livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019
eva1

Նրա մուտքը հայկական շոու-բիզնես` եղավ սկանդալներով, որոնք էլ շարունակում են ուղեկցել այս երգչուհուն: Սակայն Եվա Ռիվասը` իրական անունը` Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան, մշտապես լինելով ուշադրության կենտրոնում, դա չի համարում PR-ի հետեւանք եւ հավաստիացնում է, որ այն իրեն չի խանգարում ապրել լիարժեք կյանքով:

- Ի վերջո, հանրության համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե ինչո՞ւ որոշեցիք կեղծանվամբ հանդես գալ:

- Որոշեցի ընտրել Եվա Ռիվաս անունը, որովհետեւ դա իմ տատիկի տատի անունն է, ում ես արտաքնապես շատ նման եմ: Իմ կարծիքով Եվա անունը սազում է ինձ եւ շատ բեմական է: Ես նույնիսկ ցանկանում էի անձնագրով անունս փոխել, բայց փոշմանեցի:

- Ձեր մուտքը հայկական շոու-բիզնես` եղավ մեծ սկանդալով, եւ այսօր էլ անպակաս չեն Ձեր անվան շուրջ խոսակցությունները: Սա լավ PR -ի արդյո՞ւքն է, թե արդեն հոգնել եք այդ ամենից:

- Ես երբեք չեմ հոգնում այդ ամենից, որովհետեւ դա արտիստի կյանքն է, ոչ թե աշխատանքը: Դա անբաժանելի մասնիկն է յուրաքանչյուր հաջողակ եւ հայտնի մարդու: Այդ սկանդալները PR չէին: Դա այն էր, ինչ ինքնաբերաբար ստեղծվեց, բայց չի խանգարում ինձ ապրել: Մարդիկ իրավունք ունեն մտածել այն, ինչ ցանկանում են:

- Հաճախ է խոսվում, որ Հայաստանում շոու-բիզնեսն անկում է ապրում, Դուք լավագույնս տեղյակ եք նաեւ ռուսական շոու-բիզնեսից: Եթե փորձենք համեմատել, ո՞ւր է գնում հայկական եւ ռուսական շոու-բիզնեսը:

- Հայկական շոու-բիզնեսը ոչ մի տեղ էլ չի գնում. Հայկական շոու-բիզնեսը կանգնած է տեղում եւ ոչ առաջ է գնում, ոչ էլ հետ: Ռուսական շոու-բիզնեսը նույնկերպ կանգնած է, բայց շատ հագեցած կյանք ունի: Այնտեղ կան բազմաթիվ պրոֆեսիոնալ պրոդյուսերներ, արտիստներ եւ մեծ գումարներ, ինչը թույլ է տալիս թանկարժեք տեսահոլովակներ նկարահանել, կազմակերպել շքեղ շոուներ: Մի բան, որը մենք դեռեւս չենք կարող մեզ թույլ տալ: Ցանկալի կլիներ, որ բոլոր հեռուստաալիքներում գեղեցիկ շոուներ լինեին: Պետք է լինեն հովանավորներ, որոնց շնորհիվ պրոդյուսերական դպրոցներ կբացվեն, որտեղ տաղանդավոր երիտասարդները պրոֆեսիոնալ ուսում կստանան: Մենք` հայերս, սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ: Այդ հանգամանքը կարելի է օգտագործել մեր արտիստներին հայտնի դարձնելու համար:


- Դուք Հայաստանի եւ Ռուսաստանի լավագույն բարեկամն եք: Հայաստանն այս տարվանից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Ողջունո՞ւմ եք այդ քայլը եւ ընդհանրապես, որքանո՞վ եք լավատեղյակ քաղաքականությունից:

- Քաղաքականությամբ շատ չեմ հետաքրքրվում, բայց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին գիտեմ, դա մեծ առաջընթաց կլինի Հայաստանի տնտեսության համար: Ընդհանրապես շատ եմ ուզում, որ Հայաստանը դառնա հզոր երկիր, որովհետեւ մենք կարող ենք եւ ընդունակ ենք հզորանալու:

eva2

- Հնարավո՞ր է, որ երբեւէ Ձեզ տեսնենք քաղաքականության մեջ կամ բիզնես ոլորտում:

- Քաղաքականության մեջ ընդհանրապես ինձ չեմ պատկերացնում, որովհետեւ քիչ գաղափար ունեմ այդ ասպարեզից եւ մտածում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ: Բիզնեսն այլ բան է, կարծում եմ, որ ունակություններ ունեմ բիզնեսով զբաղվելու, բայց համարում եմ, որ դեռ վաղ է: Գուցե մի քանի տարի անց, սակայն` ոչ մի հիմա:

- Կարելի է ասել` մի ոտքով Հայաստանում եք, մի ոտքով` Ռուսաստանում, ի վերջո, որտե՞ղ է իրեն լիարժեք զգում Եվա Ռիվասը:

- Այո, ես չեմ ժխտում, որ մեկ ոտքով Հայաստանում եմ, մյուսով` Ռուսաստանում: Բավականին ժամանակ ապրել եմ Ռուսաստանում եւ սիրում եմ այդ երկիրը, իսկ Հայաստանում իմ արմատներն են, ես այստեղ եմ զբաղվում իմ երգարվեստով եւ ուզում եմ, որ միշտ այդպես լինի:

- Բազմիցս Ձեզ ՙամուսնացրել՚ ու ՙբաժանել՚ են այս կամ այն հայտնի ու անհայտ անձնավորությունների հետ: Ի վերջո, Եվա Ռիվասը դեռ միայնա՞կ է:

- Բավականին երկար ժամանակ է, ես ազատ եմ, քանի որ ամբողջությամբ ընկղմված եմ աշխատանքի մեջ: Այդ բոլոր բամբասանքները, որ ինձ են վերագրում, սուտ են: Իրականում իմ կյանքում եղել է մի երիտասարդ տղամարդ, ում հետ ես երեք տարի ապրել եմ քաղաքացիական ամուսնությամբ: Նա շատ հասարակ եւ լավ մարդ էր, այդ պատճառով էլ նրան նվիրել եմ իմ կյանքի այդ ժամանակահատվածը: Իսկ մեկ ու կես տարի առաջ մենք բաժանվեցինք, բայց մնացինք լավ ընկերներ:

- Որո՞նք են տղամարդու Ձեր չափանիշները, ո՞վ կարող է լինել Ձեր կողքին:

- Նա պետք է լինի այնպիսին, որ կարողանա ինձ համոզել սիրել իր բոլոր որակները:


- Պատրա՞ստ եք Ձեր հարսանիքը նշել հայկական ավանդական ձեւով, թե Եվա Ռիվասը չի տեսնում իրեն ավանդական հայկական հարսի դերում:

- Դա կախված է նրանից, թե ով կլինի իմ փեսացուն: Եթե ես ընտրեմ հայ տղամարդու, ով այդպիսի հարսանիք կցանկանա, ուրեմն ես ամեն ինչ կանեմ, որ նա իրեն լավ զգա:

- Հաճախ հանրության մեջ խոսակցության թեմա են դառնում Ձեր պլաստիկ վիրահատությունները: Իրականում եղե՞լ է, եւ մարմնի ո՞ր հատվածն եք պլաստիկ վիրահատության ենթարկել:

- Ոչ, ես չեմ դիմել պլաստիկ վիրահատությունների օգնությանը: Կան մարդիկ, ովքեր վերցնում են իմ պատանի տարիների նկարները եւ համեմատում իմ այժմյան արտաքինի հետ: Կարելի՞ է 11-12 տարեկան երեխային համեմատել 27 տարեկան կնոջ հետ: Եթե ես շատ եմ փոխվել, ուրեմն դա մեծանալ է, ոչ թե պլաստիկ վիրահատության արդյունք:

- Արտիստները երբեմն հանուն մասնագիտության` որոշ խելահեղ քայլերի են գնում` հատուկ սննդակարգ, պլաստիկ վիրահատություն, ոճի կտրուկ փոփոխություն… Դուք էլ միշտ աչքի եք ընկել նման համարձակություններով: Ի՞նչ խենթությունների եք ունակ եւ ինչի՞ց կտրականապես կհրաժարվեք` հանուն մասնագիտության:

- Կարող եմ հրաժարվել ինչ-որ բանից ոչ թե հանուն կարիերայի, այլ սեփական ցանկությունից ելնելով: Եթե ցանկանամ որեւէ բան անել, ուրեմն կանեմ: Ես կարող եմ գնալ ծայրահեղ քայլերի. հանուն դիետայի կարող եմ շաբաթներով չսնվել: Եթե ստիպված լինեմ ընտրել անձնական կյանքի եւ կարիերայի միջեւ, այդպես արդեն եղել է, ես միշտ ընտրել եմ կարիերան եւ չեմ զղջում, իսկ ինչ կլինի ապագայում, դա ոչ ոք չի կարող ասել: Եթե գտնեմ, որ տվյալ պարագայում պետք է անձնազոհության գնալ, ես կգնամ:

- Մանկական ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան նախընտրական փուլին ներկայացաք առաջին հայացքից համեստ փակ հագուստով, բայց դա էլ քննադատության առիթ դարձավ: Ի՞նչն էր պատճառը:

Eva-Rivas

- Որովհետեւ զգեստի կրծքի հատվածում բացվածք կար: Ինձ համար տարօրինակ է, թե ինչո՞ւ այդքան մեծ ուշադրություն եղավ կոնկրետ այդ զգեստիս, որովհետեւ ես բազմաթիվ այլ ավելի կարճ եւ բաց զգեստներ ունեմ: Երբեք խնդիրներ չեմ ունեցել բաց զգեստներ կրելու: Եթե Հայաստանում կան որոշակի կանոններ` հագուստ կրելու, որոնց հետեւում են հայ աստղերը, ապա ես դաստիարակված եմ այլ կերպ, իմ մենթալիտետն ավելի ռուսական է, քան հայկական: Հաշվի առնելով այն, որ ես արտիստ եմ եւ բավականին լավ արտաքին ունեմ, ուրեմն ես միշտ կլինեմ գեղեցիկ եւ շքեղ:

- Ընդհանրապես քմահա՞ճ եք հագուստի ընտրության հարցում: Բրենդամո՞լ եք, թե նախընտրում եք պարզապես հարմարավետ ու աչք ծակող հագուստներ:

- Ինձ համար կարեւոր է, որ հագուստս հարմարավետ լինի, ընդգծի կառուցվածքս: Իհարկե, հաճախ ցանկալի է բրենդային հագուստներ կրել, բայց բրենդային հագուստներ գնելու սկզբունք չունեմ` ինձ համար էական է հագուստի արտաքին տեսքը, քան բրենդի անունը: Իզուր չէ, որ բրենդի անունը գրվում է հագուստի ներսում, դա նշանակում է, որ կարեւորն արտաքին տեսքն է, այլ ոչ թե այն, ինչ գրված է ներսում:

- Արտիստները սովոր են օրվա ընթացքում մի քանի անգամ հայելու մեջ նայել, իսկ հաշվե՞լ եք, թե քանի անգամ եք Ձեզ հայելու մեջ նայում:

- Պարտադիր չէ արտիստ լինել` հայելուն նայելու համար: Դա նորմալ երեւույթ է հատկապես կանանց համար:

- Գեղեցիկ կինը միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում է. հայացքներ, հաճոյախոսություններ, նույնիսկ ռեպլիկներ, չե՞ն ձանձրացնում դրանք:

- Ոչ, չեն ձանձրացնում: Ավելի շուտ չեմ կարող առանց դրա ապրել: Դա լավ խթան է արտաքինիդ միշտ հետեւելու համար: Ես ինքնավստահ եմ ընդհանրապես, բայց ավելորդ հաճոյախոսությունն ինձ երբեք չի խանգարում եւ դժվար պահերին հիշեցնում է, որ ես գեղեցիկ եմ, ուժեղ եւ ընդունակ:

- Ո՞վ է Ձեր մեծ քննադատը, ո՞ւմ խոսքն է կարեւոր Ձեզ համար:

- Մայրիկիս: Մայրս եւ քույրս ինձ համար այն մարդիկ են, որոնց կարծիքը միշտ հաշվի եմ առնում եւ կիսվում եմ արտաքինիս հետ կապված փոփոխությունների մասին: Եթե նրանք տվյալ պահին կողքիս չեն, համացանցի միջոցով ուղարկում եմ նրանց իմ նկարները, համերգներիս կամ հարցազրույցներիս տեսագրությունները, մայրս նայում է եւ ասում իր նկատողությունները:

- Հայկական շոու-բիզնեսում տեսնո՞ւմ եք Ձեզ, թե դրանք զուտ համագործակցություններ են եւ ոչ ավելին:

- Ինձ տեսնում եմ համաշխարհային շոու-բիզնեսում, որովհետեւ ուզում եմ երգել տարբեր լեզուներով, որ մարդիկ լսեն եւ սիրեն այդ երգերը: Հայկական շոու-բիզնեսի կենտրոնը չեմ, պարզապես երգչուհի եմ, ով ունի հայկական արմատներ, ով շատ սիրում եւ լավ երգում է հայկական երգեր, բայց կարող է երգել նաեւ տարբեր լեզուներով եւ տարբեր երկրներում:

- Նախկինում ունեիք պրոդյուսեր, այժմ մենա՞կ եք ճանապարհ հարթում շոու-բիզնեսում:

- Ներկա պահին չունեմ պրոդյուսեր եւ նրա կարիքն էլ չունեմ: Այժմ համագործակցում եմ Հայկական տեղեկատվական կենտրոնի հետ, ունեմ PR մենեջեր` Հայկ Մարկոսյանն է: Հենց այս թիմն է, որ աջակցել է ինձ` նաեւ ՙԵվրատեսիլին՚ մասնակցելու ժամանակ:

eva3

- Հայաստանում եւ Ռուսաստանում նորաձեւ է սերիալներում երգիչ-երգչուհիներին ընդգրկելը: Ձեզ առաջարկներ չե՞ն եղել սերիալներում ու գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու:

- Եղել են, բայց գործը դեռեւս չի հասել նկարահանումներին: Ցանկություն ունեմ տեսնել ինձ դերասանուհու կարգավիճակում, բայց` ոչ սերիալներում: Եթե գա այդ ժամանակը, կփորձեմ ինձ դերասանուհու դերում եւ կհասկանամ` կարո՞ղ եմ հաղթահարել այդ փորձությունը, թե ոչ: Եթե ոչ, ապա հաստատ չեմ շարունակի:

- Ձեզ թանկ վճարվող երգչուհի համարո՞ւմ եք, թե երբեմն զիջումներ էլ են պատահում:

 

- Այո, ինձ համարում եմ բարձր վարձատրվող երգչուհի:

- Արտիստները երբեմն սիրում են համերգներից ու շրջագայություններից հետո տանը միայնակ լինել: Իսկ Եվա Ռիվասին հաջողվո՞ւմ է, թե տանը սպասում է ընտանիքը:

- Սիրում եմ տանը միայնակ լինել, գիրք կարդալ կամ ֆիլմ դիտել: Դա ինձ մոտ ոչ այնքան հաճախ է պատահում, քանի որ շատ եմ աշխատում` նոր տեսահոլովակներ, նոր երգեր, նոր նախագծեր, շատերի հետ եմ շփվում: Երբեմն այնքան եմ հոգնում, որ միայնակ լինում եմ միայն հանգստանալու ժամանակ: Կարծում եմ` հենց այդպես էլ պետք է լինի, որ միայնակ մնալը ոչ թե հոգնեցնի մարդուն, այլ լինի այնքան կարճ, որ հասցնես իսկապես հանգստանալ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում