livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսորներ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ եւ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության առաջին ցուցադրությունը: Պրեմիերային նախորդող օրն արդեն իսկ կայացել էր ֆիլմի փակ դիտումը, որի ժամանակ ծիծաղեցին, ծափահարեցին ու կարծիքներ փոխանակեցին մշակույթի գործիչները, շոու-բիզնեսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

350-Ի ՓՈԽԱՐԵՆ ԾԱԽՍԵԼ ԵՆ 400 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

Դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Հայկ Մարությանի խոսքերով` մեկ տարի մեծ ջանքեր են գործադրել` հանդիսատեսին գոհացնելու եւ զարմացնելու համար: Արդյունքում` ծախսել են 400 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ` նախատեսված է եղել 350 հազար: Հույս ունեն, որ իրենց ներդրած ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները կգնահատվեն լսարանի կողմից: «Սիրո գործակից» կինոկատակերգության գլխավոր հերոսները երկու ընկերներ են, որոնք ունեն համատեղ բիզնես, եւ որոշում են գումար հայթայթել` այն փրկելու համար: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում թենիսի մրցաշարի ընթացքում: Անելանելի դրությունից դուրս գալու համար որոշում են դիմել կանանց թենիսի մրցախաղին առնչվող խարդախության: Թենիսիստուհիներից մեկին սիրահարված հերոսին, սակայն, ուզում են ամուսնացնել թաղային հեղինակություն Աղվանի դստեր` սարսափելի տգեղ Փիրուզի հետ: Ռոմանտիկ կատակերգությունն ավարտվում է happy end-ով, սակայն հատկանաշականն այն է, որ ֆիլմում անդրադարձ է կատարվում նաեւ գենդերներին եւ աղանդավորական կազմակերպություններին ոչ թե դրական, այլ նման կազմակերպություններին մերկացնող տեսարաններով, որոնք ցույց են տալիս, որ դրանք միֆ են` փուչիկ, որ մի օր կպայթեն ու կպատռեն կազմակերպության առաջնորդների իրական դիմակները` իրենց իսկ կազմակերպության անդամների առաջ:

«ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՆՅՈՒԹ ԼԻՆԻ, ՀԻՄՔ»

«Զարուհու» հետաքրքրությանն ի պատասխան` թե մտավախություն չունե՞ք, որ աղանդավորական կազմակերպությունները կդիմեն դատարան` իրենց «բարի համբավը» զրպարտելու համար, ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ պատասխանը բացասական էր, սակայն վստահ է, որ ասելիքը հաստատ կհասնի հանդիսականին:

- Վստահաբար համոզված եմ, որ մեր ասելիքը կհասնի հանդիսատեսին: Հայաստանում ընդհանրապես կատակերգությունների լսարանը շատ ավելի մեծ է,  քան` այլ երկրներում: Կինոդիտողների տարիքային սահմանը սկսվում է 6+-ից մինչեւ անվերջություն. լայն լսարանի համար է:

- Ֆիլմում շոշափվում է աղանդավորական կառույցների եւ գենդերների թեման...

- Ինչից բաղկացած է մեր կյանքը... Բնականաբար, կատակերգությունը այդ ամենը պետք է ներառի: Մենք նկարել ենք այսօրվա Հայաստանը, իսկ այդ երեւույթները կան այսօր, մենք էլ այդ ամենը ներկայացրել ենք` հուսով եմ հումորով:

- Իսկ եթե, հանկարծ որեւէ աղանդավորական կառույց որոշի Ձեզ դատի տալ` ֆիլմում իրենց զրպարտելու համար:

- Չեմ կարծում, դատի տալու համար պետք է նյութ լինի, հիմք, իսկ մեր դեպքում ինչի՞ համար դատի տան, երբ մենք կոնկրետ անուններ չենք շոշափում: Բացի անուններից, չենք վիրավորում որեւէ մարդու, մեր ֆիլմում նման բան չկա, դա ի սկզբանե մեզ մոտ սկզբունք է` վիրավորանք չի կարող լինել: Իսկ մնացած պրոցեսներն ուղղակի հումոր են:

- Ֆիլմը որքա՞ն ժամանակ կմնա կինոթատրոններում, եւ ի՞նչ սպասումներ ունեք:

- Միայն Աստված գիտի, հույսեր կարող ենք փայփայել, որ լավ կլինի: Հ. Մարությանը միաժամանակ նաեւ ընդգծեց, որ ֆիլմն ունի հաջողության հասնելու համար անհրաժեշտ նախադրյալները:

«ԻՍԿ ԻՆՉ ԷԼ ԿՏԱՆԵՆ` ԲՈՆՈՒՍ ԿԼԻՆԻ»

Ֆիլմում գլխավոր հերոսի «հանցակից» ընկերը` ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԸ կատակերգության միջոցով դիմակազերծում աղանդավորական կառույցների ստի վրա հիմնված գործունեությունը, ում անվան շուրջ ժամանակին խոսակցություններ էին պտտվում, թե հարում է այս կամ այն աղանդավորական կառույցին:

- Ձեր անվան շուրջ հաճախ են պտվում խոսակցություններ, թե հարում եք որեւէ աղանդավորական կառույցի, բայց ֆիլմում մարմնավորել եք մի կերպար, որը բացահայտում է, որ դա միֆ է:

- Ոչ մի միտում չի եղել, քանի որ ես չեմ սցենարիստը: Ինձ հետ կապված քայլ չեմ արել, ուղղակի իմացա, որ սցենարում կա այդ մասին, համաձայնեցի խաղալ: Տեսե՛ք ֆիլմում ինչպես բացվեց այդ գաղտնիքը, միստիկա չթողեցինք:

- Ձեր այս դերով վերջ կդրվի՞ այդ խոսակցություններին:

- Կարծում եմ` չարախոսների վերջը չի դրվի երբեք: Հուսով եմ` խելացի մարդիկ ժամանակին չեն խոսել, հիմա էլ չեն խոսի այդ մասին: Իսկ ընդհանրապես, ֆիլմը ժամանցային է, որի գլխավոր նպատակն այն է, որ ընտանիքով գան, լիաթոք ծիծաղեն ու գնան: Իսկ ինչ էլ կտանեն իրենց հետ, դա բոնուս կլինի այն մարդկանց համար, ովքեր լիաթոք կծիծաղեն: Իսկ ավելի լուրջ` այն մարդիկ, ովքեր ինչ-որ կեղծավոր գործ են սկսել, կեսից հետ կկանգնեն: Ովքեր էլ սպորտի հանդեպ հետաքրքրություն չունեին` կոգեւորվեն, ովքեր խաղադրույքներ են կատարում` մի քիչ այլ կերպ կնայեն այդ ամենին ու ճիշտ խաղադրույք կանեն, այդ մասին Հայկը հուշում է ֆիլմում, ես լավ չեմ հասկանում դրանից... Բայց հուսով եմ, որ եթե ոչինչ էլ չտանեն, ապա լավ հիշողություններ հաստատ կտանեն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում