livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

karina3Ինչպես կասեր Էրիխ Օստերֆելդը` «Կինն ամենաթույլն է, երբ սիրում է, իսկ ամենաուժեղն է, երբ սիրված է»: Այս անգամվա մեր զրուցակցին բնորոշ է հայտնի արտահայտության երկրորդ տարբերակը:

Մի օր հեռուստադիտողների աչքին ոչ սովոր մի հեռուստահաղորդավարուհի հայտնվեց` կոտրելով ավանդական հայկական հաղորդավարուհու կերպարի կարծրատիպն ու ստեղծելով նոր հեռուստատեսային ոճ: Այո, իր կարճ, շիկահեր մազերով, չափազանց անկեղծ ու համարձակ կերպարով` այսօր էլ ԿԱՐԻՆԱ ԴԱՆԵԼՅԱՆԸ հանրության ու հեռուստադիտողների բամբասանքների ու ուշադրության կենտրոնում է.

- Մինչ կարճ մազերով շիկահեր լինելը, 2002թ. հայտնվեցի հեռուստատեսությունում, եւ ի սկզբանե հենց հեռուստադիտողին հետաքրքրեց առույգ, կայտառ աղջկա կերպարը: Աշխատել եմ տարբեր հեռուստաընկերություններում, իսկ սանրվածքի եւ մազերի գույնի  փոփոխություն շատ հաճախ էր լինում՝ կարմրախայտ, սեւահեր, այն ժամանակ` բավական երկար մազերով շիկահեր: Բոլոր նախագծերում տարբեր կերպարներով եմ ներկայացել` որպես հաղորդավարուհի, ինձանից անկախ է դա ստացվում, որովհետեւ տանգոն այլ կերպ են պարում, շալախոն՝ այլ: Նույնն էլ տարբեր նախագծերն են, որոնք չես կարող միանման մատուցել: Ամենակարեւորը, որ միշտ հեռուստադիտողին ներկայացել եմ աշխույժ մարդու կերպարով: Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում այդ ոճով` ազատ, մի փոքր առանց կոմպլեքսների եւ այլն, առաջինն, ըստ երեւույթին, ես եմ եղել հեռուստաէկրաններին: Դա մոտավորապես 2004թ. էր, որից հետո արդեն սկսեցին շատ երիտասարդ հաղորդավարներ իմ ոճով հանդես գալ: Բայց, ինչպես ասում են, «կուժն ու կուլեն իմ գլխին կոտրվեց», որից ես չեմ ամաչում:

- Կա՞ր մտավախություն, որ Ձեր ազատ կերպարը  պարզապես հեռուստադիտողը չի ընդունի:

- Բացարձակ, մինչեւ հիմա էլ շատերն ինձ չեն ընդունում ու չեն հասկանում: Կոնկրետ հայ ժողովրդի ու հայ հեռուստադիտողի համար այս կերպարն օտար է եւ խորթ: Բայց նման մտավախություն մինչեւ հիմա էլ չունեմ, որովհետեւ ով ինձ սիրում է, ընդունում է այսպիսին: Առաջնահերթ ինձ իմ` հաղորդավարուհու տարբերվող կերպարի համար են սիրում: Կոնկրետ իմ ոճը սա է, վաղը գուցե ավելի լուրջ նախագծեր վարեմ, բայց, ամեն դեպքում, հիմքը սրա վրա եմ դնում, որովհետեւ դա նաեւ ես եմ:

- Այսօր բոլոր հաղորդավար-հաղորդավարուհիները, երգիչ-երգչուհիները հայտնվում են ֆիլմում, հնարավո՞ր է, որ մի օր էլ Ձեզ տեսնենք նրանց շարքերում:

Karina1- Հնարավոր է, եւ շատ շուտով կլինի: Բայց ոչ սերիալում, չեմ ուզում ասել, թե սերիալում նկարահանվելը լավ է կամ վատ, պարզապես ինձ կոնկրետ հայկական սերիալում չեմ տեսնում: Միգուցե օրերից մի օր լինեմ սերիալում, բայց կլինի այն հեռուստասերիալը, որը ես կուզեմ, այն դերը, որը կցանկանամ խաղալ, եւ այնպիսի մի սերիալ, որը կգրվի հատուկ ինձ համար:

- Ո՞ր ժանրի ֆիլմում կցանկանայիք նկարահանվել:

- Թե՛ ներկայացումներում, թե՛ ֆիլմերում, թե՛ նախագծերում,  կարեւոր չէ, հումորայի՞ն է, թե՞ դրամատիկ: Կարեւորը, որ նախագիծն ունենա թիրախային կետ, ինչ-որ մի բանի համար լինի: Գաղափարն ինձ պետք է դուր գա եւ տվյալ դերակատարումից հետո գոհ պետք է մնամ իմ արածից, եթե ոչ, նույնիսկ մեծ գումարների դեպքում չեմ համաձայնի նկարահանվել:

- Պետք է խաղայիք թատրոնում, ինչո՞ւ չիրագործեցիք:

- Ռեժիսորը շատ լուրջ առողջական խնդիրներ ուներ, եւ կասեցվեց այդ նախագիծը, մաղթում եմ իրեն առողջություն: Տա Աստված, ամեն ինչ լավ լինի, անպայման կխաղանք: Բայց թատրոնի հետ կապված իմ նախագծերը շատ լուրջ են, որի վրա դեռ աշխատում ենք: Ներկայանալիս շատ լուրջ նախագծով կներկայանամ: Թատրոնն իմ կյանքի ամենակարեւոր կետերից մեկն է, որն անպայման պետք է իրագործեմ:

- Հեռուստադիտողը Ձեզ միշտ տեսնում է համարձակ եւ ուրախ, իսկ որո՞նք են Ձեր թուլությունները:

- Շատ զգացմունքային մարդ եմ: Լացկան եմ. ֆիլմից, երգից կարող եմ հուզվել: Օրինակ՝ ընկերուհիներիցս մեկը փոքրիկ է ունենալու, եւ վերջերս նրա հետ գնացել էի ստուգման: Երբ ուլտրաձայնային ապարատով լսեցինք, թե ինչպես է փոքրիկի սրտիկը բաբախում, ինձ համար կոնկրետ հուզմունք, սթրես էր, ես շոկի մեջ էի: Դրանից հետո երկու օր ուշքի չէի գալիս:

- Հեռուստահաղորդավարուհու Ձեր կերտած կերպարը տարբերվում է այն Կարինայից, որը տանն է:

- Հիմնականում սա ես եմ, ուղղակի, այսպես ասած, տանը ես տասը տոկոս եմ, իսկ հեռուստաէկրանին՝ հարյուր տասը:

- Ձեր եւ Միհրան Ծառուկյանի անվան շուրջ պտտվում են խոսակցություններ...

- Ուղղակի, երբ լուսանկարներ են հայտնվում համացանցում, նույնիսկ, եթե սրճարանում ենք նստած, մարդիկ միանգամից ուրիշ բան են մտածում: Միհրան Ծառուկյանի հետ աշխատում էինք միասին, շատ լավ ընկերներ ենք: Միհրանն այսօր ինչ-որ արքայազն է դարձել Հայաստանում, եւ աղջիկները տեսնելով մի քանի լուսանկար` ինձ կոնկրետ մրցակից էին տեսնում: Հիշում եմ, ֆեյսբուք սոցիալական ցանցում մի լուսանկար հայտնվեց Միհրանի հետ, որտեղ մեկնաբանությունների 50 տոկոսում գրված էր` վա՜յ, ինչ լավ զույգ եք, ինչքա՜ն եք իրար սազում, բախտավոր լինեք: Իսկ մյուս 50-ն ասում էր՝ ա՛յ, ա՛յ, ա՛յ, Միհրա՛ն, չհամարձակվե՛ս Կարինայի հետ ինչ-որ հարաբերություններ ունենալ: Սակայն վախենալու ոչինչ չունեմ, Միհրան Ծառուկյանի հետ ընդամենը ընկերներ ենք ու լավ կոլեգաներ:

- Համացանցում նշել էիք, թե փետրվարի 13-ին մեծ իրադարձություն է լինելու Ձեր կյանքում…

Karina- Ֆեյսբուքի էջը ինչ-որ բլոգային բան է դարձել, որով այսօր տեղյակ ես լինում, թե ով որ ժամին քնեց, ինչ կերավ, ինչ գույնի գուլպա հագավ, ով ինչից տխրեց, ում ականջը ցավեց… որի պատճառով շատերից հիասթափվում ենք ու հասկանում, թե այս ամենը որքան ձանձրալի է: Շատերն իմ այդ հղումը կապում էին ամուսնության հետ: Հայ ազգը մի տեսակ շատ է ուզում, որ ամուսնանամ: Դա մի հարց էր, որը պետք է կայացնեի: Այն իմ ես-ի հետ էր կապված, եւ ինքս ինձ հետ եկա հարմոնիայի ու ամեն ինչ լավ ստացվեց:

- Պատրա՞ստ եք ամուսնության:

- Արդեն երեք տարի է, պատրաստ եմ ոչ թե ամուսնության, այլ, ավելի ճիշտ կլինի ասել, ընտանիք կազմելուն: Այստեղ կարեւորն այն հանգամանքը չէ, որ տեսեք` ես ամուսնացա կամ օ՜,  աղջիկն արդեն 25-ն անց է եւ դեռ ամուսնացած չէ, ի՞նչ կասեն հարեւանները: Անկեղծ եմ ասում, ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է մտածում: Ինչպես ասում է Պաոլո Կոելիոն` «ինչ ուզում ես` արա, ինչպես ուզում ես` ապրի, մարդիկ, միեւնույն է, մի բան խոսելու են»: Պատրաստ եմ ընտանիք ստեղծելուն, սակայն պետք է հանդիպել այն տղամարդուն, ով նույնպես պատրաստ է դրան: Այսինքն՝ ինչքան էլ սիրահարված լինեմ, սերն ինձ վերջնականապես չի կուրացնում: Ես հաշվի եմ առնում, թե նա ինչպիսի հայր կլինի իմ երեխաների համար, թե ինչպիսի տղամարդ կլինի ընտանիքում:

- Փաստորեն, Կարինա Դանելյանը նախընտրում է հաշվարկով ամուսնությո՞ւն:

- Հաշվարկով ամուսնություն կլիներ, եթե ցանկանայի ամուսնանալ մի ինչ-որ հարուստ տղամարդու հետ: Ես դրան դեմ եմ, ուղղակի ուզում եմ վստահ լինել, որ իմ երեխան կունենա լավ հայր, եւ իմ ընտանիքը կունենա լավ գլուխ, որովհետեւ ընտանիքի գլուխը պետք է լինի տղամարդը: Դա գումարի հետ ոչ մի կերպ կապ չունի, ես միշտ էլ կարող եմ գումար վաստակել եւ տղամարդուց էլ առավել շատ:

- Ո՞րն է այն գաղտնիքը, որով կարողանում եք գրավել տղամարդկանց:

- Անկեղծությունը: Երբեմն մարդիկ չեն ընդունում իմ անկեղծությունը, բայց ես իրոք շատ անկեղծ եմ ամեն հարցում՝ լինի աշխատանքի վայրում, ընկերական շրջապատում թե ընտանիքում: Տղամարդկանց իմ անկեղծությունից բացի, գրավում է բնավորությանս ուժեղ եւ սկզբունքային լինելը, սակայն իմ հենց այդ բնավորության պատճառով էլ շատ հաճախ ոչինչ չի ստացվում: Շատ դժվար է ուժեղ մարդու հետ «յոլա» գնալը: Ոչ բոլորին դա կհաջողվի:

- Ո՞րն է տղամարդու այն իդեալը, ում պատրաստ եք նվիրվել ողջ կյանքում:

Karina4- Ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս փոխվում են տղամարդու իմ իդեալները ու գնալով դրանք բարդանում են: Առաջին նախապայմանն այն է, որ տղամարդը պետք է ինձանից խելացի լինի: Եթե նույնիսկ ինձանից խելացի չէ, ապա պետք է այնքան խորամանկ լինի, որ ես հանկարծ գլխի չընկնեմ դրա մասին: Նա պետք է ինձնից ուժեղ լինի ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, որովհետեւ, երբ կին լինելով հանդերձ՝ օրվա ընթացքում շատ անախորժությունների ես հանդիպում եւ կարողանում ես բոլոր խնդիրները լուծել, ապա օրվա վերջում ուզում ես լինել մի տղամարդու հետ, ով քեզանից ուժեղ է, եւ կարող ես քեզ թույլ տալ լինել թույլ: Ցանկացած ուժեղ կին ուզում է, որպեսզի իր տղամարդու հետ իրեն թույլ զգա: Սիրում եմ ուղիղ տղամարդկանց, որոնք խնդիրները լուծում են առանց դես ու դեն ընկնելու ու ամեն ինչ դեմքին են ասում, քանի որ ես ինքս էլ այդպիսին եմ: Չնայած թե՛ աշխատանքային, թե՛ ընկերական շրջապատում երբեմն տուժում եմ իմ այդ բնավորության պատճառով: Տղամարդը չպետք է ստի, որովհետեւ դա ստոր, թույլ, վախկոտ մարդու բնավորություն է: Ցանկանում եմ, որ այս գծերով օժտված լինի իմ տղամարդը:

- Իսկ ի՞նչն է պակասում հայ կանանց մեջ:

- Առաջին հերթին` կանացիությունը: Այն ոչ մի կերպ կապ չունի հաստ շուրթերի, երկար մազերի ու եղունգների հետ: Նաեւ պակասում է ինքնավստահությունը: Ցավոք, ժամանակակից աղջիկները ինքնավստահ չեն ու հաճախ այն շփոթում են սիլիկոնների, ինչ-որ բրենդային հագուստների հետ: Բայց ինքնավստահությունը շատ ավելի խորն է եւ ունի իր շերտերը: Եվ շատ կարեւոր մի հանգամանք կա. կինը երբեւիցե չպետք է թույլ տա, որ իրեն նեղացնեն:

- Ձեզ տնային տնտեսուհու կարգավիճակում պատկերացնո՞ւմ եք:

- Շատ դժվարությամբ, բայց երբեմն` այո: Շատ հաճախ ենք դրա մասին խոսում ամուսնացած ընկերուհիներիս հետ: Ամեն դեպքում ամուսնությունն այնպիսի բան է, որ չես կարող հասցնել ամեն ինչ, սակայն վստահ եմ, որ կարիերան ու ընտանեկան կյանքը համադրելը շատ ավելի հեշտ է, քան չհամադրելը: Ես հաստատ կարող եմ կազմակերպել այնպես, որ իմ կարիերայի պատճառով ոչ մի կերպ չտուժի ընտանիքս եւ` ճիշտ հակառակը: Միակ բանը, որ չեմ սիրում ու չեմ կարող սովորել, որովհետեւ ամեն բան պետք է սիրով անել, դա ճաշ եփելն է: Ես խոհանոցային գործերում չկամ, բայց չեմ էլ սիրում, երբ տղամարդն է խոհանոցում եփում ու կտրատում:

- Աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով` Ձեզ թույլ տալի՞ս եք տանը մի փոքր թափթփված լինել:

- Բոլոր աղջիկներն ունեն իրենց բզիկները, իմ բզիկներից մեկն էլ մաքրասիրությունն է: Ես ահավոր մաքրասեր եմ, փոշու ավելորդ հատիկ չեմ սիրում: Հագուստը միշտ պետք է մաքուր ու կոկիկ լինի: Եթե մի օր հագել եմ այդ զգեստը, նույնիսկ հինգ րոպեով, ապա երբեւիցե երկրորդ անգամ այն չեմ հագնի, մինչեւ չլվանամ:

- Ի՞նչ կասեք այսօրվա երիտասարդ աղջիկների եւ տղաների արտաքին տեսքի մասին:

- Ինձ դուր է գալիս, որ հայ աղջիկները սկսել են իրենց հետեւել, բայց տհաճ է, երբ 8-9-րդ դասարանի աղջիկները ինչ-որ բրենդերի մասին են խոսում, որից նույնիսկ ինքս տեղյակ չեմ: Հաճախ համացանցում տեսնում եմ երիտասարդ աղջիկների լուսանկարներ, որտեղ բոլորը միանման են՝ գանգրահեր մազերով, «պիլմենի» շուրթերով: Գեղեցկության էտալոնը բոլորովին էլ երկար, փարթամ մազեր, մեծ շուրթեր ու կուրծք, բարձրակրունկ կոշիկներ ունենալը չէ: Բոլորն այսօր ինչ-որ բան վիրահատում են ու կարծես նույն մարդը լինեն: Յուրաքանչյուր մարդու առանձնահատկությունը հենց դրանում է, որ լինես այնպիսին, ինչպիսին կաս: Ես ինձ այսպես եմ դուր գալիս: Թող բարի լինեն դիմացիններն էլ ինձ այդպիսին ընդունել: Ինչ վերաբերում է տղամարդկանց, այսօր շատերը կանացի են դարձել: Չեմ կարող ասել, թե բոլորն աղավաղում են հայ տղամարդու կերպարը, բայց հիմնականում «բրենդամանիայով» են տառապում, բոլոր երիտասարդ տղաների երազանքը մոդել դառնալն է կամ ինչ-որ թինեյջերական հաղորդում վարելը: Ու հենց դրանով էլ սահմանափակվում են երիտասարդների երազանքները: Տղաները սկսել են նորաձեւության, Եվրոպայի հետեւից շատ վազել, այնքան են վազում, որ արդեն սայթաքում են: Իհարկե, ռանչպարային մորուքավոր կերպարներին էլ եմ դեմ, սակայն այն երիտասարդությունը, որն այսօր կա, ինձ համար անհանգստանալու խնդիր է: Հայաստանում ընդամենը մեկ-երկու ֆոտոսեսիա են անում սիրողական մակարդակի, մի երկու անգամ` հեռուստաէկրաններին, մի անգամ էլ տեսահոլովակներից մեկում են երեւում եւ իրենց մեգա աստղեր են համարում, դա ուղղակի ծիծաղելի է: Հավատացնում եմ, այնպիսի աստղային անուններ են մարել, որ ծիծաղելի է դրանով ապրելը եւ դա իդեալականացնելը: Հայտնի դառնալուց զատ, ավելի կարեւոր արժեքներ կան:

- Այսօր ի՞նչն է Ձեզ մտահոգում ամենից շատ:

karina2- Ինձ մտահոգում է ոչ միայն իմ, այլ ընդհանրապես վաղվա օրը: Ասում են` երջանիկ է այն մարդը, ով չի մտածում իր վաղվա օրվա մասին ու ապրում է այսօրվա օրով: Ես սովորել եմ չմտածել նրա մասին, ինչ եղել է, բայց դրանից հետ կանգնել չեմ կարող, որովհետեւ դա իմ կյանքն է, եւ իմ սխալների վրա եմ սովորում: Իսկապես չեմ կարող ապրել այս վայրկյանով, կես օրով: Եթե մի բան անում եմ, ապա անպայման մտածում եմ, թե ինչպես կանդրադառնա իմ եւ մտերիմներիս վրա:

- Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք «Զարուհի»-ի ընթերցողներին:

- Այնքան շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են: Այն, ինչ անում եմ, չեմ անում գումար աշխատելու, հատուկ մարդկանց սերը գրավելու համար: Չգիտեմ` իմ երկրպագուները շա՞տ են, թե՞ քիչ, բայց ամեն դեպքում ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Շատ շուտով նորանոր նախագծերով ինձ կտեսնեք ձեր հեռուստաէկրաններին: Իսկ հայ կանանց մաղթում եմ վստահություն, եւ միշտ ժպտացեք, որովհետեւ ձեր թշնամիները գլուխ կկոտրեն, թե ինչի համար եք դուք ժպտում, ու միշտ կգտնվի մեկն, ով կսիրահարվի ձեր ժպիտին:

Զրույցը վարեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Լուսանկարները՝ ԼՅՈՒՄԵՆԻ եւ ԱՐՄԵՆ ԱՂԱՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում