Օրերս «Իրավունքը» հյուրընկալելով ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ավագանու անդամ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԻՆ`առիթ ընձեռեց մեր ընթերցողների ու ֆեյսբուքյան օգտատերերի համար «Ուղիղ կապ» ձեւաչափով հարցեր ուղղել սիրված դերասանին եւ ստանալ դրանց պատասխանները: Հնչած տարաբնույթ հարցերի եւ տրված պատասխանների  մեկ հատված ներկայացնում ենք ստորեւ.

«ԲԵՄԻ ՎՐԱ ԱՐՏԱՑՈԼՎՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉԸ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ ԱՌՕՐՅԱՅՈՒՄ»

- Պարոն Թոխատյան, Ձեր խաղացած դերերում բավական սուր ու ժողովրդին հուզող հարցեր եք բարձրացնում, կյանքո՞ւմ էլ եք այդքան համարձակ, ինչպես բեմում: (ԱՆԻ, ք. Աբովյան)
- Եթե ներկայացումները լինեին փակ դռների հետեւում, միայն մեր խոհանոցում, այդ դեպքում ձեր հարցը կլիներ արդարացի, բայց ներկայացումը խաղացվում է բեմում` հանդիսատեսի լայն շրջանակների համար: Ինչպե՞ս կարելի է այնտեղ լինել ավելի համարձակ, քան կյանքում, այդպես չի կարող լինել, չէ՞ որ բեմն ավելի մասսայական է: Հատկապես «Մեա կուլպան», «Խաթաբալադան», «Ժանգոտ բանալին» եւ նմանատիպ ներկայացումները ամբողջ ստեղծագործական խմբի եւ իմ կարծիքն ու դիրքորոշումն է արտահայտում այսօրվա մասին: Մեր ասելիքը հանում ենք բեմ` կիսվելու մեր հանդիսաստեսի հետ: Այնպես որ, բեմի վրա արտացոլվում է այն, ինչը մտածում եմ առօրյայում` իմ ընկերների հետ միասին:

«ՄԵԾ ԿԻՆՈ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՄԵՆՔ, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ԱՅԴՔԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԵՆՔ»

-Նախորդ տարի լայնորեն քննարկվեց ու խոսվեց «Կինոյի մասին» նույնպես օրենք ունենալու վերաբերյալ: Որպես դերասան` որքանո՞վ եք այն կարեւորում կամ ավելորդություն համարում: (ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ, ք. Արմավիր)
- Նախեւառաջ, եթե «Կինոյի մասին» օրենքը պետք է խթանի, որ մեր կինոարտադրությունն ակտիվանա, ապա, իհարկե, պետք է, բայց մենք այսօր անգամ կինոստուդիա չունենք: Եվ երկրորդ` մենք շատ փոքր շուկա ունենք լավ կինոարտադրության համար: Այսօր նկարահանվում են ուսանողական ֆիլմեր ու շատ հաճախ ոչ վատը, կարճամետրաժ ֆիլմեր, թեկուզ այսօրվա ժամանակակից հեռախոսներով, որովհետեւ դրանք այդ հնարավորությունը տալիս են, բայց խոսքը մեծ կինոյի մասին է: Իսկ մեծ կինո ունենալու համար, մենք, ցավոք սրտի, այդքան ուժ չունենք: Այսօր մեզ ավելի անհրաժեշտ է «Թատրոնի մասին» օրենքը ու կարեւոր է, թե ով պետք է ընդունի, ով պետք է կազմի այն: Օրենքի հեղինակն այն մարդը պետք է լինի, ով այսօր ծանոթ է համաշխարհային թատրոնի կանոններին, այսինքն` պետք է պրոդյուսերական միտք լինի յուրաքանչյուր օրենքի մեջ: Անպայման չէ, որ դերասանը մասնակցի օրենքը ընդունելուն, բայց կարող է իր կարծիքով, իր համաշխարհային փորձով կիսվել, այդ դեպքում մենք կունենանք պինդ, լավ օրենք:

«ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ԱՅՍՕՐՎԱ ՕՐՈՎ ԳՐԵԹԵ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ»

- Ժամանակին եղել եք «Լեւոն թրավլ» ձեռնարկության գլխավոր տնօրենը, հետաքրքիր է` Ձեր կարծիքը ավիափոխադրողների ներկա իրավիճակի մասին: (ՇՈՒՇԱՆ, ք. Երեւան)
- Դժվար է խոսել մի բանի մասին, ինչը չկա: Մենք այսօր չունենք ազգային ավիափոխադրող, որը շատ ցավալի է: Կուզենամ, որպեսզի լինի ավիափոխադրող, ընդորում` կարծում եմ` այն պետք է լինի մեր պես երկրում ոչ թե մասնավոր, այլ գոնե կիսապետական ներդրումով: Այդ դեպքում կկարողանանք խոսել քչից-շատից ավելի նորմալ ավիափոխադրողի մասին:
- Ըստ Ձեզ, Ստեփանակերտի օդանավակայանը ե՞րբ կարող է գործարկվել:
- Նախ ասեմ, որ այն ինձ շատ է դուր գալիս ու գեղեցիկ է, բայց, ցավոք, կարծում եմ` այդ հարցին այսօրվա օրով գրեթե ոչ մեկը չի կարող պատասխանել, քանի դեռ կա Ադրբեջանի գործոնը: Դե յուրե մեր Լեռնային Ղարաբաղը միջազգային կազմակերպությունների համար համարվում է Ադրբեջանի տարածք, ուրեմն` որոշողը մենք չենք, այլ որոշողն այսօրվա Ադրբեջանն է: Հիմա աբսուրդ բան եմ ասում, բայց իրենք ավելի շուտ կարող են այդ հարցին պատասխանել, քան որեւէ մեկը մեր հանրապետությունում:

«ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՍԽՏՈՐՈՎ ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՆ»

- Թերեւս այս շրջանում ամենաակտուալ հարցն եմ ուզում Ձեզ ուղղել. ո՞րն է համաճարակից ու խոզի գրիպից պաշտպանվելու Ձեր բաղադրատոմսը: (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Մարտունի)
- Հարգելի Հասմիկ, եթե ես այդ բաղադրատոմսն իմանայի, երեւի, հիմա պինիցիլին հորինողի կարգավիճակում կլինեի: Չգիտեմ, պետք է պաշտպանվենք ինչ-որ մի կերպ… Եթե հարցնեք` ես ինչ եմ անում, փորձում եմ սխտորով պայքարել համաճարակի դեմ, որքանով կօգնի, էլի չգիտեմ: Իսկ երեխային հնարավորինս փորձում ենք հեռու պահել մասսայական միջոցառումներից: Ցավոք, դրա պատճառով տոնածառի ներկայացումներին էլ չմասնակցեց: Փորձեցինք Լուիզայի հետ միասին ինքներս իր համար ներկայացում ստեղծել տանը:
- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենատխուր պահը ու ինչպե՞ս եք հաղթահարել այն: (ՄԱՐԻԱՄ )
-Իմ կյանքի տխուր պահերի մասին չեմ սիրում խոսել, իսկ հաղթահարում եմ աշխատանքով… Հայրիկիս հուղարկավորության երկրորդ օրը բարձրացել եմ բեմ … դա պետք էր առաջին հերթին ինձ, պետք էր, երեւի թե, նաեւ իմ հայրիկին, պետք էր իմ հանդիսատեսին եւ այդպես ճիշտ էր: Ու իմ կողքին էր կանգնած Նարեկ Դուրյանը, որը դրանից մեկ շաբաթ առաջ էր կորցրել իր հայրիկին…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ