livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

Վերջերս կայացավ Նիդերլանդներում բնակվող հայ երգիչ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ անդրանիկ տեսահոլովակի պրեմիերան` նկարահանված «Ջեյրան աղջիկ» երգի հիման վրա: Ի զարմանս մեզ, Եվրոպայում բնակություն հաստատած երիտասարդ երգիչը երգում է ժողովրդական, իսկ տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանված է Հայաստանի գեղատեսիլ վայրերում: Ինչպես տեսահոլովակի, այնպես էլ իր ստեղծագործական գործունեության եւ Նիդերլանդների մասին էլ ծավալվեց «Զարուհու» զրույցը հենց Հ. Մանուկյանի հետ:

- Համլետ, «Ջեյրան աղջիկ» երգի տեսահոլովակը կարճ ժամանակամիջոցում լայն արձագանք գտավ: Նախ անդրադառնանք տեսահոլովակի նկարահանումներին`որքա՞ն տեւեց եւ ի՞նչ խնդիրների բախվեց Նիդերլանդներից ժամանած երիտասարդ երգիչը հայրենիքում:

- Տեսահոլովակի նկարահանումների ընթացքը տեւեց 3 օր: Ունեինք նպատակ, կամքի ուժ եւ նկարահանման փայլուն անձնակազմ (Կարեն Գալստյանի գլխավորությամբ), ուստի` բոլոր խնդիրները գտան իրենց լուծումը, նաեւ մեր աշխատասիրության եւ համառության շնորհիվ:

- Հաճա՞խ եք Հայաստանում լինում ու ի՞նչ տպավորություններ ունեք այսօր հայրենիքից:

- Փորձում եմ գոնե տարին 1-2 անգամ գալ հայրենիք, սիրտս ինձ բերում է: Սիրում եմ Հայաստանը: Ինչքան էլ որ խնդիրներ լինեն՝ արտագաղթ, սոցիալ-տնտեսական վատ պայմաններ, միեւնույնն է, Հայաստանն իմ սրտում է ու կանչում է ինձ:

- Լինելով սասունցու թոռ` ինչպե՞ս եք հարմարվել նիդերլանդական իրականության հետ ու, ըստ Ձեզ, ի՞նչ առանցքային տարբերություններ կան մեր եւ նիդերլանդացիների միջեւ:

- Տարբերություններն ակնհայտ են: Այստեղ գերիշխում են արեւմտյան արժեքները, որոնք, ցավոք սրտի, օր օրի ավելի են ազդում հայ երիտասարդների նիստուկացի վրա` թե՛ Եվրոպայում, եւ թե՛ նույնիսկ Հայաստանում՝ աղավաղելով հայկական մշակույթն ու մեր պապերից ժառանգած բարքերը: Շնորհիվ ծնողներիցս ստացած դաստիարակության եւ հպարտությամբ կրելով հայկական ազգանունս՝ Նիդերլանդներում ես չեմ փոխվել, ապրում եմ որպես ավանդապաշտ հայ երիտասարդ՝ հայեցի կենսակերպով:

- Որքանով տեղյակ եմ, Նիդերլանդներում նաեւ հայկական պար եք դասավանդում: Ինչպե՞ս հաջողվեց եվրոպական երկրում ստեղծել փոքրիկ Հայաստան:

- Այստեղ մենք ունենք հայկական մեծ համայնք: Իմանալով, որ տիրապետում եմ ազգագրական մի շարք պարերի՝ նրանք ինձ առաջարկեցին խմբակ հիմնել: Մեծ ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը, եւ այսօր երեխաներն իմ խմբում հաճույքով սովորում են հայկական պարեր:

- Հնարավո՞ր է ապագայում նաեւ այլ ժանրում տեսնենք Ձեզ, թե՞ ժողովրդական երգերով կշարունակեք ներկայանալ Ձեր ունկնդիրներին:

- Դեռ չեմ պլանավորել ժանրի փոփոխություն, երգում եմ այն, ինչ հոգեհարազատ է ինձ համար: Եթե ապագայում լինեն երգեր այլ ժանրերում, որոնք կդիպչեն սրտիս, այնպես, ինչպես ազգագրական, ժողովրդական երգերն են, ապա չեմ բացառում ուրիշ ժանրում հանդես գալը:

- Մի փոքր հետադարձ հայացք նետելով` խնդրում եմ մանրամասնեք, թե ե՞րբ ու ինչպե՞ս հարթվեց Ձեր ստեղծագործական ճանապարհը:

- Ասեմ, որ դա անակնկալ էր բոլորի համար, նույնիսկ ինձ համար: Թեեւ տնտեսագիտական կրթություն ունեմ, մի օր սկսեցի զբաղվել նրանով, ինչը միշտ սրտիս մեջ էր:

- Թերեւս չեն ների մեր ընթերցողները, եթե չհարցնեմ` գտե՞լ եք Ձեր կյանքի ջեյրան աղջկան, թե դեռ Համլետ Մանուկյանի սիրտն ազատ է:

- Դեռ չեմ գտել այն մեկին, ում հետ կուզենայի կիսել կյանքս: Հնարավոր է՝ դա գալիս է իմ ծանրաբեռնված առօրյայից: Բայց դեռ 21 տարեկան եմ ու կհասցնեմ գտնել իմ ջեյրան աղջկան:

- Իսկ ո՞ւմ եք տեսնում Ձեր կողքին`երկար ծամերով ու բարակ մեջքով հայուհու, ինչպես ասված է երգում, թե՞ այլ չափորոշիչներ ունեք:

- Ես կնոջ մեջ առաջինը մարդկային որակներն եմ կարեւորում, հետո՝ արտաքին տեսքը: Ճիշտ է, հաճելի է, երբ կողակիցդ բարետես է, բայց ինձ համար առավել կարեւոր է գտնել այն մեկին, ով բացի երկար ծամերով ու հաճելի արտաքինով հայուհի լինելուց, կկարողանա նաեւ կյանքի ընկեր լինել:

- Ե՞րբ կլինի հաջորդ տեսահոլովակը եւ ի՞նչ բովանդակությամբ:

- Հաջորդ տեսահոլովակի պրեմիերան կլինի նոյեմբերի սկզբին, իսկ բովանդակությունը, ձեր թույլտվությամբ, թող անակնկալ մնա:

- Շատերն այսօր «միքսում» են տարբեր ոճեր կամ դարձնում այն իրենց ապրած երկրի մոտիվներով: Հետաքրքիր է` հնարավո՞ր է, որ հանդես գաք հայ-նիդերլանդական ինչ-որ երգով առաջիկայում:

- Հնարավոր է՝ ապագայում դուետով հանդես գամ այլազգի արտիստների հետ, բայց իմ շուրթերից կհնչեն միայն մաքրամաքուր հայերեն բառեր:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում