livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

MantashyanՄեկ շաբաթ Հայաստանում եւ Վրաստանում էին գտնվում Մեծն Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը` Ալեքսանդր Մանթաշյանց-կրտսերը, եւ ծոռը` Միքայել Մանթաշյանցը: Նրանք եկել էին Երեւանում մասնակցելու իրենց մեծ հոր` բոլոր ժամանակների ամենամեծ հայ գործարարի եւ բարերարի արձանի բացմանը: Հայաստանում եւ Թբիլիսիում գտնվելու օրերին նրանց ուղեկցում էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, որի ղեկավարած ստեղծագործական խումբը շարունակում էր նկարահանել ՙԱլեքսանդր Մանթաշյանց. Մեծ հայի խիղճը՚ տեսաֆիլմի շարունակությունը: Նրա հետ է մեր զրույցը:

-Պարոն Երիցյան, գիտենք, որ Մանթաշյանցի ժառանգների Երեւան հրավիրելու գործում Դուք էլ ունեք Ձեր նպաստը: Կարելի՞ է ասել, որ Ձեր կողմից նկարահանած ֆիլմը պատճառ դարձավ, որ փնտրեք եւ գտնեք նրա ժառանգներին:

- Երբ ՙԱլեքսանդր Մանթաշյանց. Մեծ հայի խիղճը՚ տեսաֆիլմը ավարտեցինք, խմբի անդամներս միմյանց նայեցինք. Իսկ ինչո՞ւ չպատմեցինք նրա ժառանգների ու շառավիղների մասին: Այդ որոնումներին լծվեցին մեր գործընկերները Փարիզում, դեսպանատան աշխատակիցները: Շատ չանցած` բարի լուր ստացանք: Փարիզում ապրում են Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը` Ալեքսանդրը, եւ թոռնուհին` Դարյան: Եվ քանի որ Թբիլիսիում սպասվելիք ֆիլմի առաջին ցուցադրությանը քիչ ժամանակ էր մնում, անհրաժեշտ էր շատ արագ Փարիզում տեսագրություն կատարել եւ, որպես հետգրություն, հավելել մի փոքր կտոր զրույց, ինչը եւ արեցին Փարիզի մեր գործընկերները` լրագրող Սիլվա Հաբեշյանը եւ օպերատոր Արտո Փեհլեւանյանը:

- Տեսաֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ Երեւանում, ՙՄոսկվա՚ կինոթատրոնում, հուշարձանի բացման օրը: Ալեքսանդր Մանթաշյացի ժառանգները ներկա եղա՞ն ֆիլմի առաջին ցուցադրությանը:

- Իհա՛րկե: Ոչ միայն ներկա եղան, այլեւ թոռը ելույթ ունեցավ եւ իր սրտի խոսքն ասաց` իր գոհունակությունն արտահայտելով ֆիլմի հեղինակներին եւ այն վերաբերմունքի համար, որ կա Մանթաշյանցների նկատմամբ նախնիների հայրենիքում: Ի դեպ, ասեմ, որ որտեղ էլ եղան Մանթաշյանցի ժառանգները, նրանց շատ ջերմ ընդունելություն ցույց տվեցին, այդ թվում` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպումների ժամանակ շատ ջերմ ու անկեղծ զրույցներ ծավալվեցին` նվիրված Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքին եւ գործունեությանը, ընդհանրապես սփյուռքին առնչվող հարցերին: Տիկին Հրանուշ Հակոբյանը Ալեքսանդր Մանթաշյանց-կրտսերին պարգեւատրեց Սփյուռքի նախարարության ՙՆուբար Փաշա՚ մեդալով:

Ericyan- Ինչ խոսք, այդ օրերի հիմնական իրադարձությունը հուշարձանի բացումն էր: Ինչպիսի՞ տպավորություն ունեին Մանթաշյանցի ժառանգները:

- Երբ նրանք Երեւան ժամանեցին, ուշ երեկոյան խնդրեցին ուղեկցել արդեն տեղադրված հուշարձանի մոտ: Ալեքսանդր Մանթաշյանց-կրտսերը հավանեց իր պապի հուշարձանը` ասելով, որ իր պապը հենց ինքն է` իրեն բնութագրող կերպարով: Ի դեպ, մեկնելուց առաջ էլ նա եկավ հուշարձանի մոտ, երկար կանգնեց ու դանդաղ քայլերով ցած իջավ Աբովյան փողոցով` անընդհատ ետ նայելով:

Շատ տպավորված էր, հուզված էր բացման ժամանակ, անընդհատ կրկնում էր, որ շնորհակալ է այս ամենի համար:

- Գիտենք նաեւ, որ Երեւան ժամանելու առաջին օրը նրանց ընդունեց Վեհափառ Հայրապետ Գարեգին 2-րդը: Եթե գաղտնիք չէ, ի՞նչ խոսակցություն եղավ նրանց միջեւ:

- Փոխադարձաբար շատ ջերմ ու անկեղծ խոսքեր հնչեցին: Վեհափառն ասաց, որ բարով են եկել իրենց պապի կառուցած տուն, եւ պատմեց Վեհարանի նորոգման ընթացքի մասին: Նա նրանց Մայր Աթոռ հրավիրեց, երբ նորոգումից հետո տեղի ունենա Վեհարանի լրիվ վերաբացումը: Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Ալեքսանդր Մանթաշյանցի ներդրումը Հայ Առաքելական եկեղեցում` թվարկելով այն հիմնական քայլերը, որ նա կատարել է` որպես հավատացյալ հայորդի:

- Եթե չենք սխալվում, երկու օր Ալեքսանդր Մանթաշյանցն իր որդու հետ հյուրընկալվեց Վրաստանի մայրաքաղաքում: Ի՞նչ հանդիպումներ եղան:

- Մինչեւ Թբիլիսի հասնելը Ալեքսանդր Մանթաշյանցի ժառանգները եղան Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր հաճախակի է եղել իրենց պապը, երբ հյուրընկալվել է իր մտերիմ ընկերոջ` Միքայել Արամյանցի կալվածքում: Այստեղ Մանթաշյանց-կրտսերը նռենի տնկեց, աղոթեց եկեղեցում, մոմեր վառեց, հիշեց հոր պատմածները Ախթալայի մասին:

Թբիլիսիում Մանթաշյանցներին ընդունեց Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին, Թբիլիսիի քաղաքապետարանի օրենսդիր ժողովի նախագահ Սամադաշվիլին: Նրանք ջերմորեն ողջունեցին Մանթաշյանցներին` ասելով, որ եկել են այն քաղաքը, որի պատվավոր քաղաքացին է իրենց պապը եւ անուրանալի մեծ ներդրում ունի քաղաքի զարգացման գործում:

- Ենթադրելի է, որ նրանք պիտի գնային իրենց պապի հետքերով: Որտե՞ղ եղան նրանք:

- Բոլոր այն վայրերում, որոնք որեւէ առնչություն ունեն Ալեքսանդր Մանթաշյանցին: Չնայած պատկառելի տարիքին` Ալեքսանդր Մանթաշյանց-կրտսերը անցնում էր փողոցից փողոց եւ, հիշելով իր հոր պատմածները` փորձում տեսածը համեմատել դրա հետ:

Իհարկե, նա եղավ նաեւ Սուրբ Էջմիածին եկեղեցում, ուր պապի խորհրդանշական գերեզմանն է եւ կիսանդրին:

Մանթաշյանցները հյուրընկալվեցին Թբիլիսիում Հայաստանի դեսպանատանը, հանդիպեցին արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ: Մանթաշյանցները հանդիպեցին նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հյուրընկալվեցին Դավթյանների տուն-տիկնիկային թատրոնում: Մանթաշյանցները շատ հուզված էին Թբիլիսիում, ավելի քչախոս էին դարձել, աշխատում էին բաց չթողնել եւ ոչ մի պատմություն: Մենք, օրինակ, ՙՄանթաշովյան շարքերում՚ միայնակ թողեցինք իրենց, իսկ նրանք երկար քայլում էին հին քաղաքով, զրուցում թբիլիսցիների հետ եւ դեռ զարմացած էին, որ դեռ շատերն են հիշում իրենց պապին:

Ամեն ինչ նրանց համար հետաքրքիր էր: Միքայել Մանթաշյանցը անընդհատ լուսանկարում էր` կրկնելով, որ իր պատկերացումները իր մեծ պապի երկրի մասին լիովին փոխվել են, եւ ինքն ամեն ինչ կանի` ամեն տարի Հայաստան այցելելու համար: Իսկ կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանցն անընդհատ իրենց գերդաստանի հիշողության ծալքերն էր թերթում ու ձգտում դրանք համեմատել կոնկրետ իրականության հետ: Օրինակ, երբ մենք Թբիլիսիում գնացինք այն տունը, ուր երկար տարիներ ապրել է Մանթաշյանցի ընտանիքը, նա փորձում էր գտնել ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի սենյակը:

Mantashyan1- Պարոն Երիցյան, Դուք մեր զրույցում ասացիք, որ Փարիզում է ապրում նաեւ Ալեքսանդր Մանթաշյանցի թոռնուհին: Ի՞նչ պարզեցիք նրա մասին:

- Ալեքսանդր Մանթաշյանցի թոռնուհին` Դարյան, 92 տարեկան է, եւ նա էլ շատ էր ուզում Երեւան գալ, բայց, ցավոք, ըստ նրանց, տարիքը իրենն է անում. Դարյա Մանթաշյանցը սկսել է մի քիչ դժվար տեղաշարժվել: Բայց նա եղբորն արտոնել էր իր անունից եւս երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերով ստեղծվել է հուշարձանը Երեւանում: Ալեքսանդր Մանթաշյանցը պատմում էր, որ քրոջ` Դարյայի զավակները եւս հայասեր եւ հայրենասեր են, եւ իրենք էլ ցանկություն ունեն առաջիկայում լինել Հայաստանում:

- Ի՞նչ տրամադրություններով նրանք Փարիզ վերադարձան:

- Երախտագիտության զգացումով, քանի որ բոլորն այնպես արեցին, որ ոչ միայն նրանց այցելությունը կայանա, այլեւ այն շատ հագեցած լինի: Առիթը ուզում եմ օգտագործել եւ շնորհակալություն հայտնել ՙՍաբերատուր՚ գործակալությանը` ի դեմս Լեւոն Քոչարյանի, Փարիզում Հայաստանի դեսպանությանը, Երեւանի քաղաքապետարանին, ՙԱպավեն՚ ընկերությանը,ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միությանը, որոնք ամեն ինչ արեցին, որ նրանք առավելագույն կերպով կարողանան գնալ իրենց պապի հետքերով: Օրինակ, նրանք շատ էին տպավորվել Ալավերդու արհեստագործական դպրոցում կայացած հանդիպումից, ուր պատանիներն ու աղջիկները մեծ գիտելիքներ ցուցաբերեցին Ալեքսանդր Մանթաշյանցի մասին:

- ՙԿարծիք՚ հաղորդաշարի ստեղծագործական խումբը Մանթաշյանցների` Հայաստանում եւ Վրաստանում գտնվելու օրերին ուղեկցում էր նրանց: Արդյո՞ք շարունակություն կունենա Ձեր հեղինակած ՙԱլեքսանդր Մանթաշյանց. Մեծ հայի խիղճը՚ տեսաֆիլմը:

- Անկասկած, կարծում եմ, որ պակաս հետաքրքիր չի լինի նաեւ Ալեքսանդր Մանթաշյանցի ժառանգների մասին պատումը: Չէ՞ որ Ալեքսանդր Մանթաշյանցը 8 զավակ է ունեցել, եւ նրանցից թերեւս ավելի շատ հայտնի է երկուսի` Հովսեփի եւ Լեւոնի մասին: Մենք կփորձենք ներկայացնել նաեւ մյուսներին եւ նրանց ժառանգներին: Օրինակ, երբ մենք երկար-բարակ զրուցում էինք Ալեքսանդր Մանթաշյանց-կրտսերի հետ, նա իր խոսքում ասաց, որ իր հայրը բարեկամություն էր անում Միքայել Արամյանցի որդու` Սուլիկոյի (Արամ) հետ: Ընդհանրապես, Ալեքսանդր Մանթաշյանցն ուշագրավ պատմություններ էր ներկայացնում հայ վտարանդիների զավակների եւ շառավիղների մասին:

Ցավոք, մեկ շաբաթը շատ քիչ ժամանակ էր` ամեն ինչ տեսնելու ու հասկանալու համար: Դրա համար էլ նրանք ասացին, որ գնում են եւ հնարավորինս շուտ Հայաստան են վերադառնալու` ցանկություններով ու մտադրություններով:

Գ. ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում