livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

Tatron3«Թատրոն-X» 5-րդ թատերական փառատոնի շրջանակներում առիթ ունեցանք դիտելու երիտասարդ բեմադրիչ Արփի Ասոյանի «Շամիրամ» (ըստ Լեւոն Մութաֆյանի) եւ Կամերային երաժշտության թատրոնի «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» (բեմադիչ` Դավիթ Հակոբյան) ներկայացումները: Ավանդույթի համաձայն,  ներկայացումներին հաջորդած քննարկումներում քիչ չեն բանավեճերն ու բուռն լեզվակռիվները:

«Շամիրամ» մոնոդրաման պատմություն է Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամի կյանքի վերջին օրերի մասին: Միայնակ ու լքված Շամիրամը հայտնվել է հիշողությունների գրկում, խոսում է աշխարհի չափ սիրելի բաբելոնացիների, ամուսնու եւ հավերժորեն մտապատկերում բնակություն հաստատած Արայի հետ:

Tatron2 Լ. Մութաֆյանն անկեղծացավ, որ այս ներկայացումը ընտանեկան երանգ է ստացել, քանի որ պիեսն ինքն է գրել եւ խնդրեց բոլորին քննարկման ժամանակ լինել օբյեկտիվ. «Ամեն մի դիտողություն, ճշմարիտ եւ քննախույզ հայացք կարեւոր է մեզ համար»:

Սեքսուալախառն ու կրքոտ Շամիրամի կերպարը մարմնավորած դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ներկայացման ավարտից հետո ասաց, որ պատրաստ է լսել յուրաքանչյուր դիտարկում, քննադատություն. «Եթե վատն եմ,  երեսիս ասեք, ոչ թե ժպտացեք ու հետո գնացեք, ուրիշ բան գրեք»: Սակայն քննարկման ընթացքում ամեն մի քննդատական խոսքին նա ագրեսիվ արձագանքում էր, եւ Լ. Մութաֆյանն ու Կ. Խոդիկյանը հազիվ էին զսպում նրան:

Երբ խոսքի իրավունք տվեցին բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանին, վերջինս ասաց, որ Անահիտն իր ուսանողուհին է, իսկ Լ. Մութաֆյանն էլ իր ընկերը, վատ բաներ չի կարող ասել: Բայց ասաց. «Սա անձնական կարծիք է, ոչ մեկի վզին մի՛ փաթաթեք, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ մոնոթատրոնը, որովհետեւ թատրոնն ինձ համար շփում է կենդանի մարդու հետ»:

Լ. Մութաֆյանն էլ բացատրեց, որ պիեսը գրելիս իրեն Շամիրամը առանձնապես չի էլ հետաքրքրել. «Ինձ հետաքրքրել է կինը, որն ունի կենսագրություն, տառապանք, կռիվ: Կին, որը հասել է փառքի գագաթնակետին եւ հանկարծ գահավիժում է, կին, որն ունի սեր, որը դարձել է սիրո գերին եւ պատրաստ է ամբողջ աշխարհը գնել մի արտահայտության դիմաց՝ կանացի երջանկություն: Ներկայացման անունը կարող էինք դնել «Կլեոպատրա», «Սիրուշ», քանի որ նպատակը կինն էր: Մոտեցա Շամիրամի պատմությանը, քանի որ այս կերպարում առավել առեղծվածայինը Շամիրամն է: Այսպես ես ուզեցի հասկանալ կնոջը, իսկ կնոջը հասկանալը շատ դժվար է»:

 «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» Tatron1երկայացումն ամենեւին էլ դուր չէր եկել Լ. Մութաֆյանին: «Որքան շատ եմ սիրում իմ լավ ընկերներ Արա Դեղտրիկյանին (ով մարմնավորել էր գլխավոր հերոսին) ու Դավիթ Հակոբյանին, այդքան չսիրեցի այս ներկայացումը»: Ըստ նրա, ներկայացումն աղքատիկ էր, բայց, անկախ այդ ամենից, թատերագետը հավանել էր դերասանների խաղը` բացառությամբ դերակատարուհիների, որոնք չէին հուզել նրան. «Այս ներկայացումը հանդիսատես բերելու, զուտ դրամարկղի համար արված ներկայացում է լավ դերասանների, հատկապես Արա Դեղտրիկյանի խաղով»: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նույնպես կարծում է, որ այն հանդիսատես բերելու համար արված ներկայացում է. «Հասկանում եմ, որ միայն լուրջ ներկայացումներով հանդիսատես չես բերի: Այս աստիճանն էլ պիտի անցնենք, որպեսզի այն հանդիսատեսը, որը առաջին անգամ է եկել, կուլ է տվել այս խայծը, հաջորդ անգամ գա «Սասունցի Դավիթը», «Անուշը» եւ մյուս լուրջ ներկայացումները նայելու ու դառնա թատրոնի մշտական հանդիսատես: Ինչ արած, սա է իրականությունը: Այսօրվա սերիալային մտածողություն ունեցող սերնդին նաեւ այսպես պիտի բերենք թատրոն»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում