livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

EmmyԵրեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում հյուրընկալված երգչուհի ԷՄՄԻՆ եւ ֆրանսահայ երգիչ ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ լրագրողների հետ կիսվեցին իրենց մի քանի ամիսների համագործակցության եւ այսօր արդեն թողարկվելիք ՙԷրեբունի-Երեւան՚ տեսահոլովակի պրեմիերայի շուրջ:  Չնայած իր ոչ վարժ հայերենին` ֆրանսահայ երգիչը ամեն կերպ ջանում էր հայ լրագրողների հետ շփվել հայերեն լեզվով եւ փորձել հասկանալ հայերեն հնչեցրած հարցերը. ՙՖրանսիայում հայերեն խոսելու փորձ չունեմ, բայց կարող եմ խոսել: Որ մեկ ամիս այստեղ լինեմ, մաքուր հայերեն կխոսեմ՚:

Երգչուհի Էմմին էլ հավաստեց, որ մեկ ամսվա ընթացքում Եսայիի մոտ բավականին լավ է ստացվում հայերեն խոսելը. ՙՄոտ 3-4 ամիս առաջ ՙՄենք եւ մենք՚ նախագծի շնորհիվ ենք ծանոթացել, եւ պիտի ասեմ, որ այդ ժամանակ նա ավելի քիչ էր հայերեն խոսում, բայց հիմա բավականին կարողանում է խոսել՚:

Եսայիի խոսքերով, երբ Հանրային հեռուստաընկերությունից ստացել է նախագծին մասնակցության` Էմմիի հետ միասին հանդես գալու հրավերը, սկսել է ուսումնասիրել երգչուհու աշխատանքները, հավանել ու ընդունել է առաջարկությունը. ՙԿարծում եմ` մեր երկուսի ձայները համապատասխանում են. մեկս մյուսիս լրացնում ենք ե՛ւ ձայնային, ե՛ւ արտիստիկ կողմով, այդ պատճառով էլ որոշեցինք ավելի հեռուն գնալ եւ չսահմանափակվել ՙՄենք ու մենք՚ ծրագրով: Դրա շրջանակներում էլ եղավ ՙԷրեբունի-Երեւան՚ երգի տեսահոլովակը՚:

ՙՆախագծի ընթացքում կատարել ենք տարբեր երգեր` միջազգային հիթ, ազգագրական երգեր, հայ եւ ֆրանսիացի կոմպոզիտորների երգեր, մեր հեղինակային երգերը, որոնք ժամանակի ընթացքում կատարել ենք: Բայց տեսահոլովակը նկարահանվեց հենց այս երգի հիման վրա, որովհետեւ այն բոլորիս համար արժեք ունեցող երգերից է: Մեր բոլոր հիմներից ամենաշատը այս հիմնն եմ սիրում: Իհարկե, Արամ Խաչատրյանին դնենք մի կողմ. այն արդեն դասական է՚,- նշեց Էմմին: Ապա նա հավելեց. ՙԵրգի այս տարբերակը մի քիչ անսովոր կլինի: Այն բազմիցս կատարել եմ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս անգամ այն մի քիչ ընդլայնվել եւ ավելի ազատ կատարում է դարձել՚:

Եսային էլ ավելացրեց, որ երգի այս տարբերակը օտարազգիների համար է, որ հասկանան, թե մեր մշակույթը, էմոցիան ինչ է. ՙՀուսամ, որ տեսահոլովակը դիտող յուրաքանչյուր օտարազգի ներկայացուցիչ կփափագի Հայաստան գալ՚: Լրացնելով գործընկերոջը` Էմմին հավելեց.ՙՄի խոսքով, երգը տուրիզմի զարգացմանն է նպաստում՚:

Ֆրանսահայ երգչի խոսքերով. ՙՇատ սիրուն մեղեդի ունենք, ուզեցի, որ օտարերկրացիներն էլ լսեն այն: Այս երգը մեծ մայրիկիս հետ եմ սովորել եւ հիշում եմ, որ միասին դաշնամուրի մոտ էինք երգում: Կարծում եմ, որ տատիկս վերեւից մեզ է նայում եւ հպարտ կլինի այս երգի նոր տարբերակի համար, որն ավելի հասանելի է օտար հանրության համար՚:

Ֆրանսահայ երգչի փոխանցմամբ` իր ծնողները հայ են, սակայն ինքը ծնվել է Ֆրանսիայում, բայց դա չի խանգարում, որ երգիչը ստեղծագործի եւ համագործակցի ֆրանսիացի հայտնի արտիստների հետ: ՙՀամագործակցում` գործիքավորում, երգեր եմ գրում բազմաթիվ ֆրանսիացի արտիստների համար: Ճանաչո՞ւմ  եք ֆրանսիացի արտիստներին. Ջենիֆերին, Միշել Լեգրանին... Վերջինիս հետ երգել եմ ՙՌոմեո, Ջուլիետ՚ կատակերգությունում: Համագործակցում եմ Ֆրանսիայի առաջին ալիքի հետ: Վերջերս թողարկել եմ նոր ձայնասկավառակ: Գիշեր-ցերեկ երաժշտություն եմ գրում՚:

Էմմին, պատմելով Եսայիի երաժշտությամբ ոգեւորվածության մասին, հավելեց. ՙԵրբ նախագծի նկարահանումների ու ձայնագրությունների ժամանակ շատ քիչ օր ունեինք, բայց շատ աշխատանք, ու երբ այդ հոգնած գրաֆիկի հետ մեկտեղ հարցնում էի` Եսայի, սովա՞ծ ես, ի՞նչ կուզես ուտել: Պատասխանում էր. ՙՈ՛չ, սոված չեմ, երաժշտությունն ինձ սնում է՚: Նա այնքան շատ էր տարված երաժշտությամբ, որ չէր էլ մտածում ուտելու մասին: Ես չէի դիմանա երաժշտությամբ սնվելուն՚,- պատմեց Էմմին: Ապա երգչուհին շարունակեց. ՙՏեսահոլովակի նկարահանումները եղել են ողջ օրվա ընթացքում` Հայաստանի տարբեր մարզերում եւ գեղեցիկ ու տեսարժան վայրերում՚: Լրացնելով Էմմիին` Եսային ընդգծեց. ՙՉէի ցանկանում, որ տեսահոլովակը ստեղծվեր միայն Հայաստանում, այդ պատճառով ես երկու թիմով էի եկել: Ռեժիսորը, ով նկարահանել է իմ բոլոր տեսահոլովակները եւ բավականին առանձնահատուկ աչք ունի, կարողացավ Հայաստանը տեսնել մեկ այլ տեսանկյունից: Հենց դա էլ նորություն է մտցնում տեսահոլովակի մեջ: Կարեւոր չէ` այն կոմերցիո՞ն կլինի, թե՞ ոչ, կարեւորը երաժշտությունն է ու որակը՚:

Բանախոսները կարծում են, որ նախագիծը կմնա Երեւանի արխիվում: Էմմիի ընդգծմամբ. ՙՏարիներ անց մեր թոռները եւ ծոռները կկարողանան Երեւանը գեղեցիկ տեսնել հենց այդ տեսահոլովակի շնորհիվ՚: Իսկ Եսային էլ հավաստիացրեց, որ Էմմիի հետ համագործակցությունը չի սահմանափակվի այս նախագծով. ՙՍա ընդամենը սկիզբն է, համոզված եմ, որ շարունակություն կլինի ե՛ւ Էմմիի, ե՛ւ շատ այլ հայ արտիստների հետ: Բացառիկ արտիստներ եմ հայտնաբերել Հայաստանում, կցանկանայի, որ իմ ունեցած փորձն էլ փոխանցել նաեւ նրանց: Շատ գեղեցիկ հայկական մեղեդի ունենք, շատ բան կարող ենք միասին անել: Կարծում եմ` ՙԷրեբունի-Երեւան՚ երգի նոր տարբերակը Հայաստանի մասին մի նոր պատկերացում կտա՚:

Թե ինչպես կընդունվի ավանդական ՙԷրեբունի-Երեւան՚ երգի նոր տարբերակը, այդ առթիվ Էմմին ունի մտավախություն, բայց. ՙՓորձել ենք ամեն ինչ անել շատ գեղեցիկ, եւ, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Մեկին դուր կգա, մյուսին` ոչ: Ամեն դեպքում փորձել ենք ամեն ինչ շատ զգույշ անել եւ չխախտել մեր ավանդական հիմն կոչված երգի կանոնները՚:

Եսայիի համոզմամբ` երգի երաժշտությունը շատ հին է, բայց պահպանել են մեղեդին ու տվել են նոր ձեւավորում. ՙՄենք 2012 թվականում ենք, ամեն ինչ էվոլյուցիայի մեջ է, ամեն ինչ զարգանում է, հետեւաբար, մշակույթն ու երգը եւս պիտի զարգանան, իհարկե, մնալով հիմքին հարազատ: Կարող ենք դասական էլ երգել, բայց նոր տարբերակ պետք է անել, որ ասեն` հայերը գեղեցիկ երաժշտություն եւ երգ ունեն, որը լսելով` կուզեն գալ մեր երկիր, սովորեն եւ ծանոթանան մեր մշակույթի հետ եւ ասեն` գնանք Հայաստան: Որ ամեն անգամ չասեն` մեղք են հայերը, Ցեղասպանություն են տեսել: Մեղք չենք, ուժեղ ենք, յուրաքանչյուր հայի աչքերը փայլում են: Դա է կարեւոր, որ բոլորն ասեն. ՙԳեղեցիկ երկիր է, կեցցե Հայաստանը՚:

Լրագրողների հետ հանդիպումն ավարտվեց Էմմիի եւ Եսայիի ՙԷրեբունի-Երեւան՚ երգի ակապելլա կատարումով:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում