livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

blbulՀՀ մշակույթի նախարարությունը ՙՄշակութային կրթության աջակցություն՚ հիմնադրամի հովանավորությամբ կազմակերպեց ՙՀազարան բլբուլ՚ մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների առաջին հանրապետական մրցույթ-փառատոնը: Փառատոնը բաղկացած էր երկու փուլից, որի առաջին փուլն անցկացվել է մայիսի 14-30-ը` ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում, երկրորդ փուլը` հունիսի 2-4-ը` Երեւանի Համազգային պետական թատրոնում:

Փառատոնի մասնակից խմբերը 26-ն էին, 625 տարբեր տարիքային խմբերի աշակերտներ` ՀՀ մարզերի եւ Երեւանի դպրոցներից: Առաջին փուլի մրցույթից մյուս փուլ անցավ 10 խումբ:

Հունիսի 4-ին Երեւանի Համազգային պետական թատրոնում տեղի ունեցավ մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը, որին մասնակցում էին Պ. Չայկովսկու անվան դպրոցի սաները` ԶԱՐՈՒՀԻ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ ՙՄայրիկ՚ բեմադրությամբ, Գավառի միջնակարգ դպրոցը` ՍԻՐԱՆՈՒՇ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՙԲուրատինոյի արկածները՚ բեմադրությամբ, եւ Ա. Սպենդիարյանի անվան դպրոցը` ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ հեղինակած ՙԲարեւ, ես Երեւանն եմ՚ երաժշտական թատերական կոմպոզիցիայով:

Նախագծի գեղարվեստական ղեկավար ՆԱԻՐԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչպե՞ս ծնվեց երաժշտական փառատոն կազմակերպելու գաղափարը, որ՞ն էր նրա նպատակը, եւ ինչպե՞ս է ընտրվելու հաղթող խումբը. ՙԵրբ ուսանող էի, նայեցի ՙՕլիվեր՚ ֆիլմը եւ մտածեցի` ինչու մեզ մոտ չեն կազմակերպվում նման մյուզիքլներ, եւ իմ երազանքը դարձավ մի օր կազմակերպել երաժշտական փառատոն: Նպատակը գեղագիտական դաստիարակությունն է երաժշտական բնագավառում, երեխաների մոտ թատերական, երաժշտական արվեստը, պարարվեստը զարգացնելը:  Մենք ունեցանք 29 հայտ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղից, որն անսպասելի էր մեզ համար: Մրցույթի ընթացքում գնահատվում է պրոֆեսիոնալիզմը, մաքուր երգեցողությունը, երեխաների, ծնողների ու ուսուցիչների քրտնաջան աշխատանքը: Նույնիսկ ուշադրություն է դարձվում հագուստներին: Ամենահետաքրքրականն ուսուցիչների ու ծնողների համատեղ աշխատանքն էր երեխաների հետ. պրոֆեսիոնալ դերասանական աշխատանքից սկսած` մինչեւ հագուստի ձեւավորում: Ինքս եմ տեսել, թե ինչպես են ծնողներն ու ուսուցիչները կտորներից հագուստներ կարում` դրամական միջոցներ չունենալու պատճառով: Հուսամ, որ բոլորիս աշխատանքը մեծ հաջողություն կունենա, եւ հնարավորություն կունենանք գնալ դեպի միջազգային ասպարեզ՚:

Ն. Ներսիսյանն առանձնացրեց մարզերի երեխաներին` նշելով, թե որքան տաղանդավոր էին ու ինչպիսի բարդ աշխատանքներ էին ներկայացնում ժյուրիին: Եվ ցավով հավելեց, որ մասնակցության հայտ չունեին Լոռիից եւ Գյումրիից: Նշենք, որ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներն էին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր եւ խմբավար Կարինե Առաքելյանը, պարարվեստի պետական քոլեջի դասախոս Սրբուհի Բաբայանը եւ թատերական ինստիտուտի դերասանական բաժնի ղեկավար, ինչպես նաեւ Համազգային թատրոնի դերասանուհի Արմենուհի Անդրեասյանը: Իսկ հաղթող խմբի մրցանակը կլինի հայ արվեստագետ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԴԱՉԻԿԻ հեղինակային գործերից մեկը, որը բավականին թանկ ու մնայուն աշխատանք է: Իսկ փառատոնի հանդիսավոր փակման եւ պարգեւատրման արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին` Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում:

ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում