livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանին «Պահանջվում է միլիոնատեր»  ֆիլմից հետո ծանոթները հաճախ են հարցնում. «Նառ, հիմա միլիոնատե՞ր, թե՞ միլիարդատեր»: Իսկ կյանքում չի էլ փորձում հաշվել տղամարդկանց այն քանակը, որոնք են ամուսնացած, որոնք՝ հարուստ կամ ամուսնալուծված: Կարծում է, որ երբ դիմացինը տեսնում է իր ներաշխարհը այնպիսին, ինչպիսին կա, դառնում է քոնը, դու՝ իրենը:  Շատ է ցավում, երբ իր համար շատ հարազատ ընկերները սիրահարվում են իրեն: Ու  խոստովանում է, որ ավելի շատ շփվում է տղամարդկանց հետ:

 

Իսկ ահա բեմական կյանքի ու գործունեության մասին դերասանուհին համեստորեն լռում է: Չնայած գուցե դա էլ արդարացված է այնքանով, որ իրոք դերասանի կամ դերասանուհու որակն ու  դերասան տեսակը ճանաչելու համար պետք է դիտել նրա մասնակցությամբ ներկայացումները: Այդ ամենը սկսվեց, երբ 2009թ. Նաիրան ավարտելով Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտը, ի դեպ, անվճար, հետո սկսեց աշխատել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կյանքի կարուսել» ծրագրում:

- Ինձ սկսեցին ճանաչել ու սիրել այդ նախագծից, հետո արդեն «Պահանջվում է միլիոնատեր» գեղարվեստական ֆիլմից, հիմա էլ արդեն «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալից: Որեւէ թատրոնում ես չեմ աշխատել, բայց Սունդուկյանի անվան մայր թատրոնում խաղացել եմ մասսայական տեսարաններում: Եղավ առաջարկ՝ ընդունվել թատրոնում աշխատանքի, բայց քանի որ չգիտեմ իմ բեմական գործունեության ընթացքն ինչպիսին կլինի, չհամաձայնվեցի: Այն, ինչ կապված է իմ մասնագիտության հետ,  իմ հանդիսատեսին  կարողանում եմ տալ ներկայացումների միջոցով: Երկու տարի առաջ սկսեցի նկարահանվել «Կյանքի կարուսել» հաղորդաշարում: Իսկ Նարեկ Դուրյանի  «Դոն Ժուան Ավիա» ներկայացումից հետո «Շարմ» ընկերության կողմից եղավ առաջարկ՝ նկարվել «Պահանջվում է միլիոնատեր» գեղարվեստական ֆիլմում: Չնայած սկզբից ցանկություն կար մարմնավորելու ֆիլմում անընդհատ հեռախոսով խոսացող աղջկա կերպարը (չնայած զրույցի ընթացքում դերասանուհին խոստովանեց, որ չի սիրում հեռախոսով երկար խոսել), բայց ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը համոզեց, որ այդ երեք կերպարներին առաջնորդող աղջիկը լինեմ: «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում էլ Դավիթ Բաբախանյանը եւ Ալիկ Հարությունյանը որոշել էին, որ ուղղակի էպիզոդիկ մասնակցություն ունենամ, ինչի համար ուրախ եմ, որովհետեւ նկարահանումներն ինձանից շատ ժամանակ չեն խլում:

- Այսօր շատ է խոսվում այն մասին, որ լավ դերասանը կամ դերասանուհին պետք է հրաժարվեն նկարահանվել սերիալներում: Դուք ի՞նչ կարծիքի եք:

- Ավելի վատ է, երբ դերասանը սոված տանն է ման  գալիս: Սերիալներում աշխատելը օգնում է դերասանին օբյեկտիվի հետ գրագետ ու ճիշտ աշխատանք տանել: Եվ եթե  ուշադիր նայենք մեր հին գեղարվեստական ֆիլմերը, կնկատենք, թե որքան պաթոգեն ու կեղծ հնչյուններ կան, եւ որքան սխալ են աշխատում դերասանները օբյեկտիվի հետ: Եթե բեմում հանդիսատեսի հետ անմիջական կապ է լինում, ապա ֆիլմում դա լինում է օբյեկտիվի միջոցով, որն ավելի բարդ է, ու անհրաժեշտ է ունենալ փորձ: Ամեն ինչ գալիս է մինիմալից, ու ժամանակ է հարկավոր այդ ամենը զարգացնելու համար:

- Իսկ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմից հետո Ձեր հոնորարն ավելացա՞վ:

- Գործը մնում է գործ, ընկերությունը` ընկերություն: Թատրոնում ստանում եմ այնքան, որքան ինձ բավարարում է, ավելին պահանջելը անիմաստ եմ համարում: Էկրանի համար ունեմ, կոպիտ ասած, իմ գումարը, որը ենթակա չէ փոփոխության: «Շարմ»-ի ֆիլմից հետո, բնականաբար, մեծացել է հոնորարի չափը գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար: Իսկ այդ ֆիլմում նկարահանվելու համար ես ստացել  եմ նորմալ մինիմալ գումար:

- Ձեր խաղացած կերպարները, ըստ Ձեզ, միանման չե՞ն:

- Ամեն ինչ փորձում ես անել, որ ամեն մի կերպար մյուսից տարբերվի, բայց ընդհանուր գիծ գտնվում է: «Կյանքի կարուսելում» մարդկանց  առօրյա կյանքն եմ ներկայացնում, ավելի շատ բնականին մոտ է լինում: Գեղարվեստական ֆիլմում  ժամանակ ես ունենում քո կերպարը վերլուծելու: Դերի հետ կապված՝ ես շատ եմ սիրում հարցեր տալ, փոփոխություններ անել, կամակոր  եմ այդ հարցում:

- Գիտենք,  որ շատ լավ երգում եք, ունեք բոլոր այն տվյալները, որով կարող եք նաեւ որպես երգչուհի ներկայանալ: Արդյո՞ք  մոտ ապագայում նման պլաններ կա՞ն:

- «Երկու աստղում» երգելուց հետո երգի հետ կապված ոչ մի սպասելիք չեմ կարող ունենալ` հատկապես հայ շոու-բիզնեսում: Շատ ուրախ կլինեի չճանաչել այդ խոհանոցը, չեմ սիրում, երբ արվեստը մի քիչ շատ են սարքում շուկա: Ես ունեմ դաշնամուրային եւ վոկալային կրթություն, ամբողջ իմ գիտակցական կյանքում երգել եմ օրկեստրով: Կարծում եմ, որ դերասանուհին պիտի երգի իր համար, բայց  հանդես չգա որպես երգչուհի, իսկ երգիչ-երգչուհիներն էլ դերասանություն չպիտի անեն: Երբ ինձ հարցնում են՝ ինչո՞ւ չես երգում, ասում եմ՝ կերգեմ, երբ դառնամ երեսուն տարեկան, ու ոչ Հայաստանում, եւ անպայման բարձրագույն երաժշտական կրթություն ստանալուց հետո: Հիմա ձայնս անընդհատ մշակվում է, ու շատ դեպքերում էլ չարաշահում եմ:

- Ապագայի համար ի՞նչ պլաններ ունեք:

- Վերջերս ինքս ինձ բռնացրեցի մի հարցում. երկու տարի խաղում եմ Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան Ավիա» ներկայացման մեջ, իսկ երբ մարդն ուզում է իր մասնագիտությամբ առաջ գնալ ու զարգանալ, իրավունք չունի նույն տեղում  դոփել: Պատրաստվում ենք այդ ներկայացումով գնալ ԱՄՆ՝ հյուրախաղերի, վերադառնալուն պես ստացված գումարը դնելու եմ իմ նոր բեմադրության մեջ, որտեղ ես նաեւ կխաղամ: Ներկայացումը դեռ վաղուց էի ուզում բեմադրել, ուղղակի միջոցներ չկային: Գուցե հիմա ծիծաղելի կհնչի, բայց ընդամենը 550.000 դրամ էր հարկավոր այն բեմադրելու համար, որն այդպես էլ չեղավ: Ժամանակակից գրող Նադեժդա Պուշկինայի գործերից է, ով հայտնի է իր կինոսցենարներով, բայց  կարծում եմ, որ պետք է այն  բեմ բարձրանա:

- Իսկ որպես հանդիսատես՝ հաճա՞խ եք գնում ֆիլմ կամ  ներկայացում դիտելու:

- Հաճախ եմ լինում թատրոններում: Սունդուկյանում եմ սիրում ներկայացումներ դիտել: Վերջերս Նարեկ Դուրյանի նոր ներկայացումն եմ դիտել՝ «Քաջ Նազարը», բայց եւս մեկ անգամ պիտի դիտեմ, քանի որ շատ հետաքրքիր լուծումներ կային ներկայացման մեջ: Չգիտեմ ինչու, չեմ կարողանում ներկայացումներ նայել Դրամատիկական թատրոնում: Ես որքան էլ կողմ լինեմ ժամանակակից փոփոխություններին, չեմ կարող ընդունել, որ փոքր բեմում ներկայացումը բարձրախոսով է ու ջինսերով: «Հայ ֆեստ» փառատոնի ներկայացումներին եմ աշխատում ներկա լինել: Իսկ այն, ինչ կապված է ֆիլմերի հետ, ապա ամենացավալին այն է, որ ֆիլմ նայել չեմ սիրում, բայց նոր ֆիլմերը պարտադիր նայում եմ:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

- Ապրում եմ ծնողներիս հետ, ընտանիքում միակ երեխան եմ, համամիտ չեմ, երբ ասում են՝ մենակ երեխան լինում է էգոիստ, լկստված ու եսասեր: Ա՛յո, ես եսասեր եմ ու ինձ չափից շատ եմ սիրում եւ հարգում, որովհետեւ եթե դու քեզ չսիրես ու չհարգես, դիմացինդ երբեք քեզ չի սիրի ու հարգի:

- Ընտանիքի միակ երեխան ընտրում է դերասանուհու մասնագիտությունը: Ընտանիքում ինչպե՞ս ընդունվեց այդ փաստը:

- Ծնողներս երբեք դեմ չեն եղել իմ մասնագիտության ընտրության հարցում: Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ իմ կարծիքը հաշվի են առել ու դժվարություններ ինձ համար չեն ստեղծել: Ու երբեւիցե չեմ փոշմանել, որ ընտրել եմ դերասանուհու մասնագիտությունը՝ հաշվի առնելով նաեւ բազմաթիվ դժվարությունները:

- Իսկ լա՞վ խոհարար եք:

- Ես շատ լավ եմ պատրաստում, պաշտում եմ խոհանոցը: Սիրում եմ տարբեր ու համեղ կերակուրներ պատրաստել: Ուտել էլ  եմ սիրում եւ ուտում եմ ամեն ինչ, հատկապես բրինձ եմ շատ սիրում: Իմ կերակրացանկում այնպիսի ուտեստ չկա, որ չսիրեմ: Ժամերով կարող եմ մնալ խոհանոցում ու չձանձրանալ:

- Իսկ սո՞ւրճ, թե՞ թեյ:

- Գեղարվեստական ֆիլմը ինձ սովորեցրեց մի բացասական բան՝ սուրճ խմել, որ  մինչ այդ ընդհանրապես չէի էլ օգտագործում: Ես ինձ ներշնչեցի, որ այն ինձ սթափեցնում է եւ չի  թողնում քնել: Իսկ թեյն էլ դադարել եմ խմել՝ համարելով ժամանակի կորուստ:

- Ալկոհոլային խմիչքներ օգտագործո՞ւմ եք:

- Խմիչք սիրում եմ: Խմում եմ Ջին-Տոնիկ, երբ հոգնած եմ լինում, գարեջուր եմ խմում, ի դեպ, կրկին խմել սկսեցի ֆիլմից հետո: Մարտինի, գինի, նաեւ ինչու ոչ՝ օղի, եթե գտնվում ես այնպիսի միջավայրում, որ օղուց բացի՝ ուրիշ խմիչք չկա, անիմաստ եմ համարում ձեւեր թափել: Երբեք չեմ ձգտել բաժակաճառեր ասել, բայց միշտ առաջարկ լինում է:

- Վերջերս շիկահեր Նաիրան դարձավ սեւահեր: (Ի դեպ, մեր զրույցի ընթացքում էլ Նաիրայի ծանոթներից մեկը նրան տեսնելով՝ չճանաչեց, մտածեցին՝ հարստանալու է): Մարդիկ ասում են, որ արտաքինի կտրուկ փոփոխությունը կապված է սթրեսի հետ:

- Շատ հաճախ եմ ոճափոխվում, եթե վարսերս շեկ էին, ինչ երանգ ասես ստացան այդ ընթացքում: Դեռ մեկ տարի էլ այս նոր երանգով կմնան: Փոփոխություններից չեմ վախենում: Երբ փոխում եմ արտաքինս, իմ ամբողջ կյանքն էլ է փոխվում: Տխուր մարդ չեմ, որ վատ տրամադրություն  ունենամ  ու փոխեմ սանրվածքս: Երբ ոչինչ չեմ ունենում անելու, այդ ժամանակ եմ գնում գեղեցկության սրահ: Հագուստներս էլ  ես եմ կարում, մազերի ու դիմահարդարման հետ կապված  ինքս կարողանում եմ ե՛ւ հարդարել մազերս, ե՛ւ դիմահարդարվել: Բայց եթե դիմում եմ մասնագետներին, ապա վստահում եմ նրանց:

- Նկարահանումներ, ներկայացումներ, իսկ ազատ ժամանակ  ունենո՞ւմ եք եւ ինչպե՞ս եք անցկացնում այն:

- Ազատ ժամանակ եթե չունենամ էլ, ստեղծում եմ: Սուտ կլինի, որ ասեմ՝ գիրք կարդալով հանգստանում եմ, որովհետեւ երբ ընթերցում եմ, ուրեմն արդեն զբաղված եմ: Ընկերներիս հետ եմ հանդիպում, զրուցում ենք, պարում ենք: Վերջերս ինչ-որ չենք երգում, մոռացել էի: Սիրում եմ շատ տանը լինել՝ այս տարի ավելի շատ, բայց հանրային մենություն էլ եմ սիրում, քանի որ ինձ հարազատ մարդկանց ընկերակցությամբ էլ եմ կարողանում հանգստանալ:

- Կյանքում Ձեզ լիդեր համարո՞ւմ եք:

- Այո, բայց կուզենայի իմ կողքին լիներ այնպիսի տղամարդ, որը կլիներ ինձ համար լիդեր, ինձ կառաջնորդեր, ոչ թե հակառակը: Չեմ կարծում, որ կգտնվի մի կին, որ չցանկանա, որ իր կողքի տղամարդը լինի  իր հենարանը, իր ամեն ինչը: Լիդեր եմ այնքան ժամանակ, մինչեւ կգտնվի այդ ինչ-որ մեկը:

- Հանուն անձնական երջանկության պատրա՞ստ եք թողնել բեմը:

- Սխալ կլինի, որ ասեմ՝ ոչ ու սխալ կլինի, որ ասեմ՝ այո: Եթե ես ամեն ինչ ունենամ բեմական կյանքում ու տուն վերադառնամ, բացեմ տան դուռը եւ հանդիպեմ չորս պատի, հաստատ դա ինձ պետք չի: Նույնը հակառակը՝ եթե ամուսնանամ ու ամբողջ oրը անցկացնեմ խոհանոցում, դա էլ չեմ կարող, հնարավոր է, բայց իմը չէ: Հետեւաբար պետք է լինի մեկը, որ ընդունի ու հարգի իմ աշխատանքը: Շատ բան կնոջից է գալիս. եթե տղամարդը չունի բզիկներ:

- Հիմա սիրո՞ւմ եք:

- Չեմ սիրում: Այսօր 99.9 տոկոսով ինձ երջանիկ եմ զգում, բայց այդ առումով կարող եմ ասել, որ ունեմ սիրո պակաս, բայց դա էլ կլինի իր ժամանակին:

Զրուցեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում