livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

alt«ՀԱՅ ՖԵՍՏ» ամենամյա միջազգային թատերական փառատոնն այս տարի կընթանա հոկտեմբերի 1-8-ը, 13-րդ անգամ` «Զգացողությունների թանգարան» խորագրով: Հայֆեստյան օրերին կհյուրընկալվեն 26 երկրից ժամանած 250 մասնակիցներ եւ հյուրեր, այդ թվում` հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ: Հայ թատերասեր հասարակությունը հնարավորություն կունենա երեւանյան 12 բեմահարթակներում դիտելու ավելի քան 70 ներկայացում` դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ:


Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում» (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ» (ԱՄՆ) ներկայացումները: Երեւանյան մի քանի թատրոններն էլ մասնակից կլինեն «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում, իսկ ուսանողները` «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական ծրագրում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի փաստը եւս չի անտեսվի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում: 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումների շրջանակում ոչ միայն կցուցադրվեն մի շարք միջազգային ներկայացումներ, այլեւ փառատոնը կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով:

«Զարուհու» հետ զրույցում փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ասաց, որ 13-րդ «ՀԱՅ ՖԵՍՏԻ» մեկնարկը մտավախության առիթ չի հանդիսանում: Ավելին` փառատոնի ղեկավարն ասաց, որ դեռ գարնանն են մտադիր եղել խաղարկելու 13 թիվը, սակայն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի փաստը հետ է պահել կազմակերպիչներին նման մտքից:

«ՇԱՀԱՐԿԵԼ 13 ԹԻՎԸ ՃԻՇՏ ՉԷՐ ԼԻՆԻ»

-Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, առավելեւս, որ առանձին ծրագիր ունենք այդ թեմայով եւ շահարկել 13 թիվը` ճիշտ չէր լինի: Դրա համար մոռացանք այդ մասին եւ ընտրեցինք դիմակների թեման (խոսքը տարբերանշանի մասին է): Դիզայներական ընկերությունը մեզ առաջարկեց հեղինակային դիմակներ, այդ թեմայով փառատոնի օրերին կլինի դիմակների ցուցահանդես` տարբեր ձեւի ու ոճի:

«ՄԻԳՈՒՑԵ, ՄԵՆՔ ԷԼ ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՆՄԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԴԱՌՆԱՆՔ»

-Այս տարի բավականին հագեցած է փառատոնի ծրագիրը, հանդիսատեսին մի տեսակ մոլորության մեջ չե՞ք գցում:

- Ես կասեի գերհագեցած ծրագիր է սպասվում, բայց ես կողմ եմ, որ միաժամանակ մի քանի բեմերում եւ միեւնույն ժամին ներկայացումներ են լինում, իսկ հանդիսատեսը պարզապես «շիվար» է մնում, թե որ մեկը գնա նայելու: Նման բան կատարվում է օրինակ` Էդինբուրգի, Ավինյոնի փառատոներում: Իսկ, ասենք, Չեխովի փառատոնն ընտրել է այլ տարբերակ` փառատոնը տեւում է 60 օր` օրը մեկ ներկայացում են խաղում: Թատրոնների քանակը քիչ է, սակայն` բոլորը բարձր մակարդակի: Բայց դա ոչ թե փառատոնի է նմանվում, այլ` թատերաշրջանի: Հանդիսատեսը 45-րդ օրը մոռանում է, թե սկզբում ինչ ներկայացումներ են եղել: Չգիտեմ` երբ, բայց մի օր, երբ կունենանք մեծ գումարներ, միգուցե մենք էլ Էդինբուրգի նման փառատոն դառնանք, որը տեւում է մոտ 20-25 օր: Էդինբուրգը Երեւանից 2 անգամ փոքր քաղաք է, իսկ փառատոնի ժամանակ 320 հարթակ է օգտագործվում, ամեն տեղ են խաղում` պատերի վրա, լողավազաններում, կտուրներում, փողոցում` դա նշանակում է, որ ողջ քաղաքն է աշխատում: Այդ փառատոնի գլխավոր հովանավորը քաղաքապետարանն է, որովհետեւ փառատոնը դա քաղաքի դեմքն է, որի համար տեղի քաղաքապետարանը տարեկան ծախսում է մոտ 17 մլն եւ մեկ ամսվա ընթացքում աշխատում` մոտ 200 մլն: Իսկ դա մեր ցավոտ կողմն է:

«ԹՈ՛Ւ-ԹՈ՛Ւ-ԹՈ՛Ւ, ՆՄԱՆ ԲԱՆ ՄԻ՛ ԱՍԵՔ»

-Բացօթյա ներկայացումների համար երբեմն խոչընդոտ է հանդիսանում անձրեւոտ եղանակը...

- Ո՛չ, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, նման բան մի՛ ասեք, վա՜յ, վա՜յ, վայ...

- Բայց լինում են չէ՞ անձրեւոտ օրեր:

- Միշտ մի օր անձրեւ է գալիս: Բայց մի տարի հոկտեմբերի 1-ին անձրեւ սկսվեց եւ ընդհատվեց հոկտեմբերի 8-ին: Դա ահավոր էր, հյուրերն ասում էին` եկել ենք արեւոտ Հայաստան, իսկ որտե՞ղ է արեւը: Չնայած այս տարի բացօթյա ներկայացումները քիչ են, հուսանք` ինչպես միշտ, կլինի շատ ջերմ եղանակ եւ ջերմ մթնոլորտ: Իսկ անձրեւն էլ, եթե գա, ապա` մեկ օրով: Ընդհանրապես, բացօթյա ներկայացումները փառատոնին շարմ են բերում, տոն են ստեղծում, դրդում այն մարդկանց, ովքեր ժամանակ առ ժամանակ են թատրոն գալիս, որ գան փառատոնային ներկայացումները դիտելու:

- Հատկապես բացման ներկայացումը, որը նորարարություն է լինելու:

- Այո, վիզուալ եւ կատարողական արվեստը միացել ու ցուցահանդես-ներկայացում է դարձել: Այսինքն` երբ հանդիսատեսը ոչ թե նստած է, այլ տեղաշարժվում է, ու ամեն կողմից ինչ-որ բաներ են կատարվում: Հենց այդ ժանրով էլ կբացվի փառատոնը` Վահան Բադալյանի «Զգացողությունների թանգարան» ներկայացումով. հանդիսատեսը կապրի 9 զգացողություն` վախից, զզվանքից մինչեւ երջանկություն: Այսինքն` հանդիսատեսը կանցնի այն ուղին, որ անցել ենք 100 տարի, եւ հիմա հաղթահարած ապրում ենք: Ներկայացումն ընդգրկված է փառատոնի Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրում, եւ եթե լավ ստացվի, ապա կդիմենք, որպեսզի աջակցեն այն Հայաստանից դուրս խաղալու համար:

- Ամբողջ ներկայացման ընթացքում դերասաննե՞ր են խաղում:

- Այո, օրինակ` կան դերասաններ, որ կախված են... Նման բան դեռ Հայաստանում չի եղել, «ՀԱՅ ՖԵՍՏԻ» նորարարություններից է: Ընդհանրապես նման դեպքերում այդ նորարարությունները բերում են նրան, որ տաղանդավոր տեղացի ռեժիսորի մոտ ծնվում է մեկ այլ ներկայացում: Իսկ մենք հուսով ենք, որ մեզ մոտ կան տաղանդաշատ ռեժիսորներ, ինչի ապացույցն էլ փառատոնի հայկական ծրագիրն է: Եթե նախորդ տարիներին ասում էինք, թե ունենք 1 կամ 2 լավ ներկայացում, իսկ միջին մակարդակը` ոչինչ, ապա հիմա ունենք միջինից բարձր մակարդակի ներկայացումներ: Հայաստանում աճում է այն ռեժիսորների քանակը, որոնք որակյալ ներկայացումներ են բեմադրում:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ, 2015 ԹՎԱԿԱՆՆ Է...»

-Այսինքն` խաղացանկային թատրոններից դո՞ւրս են ծնվում լավ ներկայացումներ:

- Այո, դրա համար կան շատ պատճառներ: Չեմ ասում, թե խաղացանկային թատրոններում ներկայացումները վատն են, կան, որ շատ վատն են, բայց մարդիկ գնում են: Տեղի թատրոններից մեկում մեծ պրեմիերա էր, նայեցի եւ հասկացա, որ նույն ներկայացումը կարող էի տեսնել 1976 թվականին: Այսինքն` վատ չէ, բայց, ժողովուրդ, 2015 թվականն է, կան այլ արտահայտամիջոցներ, ձեւավորման տեսակներ: Իսկ փառատոների ժամանակ մենք տեսնում ենք` ովքեր են գալիս ներկայացումներին` այն մարդիկ, ովքեր հետո տալիս են լավ որակ: Իսկ ովքեր բեմադրում են 76 թվականները` չեն գալիս:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում