livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

Երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆՆ օրերս է վերադարձել «Նոր ալիք» ամենամյա երաժշտական մրցույթից եւ չնայած փոքրիկ սկանդալին` ուրախ է, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու մի մրցույթի, որը մեր տարածաշրջանում «Եվրատեսիլից» հետո համարվում է 2-րդ հզոր մրցույթը.

«Այս մրցույթից շատ բան ես սովորում, մեզ մոտ դաշտը սահմանափակ է, այնտեղ լայն հնարավորություններ կան, եւ հետո այդ բեմում ու այդ տեխնիկայով մեկ անգամ ելույթ ունենալու համար արժե մասնակցել»,- այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց երգիչը, ապա հավելեց. «Ամեն ինչ լավ էր ընթանում, տպավորիչ էին 1-ին օրվա ելույթիս արձագանքները: Ուրախ եմ, որ մարդիկ գնահատեցին այն: Բայց խնդիրներ առաջացան 2-րդ օրվա իմ ելույթի հետ: Նախ` քանի որ մենք, ցավոք, ձեռք չէինք բերել հեռարձակելու լիցենզիա, 7 տարվա պատմության մեջ Հայաստանում մրցույթը չհեռարձակվեց: Դրա համար չկարողացա, նախնական պլանավորածի համաձայն, Սոնա Շահգելդյանի հետ հանդես գալ զուգերգով: Այդպես զրկվեցի այդ իրավունքից, եւ իրենց որոշմամբ ու ընտրությամբ հանդես եկա իրենց ուզած արտիստի` IOWA խմբի երգչուհու հետ` Իգոր Նիկոլաեւի «Երկու աստղ» երգով: Ինձ չէր վախեցնում այդ փաստը, քանի որ այս երգի մեր գործիքավորումն ունեինք եւ մինչեւ ամենավերջին փորձը նրա հետ երգում էինք հենց մեր գործիքավորմամբ: Բայց ստացվեց, որ կա երկու տարբերակ, մեկը` IOWA խմբի ներկայացրած գործիքավորումն էր, որը որակվեց վատը` հենց մրցույթի կազմակերպիչների կողմից, եւ գիշերները աշխատելով ու գործիքավորելով` ունեինք մեր տարբերակը, որը մեզ համար կապահովեր բարձր գնահատականներ: Այն բոլորի հավանությանն արժանացավ, բայց խմբի երգչուհու քմահաճույքի պատճառով ստիպված երգեցինք իրենց խայտառակ գործիքավորմամբ: Դա դեռ քիչ էր, մրցույթի օրը նա բեմ էր բարձրացել ոչ սթափ վիճակում»:

Ըստ Գրիգորի` մրցույթից 3 օր առաջ Իգոր Կրուտոյը լսելով գործիքավորումների երկու տարբերակն էլ` հավանությունը տվել է հայկական կողմի տարբերակին` ասելով, որ կա հետաքրքրություն, նորովի մատուցում, որ ներկայացվել է եվրոպական ստանդարտներին համապատասխան գործիքավորում: Գրիգորը նաեւ հավելեց, որ 1-ին օրվա հաջող ելույթից հետո ապահոված է եղել գոնե 3-րդ հորիզոնականը, ինչի մասին, երգչի խոսքերով, նույնիսկ ռուսական մամուլն է անդրադարձել. «Բայց վերջին փորձի ժամանակ, երբ ես վստահ էի, որ հնչելու է մեր գործիքավորումը, հանկարծ միանում է հին տարբերակը: Իմ արձագանքին, թե սխալվել եք, ես միամտորեն այդպես էի կարծում, ռեժիսորը ժեստ արեց` երգի՛ր, երգի՛ր, ինչն ինձ համար զարմանալի էր: Այդ տարբերակով երգելուց հետո ասացին` ժամանակ չկա, արագ իջեք բեմից: Հետո հայտարարեցի, որ անլուրջ վերաբերմունքի պատճառով չեմ ցանկանում մասնակցել հետագա փուլերին, եւ վերադարձա հյուրանոց: Բայց այստեղ արդեն իմ առաջ դրվեց մի քանի հարցադրում, որոնք ինձ ստիպեցին հրաժարվել չմասնակցելու մտքից»,- ասաց երգիչն ու թվեց պատճառները. «Նախ` իմ այդ քայլով Հայաստանը հետագայում կզրկվեր մրցույթին մասնակցության իրավունքից, ինչն իմ կողմից էգոիստ քայլ կլիներ, եւ հետո` հրաժարվելու դեպքում, ուղղակի խաչ կքաշեի իմ կարիերայի վրա` թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես երգիչ` տվյալ տարածաշրջանում գործունեություն ծավալելու առումով: Եվ 3-րդ պատճառը` չներկայացնելով իմ 3-րդ երգը, որն ինձ համար ամենագլխավոր զենքն էր, ու շատ էի ուզում, որ հանդիսատեսը տեսներ այն, հանրության համար անհասկանալի կլիներ հրաժարվելուս պատճառը: Մտավախություն ունեի, որ Հայաստանում ինձ չեն հասկանա ու կպախարակեն ցածր գնահատականների համար»,- մի քիչ վախվորած ասաց երգիչը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում