altՌուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիա «Հովիկ ստուդիոն» ամեն տարի երեւանյան այցի շրջանակներում հուլիսի 28-ին հանդես է գալիս մեծ համերգային ծրագրով, որն ըստ ավանդույթի` նվիրվում է անսամբլի հիմնադրման գաղափարը կրող Հովհաննես Գասպարյանի ծննդյան տարեդարձին: Այս անգամ կարծես ընդունված ավանդույթը խախտվեց` հանդես եկան ոչ թե համերգային ծրագրով, այլ «Կորցրած երազանքի հետքերով» վերնագիրը կրող պարային ներկայացումով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ «Զարուհու» հետ զրույցում ընդունված ավանդույթը խախտելու պատճառների մասին խոսելով` ասաց.

Քանի որ հենց հայրիկիցս եմ առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին` մշեցի պապիկիս պատմությունով, որը 4 տարեկանում, ցավոք, ճակատագրի բերումով, դաժան տեսարանի էր ականատես եղել, որի ամբողջ ընտանիքը վերացվել էր հենց իր աչքի առաջ: Հայրս անընդհատ պատմում էր այդ մասին բոլորիս, նույնիսկ` մանրակրկիտ դրվագներով, ինչպես որ լսել էր իր հորից, ու նա նույնպես պապիկիս նման ասում էր` մի գեղեցիկ օր գնանք հենց այդ նույն վայրերում ու քաղաքներում վայելել այն, ինչ ժամանակին մեր պապերն են վայելել: Դրա համար այս տարի որոշեցինք մեկ անգամ էլ հորս` Հովհաննես Գասպարյանի ծննդյան օրը կապել այս ներկայացման հայաստանյան պրեմիերայի հետ»:

alt

«Կորցրած երազանքի հետքերով» պարային բեմականացման առաջնախաղը տեղի է ունեցել Մոսկվայում` ապրիլի 28-ին, որին, ինչպես Ի. Գասպարյանն ասաց, պատրաստվել են անցյալ տարվա սեպտեմբերից. «Ավելի բուռն փորձերի շրջանը սկսեցինք այս տարվա հունվարից եւ մոտ 3-4 ամիս լրջորեն պատրաստվելով` ռուս հանդիսատեսին ներկայացրինք ապրիլի 28-ին: Հայաստանում սա նույնպես պրեմիերա էր, եւ արդեն հրավերներ ունենք Ռուսաստանի տարբեր քաղաքներից եւ Վրաստանից: Համենայնդեպս, ներկայացումն աստիճանաբար ավելի լայն հեղինակություն է սկսել վայելել` սպասված ներկայացում է համարվում»:

Պարային ներկայացման բեմականացման եւ սցենարի հեղինակ Ի. Գասպարյանը պատահական չէ որոշել այս պատմությունը նախ թղթին հանձնել, ապա բեմադրել. «Հայոց ցեղասպանության թեմայով շատ էի կարդացել, լսել տարբեր ֆորմատներով պատմություններ, բայց շատ պատահական ես նայեցի ֆրանսահայ մի տարեց կնոջ տեսագրություն, որտեղ նա միաժամանակ ե՛ւ երջանիկ էր, ե՛ւ տխուր. երջանիկ էր, որովհետեւ շրջապատված էր ազգականներով, երեխաներով, թոռներով, հարգված էր բոլորի կողմից, եւ թվում էր, թե պետք է որ երջանիկ լիներ, բայց այնքան թախիծ կար նրա դեմքին: Ու երբ, նա աչքերը փակելով` խոսեց իր ծննդավայրի` Վանի Արտամետ գյուղի իրենց խնձորի այգիների մասին ու ասաց. «Ամեն վայրկյան Արտամետ գյուղի խնձորի այգիների բուրմունքն եմ միմիայն զգում, բայց այսքան տարի ոչ մի տեղ այդպես էլ չզգացի այդ բույրը իրապես, կուզենայի մի քանի վայրկյանով հետ վերադառնայի Արտամետ` զուտ այդ խնձորի այգին տեսնելու ու այդ բույրը զգալու...»: Դրանից հետո արդեն ինձ մոտ ծնվեց նման գաղափար, հետո նյութեր հայտնաբերեցի, որ Արտամետ գյուղը շատ անգամ հիշատակվել է Ցեղասպանությունից մազապուրծ եղածների կողմից եւ պատկերացրի` ուրեմն, այն ինչ-որ դրախտային գյուղ է համարվում, ու միայն սեր էի տեսնում այդ գյուղում` սիրահարված զույգեր: Այս ներկայացումը համառոտ տարբերակ է համարվում, որովհետեւ այն պատմությունը, որը հանձնեցի թղթին, շուտով կտպագրվի` հետագայում դրա հիման վրա մի գեղեցիկ օր ֆիլմ կնկարահանենք, իհարկե` երբ մեր միջոցները թույլ կտան»:

Չնայած մշակույթի տարբեր ոլորտներում հանդես եկող արտիստները պետք է մի քիչ էլ օժտված լինեն դերասանական տաղանդով, սակայն պարային ոլորտում մասնագիտացած արտիստներն այս ներկայացման մեջ հանդես էին գալիս ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ` պատմությունն իսկապես վերապրելով` հանդիսատեսին ներկայացրեցին 100 տարի առաջ մեր պապերի ու տատերի ապրած ահուսարսափը, այնուհետ կորցրած հարազատների ցավն ու վիշտը, ապա արցունքները մաքրելով` նայեցին առաջ: Որպես նոր կյանքի սկիզբ` բեմահարթակը դղրդաց հայկական խրոխտ պարով ու միաժամանակ բարուրները գրկներին կանանցով` ապացույցն այն բանի, որ որքան էլ ցանկանան վերացնել հայի տեսակը, միեւնույնն է, ինչ էլ որ պատահի, ծիլ կառնի հայն ու պարով հաղթահարելով վիշտը` առաջ կնայի:

«Հովիկ ստուդիոյի» հիմնական պարուսույց ԳԱԳԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, որը բեմադրել էր պարային համարները, հուսով է, որ պարի միջոցով տեղ կհասնի ասելիքը. «1,5 միլիոնը չլսված թիվ է համայն մարդկության ու հատկապես հայերի համար: Այդքան դժոխային օրեր ապրելուց հետո հայ ազգը շարունակում է արարել, հայ ազգը մինչեւ այսօր ապրում է ու գնալով ծաղկում, մենք ունենք ազգ, պետականություն ու լեզու: Ներկայացման ավարտին ապացուցեցինք այդ ամենը պարով` այդքան ցավ, հարազատների կորուստ ունենալուց հետո հայը կրկին նայեց առաջ, ու կյանքի շարունակությունը խորհրդանշեցին բարուրով երեխաները»:

Պատմության որոշ դրվագներում հաճախ է խոսվում, թե 1915-ին հայերը զոհ են գնացել, որովհետեւ չեն պայքարել կյանքի համար, սակայն Ի. Գասպարյանի բեմադրած պատմության մեջ կար կյանքի ու մահու պայքար. «Կարեւոր էր, որ բոլորը գիտակցեն` այո, կար վրեժխնդրություն, կար անվախություն, խիզախություն, այդ ամենով համակված էր ամբողջ հայ ժողովուրդը 1915-ին, բայց ամեն ինչում հաղթողը սերն էր: Այսինքն` փորձել ենք ամեն ինչ համադրել, ցույց տալ` ե՛ւ պայքար, ե՛ւ անհնազանդություն, միաժամանակ բնաջնջման սարսափելի տեսարաններ, բայց արդյունքում հայը ներկայացավ նոր կերպարով: Կցանկանայի, որ վաղը հայերին ճանաչեն ոչ թե Ցեղասպանությամբ, այլ որպես ավելի ուժեղ, ամուր ազգ, բայց ամենակարեւորը` բանականությամբ լի, ունակություններով հարուստ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ