livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

horseԿիրակի ուշ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ը, որի շրջանակներում ամփոփվեցին 2011 թվականի երաժշտական արդյունքները: Մոտ հինգ ժամ տեւած մրցանակաբաշխությանը ներկայացված էր 15 անվանակարգ եւ 16 հատուկ մրցանակ: Չնայած այս տարի մրցանակաբաշխությունը այդքան էլ չէր փայլում հայկական շոու-բիզնեսյան աստղաբույլով, բայց, այնուամենայնիվ, այդ երեկո նախատեսված մրցանակները գտան իրենց արժանի տերերին:

Երեկոյի ընթացքում հատուկ մրցանակների արժանացան կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը` իր բեմադրած «Կոմիտաս. եկել եմ» նախագծի համար, Թուրքիայում հայկական երգը ներկայացնող երգչուհի Սիբիլը, «10+10» երաժշտական նախագիծը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած «Հույսի նավակ» նախագիծը, «Գոհար եւ հայ աստղեր» համերգային ծրագիրը, «Երգ երգոց» հաղորդաշարը, «Դար 21» հեռուստաալիքը, «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, «Մանկական Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթը, որը 2011-ին անցկացվեց Հայաստանում: Հատուկ մրցանակի արժանացան նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Արմեն Թորոյանը, Լեւոն Մալխասյանն ու Լեւոն Իգիթյանը, ինչպես նաեւ Պատրիկ Ֆիորին: Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակը բաժին հասավ Հայաստանի Հանրային ռադիոյին:

Ներկայացված անվանակարգերում «Տարվա դասական երաժշտական նախագիծ» ճանաչվեց Չայկովսկու «Շիլկունչիկ»-ը: «Տարվա հիթ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Գոհար» երգչախմբի «Պապենական Կիլիկիա» կատարումը: «Տարվա լավագույն ֆիլմի երաժշտություն» անվանակարգում` «Ալա բալանիցա» ֆիլմի երաժշտությունը` Արտո Թունջբոյաջյանի կատարմամբ: «Լավագույն տեսահոլովակ» համարվեց Սիրուշոյի «I Like It» երգի տեսահոլովակը (ռեժիսոր` Ժոր Մելոյան): «Լավագույն դուետ» անվանակարգի մրցանակը հանձնվեց Միհրան Ծառուկյանին եւ Լիլիթ Հովհաննիսյանին` «Ինչու եմ քեզ սիրում» լիրիկական կատարման համար: «Լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Դորիանս» խմբի «Fly» ալբոմը: «Լավագույն ռադիոհաղորդում» համարվեց  «Time Out» հաղորդաշարը (հաղորդավարներ` Ժակ եւ Լուսինե Բադալյան): «Տարվա լավագույն ջազ նախագիծ» համարվեց «Կատուներ» խումբը, «Տարվա լավագույն դասական ալբոմ»՝ «Խմբերգեր»-ը: «Տարվա ժողովրդական ալբոմ»՝ Գյուրջեւը: «Տարվա հայտնություն» ճանաչվեց Նարինե Դովլաթյանը, «Կատարողական արվեստի տարվա հայտնություն»` Նարեկ Հախնազարյանը: «Լավագույն ժողովրդական համույթ» ճանաչվեց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, «Լավագույն ռոք խումբ»՝ «The beautified project»-ը, «Լավագույն դասական ալբոմ»՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը»:

«Տարվա երգիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, իսկ «Տարվա երգչուհի» անվանակարգում` Սոնա Շահգելդյանը:

Ի դեպ, երեկոյի սպասված ավարտից դեռ մի քանի անվանակարգ առաջ արդեն հանդիսատեսի համար դժվար չէր գուշակել լավագույն երգիչ եւ երգչուհի անվանակարգում հաղթողներին, քանի որ գիշերվա մոտ ժամը 2-ին դահլիճում մնացել էին միայն այն մարդիկ, ովքեր հետո հերթով մրցանակ էին ստանում եւ գնալով կուլիսներ` էլ չէին վերադառնում դահլիճ:

Երեկոյի ընթացքում քիչ էին իրենց հագուստներով աչքի ընկնող արտիստները: Օրինակ, եթե դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը ամեն տարի աչքի էր ընկնում իր յուրօրինակ կերպարով, այս անգամ ներկայացավ ավանդական հագուստով: Սակայն այս անգամ աչքի ընկավ ոչ թե Արսենը, այլ նրան ուղեկցող գեղեցկուհին` իր հայկական ավանդական բեղերով: Եթե նախորդ տարիներին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մրցանակաբաշխությանը մոդելի նման պարբերաբար փոխում էր հագուստները, ապա այս անգամ մինչեւ երեկոյի ավարտը հավատարիմ մնաց մեկ հագուստի:

Երեկոյի ընթացքում որոշ արտիստներ հանդես էին գալիս ֆանագրամային կատարումներով, նրանցից առավել ցայտուն եղավ Սիրուշոն, ով նախ սկսեց «I like it» երգը ակապելլա իմպրովիզ կատարումով, ապա անցավ ֆանագարամայի:

Մրցանակաբաշխությունները միշտ աչքի են ընկնում, մրցանակ չստացած ու նեղացած արտիստներով, այս անգամ այդ «դերը» տրված էր միայն «Էմպիռեյ» խմբի անդամներին, որոնք «Տարվա լավագույն ռոք խումբ» անվանակարգից հետո, երբ պարզ դարձավ, որ լավագույններն իրենք չեն, շնորհավորելով հաղթողներին` հեռացան դահլիճից:

Մի քանի ժամ անց, երբ «Շարմ» ընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը բեմ բարձրացավ մրցանակ հանձնելու` նայելով արդեն գրեթե դատարկ դահլիճին, հատուկենտ նստարաններին նստած ուժասպառ հանդիսատեսին, հիշեց «Ուժասպառ (այս դեպքում` հոգնած) ձիերին գնդակահարում են» ֆիլմը: Ընթացքում լուրեր տարածվեցին, թե երգչուհի Նադեժդա Սարգսյանը կորցրել է բջջային հեռախոսը: Սակայն, երբ հետաքրքվեցինք, պարզվեց, որ արդեն բջջայինը վերադարձվել է երգչուհուն: Մինչ բջջայինը գտնելը

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ արժանացավ հատուկ մրցանակի, որն ստանալիս հուզվեց, քանի որ այդ ընթացքում հնչեց իր կատարումներից մեկը. «Ինձ համար ավելի հաճելի էր լսել այս երգը, որը գրել էր ինձ համար իմ ամուսին Դավիթ Բեջանյանը»: Բայց մի քանի ժամ անց տիկին Նադյան իր շնորհակալական խոսքով կիսվել էր ֆեյսբուքյան ընկերների հետ. «Ինձ համար այս օրը ավելի նշանավոր է. մրցանակն ստացա Չարլզ Սփենսեր Չապլինի ծննդյան օրը: Այս օրը ես երբեք չեմ մոռանա: Սիրելի «ֆեյսբուքի» ընկերներ ջան, շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների, ջերմ մաղթանքների համար: Իմ այս մրցանակը բոլորինն է, չէ՞ որ առանց իմ սիրելի հանդիսատեսի, առանց մեր ժողովրդի ո՞ւմ ենք մենք պետք: Դուք եք այս մրցանակը տվել ինձ, ձեր սերն է, որ մինչեւ այսօր ես կամ, ձեր շնորհիվ դեռ պիտի լինեմ, եւ շատ ու շատ լավ գործեր պիտի դեռ անենք»:

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Մենք պետք է զետեղեինք «Ֆոտոլուրի» լուսանկարները, սակայն պարզվեց, որ կազմակերպիչները թույլ չեն տվել նրանց մտնել դահլիճ` չնայած հավատարմագրված են եղել:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում