livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

teatrՀունիսի 15, 16-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հայ հանդիսատեսի դատին հանձնեց Էդուարդո դե Ֆիլիպոյի ՙՖիլումենա Մարտուրանո՚ կատակերգությունը` Ալեքսանդր Գրիգորյանի ռեժիսուրայով: Ա. Գրիգորյանը երկար ժամանակ Մոսկվայում էր. հրավեր էր ստացել Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոնից եւ պետք է հանձներ ՙՖիլումենա Մարտուրանո՚ ներկայացումը:  Սակայն անսպասելի առողջական լուրջ խնդիրների պատճառով, բժիշկները Տաբակովին արգելել են ծանր` ֆիզիկական լարվածություն պահանջող դերեր խաղալ: Ներկայացումը Մոսկվայում չի կայացել: Ի դեպ, նշենք, որ գլխավոր դերում, Տաբակովից զատ, պետք է հանդես գար Օլեգ Տաբակովի կինը` դերասանուհի Մարինա Զուդինան: Ներկայացումից առաջ ՙԶարուհու" հետ զրույցում ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ Երեւանի ռուսական թատրոնում բեմադրած ներկայացումն ունի միանգամայն այլ լուծումներ.

ՙՍա ընդհանրապես կապ չունի այն ներկայացման հետ, որի վրա տեւական ժամանակ աշխատել եմ՚: Ա. Գրիգորյանը նաեւ հավելեց, որ հայ դերասանների առջեւ միանգամայն այլ խնդիրներ է դրել: Օլեգ Տաբակովը, ըստ Ա. Գրիգորյանի,  ներկայացման մեջ պետք է ներկայանար ռուս օլիգարխի կերպարով, իսկ Զուդինան` ռուս պոռնկուհու: Երեւանյան ներկայացման մեջ գլխավոր դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստներ Սերգեյ Մաղալյանն ու Իռա Հարությունյանը:  

Մեր զրուցակիցը նաեւ շեշտեց, որ Տաբակովի թատրոնում բեմի ձեւավորման համար ծախսվել է մոտ 25.000 դոլար: Արդյունքում` պատվիրված դեկորները օգտագործվել են Տաբակովի հոբելյանական երեկոյի բեմը ձեւավորելու համար: Մինչդեռ Երեւանի ռուսական թատրոնը, Գրիգորյանի փոխանցմամբ, հազիվ հովանավոր է գտել, որպեսզի ի կատար ածի ՙՖիլումենա Մարտուրանո՚ ներկայացումը: Նշենք, որ Էդուարդո դե Ֆիլիպոյի գործը հայ հանդիսատեսին լավ ծանոթ է, քանի որ իտալացի հեղինակի այս գործը բազմիցս ոգեւորել է տեղացի ռեժիսորներին:

Ալեքսանդր Գրիգորյանին, սակայն, հերթական սխրանքն իրագործելու դրդել են ոչ թե տեղական արտադրության ներկայացումները, այլ Վախթանգովի անվան թատրոնում տեսած ՙՖիլումենա Մարտուրանոն՚: Նրան հատկապես ոգեշնչել է Ռուբեն Սիմոնովի դերակատարումը: Վերջինս հանդես է եկել գլխավոր դերում: Իմիջիայլոց, ներկայացումը Ա. Գրիգորյանը նվիրել է Սիմոնովի հիշատակին:   

Ի տարբերություն թատրոնի գեղարվեստական ղեկավարի, վաստակավոր արտիստուհի ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում վստահված է գլխավոր դերը, ինչպես պարզվեց, երբեւէ հայ բեմում ՙՖիլումենա Մարտուրանո՚ չի տեսել: Ավելին, դերասանուհին ՙԻրավունք՚-ին ասաց, որ ամենեւին էլ չի երազել այս դերի մասին, սակայն նոր դերի առաջարկը, բնականաբար, ոգեւորել է իրեն: Ի. Հարությունյանին նույնիսկ չի վախեցրել այն փաստը, որ Դոնա Ֆիլումենան, այսպես ասած, տարիքն առած կին է: ՙԵթե բեմում տգեղ լինելու անհրաժեշտություն կա, ես դրան պատրաստ եմ՚,- ընգծեց դերասանուհին:

Մենք ցանկացանք իմանալ, թե դերասանուհին տեղյա՞կ է, որ Տաբակովի թատրոնում Ֆիլումենայի դերը վստահված է եղել Մարինա Զուդինային, եւ ինքը չի՞ մտածել արդյոք մրցակցության, է'լ ավելի լավը լինելու մասին: Դերասանուհին անկեղծորեն պատասխանեց. ՙԻ՞նչ մրցակցության մասին է խոսքը: Ես նույնիսկ չեմ էլ մտածել, գուցե մտածեի, եթե նա խաղար ներկայացումը` թեպետ նա ինձ մրցակից չէ: Յուրաքանչյուր մարդ անհատականություն է: Ինձ դուր չի գալիս, երբ մի նժարի վրա երկու մարդ են դնում: Եվ հետո` տեղյակ եմ, որ ներկայացումը ռեժիսորը կառուցել է միանգամայն այլ լուծումներով՚: Ի. Հարությունյանը նաեւ հավելեց, որ իրեն բախտ չի վիճակվել Զուդինային տեսնել բեմում: Դերասանուհու արվեստին, ցավոք, ծանոթ է միայն ֆիլմերից, եւ նրան համարում է կայացած դերասանուհի, ինչպես նաեւ գեղեցիկ կին:

Զրուցակիցս, խոսելով իր դերի մասին, ասաց, որ իր հերոսուհին կին է, ով տենչում է ոչ թե իր սեփական հաջողությունների մասին, այլ կին է, ում համար առաջնայինը երջանիկ ընտանիքն ու երեխաներն են: Դերասանուհին համոզված է, որ հայ հանդիսատեսը կսիրի ներկայացումը, քանի որ այն շատ արդիական եւ ցավոտ հարցեր է արծարծում ու հետո` ունի կուռ դերասանական անձնակազմ: Հավելենք, որ ներկայացումն ունի երկու կազմ:

Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց նոր ներկայացումը` ընդմիջելով այն ինքնաբուխ ծափերով: Թեեւ, ճիշտն ասած, երկու կազմում էլ կան դերասաններ, որոնք մի տեսակ ՙանհավես՚ էին աշխատել, ավելին` նոր ներկայացման մեջ ժառանգել էին իրենց նախորդ հերոսներից որոշ տարրեր: Տեղ-տեղ ականջ էին ծակում քերականական կանոններին խիստ հակասող սխալ շեշտադրությունն ու շինծու ռուսերենը: Իսկ ներկայացման մեջ ներգրավված են հետեւյալ դերասանները` Էրվին Ամիրյան, Վյաչեսլավ Շամիրյան, Գրիգորի Կիրակոսյան, Արսեն Լեւոնյան, Դավիթ Խաչատրյան, Սերգեյ Գրիգորյան, Նառա Թումասյան, ՀՀ ժողովրդական արտիստուհի Իրինա Մարչենկո, Լոլիտա Բուկիա, Անուշ Սարգսյան, Լիլիա Մուկուչյան, Անաիդա Գաբրիելյան եւ այլոք:     

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում