livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

 

ZaraՀակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ անցյալ տարվա ընթացքում Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացե՛ք» ներկայացումով մասնակցեց Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում կայացած փառատոնին, որտեղից Հայաստան վերադարձավ «Տարվա լավագույն դերասանուհի» մրցանակով: Մեզ հետ ունեցած զրույցում դերասանուհին անկեղծացավ, որ յուրաքանչյուր ներկայացումն իր համար հանդիսատեսի առաջ քննություն է, եւ կապ չունի` այդ ներկայացումը խաղում ես առաջի՞ն անգամ, թե՞` տարիներով: Դերասանուհին արդեն պատրաստվում է նոր ներկայացումով մասնակցել «Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնին:

- Գիտեմ, որ սիրում եք թատրոնը, սակայն վերջին շրջանում նաեւ նկարահանվում եք սերիալներում: Ասում են` դերասանները հիմնականում գումարից դրդված են գնում սերիալներ:

- Իրոք, դա մեր ազգի ցավն է, գուցե խոսելով կարելի է այդ ցավը բուժել: 22 տարի է` թատրոնում եմ, որ ասեմ` ինձ չեն ճանաչում, սուտ կլինի, որ ասեմ` չէին ճանաչում, էլի կստեմ: Հեռուստատեսությունը մեծ մասսայականություն ունի, ամբողջ խնդիրը դրանում է: Թատրոն հաճախում են, ենթադրենք, 500-1000 հոգի, իսկ հեռուստատեսությամբ նայում են միլիոնավոր մարդիկ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` աշխարհի տարբեր երկրներում: Վերջերս Ուկրաինայում ծիծաղելի իրավիճակում հայտնվեցի: Փողոցում քայլելիս հայերեն խոսակցություն լսեցի, պտտվեցի, բարեւեցի ու անցա: Այդ կինը կարկամեց ու կանգնեց, ոչ էլ բարեւիս պատասխանեց, իսկ մենք ծիծաղեցինք ու շարժվեցինք առաջ: Նկատեցինք, որ այդ կինը վազում է մեր հետեւից, թե` Ալլա ջան, էդ  ո՞նց հայտնվեցիք Ուկրաինայում: Ասում եմ` ես Ալլան չեմ, Զարուհին եմ, ասում է. «Երբ բարեւեցիք, ապշեցի, ախր,  հեռուստացույցով ենք տեսել, ինչպես հայտնվեցիք այստեղ»: Ասացի, որ փառատոնի ենք գնացել, իսկ հաջորդ օրը դահլիճի մի մասը տեղի հայերն էին եւ ի՜նչ կարոտով էին նայում: Այնպես որ` հեռուստատեսությունը, տեսեք, թե ուր էր հասցրել: Իհարկե, միանշանակ յուրաքանչյուր դերասան սերիալ գնում է գումարի համար: Ես չեմ կարող ասել, թե որեւէ մեկը սերիալում ուզում է արվեստ կերտել, բայց յուրաքանչյուր բարեխիղճ դերասան սերիալ գնալիս անում է իր գործն իսկապես բարեխիղճ, որովհետեւ, ի վերջո, իրեն են նայում, եւ դերասանը չի ուզում ծիծաղելի վիճակում հայտնվել, ու իր գործը կիսատ անել: Ես ազնիվ եմ բեմում, ազնիվ եմ նաեւ սերիալում:

- Ի՞նչ խնդիրներ կան այդ ասպարեզում:

- Ինձ ահավոր նյարդայնացնում են սցենարները: Դերասանի դպրոց անցնելիս` տարրական մի բան ես սովորում, որ դերն ունի անցյալ, ներկա եւ ապագա: Այսինքն` մենք պիտի դերի կերպարային գիծն անցյալից, ներկայից մինչեւ վերջ իմանանաք: Իսկ սերիալներում, բացի այն, որ երեք սերիա գրելուց հետո արդեն սկսում են նկարահանումները, սկսում ես ուրիշ բան, ճանապարհին դառնում ես ուրիշը, ավարտում` լրիվ ուրիշ մի կերպարով: Դա մի կողմ դնենք: Ընտրում են հերոսներ, որոնք հանցագործ են, անբարոյական: Խելագարվում եմ` ինչքա՞ն կարելի է եղբայրն աչք ունենա եղբոր կնոջ վրա, կամ` հայ կինը թողեց այս ամուսնուն, գնաց այն ամուսնու մոտ: Ո՞ւր մնաց հայ կնոջ գեղեցիկ կերպարը: Մեր շրջապատում շատ կան հայ մայրեր, հայ կանայք, ովքեր, կորցնելով իրենց ամուսնուն, մեծացնում են զավակներին, պահում նաեւ սկեսուրներին, եւ ոչ մի անգամ նրանց մտքով չի անցնում անընդհատ սիրեկաններ փոխել: Ի վերջո, ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ենք ապագա սերնդին քարոզում: Շատ նորմալ է, երբ ամուսին կորցրած կինը նորից գտնում է իր երջանկությունը, բայց մենք վերցնում ու անընդհատ անբարոյականություն ենք քարոզում: Դրսից այդ խեղդող անբարոյականության քարոզը հերիք չէ, հիմա էլ ներսից ենք մեր ազգը դեգրադացնում մեր ժարգոնային բառապաշարով ու խոսակցական լեզվով: Որքան էլ ինձ ասել են, որ ա-երով խոսի, ես չեմ խոսել, որովհետեւ, երբ իմ երեխան լսում է, որ ես տանը է-ով եմ խոսում, իսկ էկրանից` ա-ով, ասում է` ինչո՞ւ տանը պիտի է-ով խոսենք, իսկ դու էկրանից ա-ով ես խոսում: Իսկապես` ինչո՞ւ, ուրեմն գրական լեզուն դե՞ն նետենք: Խնդիրը ո՞րն է, մեզ դրսից թելադրված է, որ ազգը, լեզուն քայքայե՞նք:

- Ի՞նչ եք սովորել ավագ սերնդի դերասաններից եւ ի՞նչ եք այսօր փոխանցում նոր սերնդին:

- Չէի ասի, թե ինչ-որ բան եմ փոխանցում նոր սերնդին, բայց մեծերից, երբ «աչք ես ունենում», ապա վերցնում ես ամեն ինչ: Նրանցից սովորեցի լինել շատ պատասխանատու, որ փորձերին չի կարելի ուշանալ, նվիրված լինել նրան, ինչ որ անում ես, երբեք չի կարելի կուլիսներում կրունկներով թըխկ-թըխկ քայլել, երբ բեմում ներկայացում է գնում: Իսկ հիմա մեկ-մեկ տարօրինակ բաներ են լինում: Հետաքրքիր երիտասարդ սերունդ է գալիս, նրանց մեջ կան լավերը եւ ոչ պիտանիները: Թատրոնն առողջ օրգանիզմ է եւ պիտի սերնդափոխվի: Ուրախանում եմ թատրոնին պիտանի երիտասարդներով, բայց երբեմն գալիս են այնպիսի երիտասարդներ, որոնք, կարծես, ինքնահաստավել են, ոչինչ չունեն ապացուցելու, իրենք են, որ կան: Չեմ կարողանում այդպիսի երիտասարդների հետ աշխատել. պարզապես նրանք չեն հասկանում, որ իրենց կողքին կա մեկը, որն ավելի լավն է, ուղղակի այդ ինքնահավան երիտասարդները հայտնվել են ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին: Ուրախ եմ, որ մեր թատրոնը համալրվում է լավ երիտասարդներով, որովհետեւ եթե ես վաղը չլինեմ, ինչ-որ մեկը պիտի ինձ փոխարինի: Շատ եմ ուզում, որ դերասանը լավ ապրի, ֆինանսապես կախում չունենա: Երբեմն ասում են, որ դերասանն ագահ մարդ է. այս դերն էլ է ուզում, այն դերն էլ, ֆիլմում էլ է ուզում նկարահանվել: Մինչդեռ ես կախված չեմ, բավականաչափ վաստակում եմ եւ ընտրության հնարավորություն ունեմ` նկարահանվե՞լ այդ սերիալում, թե՞ ոչ: Փա՛ռք ու պատիվ այն դերասաններին, ովքեր նվիրվածությամբ են աշխատում, տարիներով էնտուզիազմի հիման վրա են աշխատում. ովքեր իսկապես նվիրյալ են թատրոնին, մնում են:


 Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում