livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակվող երգչուհի ԱՆԻ ՔՐԻՍՏԻՆ որոշակի դադարից հետո նախ հանդիսատեսին ներկայացավ նոր տեսահոլովակով, ապա` նոր ձայնասկավառակով:

«Զարուհու» հետ ունեցած ինտերնետային զրույցի ընթացքում երգչուհին պատմեց, որ իր հեղինակային «Բարդ է» երգը ներկայացնում է կին եւ տղամարդ հարաբերությունները: Երգչուհու խոսքերով` երգը շատ զույգերի դուր կգա, քանի որ նրանց մտատանջող թեմայի` խանդի եւ անինքնավստահ լինելու մասին է: «Որոշ տղաներ ուղղակի դառնում են խանդի զոհ ու չեն տեսնում իրականությունը»,- ասում է երգչուհին ու ավելացնում, որ սա իր առաջին հեղինակային երգն է, որը հրապարակայնորեն ներկայացնում է ջազ-ռոք ոճում:

{ignitegallery 1}

Անին ասում է, որ երգը կարող է վերաբերվել ե՛ւ Անիին, ե՛ւ Քրիստիին: Քանի որ նրանք երկուսն էլ կարող են կանգնել այդ բարդ, բայց լուծելի թեմայի առջեւ. «Ձայնասկավառակը նույնպես երկու մասից է, երգեր են, որոնք բնորոշ են Անի մարդուն ու Քրիստի երգչուհուն»: Իսկ հեղինակային երգերի մասին խոսելով` ավելացրեց. «Հասկացա, որ կարող եմ գրել երգեր, որոնք ինձ հարազատ են, եւ դրանք ընդգրկել նոր` թվով երկրորդ ձայնասկավառակիս մեջ»:

Ասպարեզում որոշակի դադարը Անին մեկնաբանեց այսպես. «Այս դադարն ինձ պետք էր, որպեսզի կարողանայի հասկանալ, թե ինչ եմ ուզում: Հանդիսատեսին դեռ շարունակելու եմ նորություններով ներկայանալ»: Ապրիլի 14-ին Միացյալ Նահանգներում կայացած «I'm back» անունը կրող ձայնասկավառակի շնորհանդեսի մասին երգչուհին, դրական խոսելով, ասաց, որ գոհ է.

- Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ պլանավորված էր: Հրավիրված հյուրերը շատ գոհ էին ե՛ւ երեկոյից, ե՛ւ ձայնասկավառակից, ինչի համար շատ ուրախ եմ: «I'm back» անունը կրող ձայնասկավառակս լույս տեսավ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում այն ապրիլի 14-ից պարզապես վաճառքի դուրս եկավ: Ցավոք սրտի, ես չկարողացա հանդիպել իմ երեւանյան երկրպագուների հետ, բայց ամեն ինչ դեռ առջեւում է: Այդ հանդիպումը Երեւանում տեղի կունենա մենահամերգի տեսքով:

- Իսկ ինչո՞ւ եք ձայնասկավառակն անվանել «I'm back»:

- Որովհետեւ այն բոլոր առումներով նշանակում է վերադարձ:

- Նոր ձայնասկավառակում զետեղված երգերն ի՞նչ ոճում են, եւ արդյո՞ք ոճային փոփոխություններ սպասվում են:

- Ձայնասկավառակն ունի տարբեր մեկնաբանություններով երգեր, որոնցից ութի հեղինակը ես եմ: Ունեմ երգ, որը Կոստանտին Օրբելյանը գրել է ինձ համար, ինչպես նաեւ Սայաթ-Նովայից` շարան: Սայաթ-Նովան ես մեկնաբանել եմ իմ ձայնով, բայց օրիգինալից ոչինչ չեմ փոխել, նույնիսկ` գործիքավորումը: Համարում եմ, որ ազգային գանձերին պետք չէ փոփոխության ենթարկել: Անձնական երգերի հետ կարելի է անել ամեն բան, իսկ նրանց հետ ուղղակի ոչինչ` պարզ երգեցողություն:

- Նախորդ հարցազրույցներից մեկում ասացիք, որ սեւամորթների մոտ վոկալ եք պարապում, ի՞նչ հաջողություններ գրանցեցիք:

- Ասել եմ, որ պատրաստվում էի, բայց ցավոք, չհաջողվեց, քանի որ գործերով մեկնեցի Հայաստան, իսկ պարապունքները հետաձգվեցին:

- Իսկ մտադիր չե՞ք նրանց մոտ շարունակել պարապունքները:

- Ոչ, որովհետեւ ժամանակային առումով չեմ հասցնում: Հետո եկել եմ մի եզրակացության. եթե Աստված ձայնը շնորհում է, դրանից ավելի լավ բան չկա:

- Մի փոքր էլ կպատմե՞ք նոր տեսահոլովակի մասին:

- Տեսահոլովակը նկարահանվել է իմ հեղինակային «Բարդ է» երգի հիման վրա, որի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է: Ընկերներիցս իմացա, որ նա կարճ ժամանակով Միացյալ Նահանգներում էր, որոշեցինք համագործակցել: Գուցե կհարցնեք, թե ինչու հենց այս երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակը: Որովհետեւ այն տարբերվում էր իմ բոլոր կատարած երգերից: Ի դեպ, ձայնասկավառակում ունեմ երգեր, որոնք նույնպես կունենան տեսահոլովակներ, ինչը սկզբունքային է:

- Անի Քրիստին, բացի երգարվեստից, այսօր ԱՄՆ-ում ինչո՞վ է զբաղվում, քանի որ ժամանակին նկարահանվում էիք նաեւ հեռուստասերիալներում:

- Բացի երգարվեստից` էլի երգարվեստով: Սերիալն ինձանից շատ ժամանակ էր խլում, իսկ ձայնասկավառակի աշխատանքները պետք էր ավարտին հասցնել:

- Որքան գիտեմ, երբ Հայաստանում էիք, Ձեր հայրն էր ԱՄՆ-ից «պրոդյուսերություն» անում, իսկ հիմա՞:

- Բոլոր այն մարդկանց համար, ում բազմիցս հետաքրքրել է այդ հարցը, ասում եմ, որ պարտադիր չէ ունենաս պաշտոնյա բարեկամ կամ հեղինակավոր ծանոթներ, որպեսզի երգես կամ ստեղծագործես: Այն մարդիկ, ովքեր տաղանդավոր են եւ աշխատասեր, անպայման գտնում են իրենց ուղին յուրաքանչյուր ասպարեզում: Եվ գտնվում են այնպիսի մարդկանց, ովքեր հավատում են այդ ամենին եւ օգնում ֆինանսապես` առանց որեւիցէ ակնկալիքի: Իսկ հայրս, որը մայրիկիս հետ միշտ աջակցել է ինձ, շարունակում է առաջին հերթին օգնել իր աղջկան, ոչ թե Անի Քրիստիին:

- Արդեն բավականին ժամանակ է, ինչ բնակվում եք ԱՄՆ-ում: Կարոտո՞ւմ եք Երեւանը:

- Շատ եմ կարոտում եւ պատրսատվում եմ այցելել: Իհարկե, այցս ավելի գործնական բնույթ ունի, բայց, այնուամենայնիվ, գալու եմ եւ կարոտս առնելու եմ:

- Ասում են` սեպտեմբերին Երեւան գալու մտադրություն ունեք:

- Իհարկե, մայիսին, սեպտեմբերին նույնպես...

- Նախորդ անգամ, երբ Երեւանում էիք, ասացիք, որ փոքրիկ մենահամերգի համար եք եկել: Սակայն այդ համերգն այդպես էլ չկայացավ: Հնարավո՞ր է, որ այս անգամ այն իրականացնեք:

- Սեպտեմբերին` միգուցե, իսկ փոքրիկ համերգը չկայացավ կարճ ժամանակահատվածի պատճառով, ինչի համար գերնպատակ չէր ուղղակի հանդիպումը հանդիսատեսի հետ: Մարդիկ հարգում են, սիրում, գալիս են քեզ ունկնդրելու, դրա համար ամեն ինչ պետք է լինի որակյալ ու կազմակերպված: Իսկ դրան պատրաստվելու համար ժամանակ է պահանջվում:

- Լուրեր են պտտվում, թե նորություններ ունեք անձնական կյանքում: Իսկ իրականո՞ւմ:

- Ես արդեն հոգնել եմ այդ անիմաստ, կեղծ ու սուտ լուրերից, որոնք բազմիցս պտտվում են հայտնի մարդկանց շուրջ: Ամեն մարդ թող իր կյանքով ապրի ու խոսի մենակ իր եւ իր հարազատների մասին: Ուրիշի կյանքը ոչ մեկին չի հետաքրքրում: Իսկ փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ, ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին այլեւս: Դա անիմաստ եմ համարում:

- ԱՄՆ-ում աստղերը հիմնականում աստղային կյանքով են ապրում, ինչը չենք կարող ասել Հայաստանի մասին: Իսկ հիմա Անի Քրիստին ԱՄՆ-ում աստղային կյանքո՞վ է ապրում:

- Աստղային կյանքով ապրելը շատ լայն հասկացողություն է: Եթե մարդիկ համարում են թմրանյութերի, ալկոհոլի եւ լպիրշության մեջ ապրելը աստղային, ուրեմն, ինձ ներեցեք, ո՞ւմ են պետք իրենց դղյակները, երբ մարդիկ չունեն իրենց իսկ անձնական կյանքը: Ամեն ինչ հաջորդ օրը տպագրվում է մամուլի առաջին էջերում եւ մեծ մասամբ խայտառակում իրենց անձը: Իհարկե, կան արվեստագետներ, որոնք զերծ են այս ամեն ինչից, բայց, ցավոք, նրանք շատ քիչ են: Իսկ աստղային կյանքով չեմ ուզում ապրել: Ես ապրում եմ ՔՐԻՍՏԻ-յան կյանքով, որն ինձ շատ դուր է գալիս:

- Ի՞նչ տարբերություններ, առավելություններ ու թերություններ կարող եք նշել հայկական էստադայից` այն համեմատելով ամերիկյան երգարվեստի հետ, լավ իմանալով հայկական էստրադան:

- Ես դա անել չեմ կարող, որովհետեւ ամենավերջին մարդն եմ, որը կարող է այդ թեմայով ինչ-որ մի բան ասել կամ քննադատել: Միայն կասեմ հետեւայլը, որ շատ տաղանդավոր մարդիկ կան նաեւ Հայաստանում, եւ շատերը բնակվում են աշխարհի տարբեր անկյուններում` բարձր պահելով հայի անունը:

- Ի՞նչ նորություններ սպասեն Անի Քրիստիից հայ երկրպագուները:

- Ոչինչ ասել նախապես չեմ կարող. ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Եթե ինձ արժանի կգտնի, ուրեմն կպարգեւատրվեմ: Եթե ոչ, ես, լնելով ռեալ եւ ուժեղ անձնավորություն, պատրաստ եմ յուրաքանչյուր անհաջողությանը:

- Մինչ Հայաստան գալն ի՞նչ կմաղթեք երկրպագուներին:

- Շնորհակալ եմ, որ նրանք կան, սիրում են ինձ ու չեն մոռացել: Ես նրանց ջերմությունը զգում են նույնիսկ հեռավորությունից, որը եւ ստիպում է աշխատել ու հավատալ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:

 

 

Ինտերնետային զրույցը վարեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում