livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

hakob1Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ օրերս է վերադարձել ՌԴ Ուլյանովսկ քաղաքից: Հ. Ղազանչյանը տեղի Իվան Գոնչարովի անվան մարզային դրամատիկական պետական թատրոնում բեմադրել է Ալեքսանդր Վամպիլովի համանուն տրագիկոմիկ երկխոսություններ ժանրի «Գավառական անեկդոտներ» պիեսը: ՀԹԳՄ նախագահի խոսքերով` փետրվարի 18-ին եւ 19-ին կայացած պրեմիերան ռուս հանդիսատեսի կողմից ընդունվել է բուռն ծափահարություններով եւ ընդգրկվել թատրոնի խաղացանկում:

- Շատ թատերային քաղաք է Ուլյանովսկը, ունի հրաշալի թատրոն, հրաշալի կոլեկտիվ: Ռուս ժողովուրդը հաճախում է թատրոն, որովհետեւ այն գլխավոր մշակութային օջախն է այդ քաղաքում: Արդեն այդ բեմադրական աշխատանքների կեսերից ինձ հետ բանակցություն սկսվեց` նորից այնտեղ բեմադրություններ անելու համար: Դեռ մտածում ենք` ինչ պիես բեմադրել:

- Պարոն Ղազանչյան, ամեն անգամ դրսում բեմադրություններ անելիս ի՞նչ տարբերություններ եք նկատում այնտեղի եւ հայ թատրոնների միջեւ:

- Ընդհանուր առմամբ, շատ նման են դերասաններն իրենց տեսակով, ամենուր նույն խնդիրները կան: Ուղղակի ռուսական թատրոնի մի փոքրիկ մասնիկի հետ առնչվեցի, հերթական անգամ համոզվեցի, որ ռուսական թատերական ավանդույթները հզորագույնն են աշխարհում, որ ռուս ազգը թատրոնի տաղանդներ ծնելու ու դաստիարակելու մեջ ուղղակի իրեն հավասարը չունի աշխարհում, նույնիսկ` Մոսկվայից հեռու: Իսկ մեր հոգեբանության մեջ կա, որ ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում` բացառությամբ Գյումրիի, Վանաձորի: Այս թատերախմբում այնպիսի բարձր մակարդակ էր, այնպիսի դերասաններ էին խաղում, որ ապշում էիր: Համոզված եմ, որ նրանց յուրաքանչյուր մարզային քաղաքն էլ վերցնես, այդպես է: Հետո ինձ շատ դուր եկավ նրանց թատերական գործի կազմակերպումը, ներկայացումը վաճառելու, գովազդին նշանակություն տալու աշխատանքը, ինչը մեզ մոտ, սովորաբար, չի արվում պատշաճ մակարդակով: Առաջին հերթին ես ինձ եմ այդ դիտողությունն ուղղում: Ընդհանրապես աչքի էին զարնում ներքին կազմակերպվածությունը, բեմադրական կանոնավոր ու կանոնակարգված աշխատանքը, դեկորացիայի ժամանակին լինելը:

- Իսկ մենք դեռ շա՞տ բան ունենք սովորելու ռուսական թատրոնի ավանդույթներից:

- Մեզ մոտ մի փոքր թափթփված է, կանոնակարգված չէ այդ ամենը: Որ ասեմ` մեզ մոտ զգեստը վատ են կարում, դեկորը վատ են սարքում, այդպես չէ: Մենք լավ վարպետներ ունենք, ուղղակի իրենց այդ կանոնակարգվածությունը, աշխատանքի ռուսական դեմոկրատիզմի էլեմենտները, աշխատանքի այդ հստակությունը,  իհարկե, նախանձելի է:

- Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանի թատերական գործիչների միությունում:

hakob- Թատերական գործիչների միությունը պատրաստվում է միանգամից երկու փառատոներ սկսել, դա մոնոներկայացումների «Արմմոնո» թատերական փառատոնն է եւ «Շեքսպիրյան» թատերական փառատոնը, որը նույնպես այս տարվանից անցնում է մոնո ձեւաչափի: Ընդհանրապես մոնոյի տեսակն ինձ դուր է գալիս, հատկապես, որ նման փառատոն աշխարհում չկա: Ես մեծ սիրով էի անում այն, հետո ընկա տարբեր «մեծերի ջրերը»՝ Ստուրուայի, Կալյագինի եւ այլոց, որ հարկավոր է մեծացնել փառատոնը: Բայց, այնուամենայնիվ, այս ձեւաչափն ինձ ավելի է դուր գալիս, սա ունիկալ փառատոն է, որովհետեւ Շեքսպիրը մոնո պիեսներ չի գրել: Այսինքն՝ պետք է ստեղծես, նախեւառաջ, գրական գործ: Ի դեպ, հրաշալի աշխատանքներ մեզ մոտ ստեղծվեցին մոնո փառատոնի շրջանակներում: Այս տարի երկու փառատոների մեկնարկը կլինի միասին` փետրվարի 29-ին եւ զուգահեռաբար էլ կընթանա: Զարմանալի ոչինչ չկա. երկուսն էլ իմ հիմնադրած փառատոներն են: Էլ չեմ ասում, որ ժամանակին «Շեքսպիրյան»-ը կոչվում էր «Արմմոնո»: Մյուս տարվանից հնարավոր է, որ «Արմմոնոն» լրիվ առանձնանա: Այս տարի որոշեցի միավորել, որովհետեւ այս դեպքում մի քիչ ավելի հեշտ է բյուջեի մեջ տեղավորվելը: Աշնանը պլանավորում ենք «Արմմոնոն» անցկացնել Ստեփանակերտում եւ Շուշիում: Այդ մասին տեղի մշակույթի նախարարության հետ պայմանավորվածությունը կար դեռեւս անցյալ տարվանից: Այդ փառատոնին մենք առավել քան կարեւոր նշանակություն ենք տալիս, որովհետեւ ասել եւ էլի եմ կրկնում, որ մեր թատերական աշխարհը Արցախի հանդեպ մեծ պարտք ունի, պետք է կամաց-կամաց այդ պարտքը մարենք: Անցյալ տարվա «Արմմոնո»-ի ընթացքում 5 օրում 18 ներկայացում խաղացվեց: Պատկերացրեք, թե ինչ նվիրվածություն կար այն դերասանների կողմից, որոնք, լինելով հայտնի դերասաններ, ոչ  մի կոպեկ հոնորար չուզեցին, ընդամենը մենք այնտեղ ապահովում էինք իրենց սնունդն ու կեցությունը: Դա մեր աշխատանքի սկզբունքն է` ոչ մի բանով նեղություն չտալ Արցախին:

- Պարոն Ղազանչյան, ամեն տարի բարկացած ասում եք, թե վերջին տարին է, որ կազմակերպում եք «Շեքսպիրյան»-ը:

- Այս տարի նախարարն աջակցեց ավելին, քան անցյալ տարի: Բայց սա նորմալ բյուջե է մոնո փառատոն անելու համար: Ոչ թե նեղացած եմ ասում` «Փող չտվեցիք, ես էլ մոնո եմ անում», այլ ինձ մոնոն ավելի հետաքրքիր է: Եվ հետո ասեմ, թե ինձ ինչու են հոգնեցնում փառատոները` մեծ կոլեկտիվների դեպքում դառնում ես ադմինիստրատոր: Կան կոլեկտիվներ, որ չես էլ իմանում, թե ինչպես եկան եւ գնացին, ամեն ինչը հստակ դրված է: Բայց կան կոլեկտիվներ, որոնց ձեռքին, բառիս բուն իմաստով, կրակն ես ընկնում: Անընդհատ դժգոհում են, թե ինչու է հյուրանոցն այսպես, ինչու սա չկա, այս մեկը շուտ է գնալու, տոմսը փոխեք, մյուսի համար շտապօգնություն կանչեք... Իսկ ես արդեն կյանքի այն էտապը չեմ ապրում, որ ամեն մի տիկնոջ հեռախոսային պոռթկմանը դիմանամ: Օրինակ` Լանովոյի, Դուրովի պես մարդիկ «էկոնոմ կլասով» են գալիս, իսկ երեկ մի սերիալում խաղացած դերասանը, որի անունն այստեղ դեռ չգիտեն, բայց Ռուսաստանում հայտնի է, «բիզնես կլասով» պիտի գա: Այդ գիգանտամանիան արդեն ինձ սկսել է բարկացնել: Իմ գործը թատրոնն է, եւ ես ուզում եմ կամաց-կամաց մեկուսանալ թատրոնում: Միությունն էլ է արդեն ավելորդ ժամանակ պահանջում: Գնալով ֆինանսական օգնություն ստանալը բարդանում է. դու պետք է աղաչես-պաղատես: Ես լուրջ որոշել եմ` սա իմ վերջին ժամկետն է: Արդեն կարոտել եմ այն ժամանակները, որ առավոտյան արթնանում ու գալիս էի փորձի եւ մտածում էի միայն փորձի ու ներկայացման մասին: Իմ պաշտոնավարման հինգ տարին լրանում է այս տարեվերջին, պատրաստ եմ նույնիսկ այս տարեվերջին հեռանալ միությունից: Ես էլի կմնամ միությունում, էլի կօգնեմ, բայց գլխավոր պատասխանատվություն կրել չեմ ուզում: Ձեր թերթի միջոցով եմ ուզում դիմել, որ եթե մինչ տարեվերջ կգտնեն հարմար մեկին (կան ինձանից էլ արժանի շատ մարդիկ, որ կարող են միություն ղեկավարել), ես պատրաստ եմ այս տարի հեռանալ: Եթե, իհարկե, վարչությունը համաձայնվեց, եւ դա եղավ հանգիստ ու առանց ավելորդ ջղաձգումների:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում