26Երկար ժամանակ է ինչ երգչուհի Աննա Աղաջանյանը, բոլորին հայտնի Անչոկը, չի երեւում եթերում: Պարզվում է` երգչուհին չի թողել երգարվեստը, պարզապես ստեղծել է փոքրիկ ակումբ, որտեղ շարունակում է երգել: «Զարուհու» հետ զրույցում երգչուհին խոստովանեց, որ կարոտում է իր հանդիսատեսին. «Ակումբում վաղուց էի երգում, մի օր էլ գաղափար առաջացավ ունենալ սեփականը եւ երգել այնտեղ: Այսօր քիչ եմ երեւում էկրաններին, որովհետեւ զբաղված եմ ակումբով եւ իմ բալիկով»:


ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

- Չնայած այն հանգամանքին, որ երբեք մարդաշատ վայրեր չեմ սիրել, այնուամենայնիվ ինչ-որ տեղ ինձ համարում եմ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ, որտեղ այսօր շատ բաներ են փոխվել: Մենք տաղանդավոր ազգ ենք, հայ երիտասարդ կատարողների մեջ ունենք հիանալի ձայնային տվյալներով երգիչներ: Բայց, պետք է ասեմ, որ միայն ձայնային տվյալներով չես կարող զարմացնել հանդիսատեսին: Մեր ժամանակ ավելի անկեղծ էինք, գուցե, ժամանակներն են փոխվել եւ այդ պատճառով էլ փոխվել են նաեւ մեր երիտասարդները: Շատ երեւույթներ կան, որ ինձ դուր չեն գալիս, բայց մտածում եմ, որ շատերին եթե դուր է գալիս, ուրեմն տվյալ երգը կամ ստեղծագործությունը իմ ճաշակով չէ: Շատ ստեղծագործություններ կան, որ հավանում եմ, բայց խուսափում եմ դրանք կատարելուց` ներքուստ զգում եմ, որ այն իմը չէ: Իմ «Ինչո՞ւ» երգը հանդիսատեսի կողմից սիրվեց, որովհետեւ երգի մեջ անկեղծություն ու պարզություն կա, ինչն այսօր պակասում է շատ երգերում: Կցանկանայի, որ որակյալ համերգներ շատ լինեին, նկարահանվեին տեսահոլովակներ, թողարկվեին ձայնասկավառակներ, որոնք կունենան վաճառք: Հարցը գումարը չէ, ամբողջ աշխարհում նորմալ երեւույթ է, որ արտիստն ունենա ձայնասկավառակ, որը կվաճառվի, եւ դրա մասին կխոսվի: Մեզանում նման բան չի եղել եւ այժմ էլ ընդհանրապես չկա: Թողարկում ենք ձայնասկավառակներ միայն մեզ համար, կարծես ամեն ինչ զուր է արվում:


ԵՐԳՉՈՒՀԻ ԱՆՉՈԿԸ ԿԻՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՅՐ

27- Կարիերիստ չեմ, բայց միեւնույն ժամանակ, եթե ինչ-որ գործ եմ սկսում, ապա մինչեւ վերջ պետք է տանեմ: Ինձ համար շատ հեշտ է երգել, զբաղվել ակումբի գործերով եւ լինել ընտանիքի մայր, քանի որ ինձ շատ օգնում են մայրս, քույրս, տատիկս: Առավոտից մինչ երեկո կարող եմ անցկացնել տղայիս հետ, խոսել նրա հետ, խորհուրդներ տալ, բայց երեխային կերակրելն ու դասերով զբաղվելն արդեն իմ «բարի օգնականների» աշխատանքն է: Ընտանիքս ինձ համար ամենակարեւորն է, եւ իմ աշխատանքից այն չպետք է տուժի: Որդուս շատ խորհուրդներ եմ տալիս, ամենագլխավորը` լինել բարի, թե՛ դպրոցում, թե՛ մեծ շրջապատում: Որդուս մասնագիտության ընտրության հարցում չեմ կողմնորոշում: Նա ունի ինքուրույն բնավորություն, միայն խորհուրդներ եմ տալիս: Երբ ես դպրոց էի գնում, մայրս նման խորհուրդներ ինձ չէր տալիս, այն ժամանակ երեխաներն ուրիշ էին, իսկ այսօր` ուրիշ: Պետք է մարդու հոգին, ուղեղը եւ սիրտը հավասարապես հարուստ լինեն, այս երեքի դեպքում ամեն ինչ իր տեղում կլինի:

ՀԱՅ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐՆ ԱՅՍՕՐ

25- Կստեմ, եթե ասեմ, որ հայ կնոջ կերպարն ընդհանրապես չի փոխվել: Ինձ համար հայ կինը միշտ եղել է ավելի շատ ընտանիքին, երախաներին եւ ամուսնուն  սիրող էակ: Իսկ այսօր հայ կինն աշխատում է, ինքնուրույն է, ով կարող է միայնակ ապահովել իր ընտանիքին, ինչը եւ շատ լավ է, եւ ինչ-որ չափով տխրեցնող: Յուրաքանչյուր կին` լինի հայ, թե այլազգի, պետք է ունենա ապահով թիկունք: Ինձ համար կինը պետք է աշխատի միայն իր հաճույքի համար, այլ ոչ թե վաստակելու եւ իր երեխային ապահովելու համար: Ամեն ինչ մեզանից է գալիս, մեզ վրա ենք վերցրել ուժեղ լինելու պարտականությունը, որից չենք ուզում հրաժարվել, այդ պատճառով էլ ամուր թիկունքը մի քիչ պակասել է: Մեր ազգը շատ ցավ ու դավ է տեսել, բայց մնացել է բարի: Ցավոք, որոշ չափով չարացել ենք, ինչը տխուր է ինձ համար: Մեզ ոչ ոք եւ ոչինչ չկարողացավ փոխել, բայց չգիտեմ ինչն է պատճառը, որ այսքան չարացել ենք: Պետք է լինենք բարի, համբերատար, սիրենք միմյանց եւ չլինենք օտարամոլ: Հայ կինը պետք է երջանիկ ապրի:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔ

- Բնավորությամբ հանգիստ մարդ եմ, երբ ինձ մոտ ամեն ինչ լավ է, եւ երջանիկ եմ, սկսում եմ ծուլանալ, չեմ ուզում աշխատել: Բայց, փառք Աստծո, դա արդեն անցյալում է: Այսօր իմ կողքին են լավագույն ընկերներս` Նարի Հարությունյանն ու Զառա Մխեյանը, ովքեր ինձ «հանգիստ» չեն թողնում: Արդեն նկարահանել եմ մեկ տեսահոլովակ, շուտով կլինի նաեւ երկրորդը, այնպես որ, ծուլությունս հաղթահարված է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ