hayak4Կիրակի օրը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ազգային կինոյի «Հայակ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն ամփոփեց հայ կինեմատոգրաֆիստների 20 տարվա կատարած աշխատանքը:

 Ազգային կինոկենտրոնի տնօրեն, մրցանակաբաշխության նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ լրագրողներիս հավաստիացրեց. «Այսօր առաջին անգամ փորձեցինք կինոաշխարհը մեծարող, կինոն արարող արվեստագետների համար ստեղծել մի տոնական օր, որտեղ կկարողանանք մեծարել եւ արժեւորել նրանց: Տասնմեկ անդամներից բաղկացած ժյուրին՝ սցենարիստներ, քննադատներ, դրամատուրգներ, կոմպոզիտորներ, այսինքն՝ կինոն արարող բոլոր մասնագիտություններից մեր լավագույն ներկայացուցիչները` Սոս Սարգսյանի գլխավորությամբ, բարդ եւ ծանր աշխատանք են կատարել` 105 ֆիլմ նայելով, որոնցից ընտրել են երեքական հավակնորդներ:

Մինչ բուն մրցանակներին անցնելը Գ. Գեւորգյանը մրցանակներ շնորհեց հայ վարպետներին, ովքեր իրենց ներդրումով ու գործով պահպանել են հայկական կինոն: Առաջին «Հայակ» մրցանակը շնորհվեց վարպետ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով իր շնորհակալական խոսքում նախ ողջունեց «Հայակ»-իhayak ծնունդը, ապա ասաց. «Այսօր հայկական կինոն շատ է հեռացել իր ակունքներից: Ամեն գնով պիտի կինոն վերադարձնենք իր ակունքներին: Կարծում եմ, որ այդ գործում մեծ դեր կխաղա այս մրցանակաբաշխությունը»: Մեծարվեց նաեւ ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ով մրցանակը ստանալիս ասաց. «Շնորհակալություն, որ հարգեցիք իմ հիշատակը»: «Հայակ» մրցանակով պարգեւատրվեց նաեւ անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ով վերջին տարիներին բնակվում է Մոսկվայում: Պարգեւատրվեց նաեւ կինոօպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ: Բազում ֆիլմերի օպերատորը մրցանակը ստանալիս նշեց. «Ամեն ինչ լավ է. կինոն վերադառնում է ժողովրդին»: Մրցանակի արժանացավ նաեւ կինոռեժիսոր Արման Մանարյանը:

hayak1Երեկոյի ընթացքում «Լավագույն դեբյուտ» անվանակարգում մրցանակը հանձնվեց «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ռեժիսոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ով շնորհակալական խոսքում ասաց. «Հիմա նայում են երիտասարդ ռեժիսորները ու տեսնում, որ 40-ն անց ռեժիսորը ստանում է դեբյուտի համար մրցանակ, ու կծիծաղեն: Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ, ճիշտ է, մի քանի անվանակարգ էլ բացակայում է, բայց ոչինչ, դա էլ ժամանակի հետ կշտկվի: Ամեն դեպքում` կեցցե հայ կինոն»:

«Լավագույն անիմացիոն» ֆիլմ մրցանակը հանձնելու համար բեմ հրավիրված «Արեւներ» համույթից փոքրիկ Վահագնը մինչ շփոթված կբացեր ծրարը, արդեն էկրաններին հայտնվեց հաղթողի անունը: Մրցանակը հանձնվեց անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանին` իր «Տարաշխարհիկները» անիմացիոն ֆիլմի համար: Ի դեպ, վերջինս նաեւ ժյուրիի կազմում էր:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» համարվեց Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին» ֆիլմը:hayak3 «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» դարձավ Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա» ֆիլմը: «Լավագույն կոմպոզիտոր»-ի մրցանակակիր դարձավ Յուրի Հարությունյանը` «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի երաժշտության համար: «Լավագույն նկարիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վարդան Սեդրակյանը` «Մի՛ նայիր հայելուն» ֆիլմի համար:

Այդ երեկո «Լավագույն դերասան» դարձավ Միքայել Պողոսյանը` «Երեւան ջան» ֆիլմի համար: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աննա Էլբակյանը` «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի համար:

«Լավագույն սցենարի հեղինակ» ճանաչվեցին Զորայր Խալափյանն ու Առնոլդ Աղաբաբովը` դարձյալ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի համար: «Լավագույն օպերատոր»՝ Վահագն Տեր-Հակոբյանը` «Վավերագրողը» ֆիլմի համար: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Հարություն Խաչատրյանը` «Սահմանը» ֆիլմի համար: «Լավագույն խաղարկային ֆիլմ» համարվեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ» ֆիլմը: Վերջինս` մրցանակը ստանալիս, խոստացավ կարճ խոսք ասել, սակայն մոտ տասը րոպե խոսեց ամեն ինչից, նույնիսկ`  օդերեւութաբանությունից:

hayak2Ինչեւէ, կայացավ Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը` իր թերություններով եւ առավելություններով: Սակայն, միեւնույն է, եղան նաեւ մարդիկ, ում չգոհացրեց այն: Մրցանակաբաշխության ավարտից հետո «Արմնյուզ» հեռուստաալիքի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը (թեեւ «Արմնյուզը» մրցանակաբաշխության ինֆորմացիոն հովանավորներից մեկն էր) իր «ֆեյսբուքյան» էջում նման կարծիք արտահայտեց. «Երկար ձգձգում էի «New Mag»-ի կինոյի բաժնի նոր հոդվածը գրելը, չէի կողմնորոշվում` ինչի մասին պիտի լինի: Հիմա արդեն գիտեմ` «Հայակ»-ի: Ավելի տխմար, անկազմակերպ ու գավառական միջոցառման վաղուց չէի մասնակցել»:

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ