livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

 

Ի՞նչ կհագնեն «աստղերը» մրցանակաբաշխությանը

Հաղթահարելով «լինել թե չլինելու» խնդիրը՝ այս տարի եւս կկայանա «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը»: Մինչ շատերը կսկսեն քննարկել ու բամբասել, թե ով է լինելու «Տարվա լավագույն երգիչ» եւ «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգերում, աստղերը ջանասիրաբար պատրաստվում են այդ տոնին: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մրցանակաբաշխության կարեւորագույն խոսակցության թեմաներից է նաեւ, թե ինչ հագուստներով կներկայանան մեր հայտնի սիրված ու չսիրված դեմքերը: Փորձելով բավարարել այս թեմայի շուրջ մեր աստղերի եւ հանդիսատեսի հետաքրքրությունը՝ զրուցեցինք շոու-բիզնեսի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից մի քանիսի հետ:

Անցած տարվա լավագույն երգչուհի ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը այս տարի պետք է հանձնի լավագույն երգչի մրցանակը, հավանաբար երեք տարբեր զգեստ կկրի. «Պատվիրել եմ երկու զգեստ, որոնք դեռ ընթացքի մեջ են, չնայած մոդելավորող Արայիկ Գաբաջյանը ուզում է, որ երրորդն էլ լինի: Զգեստների վրա ավելի շատ քարերի ազդեցությունն է լինելու: Մի զգեստի հեղինակը ամբողջությամբ ես եմ, իսկ մյուսը՝ մտածում ենք Ա. Գաբաջյանի հետ միասին: Նա էլ կորոշի, թե ինչպիսին պետք է լինի կոնկրետ իմ կերպարը: Կաշխատեմ դիզայների հետ, թե ոչ` միշտ ունեմ իմ մտքերը, որոնք դրոշմված են լինում զգեստներիս մեջ: Շատ լավ գիտեմ` ինձ ինչ է սազում, դրա համար փորձում եմ մի քիչ խառնվել զգեստի հարցում: Ես չեմ ուզում ինչ-որ ճոխ-ճոխ զգեստ լինի, բայց մի ուրիշ կարգի անակնկալ է սպասվում, որը դուր կգա ոմանց, ոմանք էլ վատը կխոսեն: Պատրաստ եմ զգեստիս մասին վատ կարծիքներին, «Ոչ-ոչ» տեսահոլովակից հետո չեմ կարծում, որ խոսակցություններից կարող է նեղվեմ»:

Անհասկանալի պասիվության մեջ ընկած ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ դեռ մրցանակաբաշխության եւ զգեստի մասին չի մտածում. «Բավական ժամանակ կա մինչ մրցանակաբաշխությունը, հավանաբար որեւէ խանութից կընտրեմ զգեստս կամ իմ դերձակը կկարի: Այս տարի հաստատ չեմ ուզում սեւի մեջ լինել, չնայած հիմնականում իմ զգեստապահարանում գերիշխում է երեկոյան սեւ զգեստները: Ուզում եմ լինել վառ գույների մեջ, երեւի կընտրեմ մուգ կապույտը»: Իսկ ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԻ զգեստի մասին դեռ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին եւ ինչ գույների մեջ է լինելու: Միայն որոշված է, որ զգեստը կպատրաստի ոճաբան, մոդելավորող Արամ Նիկոլյանը: Հագուստ չի ընտրել նաեւ դերասանուհի, հաղորդավարուհի ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, քանի որ պարզ չէ, թե ինչպիսի մասնակցություն է ունենալու մրցանակաբաշխությանը, բայց դիզայների ընտրություն արդեն կատարել է. «Կհամագործակցեմ իմ շատ սիրելի դիզայներ Արեւիկ Սիմոնյանի հետ եւ հաստատ այդ օրը մի օրիգինալ զգեստով կլինեմ»: Երգչուհիներ ԱՐՄԻՆԿԱՆ եւ ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ նույնպես կհամագործակցեն Արեւիկ Սիմոնյանի հետ: Զգեստի մասին Արմինկան չմանրամասնեց. «Երեւի կաթնագույն զգեստ կլինի, ավելին չեմ կարող ասել», իսկ Անահիտ Սիմոնյանից միայն հաջողվեց պարզել, որ միայն մեկ զգեստով կներկայանա մրցանակաբաշխությանը:

Նշենք, որ շատ երգիչ-երգչուհիներ են նախընտրել համագործակցել բրենդային անունով դիզայներ-մոդելավորող Կիվերա Նայնոմիսի (Արեւիկ Սիմոնյանի) հետ: Երեւի այդ էր պատճառը, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ, հաշվի առնենք նաեւ, որ դիզայները դեռ պետք է օրիգինալ հագուստ մտածի իր եւ իր շնիկ Կիկիի համար: Իսկ մեզ մնում է հուսալ, որ այս տարվա մրցանակաբաշխությանը սեւից բացի կտեսնենք վառ գույներ եւ գեղեցիկ ու յուրահատուկ երեկոյան զգեստներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

{smooth-scroll-top}

 

 

 

Գտնվելով դրսում՝ ես ավելի շատ բան կարող եմ անել քաղաքիս համար

Վերջերս շատ են այն դեպքերը, երբ հայտնի մարդիկ փորձում են իրենց երեխաներին ամեն ձեւով առաջ տանել եւ ծանոթի միջոցով հասցնել բարձունքների: Թերեւս այս խոսակցությունները չեն շրջանցում ռեժիսոր ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ եւ նրա դուստր` երգչուհի, արդեն նաեւ դերասանուհի ԷՆՋԼԻՆ: Այս հարցը փորձեցինք պարզաբանել` զրուցելով Լուսինե Մարտիրոսյանի հետ. «Ես, ունենալով բազում հնարավորություններ, ծանոթներ, երբեք չեմ արել այնպես, որպեսզի աղջկաս առաջ տանեմ: Բոլոր առաջարկները գալիս են անմիջապես իրեն` առանց իմ միջնորդության: Ես երբեք չեմ կարող եւ չեմ էլ կարողացել որեւէ մեկին խնդրել, որպեսզի մեզ որեւէ բանով աջակցեն, դրա համար էլ է պետք տաղանդ, որով ես օժտված չեմ,- կատակեց Լուսինեն:- Մենք նստած ենք լինում տանը, եւ մեզ առաջարկները գալիս են, մենք չենք գնում եւ մեզ ամենուր մեջ չենք գցում: Էնջլին առաջարկներ է լինում, որպեսզի նա վարի համերգներ եւ ելույթ ունենա որպես երգչուհի, իսկ վերջերս էլ հանդես էր գալիս որպես դերասանուհի: Ես բնավ էլ որեւէ կապ չունեի այդ ամենի հետ»: Իսկ այն խոսակցությունը, որ Լուսինեին հեռացրել են Երեւան քաղաքի մշակույթի բաժնի ղեկավարի պաշտոնից, իրականությանը չի համապատասխանում. «Արդեն խոսել եմ այդ մասին, բայց եթե հարկավոր է` նորից կնշեմ, որ ինքս եմ դուրս եկել այնտեղից: Պաշտոնավարման ընթացքում զբաղվածությունս շատ մեծ էր եւ ժամանակ չէի ունենում, որպեսզի զբաղվեի այլ` ստեղծագործական աշխատանքներով: Այնտեղից դուրս գալու հիմնական պատճառը եղել է այն, որ ես չկարողացա աշխատել ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Եվ ես մտածեցի, որ լինելով այդ կառույցից դուրս` ավելի շատ բան կարող եմ անել քաղաքիս համար, քան գտնվելով ներսում»:

{smooth-scroll-top}

 

Անահիտ Սիմոնյանը և Հայկոն շուտով ծնողներ կդառնան

Երգչուհի ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ եւ երգիչ ՀԱՅԿՈՆ շատ շուտով կզգան իրենց տղայի բերկրանքը: Եվ թե ինչպիսին են նրանց սպասումները առաջնեկի հետ կապված` մենք զրուցեցինք Անահիտի հետ. «Անկեղծ ասած, ես երբեւէ թուլություն չեմ ունեցել երեխաների հանդեպ, միշտ շատ նեյտրալ եմ եղել: Եվ ինձ միշտ բոլորը ասում էին. «Քո երեխային է՞լ ես այդպես վերաբերվելու»: Իսկ այժմ շատ հետաքրքիր զգացողություն է առաջացել ինձ մոտ, շատ եմ փոխվել, մայրական զգացողությունը ինձ փոխել է: Դեռ երեխայի անունը չենք որոշել, բայց այն անպայման պետք է լինի միջազգային»: Ընդունված այն ձեւը, որ շատ հայտնի մարդիկ արտասահմանում են ծննդաբերում, Անահիտն իրենց դեպքում բացառեց. «Նման բան հաստատ չի կարող լինել: Ինչո՞ւ մեկնենք ուրիշ երկիր, չէ՞ որ նա հայ է, հենց Հայաստանում էլ պետք է ծնվի, իսկ երբ մեծանա, հանգիստ կարող է ինքը որոշել, թե որտեղ ապրի»: Ինչպես խոստովանեց Անահիտը, վաղուց պատրաստ է նրանց որդու զգեստապահարանը, նույնիսկ Անահիտը փոքրիկի համար գնել է «Սանտա կլաուսի» հագուստ, որպեսզի եկող Նոր տարին որդին դիմավորի հենց այդ հագուստով: Անահիտի հավաստմամբ` Հայկոն կլինի շատ լավ հայրիկ. «Ես Հայկոյին միշտ ասում եմ, որ նա անպայման լինի խիստ, քանի որ շատ եմ սիրում դաստիարակված երեխաների, տանել չեմ կարողանում, երբ երեխան ծնողների մոտ իրեն վատ է պահում, իսկ ծնողները ձայն չեն հանում, այնպես որ, մենք մեր երեխային շատ լավ կդաստիարակենք»: Մենք Անահիտին եւ Հայկոյին ի սրտե ցանկանում ենք, որպեսզի առաջնեկը իր գալստով ուրախացնի, երջանկացնի եւ հաջողություններ բերի:

ԼՈՒՍԻՆԵ ՓԻՐՈՅԱՆ

{smooth-scroll-top}


«32 ԱՏԱ՞Մ», թե՞ «VITAMIN»

«32 ատամ» ակումբի փլուզումից հետո հազիվ էին դադարել խոսակցությունները, որ տղաները միմյանց հետ վիճել են, եւ նրանց մեծ մասը հանդես է գալիս «Vitamin» ակումբում, որի պրոդյուսերն է Գարիկը: Դրանից չէր անցել դեռ կարճ ժամանակ, երբ «32 ատամ» ակումբը հայտարարեց քասթինգ, որի ավարտից հետո ամբողջական կազմով ներկայացան հանրությանը, որոնց շարքում կան նաեւ հայտնի մարդիկ: Մի քանի հեռուստաեթերից հետո «32»-ի տղաները կրկին քասթինգ հայտարարեցին: Որպեսզի պարզենք թե այս ամենը միտվա՞ծ մրցակցություն է «Vitamin» ակումբի հետ` զրուցեցինք «32 ատամ» ակումբի պրոդյուսեր ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ հետ. «Եթե ձեզ համար մրցակցության մեջ ենք, ուրեմն մրցակցության մեջ ենք, դա արդեն դուք պետք է ասեք: Մենք չենք կարող ասել, դուք եք տեսնում այդ ամենը: Մենք եւս մեկ անգամ քասթինգ հայտարարեցինք, որպեսզի գտնենք տաղանդավոր մարդկանց` «պադվալներից», փողոցից, եւ բերենք հեռուստատեսություն»: Իսկ կապ չունի՞, թե այդ տաղանդավոր մարդը որտեղ է սովորում, ի՞նչ մասնագիտություն ունի, Կարենը պատասխանեց. «Ամեն ինչն էլ կապ ունի, դրա մեջ էլ ամբողջանում է տաղանդը»: Իսկ այն հարցին, թե նախկին «32 ատամ» ակումբի կազմային փոփոխությունը չի՞ ազդել նրանց ընկերական փոխհարաբերությունների վրա, Կարենը պատասխանեց. «Հիմնականում ոչ»: Պրոդյուսերը չբացառեց, որ հնարավոր է գա ժամանակ, երբ «32 ատամ» եւ «Vitamin» ակումբների տղաները հանդես գան միասին, սակայն ավելացրեց, որ դեռ նման մտադրություն չկա:

{smooth-scroll-top}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում