livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

«Քո ճակատագիրը քո ձեռքում է». սա ժողովրդական ասացվածք է, սակայն, պարզվում է, որ այդ ասացվածքը կարելի է հասկանալ նաեւ ուղիղ իմաստով, այսինքն` ճակատագիրը կարելի է կարդալ կամ տեսնել սեփական ձեռքի մեջ:  Իսկ թե ինչպես, մեզ է ներկայացնում խիրոմանտ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

 

- Տիկին Աստղիկ, մենք հանդիպել ենք տարբեր մոգերի կամ, այսպես կոչված, բախտագուշակների, ովքեր պատմում են, որ մի գեղեցիկ օր նրանք պատահական բացահայտեցին իրենց մոտ այդ հմտությունը ինչ-որ երազից կամ պատահարից հետո: Իսկ խիրոմանտիան գիտություն է, որը  հարկավոր է ուսումնասիրել: Բայց մի՞թե միայն գիտություն ուսումնասիրելը բավարար է` կարդալու մարդու ճակատագիրը եւ, ինչու չէ, նաեւ խորհուրդներ տալու: Ինչպե՞ս բացահայտեցիք Ձեր մեջ այդ հմտությունը:

- Ես իմ կյանքում եկել եմ մեկ համոզման. եթե մարդուն տրված է մի առաքելություն, որը նա պետք է կատարի, դա անխուսափելի է: Ինչո՞ւ, ես դա բացատրելու համար պետք է մի քիչ հեռվից գամ: Միգուցե այն, ինչ որ պատմեմ, մի փոքր անհասկանալի թվա, բայց կարծում եմ, որ դա ինչ-որ նշանակություն ունեցել է: Ես մանկուց բավականին էմոցիոնալ եւ ռոմանտիկ եմ եղել եւ  բաց աչքերով մեր սպիտակ վարագույրի վրա գիշերները գունավոր հեքիաթներ էի տեսնում: Եվ հիշում եմ այսօրվա պես, որ յոթ տարեկանում տեսա մի երազ, թե իբր ես մեծ պալատի մեջ եմ, եւ բոլորը սպասում են Սարգիս անունով մի երիտասարդի: Այդ երազը եւս գունավոր էր: Ու հանկարծ լսում եմ սմբակների ձայն, ու հայտնվում է այդ Սարգիսը, ով 35 տարեկան մի երիտասարդ էր` ոսկեգույն, գանգրահեր մազերով եւ կապուտաչյա: Նա նստեց սեղանին, ու հանկարծ մեր ձեռքերը երկարեցին, եւ մենք բարեւեցինք իրար: Այնուհետեւ նա ինձ հարցնում է, թե ինչու չես գալիս ինձ մոտ, իսկ ես ասում եմ, որ եկել եմ, նա էլ թե` որ արթնանաս, մայրիկիդ կասես, նա քեզ կբերի ինձ մոտ: Ես արթնացա, պատմեցի մայրիկիս, իսկ նա ասաց, որ դա Սուրբ Սարգիսն է, եւ մենք պետք է անպայման գնանք եկեղեցի: Սակայն ուզում եմ ասել, որ վաթսունական թվերին գրեթե չկար սրբի պատկեր տան մեջ պահելու հասկացողությունը, իսկ ես ընդհանրապես ինֆորմացիա չունեի այդ մասին: Մայրիկս ինձ տարավ Սուրբ Սարգիս եկեղեցի: Մտնելով եկեղեցի` ես միանգամից ֆիքսեցի, որ դա իմ երազի մեջ տեսած երիտասարդը չէ, եւ ես, չգիտես ինչու, հիասթափություն ապրեցի ու մոռացա այդ երազի մասին: Այնուհետեւ 15 տարեկանում ես կրկին տեսա այդ երիտասարդին իմ երազում: Մենք գտնվում էինք մութ սենյակում, իսկ նա սեւ հոգեւորականի հագուստով էր, որի ձեռքին բաժակ կար, որը տվեց ինձ: Ես հարցրի` ի՞նչ անեմ, նա ասաց` վերցրու եւ նայիր: Եվ տարօրինակն այն է, որ այդ օրվանից հետո, առանց որեւէ բացատրության, ես սկսեցի իմ մտերիմների սուրճի բաժակը նայել: Սակայն ամենագլխավորն այն է, որ ես գիտակցում եմ, որ ոչինչ չեմ հասկանում այդ սուրճի բաժակի մեջ գտնվող պատկերներից, այլ ուղղակի խոսում եմ: Արդյունքում ստացվում էր այն, որ ես շատ ճիշտ բաներ էի ասում: Տարօրինակն այն է, որ այդ նույն երազը ես տեսնում եմ 18 տարեկանում` իմ մոր մահից ուղիղ 40 օր անց, երբ նա իր ձեռքով ինձ տվեց բաժակ ու գնաց: Իսկ իմ մոր մահվան օրը նա ինձ խնդրեց, որ իր բաժակը նայեմ, եւ ես տեսա այդ վատ բանը, չնայած որ` ասացի լրիվ ուրիշ բաներ, բայց, ցավոք, երկու ժամ անց նա հանկարծամահ եղավ իմ ձեռքերի մեջ: Բացի այս երազից, ես դեռեւս մանկուց ունեցել եմ կանխազգալու զգացողություն: Հիշում եմ, երբ մի անգամ կեսգիշերին  արթնացա ու մայրիկիս ասացի, թե վատ եմ զգում, նա խառնվեց իրար ու չգիտեր` ինչ աներ, իսկ ես ասացի` գնա, բացիր դրսի դուռը, հիմա մեր տուն կգա մորեղբայրը ու մեզ վատ լուր կասի: Եվ վայրկյաններ անց մեր դռան զանգը տվեց մորեղբայրս ու մեզ վատ լուր հայտնեց: Հիշում եմ նաեւ, երբ մի օր քույրս իր ընկերուհու հետ ցանկանում էր քաղաքից դուրս գնալ առավոտյան, ես, չգիտես ինչու, այդ օրը` առավոտյան ժամը վեցին, արթնացա ու տագնապ զգացի ու որոշեցի փակել մեր տան դուռը ու բանալին պահել: Նրանք չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում, սկսեցին ինձ վրա ջղայնանալ, իսկ ես միայն երկու ժամ անց տվեցի բանալին, սակայն արդեն շատ ուշ էր գնալու համար: Ինչեւէ, մի քանի ժամ անց լուր ենք ստանում, որ այն ավտոբուսը, որով նրանք պետք է մեկնեին քաղաքից դուրս, շուռ է եկել ճանապարհին, եւ բոլորը մահացել էին: Իսկ այդ պատրվակով, քրոջս ընկերուհին խոստացավ, որ երբ նա աղջիկ ունենա, անունը դնելու է Աստղիկ, քանի որ ես փրկեցի նրա կյանքը, եւ այդպես էլ եղավ: Հարցը նրանում է, որ ես սկսեցի ինձնից վախենալ, քանի որ նմանատիպ կանխատեսումներ ինձ մոտ հաճախ էին լինում, որից ես շատ էի նեղվում ու հաճախ դիմում էի Աստծուն` խնդրելով, որ այդ զգացողությունը հեռացնի ինձնից: Երբ ես սովորում էի, այնպես ստացվեց, որ հայտնվեցի Անապայում, այնտեղ ինձ պատահաբար մի գնչուհի մոտեցավ եւ առաջարկեց գուշակել, իսկ ես հրաժարվեցի` ասելով` ես ձեզ գումար կտամ, բայց մի գուշակեք ինձ, իսկ նա հակադրվեց` ասելով, որ իրեն գումար պետք չէ, եւ որ նա ուզում է մի կարեւոր բան ասել ինձ, եւ շարունակելով` ասաց. «Դու երբ կգնաս Երեւան, քո ընկերներից մեկի հետ վատ բան կպատահի, եւ իմացիր, որ դու խիրոմանտ ես դառնալու»: Իսկ ես այդ գիտության մասին լսել էի իմ հայրիկից, որը հայտնի բնաբույժ էր եւ ուսումնասիրում էր նաեւ այդ գիտությունը, սակայն երբեք լուրջ չի զբաղվել դրանով: Մի հետաքրքիր բան հիշեցի այդ առումով. երբ նշում էինք հայրիկիս 90-ամյակը, եղբայրս կենաց բարձրացնելիս ասաց` ցանկանում եմ, որ ապրես 120 տարի, իսկ նա պատասխանեց` ինձ ավել կյանք մի ցանկացիր, քանի որ ես ունեմ ընդամենը 92 տարվա կյանք, եւ այդպես էլ եղավ: Եվ ես երբեք չէի պատկերացնում, որ կդառնամ խիրոմանտ, քանի որ ամբողջությամբ տրվել էի իմ ուսմանը` բնաբուժությանը: Բանն այն էր, որ երբ ես սկսեցի կարդալ այդ գրքերը, բավականին հեշտությամբ էի ընկալում խիրոմանտիայի նրբությունները, գաղտնիքները, որոնք բավականին դժվար են: Ի դեպ, շատերն են դիմում ինձ` աշակերտելու համար, բայց այդ ամենը պետք է միջիցդ լինի, որ ստացվի:

- Բայց չէ՞ որ դա գիտություն է, մի՞թե այլ ունակություններ եւս հարկավոր են դրան տիրապետելու համար:

- Այո, հարկավոր են: Ես ինչո՞ւ ձեզ պատմեցի իմ կյանքի դրվագներից, որպեսզի ավելի պարզ լիներ, թե ինչպես սկսվեց ու ստացվեց այդ ամենն ինձ հետ: Փաստորեն, ինձ մոտ կար հստակատեսություն, ունեի շատ ուժեղ էներգետիկ դաշտ եւ հնդկական աստրոհոգեբանության մեջ ես համարվում եմ սպիտակ մոգ` էներգետիկ դաշտով, որը ես ստանում եմ տիեզերքից: Եվ հետաքրքիրն այն է, որ ես համարվում եմ կրկնակի սպիտակ մոգ, քանի որ իմ հորոսկոպում եւս կա սպիտակ լուսին: Այսինքն` իմ շրջապատի մարդկանց ես բավականին դրական եմ ազդում, որոնց գործերը միշտ առաջ են գնում:

- Իսկ Դուք ինքներդ Ձեզ համար հաջողա՞կ եք:

- Ոչ, ինքս ինձ համար լավ չեմ, բավական է ասեմ, որ լավ եմ, հենց հաջորդ օրը վատանում եմ: Ի դեպ, շատ է պատահել իմ կյանքում, որ կարող է ես ուղղակի պատահական մեկին մի բան ասեի, անկախ նրանից` լավ կամ վատ, դա պարտադիր ի կատար էր ածվում: Եվ որպես խոստովանություն` ուզում եմ ասել, որ կյանքում ընդամենը մեկին եմ վատ բան ասել, որը կատարվել է: Միշտ իմ շրջապատի մարդիկ, երբ վատ էին լինում, վազելով գալիս էին մոտս եւ դրական էմոցիաներով գնում: Ես մտածում էի` մի՞թե ինձանից ինչ-որ կարեւոր բան եմ ներկայացնում, որի պատասխանը չէի կարողանում գտնել: Այնուհետեւ, հնդկական աստրոհոգեբանությունը ուսումնասիրելուց հետո, հասկացա, որ այդ սպիտակ մոգի էներգետիկ դաշտը այնքան շատ է, որ ակամայից մարդկանց ձգում է դեպի քեզ:

 

«ՔՐԻՍՏՈՆՅԱ ԼԻՆԵԼՈՎ` ՄԵՆՔ ԱՆՀԱՎԱՏ ԵՆՔ»

 

- Բայց չէ՞ որ նույն գուշակի մոտ գնալուց հետո եւս մարդիկ կարող են ուրախ վերադառնալ, այս դեպքում` ո՞րն է տարբերությունը:

- Սա հոգեբանական պահ է, եւ բացի այդ, ես սուտ չեմ ասում, իսկ մեր հայ ժողովուրդը շատ է սիրում սուտ, եւ ի դեպ, ամենաանհավատը մեր ազգն է: Ես սա չեմ ասում, որպեսզի վիրավորեմ իմ ազգին, սա ասում եմ` փաստերի վրա հիմնվելով: Ի դեպ, կապ չունի, թե քանի մարդ եկեղեցի կայցելի, կամ քանի մոմ կվառի, կամ կաղոթի: Առաջինը ընդունելով քրիստոնեությունը` հայը միշտ անհավատ է եղել: Օրինակ` խորհրդային տարիներին, եթե ռուսը հավատում էր պարտիային, հայը չէր հավատում ոչ դրան եւ ոչ էլ եկեղեցուն: Մեզ դուր է գալիս քաղցր սուտը: Օրինակ` որոշ բախտագուշակներ, որոնք ունեն մի փոքր հստակատեսություն եւ չունեն շատ մեծ էներգետիկ դաշտ, սկսում են նայել մարդու ճակատագիրը: Իսկ երբ մարդը երկար է աշխատում իր մասնագիտությամբ, որոշ չափով դառնում է հոգեբան, նույնիսկ տաքսու վարորդները իրենց աշխատանքում շատ հստակ զգում են իրենց հաճախորդներին: Եվ այս առումով` գուշակները շատ լավ հասկանում են, թե տվյալ մարդը  ինչի համար է եկել իրենց մոտ եւ ինչ է ուզում լսել, որը հաճելի կլինի լսել:

- Իսկ Ձեր դեպքում ինչպե՞ս է. Դուք մարդու դեմքին նայելով` չե՞ք կարող կարդալ, թե նա  ով է եւ ինչ է ուզում:

- Ես երբեք չեմ խաբում, բացի այդ, ես ուսումնասիրել եմ նաեւ ֆիզիոգնոմիկա, խիրոգնոմիկա եւ այլն: Ես չեմ կարող ժխտել` ասելով, որ գուշակները սխալ բաներ են ասում, ոչ, նույնիսկ կարող են շատ մանրամասներ ասել, որը չի երեւում խիրոմանտիայի մեջ, բայց, մեծ մասամբ, սուտն է ասվում, որը չի արվում մտածված, այլ նրանց կարողություններն են այդքան: Սակայն նշեմ, որ գուշակների մոտ ավելի շատ են գնում:

- Իսկ ինչո՞վ  է դա բացատրվում:

- Գիտեք, այստեղ շատ մեծ նշանակություն ունի նաեւ հաճախորդի ֆինանսական վիճակը: Գուշակները 500 կամ հազար դրամով էլ կարող են  գուշակել` անունը դնելով խաչհամբույր: Իսկ ես բախտագուշակ չեմ, ես պարզապես մարդ եմ, որը վաղուցվանից զբաղվում է էզոտերիկ գիտություններով, եւ ինձ մոտ սուտ չի լինում:

- Այսինքն` Դուք կարող եք ճիշտ ասել նաեւ վա՞տը:

- Գոյություն ունի վատը ասելու սահման, եւ ես չեմ կարող ինձ դիմած 40 տարեկան մարդուն ասել, որ դուք կմահանաք, ենթադրենք, 43 տարեկանում. դա անթույլատրելի է: Իմ պատկերացումը Աստծո մասին  այլ կերպ է ու ավելի գիտական. ուղղակի մարդիկ անունը դրել են Աստված, որին ես հավատացել եմ եւ հավատում եմ: Եվ այն գերհզոր ուժը, որը գոյություն ունի, ես երբեք չեմ անցնի դրա սահմանները` կապված մարդու վերջի հետ: Այս տարիների ընթացքում ընդամենը երկու մարդու եմ ասել դրա մասին, որոնց ուղղակի չէի կարող չասել: Նրանք բարձր պաշտոնյա էին, որոնք ունեին շատ անավարտ գործեր: Նրանք ուղղակի ինձ խնդրեցին, որ ասեմ այդ մասին, որպեսզի հասցնեին այն, ինչը անավարտ էր մնացել: Իսկ շատերը ուղղակի սպորտային հետաքրքրությունից դրդված են ցանկանում իմանալ, թե որքան են ապրելու, իսկ ես չեմ ասում, քանի որ դա նրանց հաստատ չի օգնի, այլ կխանգարի: Նմանատիպ կանխատեսումներ կարելի է կատարել մասսայական վտանգ սպառնալու դեպքում: Իսկ ես ուղղակի զգուշացնում եմ` ասելով, թե զգուշացեք որոշ գործարքներ կատարելուց կամ ճանապարհ գնալուց, իսկ երբ չեն լսում, եւ հետո այդպես էլ լինում է, նրանք գալիս եւ ասում են` դուք ճիշտ էիք: Ես դրա համար հատուկ մի նախադասություն եմ մշակել իմ հաճախորդների համար եւ ասում եմ` թող ես սխալ լինեմ, բայց դուք լավ եղեք:  Օրինակ, երբ ես տեսնում եմ, որ մի աղջկա համար չկա ամուսնություն կամ նա չի ամուսնանա հենց այն տղայի հետ, որին նա հանդիպում է, այսինքն` սխալ կլինի, եթե կատարվի այդ քայլը,  շատ ժամանակ չեն լսում, կամ երբ հարցնում են` ինչ անել, ես խորհուրդ եմ տալիս շրջանցել այդ քայլը եւ հարված չվերցնել իրենց վրա, որպեսզի այդ ինֆորմացիան տեղի չունենա: Իսկ շատ անգամներ նույնիսկ շառ են գցում ինձ վրա, եւ ակամայից հիշեցի մի դեպք: Մոտ 10 տարի առաջ իմ ընկերուհիներից մեկը եկավ ինձ մոտ մի կնոջ հետ եւ խնդրեց ինձ` ասելով, թե այսքան ժամանակ դու իմ ձեռքը չես կարդացել, ուղղակի ասա` ես կամուսնանա՞մ, թե՞ ոչ, իսկ ես առանց նայելու միանգամից ասացի, որ դու ամուսին չես ունենա: Այդ պահին նրա հետ եկած կինը շատ արհամարհական տոնով ինձ ասաց` ոչի՞նչ, որ նա վաղը ամուսնանում է: Ես նրան դիմելով` ասացի` ոչինչ, եւ ընդամենը երկու ամիս անց իմ ընկերուհին բաժանվեց եւ այդպես էլ, ցավոք, չամուսնացավ: Սակայն հենց այդ օրը իմ այդ ընկերուհին ինձ խնդրեց նայել նաեւ իր հետ եկած կնոջ ձեռքը, որը անհավատ էր ամեն առումով: Ես նայեցի նրա ձեռքը ու ասացի` դուք 50 տարեկանում կհանդիպեք անցավոր սիրո, որից հետո շատ բան կկորցնեք: Նա ինձ չլսեց, եւ մի քանի տարի առաջ զանգահարում է ինձ իմ ընկերուհին ու պատմում, թե ինչպես այն կինը 50 տարեկանում սիրահարվում է մի 25 տարեկան երիտասարդի, որը խորամանկությամբ տիրանում է վերջինիս ունեցվածքին, որով նա ամուսնանում է մեկ այլ աղջկա հետ: Եվ երբ իմ ընկերուհին իր ընկերուհուն հիշեցնում է իմ ասածները, նա շուռ է գալիս եւ ասում` դա ինքը արեց, որ այդպես եղավ ինձ հետ: Բայց չէ՞ որ ես չեմ գծում մարդկանց ճակատագիրը, դա ես տեսնում եմ նրանց ձեռքում:

Հոգեբանները նման դեպքերում ասում են` եթե դու մարդուն տալիս ես մի որեւէ ինֆորմացիա, դա մտնում է նրա ենթագիտակցական կամ գիտակցական ոլորտ, եւ ակամայից մարդը շարժվում է այդ ինֆորմացիայով: Այս մասին Աստղիկ Հակոբյանը տվեց յուրօրինակ պատասխան, որի մասին կներկայացնենք «Զարուհի» ամսագրի հաջորդ համարում:

Զրույցը`
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

# Maria 2019-10-09 12:18
Բարև ձեզ հարգելի խմբագրություն։
Կարող եք Աստղիկ հակոբյանի տվյալները անձնական նամակով ուղարկել։
Նախապես շնորհակալություն
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում