altԻտալացի դերասանուհի ՕՌՆԵԼԼԱ ՄՈՒՏԻՆ Հայաստանում է: Նա արդեն հասցրել է շփվել հայ լրագրողների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, լուսանկարվել, ընդունել ջերմ սիրո խոստովանություններն ու մի փոքր էլ զարմանալ՝ ինչո՞ւ են Հայաստանում իր հետ իտալերեն խոսում: Նա, հավանաբար, չգիտեր, որ հայերը իտալական կինոյի հանդեպ հատուկ թուլություն ունեն: Հաջորդ անգամ հաշվի կառնի:

Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ ընդունել է Հայաստան գալու հրավերը, իտալացի կինոդիվան հետեւյալ կերպ արձագանքեց. «Այս տարի հատուկ տարի է Հայաստանի համար: Սա այն երկրին է, որը շատ է ճնշված եղել: Ես ունեմ շատ թանկագին ռուս ընկերուհի, որն ամուսնացել է հայի հետ: Նա շատ է պատմել Հայաստանի մասին»:

Դերասանուհին ընդգծեց, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում, ինչի համար շատ ուրախ է: «Ինձ դուր է գալիս այս կինոփառատոնը (Ոսկե ծիրանը), որի հրավերով ես գտնվում եմ այստեղ: Շատ լավ ֆիլմերի ընտրություն է կատարված»:

Մուտին խոսեց այն ֆիլմի մասին, որը կցուցադրվի փառատոնի օրերին՝ իր իսկ մասնակցությամբ: Խոսքը «Սվանի սերը» ֆիլմի մասին է: Ի դեպ, այս ֆիլմում նրա խաղընկերներն են Ջերեմի Այրոնսը եւ Ալեն Դելոնը:

«Այս ֆիլմը շատ երկար պատմություն ունի: Այն նկարել ցանկացել են շատ ռեժիսորներ: Պետք է ասեմ, որ բավականին դժվար գործ է. շատ երկար է, եւ ես շատ երջանիկ եմ, որ նկարահանվել եմ այս ֆիլմում, ներկայացրել այդ դարաշրջանը, հագուստները, միջավայրը, երկխոսությունները: Շատ հաճելի էր»:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ