livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 21, 2019

mog2Աստղաբանություն գիտությունը բավական հին է, եւ մեր օրերում այն դարձել է մոդայիկ: Եթե միջնադարում դրանով զբաղվողներից շատերին չէին ընդունում, կամ պարզապես կախարդներ էին համարում, իսկ շատ դեպքերում էլ շատ թագավորներ հատուկ աստղաբաններ էին պահում պալատներում, որպեսզի մեկնի օրվա իրողությունները, ապա 21-րդ դարում այս գիտությունը գնալով վերելք է ապրում: Աստղաբան ԱԼԻՆԱ ԴԵՐՁՅԱՆԻ հետ զրուցելիս՝ մեզ համար բացահայտվեց մի նոր աշխարհ դեպի աստղերը, մոլորակները եւ այլն:

Ի դեպ աստղաբանության այս տեսակը, որը կներկայացնենք ընթերցողին, տողերիս հեղինակի մոտ պարզապես զարմանք է առաջացրել այն առումով, որ մեկ անգամ եւս համոզվում ենք, որ մեր կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն, իրավիճակ րոպեների ու վայրկյանների դրությամբ շատ մեծ նշանակություն ունի: Ի դեպ նշենք, որ Ալինան, բացի գիտության մեկնությունից, մի փոքր կիսվեց նաեւ իր անձնական կյանքից, որպեսզի այն ամենը, ինչով որ նա զբաղվում է, հասանելի ու պարզ լինի ընթերցողին:

-Որքա՞ն ժամանակ է` ինչ զբաղվում եք այս գիտությամբ:

- Նախ ցանկանում եմ նշել, որ սովորել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտի քիմիական ֆակուլտետում եւ չորրորդ կուրսում հասկացա, որ սա իմ տեղը չէ, թողեցի ինստիտուտը՝ առանց փոշմանելու: 1992-93 թվականներն էին,  պատահաբար իմացա, որ կա «Հայ աստղագուշակ» կենտրոն, որտեղ դասընթացներ էին անցկացվում, սկսեցի հաճախել պարապմունքների եւ ուսանեցի այնտեղ մոտ չորս տարի: Յուրաքանչյուր սկսնակ աստղաբան առաջին հերթին ուսումնասիրում է իր անձնական հորոսկոպը, որովհետեւ իրենից լավ ոչ մեկին չի կարող ճանաչել, իսկ հորոսկոպի կազմման ժամանակ կարեւոր է նաեւ անցյալում եղած իրադարձությունների հայտնաբերումը: Այդ ընթացքում ինձ համար մի նոր աշխարհ բացվեց: Ես իմացա իմ ապագա կյանքի մասին որոշ մանրամասներ, նույնիսկ այնպիսիք, որոնք ես չէի ցանկանա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ դրանք ճակատագրով էին կանխորոշված: Նրանք, ովքեր գործ ունեն մարդու ներաշխարհի, կամ հոգու հետ, առաջինն այդ էքսպերիմենտը կատարում են իրենց վրա եւ ինձ շատ հետաքրքիր էր իմանալ, թե օրինակ, ո՞րն է այս մոլորակի վրա իմ գտնվելու իմաստը, ի՞նչ պետք է պարտադիր անեի, կամ ինչի՞ց պետք է խուսափեի: Ժամանակի ընթացքում, սակայն եկա մի եզրակացության, որ որքան ավելի քիչ բան ես իմանում ապագայի մասին, այնքան ավելի հեշտ ու ճիշտ ես ապրում: Ընթերցողին այս արտահայտությունը տարօրինակ կթվա, բայց փորձեմ բացատրել իմ կյանքի օրինակի վրա: Երբ 27 տարեկանում հաշվարկեցի իմ հնարավոր ապագան եւ պարզեցի, որ ամուսնություն է սպասվում 36-րդ տարում, մի տեսակ շոկ ապրեցի, քանի որ յուրաքանչյուր նորմալ աղջիկ ցանկանում է շուտ ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Բնականաբար, նման հաշվարկն այն ժամանակ ինձ հաճելի չէր, բայց հենց այդպես էլ եղավ: 35 տարեկանում ծանոթացա ապագա ամուսնուս հետ, 36-ում ամուսնացա, բայց …: Ես գիտեի, որ իմ ամուսնական կյանքը երջանիկ չի լինելու եւ խնդիրներ եմ ունենալու՝ երեխաների հետ կապված: 37 տարեկանում արդեն այրիացա, այդ ընթացքում նաեւ հղիության ընդհատում եղավ: Այն ամենը, ինչը դաժանաբար իմ հորոսկոպի մեջ գրված էր, ինչը ես գիտեի 27 տարեկանում, իրականություն դարձավ:

Նմանատիպ մի քանի երեւույթների համադրումից եկա այն համոզման, որ մարդկանց անձնական, սիրային կամ առողջության մասին վերջնական, կտրուկ որեւէ բան ես չեմ ասելու: Ինչո՞ւ: Բոլոր այն տարիների ընթացքում, մինչ ամուսնուս հետ ծանոթանալը, բնականաբար էլի տղաներ էին ինձ հանդիպում, բայց ամեն անգամ, քանի որ ենթագիտակցությանս մեջ նստած էր, որ ամուսնանալու եմ 36-ում, տարբեր առիթներով ինձ զրկում էի այդ մարդկանց հետ շփվելու հնարավորությունից:

- Ալինա, իսկ երբ դուք հանդիպում էիք Ձեր երկրպագուների հետ, արդյոք վերհիշո՞ւմ էիք այն, որ միեւնույն է, դուք պետք է ամուսնանաք ավելի ուշ, քան հիմա:

- Ամենայն անկեղծությամբ՝ ոչ, չէի հիշում գիտակցաբար, բայց այստեղ հարցն այն է, որ այն ինֆորմացիան, որը մարդը ստանում է մոլորակներից, արտացոլվում է նրա ենթագիտակցության մեջ եւ մնում: Կախված նրանից, թե որքան տպավորվող եւ զգացմունքային է մարդը, այնքան ավելի սուր է ազդեցությունը: Գիտե՞ք, իմ ցանկությունն այն է, որ մարդիկ կարողանան հասկանալ, գուցե ինչ-որ չափով այն, ինչ ես եմ հասկացել եւ ցանկանում եմ ասել, որ աստղաբանը առաջին հերթին մարդ է, նա եւս ունի տրամադրության անկում, բացասական ընկալում, կարող է ինչ-որ բաներ ճիշտ կամ սխալ տեսնել, հասկանալ: Ես գործ ունեմ մարդու հոգու հետ, որքանո՞վ է բարոյական այն, որ ես նախապես ձեզ տամ ինչ-որ տեղեկություն, որն այնքան էլ բարենպաստ չէ, դրանով մարդուն կդնեմ շրջանակի մեջ, թույլ չտամ աճելու եւ, ինչու չէ, նաեւ որոշ չափով փոխելու ճակատագիրը:

 

«ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ»

- Իսկ եթե դուք տեսնում եք, որ որեւէ մարդու դժբախտ պատահար է սպասվում, արդյոք ճիշտ չէ՞ նրան զգուշացնել դրա մասին:

- Ինչ վերաբերում է դժբախտ դեպքերի մասին զգուշացնելուն, ապա, բնականաբար, եթե նման բան կա, զգուշացնում եմ, բայց այնուամենայնիվ կրկին այն կարծիքին եմ, որ որքան քիչ բան իմանանք մեր կյանքի մասին, այնքան ավելի ճիշտ է` կարմայի օրենքից ելնելով: Փաստորեն, եթե ես մարդուն ժամանակից շուտ զգուշացնում եմ մի բանի մասին, որը մարդը պետք է ապրեր, եւ դա լիներ նրա կյանքի փորձը, զգուշացնելուց հետո անձը այդ փորձը ձեռք չի բերում: Ինչ եք կարծում, դա լա՞վ բան է: Ես այս ամենն ասում եմ հոգեւոր տեսանկյունից: Այսինքն, ուզում եմ, որ մարդը նախ եւ առաջ հոգեւոր զարգացման մասին մտածի, այլ ոչ թե այս պահի հարմարավետության: Բացի այդ, ունեմ երկու տաբու, դրանք են՝ սպասվելիք երեխայի սեռը եւ մարդու կյանքի տեւողությունը: Կարծում եմ, որ դրանք Աստծո կամքին խառնվելու կոպտագույն արտահայտումն են:

- Բայց չէ՞ որ, երբ դուք տեսնում եք, որ մեկի համար ճանապարհ գնալը այս տարի ավելի վատ կանդրադառնա, քան մյուս տարի եւ զգուշացնում եք դրա մասին, արդյո՞ք սա սխալ է:

- Համաձայն եմ, եւ աստղաբանի աշխատանքը հենց այդքանով է կարեւոր, որ նա զգուշացնում է սպասվելիքի մասին: Հարցն ավելի նուրբ թեմաներին է վերաբերում՝ մարդկային զարգացման առումով, այսինքն մեզնից յուրաքանչյուրը պետք է անցնի ինչ-որ փորձություններով եւ չի կարելի մարդուն պահել բամբակների մեջ: Խորհրդատվություն անելիս միշտ նշում եմ, որ չեմ պատրաստվում ձեռքիցդ բռնած քեզ հետ գալ, այլ քայլել կսովորեցնեմ, եւ դու ինքդ գնա առաջ: Ինձ դիմողներին ասում եմ իրենց պոտենցիալի, հնարավորությունների սահմանների մասին, որտեղ նրանք կարող են ազատ շարժվել, բայց թե ինչպես կշարժվի եւ դեպի որ կողմ, ընտրության իրավունքն անհատինն է:

- Այդ դեպքում ինչի՞ համար է այս գիտությունը, եթե այնուամենայնիվ մարդը պետք է անցնի փորձություններով եւ սխալ կլինի, եթե դրանց մասին նախապես տեղեկանա:

mog- Այն եզրակացությունը, որը ներկայացրեցի, իմ անձնական կարծիքն է, միեւնույն է, ես շարունակում եմ զբաղվել աստղաբանությամբ, բայց մարդկանց օգտակար եմ լինում «Հորար» մեթոդով, որը հարցերին պատասխանում է կոնկրետ ու հստակ: Մեթոդի մանրամասն նկարագրությունը ներկայացրել եմ իմ ֆեյսբուքյան էջում, այնպես որ այստեղ երկար չծավալվեմ: «Հորար» մեթոդով պատասխանը կարող եմ տալ, եթե ֆիքսված է հարցի ծագման ստույգ ժամը, իսկ Նատալ հորոսկոպը կազմելիս աստղաբանը պետք է հաշվարկի, թե կոնկրետ որ պահին է տեղի ունեցել մարդու առաջին շնչառությունը, այսինքն նրա ծնվելու պահը: Նման հաշվարկ կատարելու համար բավական ժամանակ է հարկավոր, շատ մեթոդներ է պետք օգտագործել: Բացի այդ, հաճախ մարդիկ գիտակցաբար կամ անգիտակցաբար սխալ ինֆորմացիա են տալիս: Առավել պարզ լինելու համար, կրկին օրինակ բերեմ իմ կյանքից. մայրս միշտ ինձ ասում էր, որ ծնվել եմ գիշերը, այնինչ շատ տարիներ անց պարզվեց, որ ծնվել եմ նույն օրվա 18:00-ից հետո: Երբ ես կազմում էի գիշերը երեքին ծնված մարդու քարտը, տեսնում էի, որ ինձ հետ կապ չունի ընդհանրապես:

«ՀԱՃԱԽԱԿԻ ՊԱՍՅԱՆՍ ԲԱՑԵԼԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ»

- Մայրերը կարող են սխալվել րոպեների մեջ, բայց գիշերն ու ցերեկը հաստատ կհիշեն, այդպես չէ՞:

- Պարզվեց, որ իսկապես իմ մայրը սխալվել էր, քանի որ իմ ծնվելուց որոշ ժամանակ հետո գիշերը նրան վիրահատել են, եւ հիշողության մեջ այդ երկու ինֆորմացիաները ձուլվել են: Դասական մի օրինակ կա, երբ աստղաբանը այցելուի քարտի վրա աշխատել է, բայց քանի որ պատվիրատուի մայրը վստահորեն հայտարարել է լրիվ ուրիշ ժամ, աստղաբանը չի կարողացել տեսնել, որ այդ մարդուն մեկ ամսից սպանելու են, ընդհակառակը տվել է բավական հաճելի ապագայի մասին տեղեկություններ: Այստեղ արդեն թերահավատություն է մտնում աստղաբանի աշխատանքի վերաբերյալ: Բացի այդ, ցանկանում եմ խոսել նաեւ մեկ այլ նրբության մասին, որը վերաբերում է Նատալ, այսինքն անհատական հորոսկոպին: Ստացվում է այնպես, որ երբեմն ես ստիպված եմ մարդկանց րոպեական հետաքրքրությունը բավարարելու համար էքսկուրս անել իրենց կյանք, տեսնել, թե ինչ է այնտեղ կատարվում, այնուհետ վերադառնալ եւ պատմել նրանց, թե ինչ կա, որպեսզի հանգիստ, առանց մտածելու ապրեն: Ուզում եմ հարց տալ, որքանո՞վ է դա ճիշտ: Վերջին շրջանում ես եկել եմ մի հետաքրքիր եզրակացության եւ կցանկանայի կիսվել ընթերցողի հետ: Գաղտնիք չէ, որ բոլոր մարդիկ, հատկապես երիտասարդներն անհամբեր են եւ ցանկանում են իրենց հարցի պատասխանը ստանալ շատ արագ եւ ցանկանում են, որ ինչ պետք է տեղի ունենա, հնարավորինս շուտ լինի: Հարցերին պատասխանելու համար ես կատարում եմ լուրջ աշխատանք, ասում եմ այն, ինչ ընկալեցի, բայց մեկ էլ վերջում կարող է ինձ ասեն, չնայած որ այդպես է, միեւնույն է, ես այլ կերպ եմ մտածում: Այսինքն պատկերացրեք, որ մեկին ուղարկում են հանք փորելու, որ գտնի մի թանկարժեք ադամանդ, գտնելով` այն բերում, ցույց է տալիս, եւ հանկարծ նրան ասում են, որ ես սրանից չէի ուզում, փաստորեն ամբողջ աշխատանքը ջուրն է ընկնում: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում այն, ինչով զբաղվում եմ եւ այլեւս նման անշնորհակալ գործ չեմ անում:

Այս գիտությանը հարկավոր է դիմել միայն այն դեպքերում, երբ այլեւս ուրիշ ելք չկա: Գտնում եմ, որ սա այսպես ասած շատ թանկ գիտություն է եւ չի կարելի րոպեական, անլուրջ ցանկություն բավարարելու համար դիմել աստղերի օգնությանը: Նույնիսկ սովորական խաղալու քարտերով հաճախակի պասյանս բացելը խորհուրդ չի տրվում, էլ ուր մնաց՝ սա:  

«ՄՈԳԵՐԻ ՄՈՏ ԳՆԱԼՈՒՆ ԴԵՄ ԵՄ»

- Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ սա այն անկարող վիճակն է, եւ որ այս դեպքում կարելի է դիմել «Հորար» մեթոդին, եւ արդյո՞ք հենց այն վիճակը, որում մենք գտնվում ենք, հենց դա այն փորձությունը չէ՞, որը պետք է մարդը անցնի:

- Ձեր հարցն ավելի շատ փիլիսոփայական ենթատեքստ ունի, որի շուրջ կարելի է շատ երկար խոսել, բայց ես կարծում եմ բավարար կլինի նշել, որ Հորար մեթոդը ենթադրում է հստակ հարցերին տրվող հստակ պատասխան: Դրանով որոշեցի զբաղվել այն ժամանակ, երբ տեսա, որ իմ մտերիմներն անգամ իրենց անհանգստացնող հարցերի պատասխանն իմանալու համար պատրաստ են գնալ գրբացների ու տարատեսակ մոգերի մոտ: Ինչո՞ւ եմ դեմ նման բաների, բացատրեմ: Մեզ այս կյանքում տրված է մի ինչ-որ քանակի երջանկություն, գուշակը մտնելով մարդու ինֆորմացիոն դաշտ, հավաքում է այդ երջանկության փաթիլները, խտացնում եւ տեղում մատուցում է դիմացինին: Մարդը երջանիկ ու հանգստացած գալիս է տուն: Հետո սկսվում են բացասական միջադեպերը, քանի որ դրանք չեն կարող գոլորշիանալ հենց այնպես: Գուշակները կարդում են մարդու էներգիան եւ տալիս են այն ցանկալի ինֆորմացիան, որը նրանց հարկավոր է, չնայած երբեմն, որոշ դեպքերում դա էլ կարող է ազդակ լինել, որ մարդը աշխատի կամ մտածի այդ ուղղությամբ եւ ամեն բան լավ ստացվի, չեմ հերքի: Սակայն իմ փորձից ելնելով հասկացա, որ էներգիաների հետ աշխատող ոչ բոլոր մարդկանց կարելի է վստահել, կան ազնիվ մարդիկ, անխոս, բայց մեծ մասամբ մնացածը  հարահոսի նման են աշխատում, այսինքն` գումար են վաստակում եւ անհատական մոտեցում չեն ցուցաբերում այցելուին, տալիս են կիսատ ինֆորմացիա, որպեսզի կախման մեջ գցեն ու էլի ապագայում գնաս իրենց մոտ:

«ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋ»

- Ալինա, որպեսզի ընթերցողին ավելի պարզ լինի Ձեր մեթոդը, նախ մի փոքր ինֆորմացիա տանք, թե ինչ է նշանակում աստղաբանություն եւ աստղագիտություն, այնուհետ կլսենք ձեր կողմից գործածվող մեթոդի հրաշքների մասին:

mog1- Փորձեմ մի փոքր տնավարի բացատրել: Ինչպես գիտեք, աստղագիտությունը ֆիզիկական գիտություն է, որը երկրային մարմինների շարժումն ու օրենքներն է բացատրում, իսկ աստղաբանությունը տալիս է այդ երեւույթների հոգեբանական ազդեցության պարզաբանումը: Բոլորիս հայտնի է, որ երկիրը գտնվում է էլեկտրամագնիսական դաշտի մեջ, մոլորակները միմյանց փոխազդում են եւ ասենք, օրինակ, արեւի վրայի հրվիժակի ազդեցությունը կբերի նրան, որ գրեթե բոլոր սրտանոթային խնդիրներ ունեցողները այդ օրերին կունենան պրոբլեմներ, ինչո՞ւ, մի պարզ պատճառով, մեր արյան բաղադրության մեջ կա երկաթ, որը մագնիսական ալիքների ազդեցության տակ լարվում է: Կամ, եթե, օրինակ, սենյակում նստած զրուցում են երկու հոգի, այդ ընթացքում տիրում է որոշակի իրավիճակ, եւ տվյալ մարդիկ իրար վրա ունեն շատ տարբեր ազդեցություններ, իսկ եթե այդ պահին ներս մտնի մեկ այլ անձ, ապա իրավիճակը կփոխվի, եւ այդ երրորդ անձը ներս կբերի նաեւ իր ազդեցությունը սենյակ: Եվ ինչպես սենյակի մթնոլորտն է փոփոխվում մարդկանց ներկայությունից, նույն կերպ էլ մարդկանց վրա են ներգործում մոլորակներն ու նրանց միջեւ ասպեկտները:

Ասեմ, որ բոլորովին ցանկություն չունեմ աստղաբանությունը ներկայացնել որպես ահասարսուռ եւ միստիկ մի գիտություն, առանց որի ապրել հնարավոր չէ, կամ փորձեմ վախեցնել ոմանց՝ նման օրինակ ասելով, որ գիտեք  2012 թվականի դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը կլինի, քանի որ մոլորակները որոշակի դիրքով են դասավորվելու: Այո, մոլորակները կանգնելու են որոշակի դիրքով, բայց դա չի նշանակում, որ աշխարհի վերջն է լինելու:

Ուզում եմ, որ մարդիկ հասկանան, աստղաբանությունը զվարճանքի առարկա չէ, դա շոու չէ, դա մոգություն չէ, ոչ էլ՝ կախարդություն:  

Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, պետք է կարողանալ ապրել սեփական կյանքը, երբեմն գուցե դիմելով օգնության, բայց ամեն դեպքում՝ միայն ինքնուրույն որոշումների հիման վրա: Կարծում եմ, որ ամեն մեկին պետք է տալ կյանքի կոնկրետ իրավիճակում իրեն հուզող հարցի պատասխանը, որ նա կարողանա իր հաջորդ քայլը կատարել: Այնուամենայնիվ, կողմնակիցն եմ, որ ոչ թե ես դիմացինիս փոխարեն նախապես հաշվարկեմ, թե ինչ է սպասվում, այլ լավագույն դեպքում տամ նրա հնարավորությունների մասին տեղեկություններ: Իսկ թե ինչ ընտրություն կկատարեն, դա պետք է լինի անհատի որոշումը: Ամեն դեպքում մեր ճակատագիրը որոշում է Աստված, եւ աստղաբանը չի կարող թելադրել ապագայի պլանները, նույնիսկ եթե դա կարող է տեսնել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում