livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

Bobikyan1Լոնդոնում բնակվող դաշնակահար, կոմպոզիտոր, երգեհոնահար ԱՐԹՈՒՐ ԲՈԲԻԿՅԱՆԻՆ Հայաստան էր բերել «Ծննդյան տոների ելեւէջներ» ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը:

Երաժիշտը, նախորդ անգամ Հայաստանում` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած համերգից հետո մեր զրույցում նշել էր, որ մտադիր է Հայաստանում զարգացնել երգեհոնային երաժշտությունը: Սակայն, մինչ այդ, հայ հանդիսատեսին ներկայացավ նոր ձայնասկավառակով, որտեղ զետեղված է 10` անգլիական եւ արեւմտյան ծննդյան «քարոլների» դաշնամուրային կատարում` իր կողմից մշակված եւ դաշնամուրի համար փոխադրված:

Զրույցի ընթացքում պարզվեց, որ բոլոր երգերը նրա մշակումներն են, որոնց հեղինակային իրավունքներն էլ պատկանում են իրեն. «Էնպես որ` այդքան էլ շարականներից հեռու չեմ գնացել, ամբողջը դասական մշակումներ են»: Երբ ասացինք, որ Հայաստանում հիմնականում պաշտպանված չեն հեղինակային իրավունքները, երաժիշտը հավելեց.

- Տեղյակ եմ: Անգլիայի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի լիցենզիա ունեմ, ուստի իմ հեղինակային իրավունքներն աշխարհով մեկ պետք է պաշտպանել: Եթե ուզում են գումար աշխատել, խնդրեմ, թող դասական երաժշտությունը կեղծեն ու աշխատեն: Ես  Հայաստանում գումար աշխատելու սպասելիք էլ չունեմ: Եթե պիտի դասական երաժշտությունը կեղծելով գումար աշխատեն, թող կեղծեն, բայց լսեն դասական երաժշտություն, եւ ես ուրախ կլինեմ:

- Դասական արվեստը շատ քիչ է պրոպագանդվում Հայաստանում եւ քիչ են հետաքրքրված:

- Երբ մեկ տարի առաջ հանդիպեցինք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած համերգից հետո, ես ասել էի, որ ուզում եմ երգեհոնային երաժշտությունը զարգանա Հայաստանում: Բայց պիտի զարգացնես, որ զարգանա, պետք է լսեցնես, որ լսվի: Ռադիոները, հեռուստատեսությունները երբեք չեն ներկայացնում այդ երաժշտությունը, որ զարգանա. դա բիզնես չէ: Հուսով եմ, որ սերունդներ կփոխվեն, եւ նրանք կբերեն այդ երաժշտությունը, առավել եւս` դասականը:

- Նախորդ անգամ եկեղեցում տեղի ունեցած երգեհոնային համերգի ընթացքում հնչեց նաեւ Կարեն Գրիգորյանի հեղինակած երաժշտությունը, որ փոփ ոճում կատարում է Սիրուշոն:

- Այո՛, բայց փոփ երաժշտությունը հնչեց երգեհոնային կատարմամբ, մշակել եմ նաեւ Ստեփան Լուսիկյանի հայտնի երգերից մեկը երգեհոնի համար: Անգլիայում բազմիցս կատարել եմ հայկական հայտնի, ժողովրդական եւ ազգային երգեր, որոնք մշակել եմ երգեհոնի համար: Ի դեպ, այս անգամ հանդիպում ունեցա Էջմիածնի Մայր Աթոռի հրատարակչության նախագահի` Հովնաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում որոշեցինք հրատարակել իմ մշակումները Մայր Աթոռի համար: Կլինեն շարականներ իմ մշակումներով, ինչպես նաեւ իմ մշակումները` երգեհոնի եւ դաշնամուրի համար: Կլինի ձայնագրություն Անուշավան եպիսկոպոսի հետ, իսկ արդեն մարտին` մեկ այլ երգեհոնային ձայնասկավառակի ձայնագրություն: Սեպտեմբերին Շվեյցարիայում առաջին անգամ հայկական մշակույթի օրեր պիտի տեղի ունենան, որի երաժշտական մասն ինձ է վստահված: Այն  կկայանա տեղի ամենահայտնի տաճարներից մեկում:

- Ամեն անգամ Հայաստան գալիս ի՞նչն է անհանգստացնում Ձեզ:

- Ամեն անգամ ուրախությամբ եմ գալիս Հայաստան, գնալիս էլ` կարոտով ու տխուր եմ գնում, Bobikyanորովհետեւ Հայաստանում չեմ ապրում: Հայ հանդիսատեսն ինձ համար կարեւոր է, ես շատ սիրում եմ Հայաստանը, ծնողներս այստեղ են ապրում, սա իմ հայրենիքն է: Եվ ամենակարեւորը. երբ ելույթ եմ ունենում, միշտ մեծ տառերով գրվում է, որ հայ եմ, իմ անվան ձեւը նույնիսկ անգլիական չի դարձել, ազգանվան «յան»-ը, բնականաբար, միշտ անփոփոխ է: Միշտ եմ կատարում հայ հեղինակների գործերը եւ կուզենայի տարվա կեսն ապրել Հայաստանում: Ցավոք, վատ բաներ շատ կան Հայաստանում, ես կխոսեմ երաժշտության մասին: Եթե դասական երաժշտությունը հաճախ պրոպագանդվի հեռուստատեսությամբ, շատ լավ կլինի:

- Հեռուստաընկերությունները առաջնորդվում են հեռուստադիտողի ճաշակով. ինչ ցանկանան, այն էլ մատուցում են:

- Սխալ է. ինչպես կրթեք, այնպես էլ կկրթվեն: Ի՞նչն էր պատճառը, որ, ասենք, 30 տարի առաջ այդպես չէր, ի՞նչն էր պատճառը, որ այդքան բարձր մակարդակի կոնսերվատորիա ունեինք, իսկ այսօր ի՞նչ վիճակում է... Պատճառն այն է, որ մեր ճաշակը ինչպես թելադրենք, այնպես էլ կկրթվեն, եւ եթե չեն մատուցում, չեն ցուցադրում դասական երաժշտություն, մարդիկ սերիալ են նայում: Պարզ է, որ սերիալն էլ պիտի լինի, բայց դասական երաժշտությունն էլ պիտի իր տեղն ունենա: Թող ամբողջ օրը չհնչեն նույն երգիչների երգերը: Հեռուստաալիքներով մի քանի հոգու երգերն են պտտվում, իրենք գործ են անում, իրենցն էլ պտտվում է, ապրեն իրենք: Բայց չեմ կարող ասել, որ դասական ոլորտում գործ չեն անում կամ վատ են անում, ո՛չ, ուղղակի իրենք խեղճացած վիճակում են:


Զրույցը  ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում