livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

astxikՍիրով ներկայացնում ենք խիրոմանտ, գրող եւ էզոթերիկ գիտության մասնագետ` ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ ունեցած մեր հերթական զրույցը: «Զարուհի» ամսագրի նախորդ համարում ընթերցողին խոստացել էինք, որ կներկայացնենք մարմնախաղի կամ, ժողովրդի լեզվով ասած, մարմնի տարբեր հատվածների թրթռալու կամ խաղալու իմաստն ու նշանակությունը: Շատերն այդ երեւույթին կամ ուշադրություն չեն դարձնում, կամ մտածում են, որ այն սնոտիապաշտություն է: Պարզվում է, որ կա նաեւ դրա գիտական բացատրությունը, որի մասին մեզ ներկայացրեց Աստղիկը:

-Բազմիցս խոսվել է մարդու նախաանվան մասին, որն է՝ «միկրոտիեզերք»: Բառն ինքնին բացատրություն է տալիս, այսինքն՝ գալակտիկաների, ձգողական դաշտի անվերջանալի եւ ինչ-որ տեղ դեռեւս անբացատրելի տարածքում ապրում է մի օրգանիզմ, որը կոչվում է միկրո. նույն տիեզերքի ամենափոքր մասնիկը: Վաղուց արդեն բոլորին հայտնի էր, որ այս միկրոօրգանիզմ էակը՝ մարդը, չի կարող գոյություն ունենալ անկախ տիեզերքի օրինաչափ «կանոններից», եւ, որ իր կյանքի ծրագրի տեղեկատվությունը նա ստանում է տիեզերքից, ինչը դեռ մարդու սաղմնային վիճակում տեղակայվում է նրա ուղեղում:

Խիրոմանտիայի (ձեռնագիտություն) մասին խոսելիս՝ արդեն բացատրել եմ, որ ուղեղն այդ ինֆորմացիան ուղղորդում է դեպի ձեռքերի ափերը եւ ոտքերի տակ. նյարդային վերջույթների միջոցով (ուղեղի կաթված ստացած մարդու մոտ այդ ինֆորմացիան աղավաղվում է):

Այսօր կխոսենք մարմնախաղի մասին, սակայն, ըստ էության, նշանակությունը նույնն է: Առաջին դեպքում հաստատուն, համարյա անփոփոխ (ձեռքի ափի գծերը), ամբողջ կյանքի ինֆորմացիան է, իսկ մյուս դեպքում (մարմնախաղ)՝ նյարդային համակարգի «տեղեկատվատուփից» հաղորդվող նախնական եւ «մանր» ինֆորմացիան է:

- Աստղիկ, կարո՞ղ եք ներկայացնել մարմնախաղի գիտական բացատրությունը:

- Այո, իհարկե, դրա համար հարկավոր է փոքր-ինչ պատկերացում ունենալ նյարդային համակարգի «աշխատանքի» մասին: Խոսքն այս համակարգի ամենակարեւոր հատկություններից մեկի մասին է. որ նյարդերը ցանկացած ինֆորմացիա հաղորդում են էլեկտրականության օգնությամբ, այսինքն` նյարդերն ունեն էլեկտրական բնույթ:

Ինչպես արտատար (էֆերենտ), կամ շարժիչ նյարդերի միջոցով ողնուղեղը կամ գլխուղեղը մկանների կծկում առաջացնող ազդանշաններ է ուղարկում, այնպես էլ առբերիչ (աֆերենտ), կամ զգացող նյարդերի միջոցով բարձրագույն նյարդերի կենտրոնները ինֆորմացիա են ուղարկում մկանների կծկման մասին: Այս էլեկտրական երեւույթները բնորոշ են ողջ նյարդային համակարգին:

Առբերիչ նյարդերն իրենց ազդանշանները միշտ հաղորդում են էլեկտրականության միջոցով, անկախ նրանից, ինչի մասին պետք է հաղորդեն,. ցավի, տաքության, հոտի, օրգանիզմի առողջ եւ անվնաս մնալու մասին…:

Մարդու ուղեղը՝ նյարդային համակարգով հանդերձ, մի բարդ համակարգ է, որտեղ յուրաքանչյուր նյարդ, բջիջ կրում է ինֆորմացիա:

Ուղղակի ընդհանուր պատկերացում կազմելու համար ասեմ, որ նյարդային բջիջները բաժանվում են երեք հիմնական խմբի. 1. զգացող (սենսոր) կամ ընդունիչ նեյրոններ, 2. շարժիչ (մոտոր) կամ գործարկիչ (էֆեկտոր) նեյրոններ, եւ 3. միջադիր նեյրոններ: Ի դեպ, նշեմ, որ նեյրոններում հանդիպում են նաեւ անսովոր «կառուցվածքներ», որոնք նկատելի են մասնավորապես «ընդունիչ» նեյրոններում: Այս նեյրոնների վերջավորություններն օժտված են տարատեսակ «հարմարանքներով» (ֆիզիկոսի լեզվով` փոխարկիչներով):

Կարծես թե շատ ընդլայնվեցի, պարզապես ցանկանում եմ բացատրել, որ օրգանիզմում (եւ, ընդհանուր առմամբ, ցանկացած կենդանի օրգանիզմում) ինֆորմացիան հաղորդվում է այնպես, որ ամբողջ մուտքային եւ ելքային «սարքերը» միօրինակացված են միեւնույն հիմնական կարգի ազդանշաններով աշխատելու համար: Դա նշանակում է, որ մենք կարող ենք համերգի, ֆիլմի, ստամոքսի խանգարման, դեպքերի եւ այլնի մասին ցանկացած ինֆորմացիայի տարբերությունը հասկանալ միայն նրա հիման  վրա, թե մեր ուղեղի որ կետերի հետ են միացած համապատասխան ընդունիչներից եկող թելիկները: Դրանք միլիոնավոր են, եւ թվում է, թե սաղմնային զարգացման ընթացքում յուրաքանչյուր թելիկ փնտրում եւ միանում է ուղեղում իր համապատասխան տեղին:

Ավելի հասկանալի դառնալու համար ներկայացնեմ մի փորձ, որը կատարել է պրոֆեսոր Սպերին: Շերեփուկի որովայնի շրջանից մի կտոր մաշկ է կտրել ու պատվաստել մեջքի վրա: Երբ շերեփուկը գորտ է դարձել, կսմթել են նրա մեջքի շրջանի պատվաստված մաշկը՝ նա սկսել է ետեւի թաթիկներով քորել որովայնի շրջանը: Չնայած գորտի մարմնի վրա մաշկի այդ հատվածի ոչ բնական տեղադրմանը, նրան ողնուղեղի հետ միացնող վերաճած նեյրոնը կապ է հաստատում վերընթաց այն նյարդային ուղիների հետ, որոնք հասնում են գլխուղեղում որովայնի մաշկից եկող զգացողությունների ընկալման հատվածին:

Տեսնո՞ւմ եք, թե ինչ հրաշալի մեխանիզմ է նյարդային համակարգը: Ավելի կոնկրետացնեմ ասելիքս. Ուղեղի այն հատվածը, որտեղ «տեղակայված» է մեր կյանքի ծրագրի ինֆորմացիան, պատասխանատու է ազդակներ ուղարկելու, այն է՝ նյարդերի միջոցով, մեզ հետ կատարվելիք դեպքերի, միջադեպերի, օրգանիզմի վիճակի (հիվանդության, առողջացման) մասին:

- Իսկ մի՞թե շատ դեպքերում գիտակցությունը չի որոշում, թե ինչ անել:

- Շատերը չեն ընդունում մարմնախաղի ճշմարիտ լինելու փաստը (կամ պարզապես ուշադրություն չեն դարձնում) եւ կամ համարում են սնոտիապաշտություն՝ կարծելով, թե ամեն ինչում գիտակցությունն է իշխում, սակայն մոռանում են ենթագիտակցական աշխարհի տիեզերական հնարավորությունների մասին:

Մարմնախաղի տեսությունը փաստերի հետ համաձայնեցնելու համար ոչ մի անհրաժեշտություն չկա: Ընդհակառակը, փաստացի տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ գիտակցականն ավելի խանգարում է, եւ անկախ մեր գիտակցական կամքից` շատ հաճախ ուղղորդում է սխալ ճանապարհով, իսկ բնազդը կամ ենթագիտակցականը ճիշտ է ուղղորդում: Կարիք չկա նաեւ երկար խոսել սրա մասին, քանի որ հազարավոր գիտնականներ ապացուցել են, որ մարդու ուղեղը հենց ինքը՝ տիեզերքն է, եւ, որ այդ բարդ համակարգը (նաեւ քիչ բացահայտված եւ ուսումնասիրված) պատրաստ է մեզ միշտ զարմացնել իր պոտենցիալ հնարավորություններով, ճշգրիտ եւ բարդ կոմբինացիաներով, համակված աշխատանքով: Կրկնեմ, որ ամեն մի նյարդ եւ բջիջ պատասխանատու է մեկ կամ մի քանի ինֆորմացիա հաղորդելու, ինչն էլ ուղեղի «տեղեկատվատուփից» բերում-հասցնում է համապատասխան կետին: (Ձեռքի ափի քորը կամ ոտքի տակի քորը, որը ժողովուրդը բացատրում է փող ստանալու, ծախսելու եւ ճանապարհ գնալու տարբերակով, ըստ էության, բացատրվում է նույն ձեւով):


«ԼԵԶՈՒՆ ԹՐԹՌԱԼՈՒ «ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՆԻ»


- Կարծում եմ, եթե անցնենք արդեն ընթերցողին ծանոթ մարմնի թրթիռներին, առավել պարզ կլինի Ձեր ներկայացրածը:

- Այո ճիշտ եք ասում:

uxex1. Երբ թրթռում կամ «խաղում» է գաղթը (ճակատից դեպի մազերը՝ գանգի առաջնային հատվածը), նշանակում է՝ բարիք կստանաք պաշտոնավոր մարդուց, եւ, ընդհանուր առմամբ, խոստանում է հաջողություններ, որին, ամենայն հավանականությամբ, սպասում էիք:

2. Գագաթի (գլխի կենտրոնը) խաղը հաղորդում է ֆինանսական մեծ հաջողության, փառքի, ստատուսի, պաշտոն ստանալու մասին:

3. Ծոծրակի խաղը կամ թրթիռը նախազգուշացնում է փորձանքների, վթարների մասին, որոնք, սակայն, բարեհաջող ելք կունենան:

4. Գլխի աջակողմյան հատվածի խաղը կանխավ հաղորդում է արու զավակի լույս աշխարհ գալու հետծննդյան բարդությունների (լավ ելքով) եւ դրամական նվերների մասին:

5. Գլխի ձախակողմյան հատվածի խաղը նախապատրաստում է հեռավոր ճանապարհորդության, որն անպայման ետադարձ տոմս կունենա:

6. Եթե թրթռում է գլուխն ամբողջովին՝ այնպես, որ գրեթե ջղակծկման տպավորություն է թողնում, ապա տեղեկատվություն կրող նյարդաբջիջների մի խումբ հաղորդում է մոտալուտ գաղտնիքների բացահայտման մասին, որոնք տվյալ անձի համար կարեւոր նշանակություն ունեն:

7. Ճակատի վրա նյարդաթրթիռը խոսում է մեծ հարստության, հաջողության ու փառքի մասին:

8. Աջ աչքի ունքախաղը նշանակում է դժբախտություն, որը սովորաբար որեւէ կնոջ պատճառով է տեղի ունենում, կամ, ընդհանուր առմամբ, երկրորդ անձի միջամտությամբ (այս շրջանում խուսափեք խնդրահարույց մարդկանցից):

9. Ձախ քունքը վիճաբանություն, կռիվ, ժամանակավոր կալանք, դատ եւ տհաճություններ է նշանակում:

10. Աջ հոնքի թրթիռը բախտավոր զգուշացում է, խոստանում է վերագտնել կորցրածը: Եթե սիրո կորուստ ունեք, ապա վերադառնում է սիրած էակը, եթե գումարի՝ ապա գումարը:

11. Ձախ հոնքի թրթիռը հայտնում է առատության, ընկերների կողմից աջակցության, հանդիպումների, նվերների, ուրախությունների մասին:

12. Հոնքերի մեջտեղում խաղը նախազգուշացնում է հոգեկան ցավերի, վիրավորանքների, նեղության կամ հանկարծակի հիվանդության մասին (ոչ ծանր):

13. Եթե դուք ունեք որեւէ քրոնիկ հիվանդություն, ապա դրա ռեցիդիվի մասին է զգուշացնում աջ աչքի ետեւի աղբյուրի խաղը (քունքի մոտ), լաց կամ տրտմություն է խոստանում:

14. Աջ աչքի առջեւի աղբյուրը (քթարմատի մոտ) խոստանում է ուրախություն, հիվանդության ապաքինում, հաճելի հանդիպումներ:

15. Եթե թրթռում է աջ աչքի վերին կոպը, ապա խոստանում է մոտալուտ հոգու խռովք, լաց, մտերիմներ հետ վեճերի արդյունքում` ատելություն:

16. Աջ աչքի տակի կոպը՝ հեռավոր ճանապարհ:

17. Աջ աչքի ամբողջական ջղակծկումը նշանակում է ցանկությունների իրագործում, կամ հեռու երկրներից եկած սիրելի ու մտերիմ մարդկանց հետ հանդիպում:

18. Ձախ աչքի ետին աղբյուրի խաղը խոստանում է եկամուտ, հարստություն, գույքի ձեռքբերում:

19. Ձախ աչքի առջեւի աղբյուրի խաղն առողջության նշան է, եթե հիվանդ եք, կամ՝ պարզապես մոտալուտ հաջողություն:

20. Ձախ աչքի վերին կոպի թրթիռը նախազգուշացնում է փորձանքի մասին, որը ձեր չմտածված քայլերի արդյունքն է լինելու, ինչի համար զղջալու եք: (Երբեմն նշանակում է, որ ձեր ընկերները ձեզ «հարվածելու» են թիկունքից):

21. Եթե խաղում է ձեր ձախ աչքի տակի կոպը, ապա ուրախացեք, որովհետեւ կիրականանան ձեր երազանքները:

22. Անսպասելի մեծ եկամուտ, բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ. կթրթռա ձեր ձախ աչքը ամբողջովին:

23. Աջ այտը` տեղափոխություն (նաեւ բնակարանի) կամ երկարատեւ էմիգրացիա է նախազգուշացնում:

24. Ձախ այտը` հիվանդություն (նյարդերի, արյան, ողնաշարի) կամ հոգեկան անդորրի խռովք:

25. Բերանի (շրթունքների) աջակողմյան թրթիռը մեզ մխիթարում է նրանով, որ շուտով կվերականգնվի մեր հոգեկան անդորրը:

26. Բերանի ձախակողմյան խաղը զգուշացնում է (կատարվում է 2-3 օրվա ընթացքում) կռվի, աղաղակի մասին, որից հետո տեղի կտա ձեր նյարդային համակարգը, կամ ընդհանրապես` հիվանդություն:

27. Բերանն ամբողջովին թրթռալիս պատրաստվեք հարսանիքի հրավերքի եւ հարազատների հետ հանդիպման:

28. Կզակի աջ կողմի խաղը խոստանում է նեղություններից անսպասելի ազատում (եթե ունեք դատապարտյալ, ապա կազատվի կալանքից):

29. Կզակի ձախ կողմը` գործնական հեռավոր ճամփորդություն:

30. Աջ ականջը թրթռալու դեպքում սպասվում է ազգականներից որեւէ մեկի մահը կամ լուր նրա ծանր հիվանդության մասին:

31. Ձախ ականջը` լավ լուրեր, նվերներ այնպիսի մարդկանցից, ովքեր նույնիսկ ձմռանը ձյուն են ափսոսում տալ:

32. Այո, լեզուն եւս թրթռալու «բնավորություն» ունի, ինչն էլ բերում է կռվի, խռովության:

33. Ամբողջ պարանոցի խաղը նշանակում է՝ մոտալուտ նեղություն, սադրանք, բամբասանք, դրամի կորուստ, դիտավորյալ կարող են ձեզ ներքաշել տհաճ պատմությունների մեջ: Եղեք զգույշ եւ զգոն:

34. Աջ թեւի թրթռոցը նեղություն, հիվանդություն, դրամի կորուստ ու հոգեկան անդորրի խաթարում է զգուշացնում:

35. Ձախ թեւը` դատ, ազատազրկում (եթե մի քանի ամիս շարունակ թրթռում է), կամ դժվար բուժելի քրոնիկ հիվանդություն է (երբեմն էլ՝ երկուսը միասին):

36. Աջ ձեռքի հետին  մասի թրթիռը (ոչ ֆալանգային) նախազգուշացնում է, որ վիրավորվելու եք ընկերոջ կամ ազգականի կողմից:

37. Ձախ ձեռքինը` բարիքներ, դրամ, նվերներ:

38. Ձախ ափի խաղը գումար է խոստանում:

39. Աջ ափը՝ հարեւանների հետ կռիվ, աղաղակ:

40. Աջ ձեռքի մեծ (բութ) մատը` բարձրադաս անձի կողմից արժանանալ հարգանքի, գովասանքի:

41. Ձախ ձեռքի մեծ մատը` զրպարտություն, բամբասանք, սադրանք:

42. Աջ ձեռքի ցուցամատի թրթիռը նախազգուշացնում է տհաճ, իսկ երբեմն՝ անոմալ երեւույթների մասին:

43. Ձախ ձեռքի ցուցամատը` կարճատեւ ուրախություն:

44. Աջ ձեռքի միջամատի թրթիռը նշանակում է՝ բարիքներ չսպասված տեղից:

45. Ձախ ձեռքի միջամատը` ուրիշի պատճառով կռվի մեջ ներքաշվել, սրտնեղել, սիրած էակի հետ բաժանություն եւ կամքին հակառակ զորակոչ:

46. Աջ ձեռքի մատնեմատի (անանուն կամ արեւի մատ) խաղը կանխավ հաղորդում է, որ շահելու եք խաղի կամ գործարքի մեջ եւ դրամի ձեռքբերում ու վիճակի բարելավում կունենաք:

47. Ձառ ձեռքի մատնեմատը` երեխայի ծնունդ, խնդություն, հարսանիք, ուրախություն:

48. Աջ ձեռքի ճկույթ մատի խաղը ամենաերջանիկ խաղն է, քանի որ դրա բացատրությունն է` շատ մեծ հարստություն, ձեռքբերումներ եւ ամուսնություն սիրած էակի հետ:

49. Ձախ ձեռքի ճկույթ մատը` վիճաբանություն, բամբասանք, տհաճ լուրեր:

Ձեռքի մատների մասին բացատրությունները նույնությամբ վերաբերում են ոտքի մատներին:

- Աստղիկ, մի՞թե մարմնախաղ ունեն կամ զգում են բոլորը:

- Հարցին պատասխանելուց առաջ ներողություն եմ խնդրում, եւ թող ասելիքս վիրավորական չհնչի, բայց այն մարդկանց, որոնց մոտ իսպառ բացակայում է մարմնական խաղը, խորհուրդ եմ տալիս դիմել բժշկի եւ լուրջ զբաղվել նյարդային համակարգը «ուշքի» բերելով:

Իսկ ձեր հարցին պատասխանելով՝ ասեմ, որ մարմնախաղի վերը նշված բացատրությունները ճշգրտորեն չեն վերաբերում յուրաքանչյուրին: Օրինակ, ձախլիկների մոտ կարող է հակառակ նշանակությունը ունենալ, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր չափից դուրս զգացմունքային են կամ տառապում են նեւրոզներով, նեւրասթենիայով եւ ընդհանրապես այն հիվանդություններով, որոնք վերաբերում են նյարդային համակարգին (հատկապես՝ ֆունկցիոնալ խանգարումներ), բացատրությունները եւս կարող են հակառակը լինել, բայց դրանք եզակի դեպքեր են:

Զրույցը ներկայացրեց

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում