livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

ShushanԱյսօր ազգովի նշում ենք Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակը, որի կայացման ճանապարհին զորամասերում բարեգործական համերգներով իրենց լուման են ունեցել նաեւ էստրադայի մի շարք վառ անհատականություններ: Երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ իր գործունեության ընթացքում հաճախ է եղել զորամասերում,  դիրքերում, նույնիսկ` վտանգավոր տարիներին:

Խոսելով բանակի մասին` երգչուհին նշեց. «Ունենք 20 տարեկան բանակ, եւ սա արդեն իսկ ձեռքբերում է: Իսկ 20-ամյան դեռ շատ է մատղաշ անսխալ լինելու համար, դեռ նոր-նոր փորձության ճանապարհ է անցնում, եւ դա այսօրվա բանակում, նոր սերնդի հետ, որը, փառք Տիրոջը, պատերազմ չի տեսել: Մեր սահմանը պաշտպանված է, ուրեմն բանակը կա, ապրում է, գործում: Անշուշտ, բազում ձեռքբերումներ եւ ամոթալի դեպքեր էլ ունենք. ցավոք, բանակ կոչվող մարմինն ամենուր է անցնում այս ճանապարհը: Պարզապես մերը մերն է, ցավոտ ենք ընդունում այն ամենը, ինչը կապված է Հայոց բանակի հետ: Դա բնական է. երկար ենք սպասել այս օրվան, շատ երկար ենք փայփայել Հայոց բանակ ունենալու գաղափարը: Երբ հենվելով 1-2 ողբերգական դեպքի վրա (որոնք, անշուշտ, քննադատելի են, աղմկահարույց, եւ պատժի ենթակա են բոլոր մեղավորները` անկախ իրենց կոչումներից), սկսում են աղմուկ բարձրացնել բանակից շատ-շատ հեռու կանգնած, ասեմ ավելին` Հայաստանում չապրող ինչ-որ մարդիկ, պատրաստ եմ կռիվ տալու ամեն մեկի հետ:

- Վերջին անգամ ե՞րբ եք հանդես եկել զորամասերում:

- 2011-ի հուլիսն էր, մեկամսյա ծրագրով Մրոյի ու Հասմիկ Կարապետյանի հետ անցանք ամբողջ սահմանը Տավուշից Զանգեզուր, Լոռուց Քարվաճառ, Վայքից Արարատ, Արցախ... Մի խոսքով` ինչպես միշտ:

- Այսօրվա եւ, ասենք, 15 տարի առաջվա զինվորականների կենցաղը, պայմանները, մտածելակերպը նո՞ւյնն են:

- Անշուշտ, տարբերություն կա: Պատերազմն անցած զինվորականն ու այսօրվա նորակոչիկը տարբեր փիլիսոփայություններ են, ու հիմնվելով էն զիլ տղերքի օրինակի վրա` ես մի պահ մտածմունքների մեջ էի. Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, ո՞վ է պաշտպանելու մեր երկիրը, երբ մի մասը երկնքում է (փառք ու պատիվ նրանց), մի մասն էլ կիսառողջ է, թեեւ ոգին միշտ տեղում, մի մասն էլ այնքան է հեռացել բանակից... Երջանկությանս չափ չկար, երբ 2010-ի նոյեմբերին հերթական համերգաշարի ժամանակ այնպես ստացվեց, որ հայտնվեցինք մի զորամասում, ուր թշնամու կրակահերթը չէր դադարում: Չեմ մոռանում այն էրեխեքի աչքերը, դա պետք էր տեսնել, թե ինչպես հավաքվեցին ու պատանյակից վերածվեցին խոհեմ, հավաք ու լուրջ մարտիկի: Մեր զինվորների ցավը տանեմ... Մենք այսօր իրավունք չունենք զազրախոսել, ջախջախել Հայկական բանակը, հայոց բանակի գաղափարը եւ, ի վերջո, չհարգել հենց այս պահին դիրքերը պահող մեր արծիվներին: Իսկ պայմանները, անշուշտ, փոխվել են: 15 տարի առաջ բանակը նոր-նոր ոտքի էր կանգնում...

- Կցանկանա՞ք, որ Ձեր տղաները ծառայեն այսօրվա Հայոց բանակում:shushan1

- Ձեր հարցին այլ կերպ կպատասխանեմ, քանի որ չեմ ընդունում այսօրվա, երեկվա, վաղվա բանակ հասկացությունը: Կասեմ ուղղակի, որ դա իմ ցանկությամբ չէ, դա օրինաչափություն է. տղան պիտի ծառայի Հայաստանում, ամեն տղամարդ պիտի մարտիկ լինի: Իսկ իմ ընտանիքը ապրում է Հայաստանում: Մի տարի ավագ որդուս տարել էի սահմանի համերգներին, իրենց որդիներին բերել էին Մրոն, Արամոն ու Էմման, Ֆորշը, մեր ձայնային ռեժիսոր Աբրահամը: Զինվորները անսահման ուրախ էին ու մի տեսակ հավաքվում էին, երբ խոսքի մեջ ներկայացնում էինք մեր զավակներին բերելու պատճառը` տեսնեն, թե ինչ տղերք ունենք, ինչ արծիվներ են պաշտպանում մեր սահմանը, մեր երկրի անդորրը: Զինվորները համերգից հետո երեխաներին ցույց էին տալիս մարզահրապարակը, «կազարման», ճաշարանը եւ ամենակարեւորը` մարտական դրոշը: Պստիկներն իրենց հպարտ ու մեծացած էին զգում, իսկ զինվորները զգում էին իրենց կարեւորությունը:

- Ձեր երգացանկում եղած հայրենասիրական ու զինվորին նվիրված երգերից որո՞նք են Ձեզ ոգեշնչում, որ երգելիս կամ լսելիս ավելի եք հպարտանում բանակով ու հայրենիքով:

- Երգ լսելիս չեմ հպարտանում, Աղդամով անցնելիս եմ հպարտանում, ու սիրտս երգում է Վազգեն Սպարապետի սիրած «Երկիր հայրենին»:

Երգիչ, երգահան, ԵՊԹ գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ինքն է հաճախակի դիրքերում ու սահմանամերձ զորամասերում համերգների կազմակերպիչ դարձել: Հայոց բանակի մասին խոսելով` նշում է. «Իմ Հայոց բանակը սիրում եմ իր ձեռքբերումներով ու պակասով, նոր երգն էլ գրել եմ բանակի 20-ամյակի կապակցությամբ, այսօր էլ արդեն կհնչի, կոչվում է «Մեր տղաները»»:

Ա. Գրիգորյանը չհամաձայնվեց մեր այն կարծիքին, թե այսօր, կարծես, հաճախակի չեն զորամասերում համերգները. «Ոչ լինում է, ուղղակի դա սուսուփուս ենք անում: Օրինակ` Շուշիի ազատագրման 20-ամյակին մոտ մեկ ամիս Արցախի զորամասերում կլինենք: Այնպես չէ, որ ինձ մոտ կարող է ինչ-որ բան սառչել. զինվորն իմ գլխավոր թեման է»:

Խնդիրներից առանձնացրեց. «Անհանգստացնում է այն հանգամանքը, որ փոքր են գնում բանակ,18 տարեկանն ինձ համար փոքր է, կարծում եմ` պետք է մի քիչ ավելի հասուն լինեն, որ հասկանան: Բայց որ փոքր էլ գնում են ու տղամարդ վերադառնում, դա էլ է ինձ ուրախացնում»: Անդրադառնալով բանակի թեմայով գրված իր երգերին` ասաց. «Ես չեմ գրում հատուկ բանակի կամ գեներալների մասին, այդ երգերիցս պետք է զինվորի հոտ գա »:

Վերջում շնորհավորելով զինվորականներին` հավելեց. «Թող զինվորներն առողջ լինեն, եւ թշնամու կողմից եկած ու ընդհանրապես կյանքում հանդիպող բոլոր փամփուշտները քամու նման անցնեն իրենց կողքով»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում