livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ Է

 

Araqsya-Varderesyan-8Մեր ծնողների մազերը ճերմակեցնելով` շատերիս մանկությունն ու երիտասարդությունն անցավ 90-ականներին Հայաստանին բաժին հասած մութ ու ցուրտ տարիների հետ: Դժվար թե գտնվի մեկը, ով երկրաշարժից ու պատերազմից կորուստներ չի ունեցել: Շատերը կորցրեցին հարազատներին, առավել բախտավորները ուղղակի սնանկացան կամ անտուն մնացին, իսկ մնացյալն այդ տարիների դառը հետեւանքները մինչեւ այսօր ճաշակում է բազմատեսակ հիվանդությունների պատճառով: Նավթի հերթեր, ՙչեկով՚ հաց, ՙլեւի՚ լույս, ձյունառատ ձմեռ… ու այս ամենի կողքին մեր կյանքի անգույն գունապնակում շարունակեցինք սիրել՝ երգելով ՙԷս ո՞վ ինձ անիծեց, էսքան սեր տվեց…՚, չդադարեցինք ողբալ՝ երգելով ՙԵրկրաշարժ՚, ՙՀայաստան իմ՚ ու, միեւնույն ժամանակ, ՙՎերջին անգամ՚, ՙՆերիր ինձ՚ ասել եւ ուրախ նոտաներով կանչել` ՙԱրի, արի՚: 90-ականներին իր այս երգերով հազարավոր սրտեր դարմանող երգչուհին՝ ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ, այսօր բնակվում է Լոս Անջելեսում:

 - Տիկին Վարդերեսյան, երբ Հայաստանը ծանր կացության մեջ էր, Դուք հայի կողքին էիք: Հիմա, կարծես, ավելի լավ ժամանակներ են, ինչո՞ւ ծանր տարիներին մնացիք, իսկ այսօր հայրենիքում չեք:

 - Միշտ փորձել եմ լինել հայի կողքին` լիներ դա երկրաշարժի գոտում, Արցախում՝ պատերազմի դաշտում, հայ զինվորի, թե հայ որբուկի կողքին: Եվ, ինչպես Դուք եք ասում, իմ երգերով դարմանել եմ հազարավոր սրտեր: Սիրել եմ իմ տեսակը՝ հային, եւ քանի որ հայն ամեն տեղ է (չանդրադառնամ պատմական անցյալին), այսօր ես ԱՄՆ-ում եմ: Հատկապես Կալիֆոռնիայում այժմ աճում է մի հզոր համալսարանական երիտասարդություն, մեծամասամբ` անգլիախոս, եւ պետք է փորձել պահպանել նրանց թե՛ մշակույթի, եւ թե՛ այլ ճանապարհներով: Ո՞վ գիտի, եթե մի օր հայը ունենա ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան, թերեւս այդ սերնդին ճակատագրորեն բաժին կընկնի շարունակելու հայապահպանման եւ հայրենասիրության գործը:

Araqsya-Varderesyan-10 - ՙՎերքերը՚ դեռ թարմ էին, երբ երգում էիք ՙԵրկրաշարժ՚ ու դրա կողքին` մյուս երգերը: Կա՞ր մտավախություն, որ ուղղակի Ձեզ չեն հասկանա:

 - Ես գրում ու երգում էի հայի եւ հայրենի ժողովրդի ցավերի մասին: Ես նրանցից մեկն էի, ինչպե՞ս կարող էին ինձ չհասկանալ:

 - Արդեն երկրաշարժից անցել է 24 տարի, բայց առ այսօր շատերի շուրթերից հնչում են Ձեր երգերը ու շարունակում են սիրված մնալ: Ո՞րն է Ձեր երգերի գաղտնիքը:

 - Դուք ձեր հարցերով ինձ տանում եք հիշողությունների գիրկը՝ 80-ականների եւ 90-ականների վերջը: Ես խորապես ապրում էի իմ ժողովրդի ցավերով ու տառապանքներով: Սկսած Արցախյան պատերազմի տարիներից... Երկրաշարժ, անլույս, ցուրտ, անջուր տարիներ, արտագաղթ, որբեր, որդեկորույս մայրեր, իրենց ամուսիններին կորցրած կանայք… Սարսափելի տարիներ էին: Բայց ես չէի դադարում երգել ՙՀայաստանն ուզում են մեր ձեռքից առնել՚: Այն ժամանակ երգում էի՝

Araqsya-Varderesyan-13 Սիրտս ինչպես ուրախանա,

 Երբ երկիրս չարիք ունի

 Եվ օգնության կարիք ունի...

 Իսկ այսօր երգում եմ ՙԱշխարհի մեջ հայրենիքը քաղցր է անգամ զավակից…՚ (նոր երգ է):

 - Այսօր ԱՄՆ-ում շարունակո՞ւմ եք երգել:

 - Ստեղծագործում եմ, դասավանդում եւ հեռուստաշոու եմ վարում: Գործ շատ կա:

 - Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հայաստանյան լռությունը, չէ՞ որ նույնիսկ ամենածանր ժամանակ կարողանում էիք երգել:

 - Չեմ կարող պատասխանել, պարզապես այդպես էր: Հավանաբար, ամեն ինչ իր ժամանակն ունի եւ իր խորհուրդը:

 - Այնուամենայնիվ, հայրենիք վերադառնալու ցանկություն կա՞, եւ ի՞նչն է խանգարում:

 - Ոչինչ չի խանգարում, միշտ լինում եմ հայրենիքում: Վերջին անգամ ազգականիս հարսանիքին էի հրավիրված:

 - Այժմ ի՞նչն է հուզում Ձեզ ավելի շատ, եւ, ինչպես երգի խոսքերում է ասվում, գոնե այսօր կարողանո՞ւմ եք ՙհանգիստ քնել՚:

 - Այնուամենայնիվ, ՙառավոտ լուսո, արեգակն արդար՚-ի պես ես կրկնում եմ` ՙՏեր կեցո, տուր հայս եւ արա նոցա պայծառ՚:

 - Այս տարիներին ի՞նչ հիասթափություններ եւ ձեռքբերումներ ունեցաք:

 - Ընդհանրապես չեմ հիասթափվում: Պարզապես հեռանում եմ, որպեսզի անցյալի գեղեցկության ակնթարթը իմ մեջ պահեմ: Իսկ ձեռքբերումներ ունեմ յուրաքանչյուր պահին, ակնթարթին: Կյանքը, աշխարհը աստվածային է: Դա մարդկության ձեռքբերումն է:

 - Փոխվե՞լ են Արաքսյա Վարդերեսյանի հայացքները, ոճը, երգացանկը:

 - Անշուշտ, ժամանակները փոխվում են, ինչպես եւ մարդկանց հայացքները, ժամանակների հետ եւ` երգերի ընտրանին:

 Araqsya-Varderesyan-2- Հետեւո՞ւմ եք հայաստանյան էստրադային եւ ընդհանրապես ի՞նչ կարծիք ունեք այժմյան երգարվեստի մասին:

 - Իհա՛րկե հետեւում եմ, կան հրաշալի երիտասարդ ձայներ, ընտրանին շատ է, դա լավ է. որակը կբարձրանա: Մի քիչ կրկնություն կա, այն էլ ժամանակի հարց է:

 - Ձեր բնորոշմամբ` ինչպիսի՞ն է հայ կինը:

 - Հայ կանայք, կարծում եմ, աշխարհի ամենականացի էակներն են: Այստեղ որոշ ժամանակ առաջ մի հոդված կարդացի աշխարհի տարբեր ազգերի կանանց ինքնասպանության մասին: Հայ կանայք վերջին տեղում էին գրեթե զրո տոկոսային հարաբերությամբ: Նրանք պատասխանել էին, թե ժամանակ չունեն այդպիսի բաների մասին անգամ մտածելու, քանի որ երեխաներ ունեն: Իհարկե, նաեւ ամուսնությունը հայ տղամարդկանց հետ արդեն ինքնասպանության պես մի բան է: Վերջինը, անշուշտ, կատակ էր:

 - Իսկ ո՞րն է գեղեցկության Ձեր գաղտնիքը:

 - Ես սիրում եմ մարդկանց:

Araqsya-Varderesyan-11 - 2012 թվականից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

 - Ամեն ինչ, ինչպես որ ինքնին կյանքն է: 2012 թվական եւ ակնկալիքներ… Չգիտեմ, ասում են, որ, ըստ մայաների օրացույցի, 2012-ի դեկտեմբերի 21-ը աշխարհի վերջն է… Այ քեզ բան…

- Մայաներին մի կողմ թողնենք, վաղուց Ձեզ սպասող ունկնդրին ի՞նչ կխոստանաք:

 - Եթե Հայաստանում դեռ ունեմ ունկնդիրներ եւ երկրպագուներ, շուտով կհանդիպենք:

 Իսկ վերջում, մայաներին հակառակ, Արաքսյա Վարդերեսյանը տեսնում է Հայաստանի պայծառ ապագան ու մաղթում.

 - Աշխարհում ոչ մի մայր թող իր որդու կորուստը չտեսնի, ոչ մի սիրտ թող առանց սիրո չմնա, հայ մանուկներին եւ երիտասարդներին մաղթում եմ երջանկություն, տարեցներին՝ կյանք, առողջություն: Ժողովրդիս՝ խաղաղություն, իսկ հայրենիքիս՝ հզորություն: Հայաստանի ապագան դեռ առջեւում է: Այն կլինի հզոր, միացյալ եւ իր ուրույն տեղը կունենա այս աշխարհի մեծամեծերի կողքին իր աստվածային ծագումով ու իր ստեղծարար, աշխատասեր, քարից հաց քամող ժողովրդով: Օրհնյալ լինի հայը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում