livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

haso7 Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի համար 2011 թվականը ստեղծագործական առումով շատ բուռն տարի էր, որովհետեւ նախ` «Կարգին սերիալն» ունեցավ շարունակություն, այնուհետեւ` «No comment» ներկայացումը: Ապա այդ ամենի տրամաբանական շարունակությունը եղավ նոր ինտերակտիվ գեղարվեստական «Ալա Բալա նիցա» ֆիլմը: Իսկ ահա 2012 թվականի համար դերասանուհին պլանավորել է ամուսնանալ. «Շատ եմ ուզում ընտանիք կազմել, սիրող ամուսին ու բալիկներ ունենալ»: Ինչ վերաբերում է ստեղծագործական ծրագրերին, Հասմիկը նպատակ ու մեծ ցանկություն ունի դուրս գալ համաշխարհային շուկա, ստեղծագործել այլ երկրներում. «Չեմ կարծում, որ էստեղ դեռ ինչ-որ անելիքներ ունեմ: Չեմ ասում, որ հասել եմ բարձունքի: Մեր երկրում ինչ որ կա, այդ է, սրանից ավելին էլ չկա: Շատ քիչ եմ համարում այն ամենը, ինչին հասել եմ: Ես դեռ ոչ մի բան չեմ արել»:

ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԳՈՀ ԵՄ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

- «Կարգին սերիա՞լ», «No comment», թե՞ «Ալա Բալա նիցա», ո՞րը կառանձնացնես քեզ համար:

- «Ալա Բալա նիցա» ֆիլմը, որովհետեւ առաջին անգամ էի գեղարվեստական ֆիլմում խաղում: Ինձ համար նորություն էր, նոր շունչ էր: Շատ շնորհակալ եմ Աստծուն, որ գեղարվեստական ֆիլմում առաջին փորձս եղավ բարձր մակարդակի վրա: Թե՛ ռեժիսորը, թե՛ դերասանական կազմը պրոֆեսիոնալ էին, ինչի արդյունքում նկարահանման աշխատանքները շատ հեշտ ընթացան: Իսկ բեմում խաղալու փորձ արդեն ունեցել եմ` «7,5» ներկայացման ժամանակ, բայց փոքր դերերով: «No comment»-ում դերս ավելի մեծ է ու ծավալուն: Սիրում եմ բեմը, ինձ համար օդ ու ջուր է: Ճիշտ է, թատրոնում չեմ խաղում, բայց կոմերցիոն ներկայացումներում երբ մեկ-մեկ զբաղվում եմ, կարծես թարմ օդ եմ շնչում: «Կարգի սերիալը» իր տեսակի մեջ նորություն էր, բայց այնպես չէ, որ ինձ համար էլ էր նորություն, մանրապատումներում խաղացել էի:

- Ուշադրություն դարձնո՞ւմ ես, որպեսզի կերպարներդ չկրկնվեն:haso6

- Մեծ ուշադրություն եմ դարձնում, ինձ վրա միշտ աշխատում եմ: Չեմ աշխատում այդ ուղղությամբ միայն աշխատելու համար, որ միայն թե նկարահանվեմ: Այլ ինձ պատկերացնում եմ ժողովրդի փոխարեն, թե ինքս ի՞նչ կուզենայի տեսնել, ինչի՞ց հաճույք կստանայի, ինչի՞ վրա կծիծաղեի: Մի Հասմիկին դնում եմ մի կողմ, որին ժողովուրդն է նայում, մյուս Հասմիկն էլ՝ խաղում է: Երբ մի Հասմիկը հավանեց մյուս Հասմիկին, արդեն ինձ մոտ ամեն ինչ «բալանսի» է գալիս, դա նորմալ է:

- Հետաքրքիր մեխանիզմ ես մշակել, փաստորեն դո՞ւ ես քո քննադատը:

- Իմ ամենամեծ քննադատը ես եմ, եւ միշտ չէ, որ գոհ եմ լինում իմ աշխատանքից: Անընդհատ ինչ-որ բաներ գտնում եմ: Կողքից ասում են` լավ է, բայց ես անընդհատ ուզում եմ ոսկերչի աշխատանք տանել:

- Հեռուստադիտողը սովոր է քեզ տեսնել որպես կոմեդիայի ժանրի դերասանուհի: Իսկ դու քեզ այլ ժանրում տեսնո՞ւմ ես:

- Ես ինձ համարում եմ դերասանուհի: Յուրաքանչյուր դեր պատվով եմ կատարում եւ կկատարեմ: Գուցե մի քանի տարի առաջ մի քիչ անվստահ կզգայի, բայց փորձը, պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելը, խմորվել-հունցվելը բերեց նրան, որ ես վստահ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր դեր պատվով կխաղամ:

- Գրեթե միշտ Հասմիկ Ղարիբյանին տեսնում ենք դերասան-գործընկերների հետ խաղալիս: Ավելի հեշտ է աշխատել դերասանուհի՞, թե՞ դերասան գործընկերների հետ:

- Էկրանից փորձ ունեցել եմ կնոջ հետ խաղալ, բեմում` ոչ: Բայց, երեւի թե տղամարդկանց հետ ավելի հեշտ է աշխատելը, որովհետեւ տղամարդիկ կոմպրոմիսի գնում են, կանայք` ոչ: Ամեն կին իր մեջ ունի մի ես, որը բնորոշ է միայն կնոջը, տղամարդը մի քիչ ավելի զիջող է:

- Նոր նախագծերում առաջարկ ստանալու դեպքում կարեւորո՞ւմ ես զուգընկերոջ ով լինելը:

- Դա ինձ համար շատ կարեւոր է: Որովհետեւ, եթե դիմացին եղավ ոչ պրոֆեսիոնալ եւ անտաղանդ, ինձ համար տանջանք կլինի իր հետ խաղալը: Այսինքն, ընդհանուր եզրեր չենք գտնի: Նա իմ խաղը կփչացնի, իր խաղն էլ անհասկանալի կլինի: Ես գոհ եմ, որ միշտ աշխատել ու կողքիս եղել են պրոֆեսիոնալներ: Եղել են ինչ-որ սերիալներ, որտեղ Հայկոն ու Մկոն չեն եղել, այլ աշխատել եմ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, դժվար է եղել խաղալ: Ինձ համար դերասանը, արտիստը առաջին հերթին պետք է ունենա «շարմ», խարիզմա: Անգամ ժպտալիս, թեկուզ բառ չփոխանակի, պետք է գրավի, նույնիսկ փոքրիկ ժեստով ուշադրության արժանանա:

 

ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՔԻՉԸ ԼԻՆԵՍ ՕԼԻԳԱՐԽ, ՈՐ ՀԱՎԵՍԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՆ ՄԻ ԵՐԿՈՒ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ՆԿԱՐԱՀԱՆԵՍ


haso4- Անցում կատարենք Հասմիկ Ղարիբյան երգչուհուն: Երգարվեստում դադա՞ր ես հայտարարել:

- Ուղղակի այն ժամանակ ունեի հավես, հիմա չունեմ: Առաջին հերթին մեծ գումարներ են պետք տեսահոլովակի համար: Մեծ գումար ես ներդնում, տեսահոլովակ նկարահանում ու դրա կեսը չես վերադարձնում: Նշանակում է, որ պետք է ամենաքիչը լինես «օլիգարխ», որ հավեսի համար տարին մի երկու տեսահոլովակ նկարահանես: Մինչ տեսահոլովակ նկարահանելը` երգը, գործիքավորումը, ստուդիան մեծ ծախս է: Հետո մեզ մոտ Հայաստանում շոու-բիզնես չկա:

- Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը լավ գումար վաստակո՞ւմ է:

- Այո, ես լավ վարձատրվում եմ որպես դերասանուհի:

- Եթե քեզ հրավիրեն որեւէ ֆիլմում նկարահանվելու, շա՞տ գումար կպահանջես:

- Կոմպրոմիսի միշտ գնում եմ: Այս դեպքում ամենակարեւորը ինձ համար թիվը չէ: Եթե լավ ֆիլմում նկարահանման առաջարկ ստանամ եւ իմ ուզած դերը լինի, կոմպրոմիսի կգնամ: Բայց վատ ֆիլմի, վատ կերպարի կամ սցենարի դեպքում ընդհանրապես չեմ նկարահանվի, եթե նույնիսկ մեծ հոնարար առաջարկեն:

- Ի՞նչ կրթություն ունի Հասմիկ Ղարիբյանը:

- Ավարտել եմ Էստրադային արվեստի պետական քոլեջի վոկալ բաժինը: Պարարվեստի ուսումնարանի ժող. բաժինը ու Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի դաշնամուրի 7-ամյա բաժինը:

- Երազե՞լ ես դառնալ դերասանուհի, թե՞…

- Երեք տարեկան հասակում ինձ երբ հարցնում էին` ի՞նչ ես դառնալու, ասում էի` համաշխարհային: Չէի կարողանում լավ խոսել, բայց իրականում ուզում էի ասել, որ համաշխարհային ճանաչում եմ ուզում ունենալ: Փոքր ժամանակ պարում էի տանը, կերպարանափոխվում էի: Երաժշտությունը միացնում էի ու հյուրերի համար պարում, հայտնի մարդկանց էի նմանակում: Ասում էի` դառնալու եմ երգչուհի, պարուհի, դերասանուհի: Այսինքն` դեռ չէի կողնորոշվում (ժպտում է.- Ա.Ղ):

 

«ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺՊԻՏՈՎ ՄԵՐԺԵՑ ՄԵԶ»


- Այդ դեպքում ինչո՞ւ չսովորեցիք Թատերական ինստիտուտում:

haso3- Թատերական ինստիտուտում սովորեցի երկու ամիս, որպես ազատ ունկնդիր, հետո դուրս եկա: Այն ժամանակ ես ընդունվել էի «Գլաձորի» պետական համալսարան: Երբ ուզում էի տեղափոխվել Թատերական ինստիտուտ, այն ժամանակ ռեկտորը Սոս Սարգսյանն էր, պապայի (խոսքը մեծ դերասան Իշխան Ղարիբյանի մասին է,- Ա.Ղ.) հետ մտանք նրա մոտ, սակայն ասացին, որ հնարավոր չէ տեղափոխել, քանի որ դասերն արդեն սկսվել են: Հայրս առաջարկեց, որ հանձնեմ բոլոր քննությունները, միայն թե առաջին կուրս նստեմ: Ասացին, որ այդպիսի բան հնարավոր չէ: Հայրս առաջարկեց որպես ազատ ունկնդիր, կամ գոնե զրո կուրս նստեմ, կրկին մերժում ստացա: Սոս Սարգսյանը ժպիտով մերժեց մեզ: Ես կարող էի բոլոր քննությունները հանձնել, բայց մեզ ասացին, որ քանի որ «Գլաձոր»-ը պետական ինստիտուտ չէ, չեմ կարող տեղափոխվել: Ես էլ հորս ասացի. պապ, դու տուն գնա, ես իմ գլխի ճարը կտեսնեմ: Չասացի, թե ինչ էի որոշել: Հորս գնալուց հետո մտա Գուժ Մանուկյանի կուրս, ասացի, որ ինձ Սոս Սարգսյանը նշանակել է ձեր կուրսում, որպես ազատ ունկնդիր: Փաստորեն ստեցի: Գուժ Մանուկյանը ինձ հավատաց:

- Կարելի է ասել, հենց այդ պահից սկսվեց քո դերասանական կարիերան:

- Կարելի է այդպես ասել: Գուժ Մանուկյանը միշտ գոհ էր ինձանից: Ինձ գովում էր, ես էլ ինձ լավ էի զգում: Երկու ամիս դասերին գնալուց հետո զգացի, որ չեմ կարող այդ ամենը նորից վերսկսել մեկ տարի անց: Ինձ համար դա լճացում էր, դուրս եկա, գնացի Էստրադային արվեստի պետական քոլեջ:

- Ունես նաեւ Ռադիոյում աշխատելու փորձ: Ինչո՞ւ այսօր չես շարունակում աշխատել այդ բնագավառում:

- Այնքան գոհ եմ ռադիոյի աշխատանքից: Թեկուզ, որ իմ հաճույքի համար էի աշխատում եւ առանձնապես մեծ գումար էլ չէի ստանում: Ռադիոն ինձ օգնեց հղկել խոսքս: Հիմա չեմ աշխատում ժամանակի սղության պատճառով:

- Ինչպե՞ս ես վերաբերվում, երբ հաճախ քեզ ճանաչում ու դիմում են` «Կարգին Հասո»:

- Կարգինը տան անդամ է դառել: Նորմալ եմ վերաբերվում: Եթե փողոցում գոռան` Կարգին Հասո, լավ չեմ վերաբերվի, բայց ընդհանրապես կարգինը հարազատ բառ է ինձ համար:

 

«ԷՈՒԹՅԱՄԲ ԳԻՏԵՄ, ՈՐ ՀԱՂԹՈՂ ԵՄ»

 

haso2- «Կարգին Հասոն» մասնակցեց նաեւ այլ նախագծերում, մասնավորապես` «Երկու աստղ»-ում:

- «Երկու աստղ»-ում ձայնս լավ բացվեց: Լիքը գույներ կար այդ նախագծում, լարված նյարդեր...

- Կա՞ր հաղթանակի ձգտում:

- Բնականաբար: Ես էությամբ գիտեմ, որ հաղթող եմ: Վստահություն ունեմ իմ մեջ: Ինչ գործ որ անում եմ, վստահ եմ, որ շատ լավ եմ անում: Ոչ մի րոպե չեմ վախենում կամ կասկածում, չգիտեմ` դա լա՞վ է, թե՞ վատ: Այստեղ արդեն այլ խնդիր է` հաղթանակն ինձ կտա՞ն:

- Հաճա՞խ ես բամբասանքներ լսում քո մասին:

- Չեմ էլ հիշում, կամ, ավելի ճիշտ, բանի տեղ չեմ դնում, դրա համար չեմ էլ ուզում լսել: Յուրաքանչյուր արտիստի մասին էլ միշտ խոսում են: Այնքան միեւնույն է ինձ համար այդ խոսակցությունները, որ չեմ էլ անդրադառնում:

- Ասում են. «Կարգին Հասոն» գոռոզ անձնավորություն է:

- Գոռոզ չեմ, երանի թե մի քիչ գոռոզ լինեի: Լավ է, որ այդ կարծիքը կա, գոնե քիչ կանհանգստացնեն (ծիծաղում է.- Ա.Ղ.):

- Երկրպագուներդ շա՞տ են անհանգստացնում:

haso- Սոցիալական ցանցերով, հեռախոսի զանգերով հիմնականում տղամարդիկ են գրում, զանգահարում: Սոցիալական ցանցերով շփվում եմ երկրպագուներիս հետ, պատասխանում եմ նամակներին, նույնիսկ խորհուրդ են հարցնում, ես էլ ուղղակի մեծ սիրով պատասխանում եմ: Բայց լինում են դեպքեր, որ զարմանում են ու հարցնում են` իրականում  ես ե՞մ, թե՞ ոչ: Բայց, առաջին հերթին, մարդ եմ, նույն միս ու արյունից: Ինձ ոչ մի անգամ որեւէ մեկից բարձր չեմ դասել:

- Իսկ երկրպագուների կողմից հետաքրքիր անակնկալներ եղե՞լ են:

- Ոչ, ինքս թույլ չեմ տվել:

- Իսկ ծաղիկնե՞ր:

- Հաճելի է, որ անծանոթից ծաղիկ եմ ստանում:

- Ծափահարություններն ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար:

 - Հաճելի է, որ ներկայացման ավարտին ծափահարությունների ես արժանանում: Բայց, հաճախ այնքան հոգնած ենք լինում, որ ծափահարությունները լիովին չենք կարողանում վայելել: Ամեն դեպքում, ծափահարություններն այն ուժն են, որ արտիստին միշտ պետք է:

 

«ԱՐՏԱՔԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆԻՑ Է ԳԱԼԻՍ»


haso5- Ո՞րն է Ձեր գեղեցկության գաղտնիքը:

- Առանձնակի մեծ խնամք չեմ կիրառում ինձ համար: Չեմ գնում կոսմետոլոգի մոտ, ինքս եմ իմ խնամքով զբաղվում: Արտաքին գեղեցկությունը ներքինից է գալիս: Իմ դեպքում էլ է այդպես, այսինքն` ներքինս շատ «կեղտոտված» չէ՝ ծանր մարդ չեմ, անգամ երեխայի գծեր ունեմ: Երեւի թե դա է, որ ինձ թարմ ու երիտասարդ է պահում: Կարելի է ասել, որ դա գալիս է գեներից, մեր ընտանիքում բոլորն էլ երտասարդ են երեւացել:

- Տան գործերում կամ խոհանոցում ինչպիսի՞ն ես :

- Խոհանոցային գործերում ես չկամ: Ճիշտն ասած, չեմ սիրում խոհանոց: Եփել-թափել, սարքել տանել չեմ կարողանում: Դա իմը չէ, մայրս է պատրաստում մեր ուտելիքները:

-Իսկ ի՞նչն է քոնը:

- Իմն արվեստն է: Ես ավելի շատ տղամարդու հատկություն ունեմ, ես սիրում եմ տուն փող բերել:

- Առատաձե՞ռն ես:

- Չափազանց: Տանել չեմ կարողանում ձեռնփակ մարդկանց:  Ինձ համար իրենց հոգին էլ է փակ:


Զրուցեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում