livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Մոգ եւ պայծառատես տիկին ՌԻՏԱՆ «Զարուհի» ամսագրի մեր նախորդ համարում ներկայացված հարցազրույցում բավականին մռայլ երանգներով իր կարծիքը ներկայացրեց մեր այսօրվա երիտասարդների, հատկապես՝ աղջիկների մասին. «Ես նույնիսկ զարմանում եմ մեր ջահել աղջիկների վրա: Նրանք շատ են փոխվել ու՝ դեպի վատը: Նրանց 80 տոկոսը, ժողովրդի լեզվով ասած, բոլոր չափ ու սահմաններն անցել է: Շատերը դեռ 18 տարեկան էլ չկան եւ հասցրել են խախտել բոլոր մեր ավանդական օրենքները, կապված են բիզնեսմենների, պաշտոնավոր անձանց հետ, եւ ոչ թե սիրելով, այլ պարզապես փողի համար... Անկեղծ եմ ասում, մեր երիտասարդներին, պատանիներին շատ եմ խղճում: Աղջիկները, այն էլ մեր օրերում, շատ խորամանկ են, տղաները` միամիտ»:

Իհարկե, այս կարծիքը, ինչպես հավաստիացնում է տիկին Ռիտան, ձեւավորվել է իր բազում ու բազում հաճախորդների հետ շփվելու, նրանց լսելու արդյունքում: Բայց նաեւ մարդկանց լավ ճանաչել, ըստ նրա, հնարավորություն է տալիս իր մասնագիտությունը...

- Փիլիսոփա-գիտնական. գիտեք, չէ՞, դա ինչ է նշանակում: Դրանք ո՞ր մարդիկ են. անտեսանելին, որ դուք չեք տեսնում, մենք ապացուցում ենք, որ կա: Ես աշխարհում ամենաուժեղ մոգուհին եմ, պայծառատեսը. հազար անգամ կրկնել եմ: Ես 17 տարի զբաղվում եմ իմ գործունեությամբ, եւ այդ 17 տարում գոնե մեկը ինձանից մեկ վատություն անգամ տեսա՞վ, որ գար ու դա ինձ ասեր: Ուրեմն ես ճիշտ եմ:

- Բայց հոգեւորականները, հոգեբանները քննադատում են գուշակներին:

- Այո: Ես, չնայած չեմ մտնում գուշակների շարքերը, նախկինում միշտ վիրավորվում էի նման քննադատությունից: Սակայն աստիճանաբար եկա այն կարծիքին, որ նրանք ճիշտ են: Այս հատկությունները, որ մարդը բնականորեն կարող է օժտված լինել, տրված է հարյուր հազարավորներից, միլիոններից մեկին: Բայց կան նաեւ հազարավոր «շուլլերներ», կեղծ գուշակներ, ովքեր կեղտոտում են մեր մասնագիտությունը: Այսօր միայն Երեւանում 300 գուշակ կա. հնարավո՞ր է, որ նրանք բոլորն էլ օժտված լինեն պայծառատեսի հատկություններով: Իհարկե՝ բացառվում է, եւ լավագույն դեպքում այդ 300-ից մեկը, երկուսը կարող են իրականում օժտված լինել: Ուրեմն ճիշտ են ասում քննադատողները, ովքեր իրենց դատողությունները կառուցում են՝ աչքերի առաջ ունենալով այդ հարյուրավոր կեղծարարների առկայության փաստը:

- Այդ դեպքում ինչպե՞ս սովորական մարդը կարող է զանազանել «շուլլերին» իրական պայծառատեսից:

- Օրինակ, մարդը մտնում է իրեն գուշակ հռչակած մեկի մոտ, ու նա անմիջապես հարցնում է՝ ի՞նչ խնդիր ունես: Եթե այդքան լավ գուշակ ես, հասկանում ես, էլ ինչո՞ւ ես հարցնում, թե մարդն ինչ խնդիր ունի. պետք է ինքը, դե, տեսնի, չէ՞: Ինձ այցելող մարդը հիմնականում ոչինչ չի խոսում: Կամ նստում ու սկսում են խաղաթղթերով գուշակել. խաղաթուղթն ի՞նչ կարող է տալ, ասել: Մի խաղաթուղթը դուրս չեկավ, մյուսը դուրս եկավ. դրանից ի՞նչ է փոխվելու, այդ խաղաթո՞ւղթն է որոշելու մարդու ճակատագիրը:

Բայց չէ՞ որ իրականում կան հզոր, օժտված մարդիկ, ովքեր իրենց իրական ուսմունքի, գիտելիքների միջոցով կարողանում են իրական օգնություն ցույց տալ մարդկանց: Օրինակ, այս օրը այս ժամին այս-այս բաները կանես, այս աղոթքները կկարդաս եւ, ասենք, կհղիանաս...

- Այ, հենց դա էլ հարցնում եմ. Ձեր ասած օժտված, հզոր մարդուն եւ «շուլլերին» ինչպե՞ս տարանջատել:

- Համեմատել է պետք: Ունեցել եմ բազում հաճախորդներ, ովքեր մինչ այդ գնացել են տարբեր գուշակ կոչվածների մոտ: Եթե նրանք իրոք օժտված լինեին, այդ մարդը երկար դեգերումներից հետո վերջում ինձ մոտ չէր հասնի:

- Բայց մինչ Ձեզ հասնելը նա ամեն մի «շուլլերի» մոտ ինչքա՜ն ծախսեր պետք է կատարի: Ճիշտ ու սխալ գուշակին, պայծառատեսին վաղօրոք տարանջատելն էլ դրա համար է պետք, որ մարդը ավելորդ գումար ու ժամանակ չկորցնի: Առավել եւս, որ այդ «շուլլերները», որպես կանոն, շատ լավ լեզու են թափում, մարդուն համոզում, գերում...

- Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքների համար: Այդ թվում՝ մեր մասնագիտությամբ զբաղվող անձինք պետք է պատասխանատու լինեն մարդկանց օգնել-չօգնելու հարցում: Բայց մեզ դիմողներն էլ իրենց հերթին անձամբ պետք է կարողանան կողմնորոշվել: Լավն ու վատը կարելի է տարանջատել միայն դրանք համեմատության մեջ դնելով: Այլ տարբերակ չեմ տեսնում: Մարդը կարող է դիմել մեկ ուրիշին, հետո՝ ինձ, եւ այդ դեպքում միայն կկարողանա տարբերությունը տեսնել:

Բայց որ «շուլլերները» շատ-շատ են, դա էլ է փաստ: Դնում, ինչ-որ «շարիկ» են պտտեցնում, թե՝ ապագա ենք գուշակում: Ի՞նչ է, այդ «շարիկի» մեջ բանե՞ր են գրված, որ կարդաս ու ապագան ասես: Այ, նման մեթոդները տեսնելով եւս մարդը կարող է մի փոքր կողմնորոշվել, թե ում է դիմել՝ «շուլլերի՞», թե՞ իրական հատկություններով օժտված պայծառատեսի:

Կրկնում եմ, հենց այդ «շուլլերներն» են, որ ստվեր են գցում նաեւ օժտված մոգերի, պայծառատեսների վրա, նրանց պատճառով է, որ արդարացի քննադատություն, թերահավատություն է առաջանում: Եվ չեմ էլ պատկերացնում՝ մարդ ինչպե՞ս կարող է անամոթաբար նստել ու ասել, թե ամեն ինչ կարող եմ անել, եթե իրականում ոչ մի բանի էլ չի տիրապետում: Մի գեղեցիկ օր ի հայտ է գալու, չէ՞, որ խաբել ես, ստել...

- Տիկին Ռիտա, միգուցե պետք է, որ Ձեր մասնագիտությունն է՞լ պետական կարգավորման, վերահսկողության տակ լինի: Ասենք՝ հոգեբաններից, բժիշկներից, այլ մասնագետներից կազմված պետական հանձնախումբը ստուգի որպես մոգ, գուշակ կամ պայծառատես ներկայացող անձին, պարզի, թե նա իրոք ընդունակություններ ունի՞ եւ ինչպիսի՞, եւ դրա հիման վրա էլ հնարավորություն տրվի գործունեություն ծավալել կամ հակառակը՝ արգելվի:

- Գիտեք, մի առիթով հեռուստաընկերություններից մեկըն էր ինձ հրավիրել: Այնտեղ էին նաեւ գուշակներ, պայծառատեսներ ներկայացող մի քանի այլ անձինք: Եվ թեմայի շրջանակներում առաջարկվեց մրցույթ անցկացնել. կապած աչքերով վերցնել մի պատահական անձնագիր եւ փորձել ասել, թե տերն ով է, ինչ տարիքի, սեռի եւ այլն: Միայն ես կարողացա դա անել:

Ուզում եմ ասել՝ իհարկե, հնարավորություն կա, որ ուսումնասիրեն եւ հիմնավորեն կամ չհիմնավորեն որեւէ մեկի ընդունակություններ ունենալ-չունենալու փաստը: Սակայն հարցն ունի նաեւ հակառակ կողմը. բանն այն է, որ կարող են լինել դեպքեր, որ անգամ ես կխուսափեմ մասսայաբար ցուցադրել իմ այս կամ այն ընդունակությունը: Կարող է անձը լինել շատ հզոր մոգ՝ օժտված հզոր ընդունակություններով, եւ խուսափի այն ի ցույց դնելուց՝ ելնելով մի շաք մտահոգություններից, ընդհուպ մինչեւ սեփական կյանքը վտանգի տակ չդնելը:

- Բայց միայն պետական վերահսկողությունը կարո՞ղ է «շուլլերներին» դաշտից դուրս մղել:

- Իհարկե, ես Ձեզ հետ համամիտ եմ: Եթե հիմնավորվում է, որ մարդու մոտ կան ընդունակություններ, որ նա դրանցով կարող է օգնել մարդկանց, ինչո՞ւ չօգնի: Բայց եթե չունի, ինչո՞ւ խաբի մարդկանց:

- Ձեր կարծիքով՝ Հայաստանում քանի՞ մարդ կա, որ իրականում այդ հատկություններով օժտված է, ընդունակություններ ունի:

- Ես ճանաչում եմ միայն մեկին՝ տիկին Ռիտային:

- Չե՞ք մտահոգվում, որ այդ հայտարարությամբ գուշակներ կամ պայծառատեսներ ներկայացող մյուս բոլորի ատելությունը կառաջացնեք:

- Ո՛չ:

Պետք չէ, եթե չեն կարող, թող մարդկանց չխաբեն: Եթե ես այսօր փորձեմ մեկին խաբել, գիշերը չեմ կարողանա քնել, ճնշումս կբարձրանա: Եվ առհասարակ, չեմ սիրում, երբ խաբում են: Եվ եթե այսպես շարունակվի, միանալու եմ հոգեբաններին, հոգեւորականներին եւ այդ սրիկաներին հարվածելու եմ:

Ես անկեղծ եմ ասում, չգիտեմ, թե Հայաստանում իրականում նման հատկություններով օժտված էլ ով կա, կամ, առհասարակ, կա՞ նման մեկը, թե՞ ոչ: Գիտեմ միայն, որ ես կամ:

- Ձեւակերպենք այսպե՞ս. երկրորդ Ձեր նմանին չեք ճանաչում, սակայն միգուցեեւ կա:

- Այո:

- Տիկին Ռիտա, ստացվում է, որ Ձեզ մարդիկ հիմնականում դիմում են անձնակա՞ն խնդիրներով:

- Գիտեք, առիթ ունեցա բուժել մի պրոֆեսորի: Շատ լավ մարդ է: Արդեն 80 տարեկանն անց է, եւ բուժվելուց հետո էլ ինձ պարբերաբար այցելում է: Պատկերացրեք՝ միայն նա է հարցնում՝ տիկին Ռիտա, ի՞նչ է լինելու մեր երկրի վիճակը: Էլ չեմ տեսել, որ որեւէ մեկը գա ու ինձ նման հարց տա: Ամեն մարդու հետաքրքրում է իր անձնականը, մտածում է միայն իր մասին: Սուտ է, երկրի մասին մտածող չկա...

- Ձեզ դիմողները համեմատաբար երիտասարդներն են: Ամեն դեպքում Ձեր ներկայացրած օրինակներից է նման տպավորություն առաջանում: Ավելի տարեցները չե՞ն դիմում:

- Իհարկե՝ դիմում են: 80-ն անց մի մարդ եկել ու համոզում էր, թե իրեն թուղթ ու գիր են արել: Հարցնում եմ՝ ինչի՞ց ենթադրեցիք: Նա էլ, թե՝ գործերս լավ չեն: Այ հայրիկ, էլ քեզ ի՞նչ է մնացել, ի՞նչ գործ ես անում, որ էս տարիքում դեռ բողոքում ես...

Իհարկե՝ տարեցներն էլ են դիմում: Բայց հասկանալի է, նրանց համար շատ բան արդեն պարզ է. ամուսնանալու, աշխատանքի, ապագայի խնդիր նրանց մոտ արդեն հիմնականում չկա: Դրա համար էլ, հասկանալի է, հիմնականում դիմում են երիտասարդները, ովքեր իրենց ապագայի հետ կապված շատ հարցականներ ունեն:

- Կարո՞ղ եք հիշել Ձեր ամենահետաքրքիր այցելուին:

- Ո՞ր մեկին հիշես. բոլորն էլ յուրովի շատ հետաքրքիր են:

- Բայց դեպքեր կան, որոնք պետք է առանձնապես տպավորվեն...

- Իհարկե: Օրինակ, հիշում եմ մի երիտասարդի, ով սիրահարվել էր ընկերոջը: Ընդ որում, ինձ շատ մոտ մի լավ մարդու տղան էր: Ընկերը ոչ մի բան լսել անգամ չէր ուզում: Եվ ահա եկել ու ինձ համոզում էր այնպես անեմ, որ ինքն ու իր ընկերը միասին լինեն: Ապշել էի: Նայելով իմ դիմաց նստած այդ տղային՝ սկսեցի մտածել ազգիս տղաների մասին. էս ո՞ւր ենք հասել: Հարցնում եմ՝ մտածո՞ւմ ես, թե ինչ ես ինձանից պահանջում, դու գեղեցիկ, առողջ տղա ես, չե՞ս կարող աղջկա սիրել: Նա էլ, թե՝ ի՞նչ անեմ, ես հիվանդ եմ ծնվել:

Ինքս իմ մեջ մտածում եմ՝ ուրեմն տիկին Ռիտան այդքան խելք չունի՞, որ սրան կարգին, ճիշտ ճանապարհին կանգնեցնի: Խոսում եմ հետը, քիչ-քիչ ավելի համոզվում, որ սարսափելի վախկոտ է: Հաջորդ օրը կրկին եկավ: Ես էլ, թե՝ երազ եմ տեսել, որ քեզ 27 տարեկանդ լրանալուն պես մահ է սպասում կեղտոտ գործերիդ, ցանկություններիդ պատճառով: Պատկերացրեք՝ ուշաթափված ընկավ հատակին: Ուշքի բերեցի, նա էլ, թե՝ տիկին Ռիտա, եթե ամեն ինչ մոռանամ, չե՞մ մահանա: Ասում եմ՝ ի՞նչ իմանամ, պետք է երազ տեսնեմ, որ ասեմ: Գնաց ու մի քանի օր զանգահարում է, թե ի՞նչ եղավ, երազ տեսա՞ր: Այդպես, մինչեւ որ ասացի, թե տեսել եմ, եւ եթե ճիշտ ճանապարհի կանգնի, չի մահանա: Մի խոսքով, հետո էլ ստուգեցի, էլ իրեն այդպիսի բաներ թույլ չէր տալիս...

Շատ դեպքեր են լինում, ո՞ր մեկը հիշես: Մի տղայի էին բերել: Նայեցի, ասում եմ՝ մի եզդի քո հանդեպ չար գործ է արել: Եվ պատահաբար այդ պահին, այդ սեանսի ժամանակ մի այլ եզդի մտավ տուն՝ միջանցք: Իսկ այդ տղան սենյակում, աչքերը փակ, մեկ էլ սկսեց գոռալ՝ այս ի՞նչ եզդիներ են տունը լցվել...

Այս մի դեպքն էլ եմ լավ հիշում. մի կին վախեցած էր, եւ ուղարկել էի գերեզմանոց: Պետք է գնար առավոտյան, երբ մարդ չկա: Ասել էի, որ վերադառնալիս ետ չնայի, հակառակ դեպքում այն վախը, որ տանում էր այնտեղ, ետ կգար նրան: Եվ ահա պատմում էր, թե ետ գալիս ետեւից ոտնաձայներ էին լսվում, որոնք աստիճանաբար իրեն էին մոտենում: Լավ է, չի շրջվում: Սակայն տեսնում է, թե դիմացից ինչպես է մի փոքրիկ երեխա դուրս վազում գերեզմանատան դարպասներից ու, կրկին վազելով, ետ դառնում: Ասում է՝ մի պահ մտածեցի, թե երեխա է, էլի, ինչ-որ մեկի հետ է եկել: Բայց անմիջապես էլ հասկանում է, թե վաղ առավոտյան ո՞վ է երեխայի հետ գալիս գերեզմանատուն: Բայց զգուշացրել էի, որ կարող են այդպիսի բաներ էլ լինել, որ կփորձեն ստիպել նրան ետ նայել, ու այդ կինը կարողացավ իրեն զսպել ու դուրս գալ գերեզմանատնից:

Դա մոտավորապես նույն բանն է, ինչ հետեւյալ մեթոդը. եթե հիվանդը կանգնի թանձր մշուշի մեջ եւ տա իր մահացած բարեկամների յոթ անուններ, կազատվի այդ հիվանդությունից, բայց այդ ընթացքում հայհոյանքներ, գոռգոռոցներ է լսելու եւ կրկին ետ չպետք է նայի: Հակառակ դեպքում՝ տեղում կմահանա:

Մի խոսքով, սա մի հետաքրքիր ուսմունք է: Ես չեմ կարող ամեն ինչ բացատրել, համոզել, թե՝ հավատացեք: Չեմ էլ ցանկանում. ես միայն օգնում եմ, մարդկանց կանգնեցնում ճիշտ ուղու վրա:

17 տարվա մեջ ինչե՜ր են պատահել: Այ, հենց Ձեր լրագրողներից մեկը, ով տարիներ առաջ ինձանից հարցազրույց էր վերցրել: Եկել էր մեր տուն ու հասնելուն պես՝ պատմեց, որ շքամուտք մտնելուն պես վերելակի դռները բացվել էին: Նա էլ մտել էր ներս, իսկ վերելակը ինքն իրեն բարձրացել էր մեր հարկը: Զարմանք կտրած հարցնում էր՝ այս վերելակն ինչպե՞ս եկավ ու ինձ բարձրացրեց ձեր հարկը:

Առհասարակ, մեր շենքում նման բաներ հաճախ են լինում, եւ քանի-քանի անգամ՝ նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայությամբ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում