livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

armmono2Փետրվարի 29-ից մարտի 5-ը Երեւանում անցկացվեց ՙԱրմմոնո՚ մոնոներկայացումների 10-րդ հոբելյանական փառատոնը, որի հետ զուգահեռ անցկացվեց նաեւ Վ. Փափազյանի անվան ՙՇեքսպիրյան՚ միջազգային թատերական փառատոնը:  Փառատոնի մեկնարկը տրվեց Լիտվայի Ազգային դրամատիկական թատրոնի դերասան, Լիտվայի եւ ԽՍՀՄ վաստակավոր արտիստ ՌԵԳԻՄԱՆՏԱՍ ԱԴՈՄԱՅՏԻՍԻ հեղինակային երեկոյով: Իսկ մինչ այդ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում դերասանն անկեղծացավ. ՙՀայաստանը վաղուց ինձ համար երկրորդ հայրենիք է դարձել: Հայաստանի շնորհիվ ապրել եմ այն, ինչը ուրիշ պայմաններում չէի զգա՚: Դերասանն ուրախությամբ է ընդունել Ֆրանսիայի Սենատի` ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Աշխարհահռչակ դերասանի համար տարօրինակ է Թուրքիայի պահվածքը. նա զարմացած է, որ Թուրքիան մինչ այժմ չի ընդունել այն. ՙԶարմանում եմ, թե ինչպե՞ս է, որ Թուրքիան մինչ այսօր չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Ինքս այդքան փաստեր գիտեմ եւ տեսել եմ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցնցող հուշարձանը: Կան բազմաթիվ փաստեր, տեսագրություններ, որոնք վկայում են կատարվածի մասին՚:

Ռ. Ադոմայտիսի համար սիրելի շանսոնյեն եղել եւ մնում է Շառլ Ազնավուրը. ՙՇատ եմ սիրում շանսոնյե Շառլ Ազնավուրին, երբ նախկինում լսում էի նրան, չէի հասկանում, թե ինչով է պայմանավորված նրա երգերում առկա անսահման խորը թախիծը: Երբ պարզվեց, որ նա հայկական ծագում ունի, ամեն ինչ հասկացա: Գիտեմ, որ նա շատ է օգնել հայերին, հատկապես` Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Հենց շանսոնյեն հիանալի դեսպան է աշխարհում` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացին նպաստելու համար՚:

 Ռ. Ադոմայտիսը Հայաստանում եղել է հետանկախական մութ ու ցուրտ տարիներին, նկարահանվել է ՙՀին աստվածներ՚ եւ ՙԿոմիտաս՚ ֆիլմերում: Վերջինն արծարծում է Հայոց ցեղասպանության հարցերը: Հայաստանում վերապրած զգացումների մասին դերասանը պատմեց հայ հանդիսատեսին. ՙԴուք չեք պատկերացնի, թե ինչ օրեր ենք ապրել այդ նկարահանման օրերին. ցուրտ էր, լույս չկար, ուտելիք էլ չկար: Այսինքն` ի՞նչ եմ ասում, թե չեք պատկերացնի. դուք լավ էլ կպատկերացնեք, քանի որ ինքներդ այդ ամենի միջով եք անցել մի քանի տարի՚:

ՙՀԱՄԼԵՏԻՑ՚ ԴԵՊԻ ՙԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ՚

Դերասան ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հոբելյանական ՙԱրմմոնո՚-ի շրջանակներում ներկայացավ Վ. Շեքսպիրի ՙՀամլետ՚-ով` իր իսկ բեմականացմամբ: 2008 թվականին դերասանն այս ներկայացումով հանդես է եկել ՙԱրմմոնո՚-ի շրջանակներում, որից հետո այն ներկայացրել է մի շարք երկրներում: Ներկայացման ավարտից հետո դահլիճից դուրս եկող հանդիսականները, որոնց շարքերում կային նաեւ թատերական ոլորտի ներկայացուցիչներ,  հիմնականում նշում էին, որ հավանել են ներկայացումը,  հատկապես` բեմադրական հետաքրքիր լուծումները: Սակայն, ըստ նրանց. ՙԴերասանական խաղում կային պահեր, որ, կարծես, դերասանը մի պահ մտնում էր ՙԴժվար ապրուստ՚ սերիալի իր կերպարի մեջ եւ քիչ էր մնում Համլետի հայտնի խոսքերի փոխարեն ասեր` այ ծալապակաս...՚:

ՙՕԹԵԼԼՈՆ ԴԵԶԴԵՄՈՆԱՅԻՆ ԿԽԵՂԴԵՐ ՏԱՍՆ ԱՆԳԱՄ՚

armmonoԻհարկե, եթե հանդիսատեսը ՙջարդում է՚ թատրոնի դռները, իսկ դահլիճում նույնիսկ կանգնելու տեղ չկա, դժվար չէ գուշակել, որ բեմում սերիալի դերասան է: Դերասան ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ արմմոնոյասերներին ներկայացրեց ՙԿույրը՚ մոնոներկայացում-իմպրովիզացիան` ըստ Կարինե Խոդիկյանի ՙՏրակտատ թաշկինակի մասին՚ պիեսի: Դերասանը, կերտելով ՙՕթելլո՚ ողբերգության Յագոյի կերպարը, շատերի համար նոր բացահայտումներ արեց, որը իրենց բրավոներով հաստատեցին հանդիսատեսն ու գործընկեր դերասանները: Իսկ Արթուր Կարապետյանը, այսինքն` տվյալ դեպքում` Յագոն, նշելով, որ ՙմարդ կարող ես չլինել, բայց կերպար լինել պարտավոր ես՚, անկեղծացավ հանդիսատեսի հետ. ՙԹաշկինակ... Այս պատմության գլխավոր հերոսը, ոմանց կարծիքով, թաշկինակն է: Դուք է՞լ այդ կարծիքին եք: Սո°ւրբ միամտություն... Եթե Դեզդեմոնան թաշկինակը ցույց տար Օթելլոյին, նրանք կապրեին սիրո՞վ, համերա՞շխ` աշխարհ բերելով մի դյուժին ոսկեմազ խափշիկներ... Ուրեմն ինչ արեց-չարեց, լաթի կտո՞րն արեց... Եթե Դեզդեմոնան որպես ապացույց ելակի նախշով տասը թաշկինակ բերեր, ոչինչ չէր փոխվի: Օթելլոն Դեզդեմոնային կխեղդեր տասն անգամ` ըստ թաշկինակների թվի՚:

ԼԵՀԵՐԵՆ ՙՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՚

ՙՕրփեոս եւ Էվրիդիկե՚ բեմադրության ավարտին ՙԱրմմոնոյին՚ զարմացրեց լեհ դերասան ՅԱՆՈՒՇ ՍՏՈԼԱՐՍԿԻՆ` իր հիստերիայով, երբ ծափերի ներքո, խոնարհվելու փոխարեն` լեհերեն սկսեց հանդիսատեսին բացատրել, որ չի կարելի ներկայացման ժամանակ լուսանկարվել: Ինչեւէ, համամիտ ենք դերասանի հետ, բայց դա պետք էր ոչ թե ավարտին նեղանալով ասել, այլ ուղղակի ներկայացումից առաջ զգուշացնել, կամ էլ գուցե լեհերեն շնորհակալություն այդպե՞ս են հայտնում… Ամեն դեպքում, թե' Յանուշ Ստոլարսկին, թե' ռուս դերասանուհի ԻՐԻՆԱ ԵՎԴՈԿԻՄՈՎԱՆ` իր ՙՆվիրում ԵՍ-ին՚ մոնոներկայացմամբ, իրենց բացառիկ պլաստիկայով ապացուցեցին, որ այսօր միայն բեմական կեցվածքը, հագուստն ու խոսքը, էլ չենք ասում` սերիալում զբաղված լինելը բավարար չէ լավ դերասան համարվելու համար, ու մենք դեռ շատ բան ունենք սովորելու բարեկամ երկրների դերասաններից:

ՙՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է, ԵՐԲ ԱՐՔԱՆԵՐԻ ՎՐԱ ԵՆ ԾԻԾԱՂՈՒՄ՚

Հիշելով ՙքաչալը ճար ունենա` սեփական գլխին կանի՚ հայտնի խոսքը, անդրադառնանք ՍԱԹԵՆԻԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ՙՁոն խեղկատակին՚ մոնոներկայացմանը, որտեղ դերասանուհին աչքի ընկավ ոչ այնքան իր խաղով, որքան կերպարանափոխությամբ (նույնիսկ դժվար էր հասկանալ` դերակատարը կի՞ն է, թե՞ տղամարդ): Ողջ ներկայացման ընթացքում Լիր արքայի ծաղրածուի շուրթերից ճշմարտությունն է հնչում: Իսկ բեմականացման հանգուցալուծումը, թերեւս, ամենահուզիչն ու դերասանական խաղի լավագույն դրսեւորումն էր. ՙ…Բնական է, երբ ծաղրածուների վրա են ծիծաղում, ճակատագրական` երբ արքաների…՚:

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՍԱՆԵԼԻ ԼԻՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՅՈՒՐԵՐԻՆ

 Փառատոնն ավարտվեց լիտվացի հանրահայտ դրամատուրգ Լուչիա Արմոնայտեի ՙԹռչնակը եւ փիսիկը՚` ՙԵս կորցրել եմ ձայնս՚ հայաստանյան տարբերակով բեմադրության պրեմիերայով: Գոռ Մարգարյանի բեմադրությամբ ներկայացման հերոսուհուն մարմնավորել էր Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանը: Պիեսի հեղինակ ԼՈՒՉԻԱ ԱՐՄՈՆԱՅՏԵՆ, ներկա լինելով բեմադրության պրեմիերային, շատ էր հավանել այն: Ավելին, նրան դուր էին եկել ե'ւ բենադրիչի ճաշակը, ե'ւ դերասանուհու խաղը. ՙԱռաջին անգամ է, որ իմ պիեսը բեմադրում են: Մինչ այս դեռ իմ գործերից եւ ոչ մեկը չէր բեմադրվել որեւէ մեկի կողմից: Մեր տեղի թատրոններից երկուսը արդեն վերցրել են իմ պիեսներից բեմադրության, սակայն դեռ բեմադրական armmono1աշխատանքները շարունակվում են՚:

Երբ բեմադրության ռեժիսոր ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչու հայ հանդիսատեսին ներկայացումը ներկայացվեց ռուսերեն տարբերակով, վերջինս պարզաբանեց. ՙՊիեսը հենց հեղինակի կողմից մեզ տրված էր ռուսերեն հեղինակային թարգմանությամբ: Եվ, քանի որ ներկայացումը փառատոնային էր, որոշեցինք խաղալ հենց բնօրինակով, որպեսզի ավելի հասանելի լինի եվրոպական հյուրերին: Հետո` նպատակ ունենք այս ներկայացմամբ մասնակցել արտասահմանյան փառատոների՚:

 Վերջում ՙԱրմմոնո՚-ին հրաժեշտ տալու փոխարեն` վարվենք վերը նշված Յագոյի պես. ՙՉեմ բարեւում, որովհետեւ մեկ ժամ քսան րոպե հետո ՙցտեսություն՚ չեմ ասելու: Առավել եւս` մնաք բարով: Ես այստեղ եմ, եւ այս փաստի հետ պիտի համակերպվեք: Մանավանդ, որ ձեր կամքով եք այստեղ, ոմանք նույնիսկ տոմս են գնել...՚:


Պատրաստեցին ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում