livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

mariՄայիսի 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանրածանոթ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո) կներկայանա ՙՏիգրան Մեծ՚ մենաներկայացումով: Թատերագրության հեղինակը եւ բեմադրիչը նույնպես ինքն է: Դերասանուհին կմարմնավորի 14 կերպար: ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԵՖՅԱՆՆ անցյալ տարի Երեւանում հանդես է եկել Ֆ.Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ մենաներկայացումով: Մենք ցանկացանք իմանալ, թե ինչ տպավորություններով է դերասանուհին վերջին անգամ հեռացել Հայաստանից:

-Չեմ ուզում վերջին բառը օգտագործել. իմ կապը շարունակական է: Անցյալ տարի իմ ներկայացումը ՙՄուսա լեռան 40 օրն՚ էր, որը, երկրորդ անգամ լինելով,  հրաշալի ընդունվեց, եւ ես վերադարձա ամբողջությամբ հարստացած, ինչն էլ ինձ մղեց հանգիստ չնստելուն, դեռ շարունակելուն, նոր գործ ստեղծելուն: Ձեզնից ոչ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ ուժ ունի Հայաստանի հանդիսատեսը: Ձեզնից փոխանցված յուրաքանչյուր շունչ ե'ւ գնահատական է, ե'ւ արժեւորում, ե'ւ հաստատուն մնալու ու ստեղծելու ներշնչանք, ե'ւ, իհարկե, ուժ:

- Ի՞նչն էր փոխվել հայրենիքում:

- Ամեն ինչ, մի՞թե պարզ չէ: Եվ բնական է, որ փոխվելու էր:  Այնպիսի մեծ փոփոխություն, որով անցավ մեր երկիրը` անսպասելիորեն, միանգամից եւ ոչ ճիշտ սկզբով, բնականաբար, ավերածություն էր բերելու իր հետ: Նույնիսկ աննշան տնտեսական-սոցիալական փոփոխություններն ահռելի ավերածություններ են գործում, իսկ երբ դրան ավելանում է նաեւ մի ամբողջ պետական կառույցի, համակարգի փոփոխություն, բնականաբար, այդ ամենը  խաթարելու էր նաեւ մարդկանց մտածելակերպը: Եվ, քանի որ մեր ժողովուրդն այս հսկայական փոփոխության մեջ ապրում ու դատում է, մինչեւ իսկ գործում հին հոգեբանությամբ, ուստի չի կարողանում իր ուղին գտնել: Իսկ ղեկավար խավը, օգտագործելով ժողովրդի այդ թույլ կողմը, ազատորեն շահագործում է ու էլ ավելի վատթարացնում նրա վիճակը: Ժողովրդին կրթող, նրան օգնող միջոցներ են պետք: Եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք նոր դիմագծով ժողովուրդ, ինչպես սովետական կարգերի օրոք ունեցանք:

mari1- Այս տարի ներկայացնում եք ՙՏիգրան Մեծ՚ մենաներկայացումը: Առաջին անգա՞մ եք խաղալու:

- ՙՏիգրան Մեծ՚-ը բոլորովին նոր ներկայացում է, որի բացումը, թատերային լեզվով` պրեմիերան, եղավ Կիպրոսում, որը ջերմ ընդունելության արժանացավ: Սովորաբար, իմ ներկայացումները, որքան էլ քաղաքական իրադրություններով եմ շաղախում, ամբողջովին ազգային զգացումներով են հագեցած: Այս մեկը` ՙՏիգրան Մեծ՚-ը, լրիվ քաղաքական ոգով ու զգացումներով, սուր երկխոսություններով ու խորը վերլուծությամբ, դատողություններով եւ մարդկային բնական հայրենասիրությամբ է լցված: Ես մտահոգ էի սփյուռքի հանդիսատեսի համար, որը միայն զգացմունքի վրա հիմնված նյութերի է վարժ: Բայց մենք միշտ թերագնահատում ենք մեր ժողովրդի կարողությունը, խորքը: Ես ուրախ եմ, ավելին`  երջանիկ, որ իմ արժեւորումը ճիշտ էր, եւ ժողովուրդն այն ընդունեց իր ամբողջ խորությամբ ու մանրամասներով` մինչեւ իսկ չհավատալով, որ կարելի է այսպիսի գործը միայնակ բեմադրություն դարձնել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում