:

Այս ընթացքում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգեւոր եւ 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաեւ աշուղական երգեր` ընդգրկելով Արեւելյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի պատմական շրջանների երգերն ու նվագները: Զրուցակիցը նաեւ վստահեցրեց, որ նախագծի շնորհիվ հանրությանը հասու կդառնա 500-ից ավելի ազգային երաժշտության նմուշներ: Հայ ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող նմուշները վերականգնելու, վերաձայնագրելու եւ հանրությանը ներկայացնելու համար նախագծի հեղինակները աշխատանքները մեկնարկել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտության ֆոլկլորագիտության ամբիոնից:


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺԱՆՈՒՄ Է ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

-Կոնսերվատորիայի արխիվներում պահպանվող ազգային երաժշտության նմուշները, որոնք ժամանակին հավաքագրվել են շրջաններից եւ գյուղերից, մերօրյա պահանջներին չեն համապատասխանում: Ուսանողական տարիներին դրանք հավաքագրելուն ինքս էլ եմ մասնակցել, լավ ավանդույթ էր: Իհարկե` հավաքագրումը, դասակարգումը առաջինը Կոմիտաս վարդապետն է սկսել, եւ սերնդեսերունդ այդ գործը շարունակվում էր նույնիսկ Խորհրդային Միության տարիներին: Այն ժամանակ չկային թվային տեխնոլոգիաներ, չկար այսօրվա ինֆորմացիոն դաշտը: Ծրագրի առաջին փուլում ուսումնասիրելով կոնսերվատորիայի արխիվները, հասկացանք` այն ժառանգությունը, որ ունենք արխիվներում օգտագործման համար պիտանի չէ:

- Այսինքն` Խորհրդային Միությունից հետո չե՞ն թարմացվել արխիվները:

- Սկզբում մտածում էինք, որ կան ձայնագրություններ, որոնք կարող ենք մաքրել համակարգչով: Բայց, ցավոք, դրանք որակապես վատ վիճակում էին: Որոշեցինք չվախենալ ծավալուն ծրագրից, եւ սկսեցինք 0-ից: Արխիվներին ի պահ տրված նմուշներից ընտրեցինք 500 գործ, փնտրեցինք, գտանք կատարողներ, երգիչներ նվագողներ, երգչախմբեր սովորեցրինք ու ձայնագրեցինք այդ երգերը` ստեղծեցինք մեր երաժշտական գանձարանը, որպեսզի այն կարողանանք փոխանցել սերունդներին: Այսօր դյուրին է այդ ամենը թվային դաշտում պահպանել, այսինքն պետք չեն հատուկ սենյակներ, ջերմություն, որպեսզի չփչանան, փոխարենը մեր մշակութային ժառանգությունը հավերժանում է թվայնացված տարբերակով:


«ՀՈՒՅՍ ՈՒՆԵԻՆՔ, ՈՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՈՄԻՏԱՍ ԵՐԳՈՂՆԵՐ ԿԼԻՆԵԻՆ»

-Ինչպե՞ս ձայնագրվեցին երգերը:

- Հայտարարությամբ հրավիրեցինք այն մարդկանց, ովքեր կարող էին երգել Կոմիտաս: Այսօր ամեն ինչ երգում են, արեւելյան ու արեւմտյան երաժշտությունը շատ է տարածված Հայաստանում, որպեսզի թյուրիմացություն չլինի, միակ պայմանն էր` պետք է երգեին Կոմիտաս: Մենք հույս ունեինք, որ ավելի շատ Կոմիտաս երգողներ կլինեն: Իրականում` հարյուրից ավել կատարողներ եկան, բայց մի քանի տասնյակն էին, որ քիչ թե շատ տարբերում էին մերը, կոմիտասյանը, հայկականը` բուն ազգայինը օտարից: Ի վերջո, ընտրեցինք 30-40 երգիչ, որոնց ձայնային տվյալները համապատասխանում էին մեր պահանջներին:

- Ի՞նչ սկզբունքով էիք ընտրում:

- Չափազանց գեղջկականը մեզ չէր հետաքրքրում, ոչ էլ շատ դասականը: Խորհրդային տարիներին այսպիսի մի երգաոճ էր առաջացել` կլոր, դասական, օպերային ձայնով երգել Հորովել: Դա էլ էր անբնական մեզ համար: Չի կարելի մոռանալ մեր իսկական ժողովրդական երգաոճը` դա պահանջում է մեր գենետիկ հիշողությունը, մեր ձայնալարերն են այդպիսին: Բայց տեսանք, որ շատերը Կոմիտաս երգում են սխալ: Ի վերջո, կազմավորվեց այն թիմը, որին բախտ վիճակվեց ձայնագրել ոսկե հավաքածուն: Հոգեւոր երաժշտություն ձայնագրելու ժամանակ ստեղծվեց մի հրաշալի արական երգչախումբ` կոմիտասյան սկզբունքներով: Կոմիտասի երազանքն էր` ունենալ զուտ արական երգչախումբ` միաձայն շարականների համար: Ձայնագրեցինք 60 շարական:

«ԴԵ ԹՈՂ ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՈՒՐԻՇ ԱԶԳԵՐՆ ԱՍԵՆ, ԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԻՐԵՆՑՆ Է»

- Պարոն Մարտիրոսյան, ի վերջո, այս ամենը ինչ տեսքով եւ ինչպե՞ս հասանելի կլինի հանրությանը:

- Ծրագրի վերջին փուլում այս ամենը կլինի համացանցում, դրա համար ստեղծեցինք վեբ-կայք, այն մի մեծ պորտալ է` www.armenianmusic.am, որի մեջ միայն տվյալները բազան լցնելու համար մեզ ամիսներ պետք եղավ: Ոչ միայն երգերի աուդիո ֆայլերն են վերբեռնված, այլեւ նոտաները, տեքստը` ամեն երգի համար հատուկ գրված է երգի նկարագրություն, որովհետեւ որոշել էինք, որ յուրաքանչյուր երգը պետք է ունենա իր ծննդականը: Այդ ծննդականում գրված է երգի ժանրը, ենթաժանրը, տարածաշրջանը, ժամանակաշրջանը, թե ինչպես է ստեղծվել, ինչ միջավայրում է երգվել... Ավելին` ընտրեցինք նկարիչներ, որոնց տվեցինք մեր երգերը եւ այդ երգերի նկարագրությունները: Նրանք լսեցին երգը, կարդացին, ոգեշնչվեցին ու նկարեցին, որոնք երգերի հետ տեղադրվեցին կայքում: Ստացվեց, որ ամեն երգը մի ամբողջ փաթեթ է: Դե թող սրանից հետո ուրիշ ազգերն ասեն, թե հայկական մշակույթն իրենցն է: Ի դեպ, այս ամենը կայքում տեղադրված է 4 տարբերակով` արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն եւ ռուսերեն: Ոչ մի հայ երկրագնդի վրա չի անտեսվի, մեզ ուրիշ բան պետք չէ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

:


 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում