Բացի այն, որ «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունն ամենավառ իրադարձությունն է ողջ աշխարհում, ինչը դառնում է հանրային լայն քննարկման թեմա` շեղելով մի շարք խնդիրներից, պարզվում է` այն ի զորու է նաեւ քաղաքական հարցեր լուծել:
«Տարվա լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» արժանացած «Աղջիկը գետի մոտ. Ներման գինը» ֆիլմի շնորհիվ Պակիստանի վարչապետը խոստացել է փոխել օրենքը, ըստ որի, պակիստանցի կանայք մահապատժի են ենթարկվում: Այս մասին հենց մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց ֆիլմի ռեժիսորը` ՇԱՐՄԻՆ ԱԲԱՅԻԴ-ՉԻՆՈՅԸ:
Հիշեցնենք, որ ֆիլմն, այսպես կոչված, «սպանություն հանուն պատվի» մասին է, որը տեղի է ունենում Պակիստանում մեր օրերում: Եթե աղջիկն ինքնակամ է ընտրում կյանքի զուգընկեր եւ ոչ թե հարազատների նշանակմամբ, նրան հարազատները մահապատժի են ենթարկում, ու սա ոչ ոք հանցագործություն չի համարում: Եվ ֆիլմում այս մահապատժից փրկված 18-ամյա աղջիկը դատարանում բարձրաձայնում է, որ սա ուղղակի ոճրագործություն է, ոչ թե` պատվի հարց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ