livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

artistՕրերս, Կամերային թատրոնում տեղի ունեցավ մշակութային բանավեճ: Թատերական արվեստում հակասական շեշտեր միշտ են եղել, իսկ ՙԹատրոն X՚-5-րդ փառատոնից հետո անցկացված քննարկումների ու դիտարկումների արդյունքում ի հայտ են եկել առավել արդիական խնդիրներ` ՙմասնագիտական հեռանկարի փակուղում՚ անվանումով:

Բանավեճի ընթացքում նույնիսկ հնչեց ափսոսանք, որ միայն վերը նշված փառատոնից հետո սկսվեցին բուռն քննարկումներ, եւ առաջարկվեց, որպեսզի դրանք լինեն պարբերաբար: Ինչեւէ, ընթացքում բանախոսները բավականին հեռացան եւ շրջապտույտներ կատարեցին թեմայի շուրջ` մոռանալով, որ խնդիրը շրջանցելը դեռ լուծում չէ: Թեման պարունակում էր երեք գերխնդիր` ռեժիսորական կրթության ավարտ, թե որոնում, բեմական խոսքի չափանիշների ու մոռացման օգտակարություն եւ անկախ թատերախմբերը` մշակութային վտարանդիներ: Կարծիքները զանազան էին ու տարբերվող, բայց ընդհանուր խնդրի հիմքերը, թվում է, նույնն էին: Առաջին խնդրի մասին Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ շեշտեց, որ ուսանողի մոտ պետք է առաջացնել ցանկություն գիտելիքի հանդեպ: Այնուհետեւ, մանրամասնելով` ասաց. ՙՌեժիսորը հեղինակ է եւ ռեժիսոր դառնալու համար նախեւառաջ պետք է Աստծո կողմից շնորհված լինել այդ տաղանդով: Սակայն գոյություն ունեն ՙխոչընդոտել՚ եւ ՙխթանել՚ հասկացությունները: Առհասարակ, ստեղծագործականից զատ, Հայաստանում կրթական համակարգը չի գործում անհատին աջակցելու ուղղությամբ: Երբ դասախոսը չի ավելացնում գիտելիք, այլ պահանջում է իր գիտելիքները ետ վերադարձնել, ապա համակարգը հայտնվում է փակուղում, հետեւաբար, մարում է ցանկությունը գիտելիքի նկատմամբ՚:

Թատերագետ, ՙԹատրոն X՚-5-րդ փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ դիտողություններով եւ առաջարկներով հավելեց. ՙԿրթական համակարգը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, քանի որ ռեժիսորական մասնագիտական կրթությունը մնացել է 20-րդ դարի կեսերին: Ոչ պրոֆեսիոնալությունը համակարգում գտել է իր ուրույն տեղը, եւ դրա դեմ պայքարել է պետք: Արվեստագետի մեջ պետք է արթնացնել արվեստագետին...՚:

Պարոն Մութաֆյանը, քննադատելուց զատ, հանդես եկավ մի քանի առաջարկներով. ՙՎերացնել թատերական ասպարեզից եռաստիճան կրթական համակարգի ներդրումը, համագործակցել օտարերկրյա թատերագետների հետ փորձի փոխանակմամբ, քանի որ միայնակ, առանց զանազանության ոլորտը հայտնվում է ճահճացման մեջ՚:

Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ ՎԱՀԱՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ էլ ասաց. ՙԿա որոշակի գիտելիքների բազա, որին տիրապետելը պարտադիր է, սակայն, եթե մեր վարպետները ժամանակի բերմամբ հեռանան հանգստի, ապա մենք չունենք նրանց փոխարինող մասնագետներ: Կամ էլ կան, ուղղակի վերապատրաստման կարիք ունեն՚: Ըստ Բադալյանի, ռեժիսորը առաջինը աշխարհայացք է, երկրորդը` գեղագիտություն:

Խնդրին առավել մանրամասն անդրադարձավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, բեմադրիչ ԵՐՎԱՆԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ. ՙԴառնալ արվեստագետ չորս-հինգ տարում հնարավոր է: Սակայն դա չի կարելի ասել Հայաստանի մասին: Օրինակ, Ռուսաստանում ստեղծագործական կրթահամալիրում երբեք չես հանդիպի չստեղծագործող մարդու: Իսկ մեզ մոտ` ով կարող է, ով ուզում է եւ ով հնարավորություն ունի: Եթե դրսում ռեժիսուրայի բաժնում կարելի է հանդիպել երկու ուսանողի, ապա այստեղ` քսանհինգ եւ ավելի: Տարեկան ավարտում է  40-50 ուսանող: Իսկ առավել ցավալին այն է, որ լավագույն ուսանող համարվում է նա, ով ներկայացնում է չորս գործ: Իսկ թե ինչպիսին է այդ գործը, դա այլեւս էական չէ: Բացի այդ, այն մարդիկ, ովքեր հասել են ինչ-որ արդյունքների, չեն աջակցում ուսանողներին: Նրանք օգնելու փոխարեն սպանում են արտիստին: Դրանից զատ կան ոչ թե վարպետներ, այլ օգնականներ, որոնք ուսանողներին ասում են` ա°յ, սա չի կարելի` առանց բացատրելու, թե ինչու՚:

Վերջում դերասանը հավելեց. ՙԱշխարհը ներկայացնելու համար հարկավոր է ճանաչել այն՚:

Բանավեճի ընթացքում առաջ եկան շատ այլ կարեւոր խնդիրներ: Նախկին ուսանող Հենրիկ Քոչարյանը ասաց, որ ինքը ինստիտուտում չի անցել այն առարկան, որով հետագայում կկողմնորոշվեր, թե ինչպես գումար վաստակել իր մասնագիտությամբ: Այս ամենին զուգահեռ Լ. Մութաֆյանը նշեց, որ Մոսկվայում իր ուսանողական տարիներին ուսումնասիրել է այդպիսի առարկա եւ տեղյակ չէ, որ այժմ մեզ մոտ չեն ուսուցանվում նմանատիպ առարկաներ:

Իսկ գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի եւ դերասանական վարպետության ամբիոնի դասախոս, ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշեց, որ ամբողջ խնդիրը թաքնված է մեր ասիական մտածելակերպի մեջ:

Ընթացքում ոլորտին առնչվող բացերը, որոնք լուծում պետք է ստանային, քննարկվեցին: Իհարկե, առաջարկներ եղան համակարգում փոփոխություններ մտցնելու, սակայն թե այդ առաջարկներից որոնք ի կատար կածվեն, նորից մնում է անհայտ: Խնդրին լուծում տալու առաջարկով կարելի է ուղղակի հետեւել Չերչիլի խոսքերին. ՙԵրբ ես փոքր էի, ուզում էի փոխել աշխարհը, պատանեկության ժամանակ ուզում էի փոխել երկիրս: Հասուն տարիքում որոշեցի փոխել ընտանիքս եւ միայն մահվան ճիրանում հասկացա, որ պետք է փոխեի ինքս ինձ, եւ գուցե հնարավորություն լիներ այդժամ փոխել ընտանիքս, երկիրս եւ աշխարհը...՚:

Ներկայացրեց ՆՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում