livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

in-yanԵրբեմն բնակարան ձեռք բերելիս, առաջին հերթին կանայք մտածում են, թե ինչպես այն կահավորել, ճիշտ գտնել եւ տեղավորել յուրաքանչյուր իր՝ իրենց համապատասխան տեղերում: Տվյալ դեպքում շատերը առաջնորդվում են իրենց պատկերացումներով, ճաշակով, հրավիրում են դիզայներների, կամ էլ անում են՝ ինչպես պատահի: Կարծում ենք շատ քչերին է հայտնի Չինական Ֆեն-շույ գիտությունը, որը մեզ հնարավորություն է տալիս մեր իսկ բնակարանում, գրասենյակում, սննդի եւ այլ օբյեկտներում յուրաքանչյուր իր, կամ առարկա դնել իր ճիշտ տեղում, եւ ինչու չէ, նաեւ ունենալ հաջողություններ ու դրական զգացողություններ: Այս գիտության մանրամասների մասին մենք զրուցեցինք Խիրոմանտ (ձեռնագետ) ֆիտոթերապեւտ (բնաբույժ), գրող, էզոթերիկ գիտությունների մասնագետ` ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով այս համարում մեզ կներկայացնի վերը նշված գիտության պատմությունը եւ դրա նշանակությունը:

 

- Աստղիկ, ի՞նչ է Ֆեն-շույը:

- Ֆեն-շույը (ջրի եւ քամու զարդանկար) կյանքի եւ շրջապատող աշխարհի միջեւ ներդաշնակության դաոսյան հնագույն արվեստ եւ գիտություն է: Հարյուրամյակներ շարունակ չինացիները դիմել են Ֆեն-շույին, երբ նախաձեռնել են իրենց քաղաքների, տների շինարարությունը: Այն այսօր էլ հանդիսանում է չինաբնակների առօրյա կյանքի անբաժան մասը. գործարարները մշտապես խորհրդակցում են Ֆեն-շույի մասնագետների հետ իրենց աշխատասենյակների տեղը ընտրության հարցի շուրջ, գնորդները դիմում են որպեսզի գտնեն այնպիսի բնակարաններ, որտեղ ապահով կլնեն իրնեց եւ ընտանիքի անդամների առողջության եւ բարօրության հարցում եւ այլն:

Վերջին ժամանակներում Ֆեն-շույից սկսել են օգտվել նաեւ արեւմուտքում, մասնավորապես, այն գրավել է ճարտարապետների , անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալների ուշադրությունը: Ֆեն-շույի էությունը ամենավառ կերպով արծարծող եւ հետաքրքիր օրինակը չինական լեգենդներից մեկն է. Իննը Երկինքների Տիրուհին Լյու Բանի նախնիներին հուշել էր ինչպես ընտրել թաղման տեղանքը, որպեսզի նրանց սերունդների մեջ ծնվի մեկը, ով կայսեր կդառնար: Լյու Բանի եւ նրա հակառակորդի՝ Ցին դինաստիայի դաժան կայսրի միջեւ պայքարում իրենց մասնակցությունն են ունենում Ֆեն-շույի երկու վարպետներ՝ Դաոսյան իմաստուն Խուանշի-հուն, ով Լյու Բանի կողմնակիցն էր եւ սեւ մոգ Խուեյ Ժենը՝ հակառակորդի կողմից: Վերջինս աշխատել էր սպառել այն տեղանքի էներգիան, որտեղ ամփոփվում էր Լյու Բանի նախնիներից մեկի մարմինը, իսկ Խուանշի-Հուն պաշտպանում էր էներգիայի հոսքի անձեռնամխելիությունը: Խուանշի-Հուն հաղթում է, ինչի արդյունքում Լյու Բանը կայսեր է հռչակվում եւ դառնում Խան Դինաստիայի հիմնադիրը:

- Ցանկացած մարդ կարո՞ղ է տիրապետել Ֆեն-շույին:

- Կցանկանամ նշել, որ Ֆեն-շույի ուսումնասիրությունը պատասխանատու վերաբերմունք է պահանջում: Միայն տեսակն իմանալ բավական չէ, այն պետք է ուղեկցվի գործնականով, նաեւ հստակատեսության զարգացմամբ, որն, ասես, կոտրում է, հալեցնում անձի եւ տիեզերքի միջեւ պատնեշը: Ինչ խոսք բավականին երկար ժամանակ է պահանջվում Ֆեն-շույի հմտությունները վերացնելու համար, սակայն որեւէ արդյունքի հասնելուց հետո, նույնիսկ, անհրաժեշտ է անընդմեջ լրացնել գիտելիքների պաշարը: Միայն այդ դեպքում կարելի է զգալ, իմանալ եւ շոշափել այն էներգիաները, որոնք հոսում են բնության մեջ: Ֆեն-շույի վարպետը պետք է պատասխանատու լինի իր կողմից տրված խորհուրդների, կանխորոշումների համար եւ դրանց նայի այնպես, ասես, դրանք իրեն կամ իր բարեկեցությանն է վերաբերվում:

horseԱյս գիտությունն անքակտելիորեն կապված է Դաոսյան այլ արվեստների հետ, այսինքն, հնում Ֆեն-շույի դաոսյան վարպետները տիրապետում էին բժշկությանը, մոգությանը, հստակատեսությանը, ալքիմիային եւ անընդհատ գտնվում էին ինքնազարգացման գործընթացում: Ֆեն-շույը հնարավորություն է ըմբռնել տիեզերքի օրենքները, ինքդ քեզ , ինչպես նաեւ ուրիշներին օգնելու միջոց՝ ապրելու այդ օրենքերի համաձայն այնպես, որպեսզի չխախտվի աշխարհի ներդաշնակությունը:

- Կարո՞ղ եք նշել, թե ո՞րն է Ֆեն-շույի սկզբնաղբյուրը:

- Հնագույն ժամանակներից քամին (ֆեն) եւ ջուրը (շույ) չինացիները համարել են կարեւորագույն էներգիաներ, որոնք երկրի վրա կառավարում են կյանքը: Թեթեւ զեփյուռը իր հետ բերում է հարուստ բերք, գետերը մարդկանց ապահովում են սննդով եւ պաշտպանում երաշտից: Իսկ մյուս կողմից՝ ուժեղ քամիները ոչնչացնում են ցանքսերը, անշարժ, կանգուն ջրերը առաջացնում են հիվանդություններ, իսկ մոլեգնող հոսանքները՝ բերում ապրուստի անբավարարության: Այսինքն՝ այն էներգիան, որը գտնվում է շարժման մեջ, համարվում է բարերար, իսկ այն, որը անշարժ է, պաղած վիճակում է՝ կործանարար:

Չինական ցեղերի առաջնորդները հնում քրմեր էին, ովքեր յուրացրել եւ լավ էին հասկանում քամու եւ ջրի օրենքները, հետեւաբար բնության տարրերի եւ տարերքի հանդեպ օժտված էին իշխանությամբ: Առաջնորդներից մեկը եղել է իմաստուն Ֆու Սին, ով համարվում է չինական գուշակության արվեստի հիմնադիրը: Նա բացել է խե-տուն՝ տիեզերքի ընկալման բա-գուաի հնադարյան նախատիպը: Ձիու մարմնի վրա արված զարդանկարի (նկ. 1) ըմբռնումը նշանակում է հասկանալ Տիեզերքի օրենքները, ինչի շնորհիվ էլ կարելի էր գուշակել ապագան:

- Ինչի՞ հիման վրա են այդ սկզբունքները կառուցել:

- Հնադարյան քրմերի իշխանությունը բնության տարրերի հանդեպ ինչ-որ տեղ կարելի է բացատրել եղանակի յուրահատկությունների եւ լանդշաֆտի գերազանց իմացությամբ: Հնարահայտ քրմերից մեկը՝ Խուան Դին է: Նրա մասին պատմում է չինական ավանդույթը, որտեղ նշվում է, որ երբ նա կռվում էր ավազակապետի հետ, ով մոգական ուժերի շնորհիվ լեռնահովիտները պարուրել էր մառախուղով, որից Խուան Դին մոլորվեց: Այդժամ հայտնվում է Ինը Երկինքների Տիրուհին եւ նրան հաղորդում կողմանցույց օգտագործելու իմացությունը: Խուան Դին ինքն է մոլորեցնում ավազակապետին եւ նրան գերի վերցնում: Հետագայում կողմանցույցը կատարելագործվում է, եւ հնադարյան բա գուաի հետ համադրելով, օգտագործվում այնպիսի տեղանքների որոնման համար, որոնք կարող էին բարենպաստ համարվել քաղաքների, տների, պալատների կառուցման համար: Սրա շնորհիվ դիմակայում էին նաեւ ոչ բարենապաստ եւ կործանարար ուժերին: Նշվածից զատ, նրանք ուսումնասիրում էին երկինքը եւ կազմում աստղային քարտեզներ: Մ.թ.ա. 18-12-րդ հարյուրամյակներում օրացույցը կատարելագործվեց եւ գործածության մեջ դրվեց 60 օրյա ցիկլը: Համաստեղությունների շարժընթացը կազմվեց երկնային 10 սյունյակներում եւ երկրային 12 ճյուղերում: Ավելի ուշ, 60 օրյա ցիկլը օգտագործեցին 1 տարվա նկատառումով, այսինքն՝ 365 օրը բաժանվեց վեց շրջանների: Մ.թ.ա. 12-3-րդ դարերում երկնային սկյունյակները հարաբերակցվեցին 5 տարրերին՝ մետաղ, ջուր, կրակ եւ հող, իսկ 12 երկրային ճյուղերը՝ տարվա 12 ամիսներին:

Հետագայում, երկրային 12 ճյուղերը հարաբերակցվեցին 12 կենդանակերպի հետ: Այսպիսով, մ.թ.ա. 8-րդ դարում գուշակության 3 հիմնական բաղադրիչները «Ի-ցզին» եւ օրացույցը ամրագրվեցին՝ որպես չինական գիտության անքակտելի մասնիկներ:

- Թարգմանաբար ի՞նչ է նշանակում ֆեն-շույ:

- Քամին (ֆեն) եւ ջուրը (շույ) անհրաժեշտ է մեր գոյատեւման համար: Ջուրը՝ կյանքի համար, իսկ քամին՝ այդ նույն ջուրը տեղաշարժում է մի տեղից մյուսը: Բացի այդ, քամին եւ ջուրը բերում են «ցի» կոչված կենսաէներգիան, որը արտահայտվում է կյանքի բոլոր մակարդակներում: Մարդկայինի մակարդակում դա մի էներգիա է, որը հոսում է մարմնի կետային (ակուպունկտուրա) միջօրէականով, հողագործության մակարդակում մի ուժ է, որը ապահովում է հարուստ բերք, կլիմայի առումով՝ էներգիա է, որին տեղափոխում են ջուրն ու քամին: Ֆեն-շույի նպատակներից մեկը հանդիսանում է «ցի» հոսանքի հայտնաբերումը: Թեեւ հոսանքը հայտնաբերելուց հետո անհարժեշտ է լինում այն շտկել, այսինքն՝ ուժեղացնել կամ թուլացնել:

Կյանքի եւ շրջապատող աշխարհի հետ անընդհատ պայքարի մեջ գտնվելու փոխարեն, կարելի է ձեռք բերել Ֆեն-շույին վերաբերող որեւէ թալիսման, օրինակ՝ փոքրիկ հայելի կամ հողմահար զանգակ, եւ ապրել ավելի հանգիստ: Դրան անմիջապես հավատալը հեշտ չէ եւ նույնիսկ, պարտադիր էլ չէ, քանի որ Ֆեն-շույը խորհրդանշական մտածողություն է՝ այլ՝ ոչ թե առարկա: Հոգեբանները ապացուցել են որ բանկանությամբ ընկալվող, սակայն աննշան թվացող խորհրդանիշները, այնուամենայնիվ, ընդունակ են որոշակի ձեւով ներգործել ենթագիտակցական աշխարհի վրա: Իրականում Ֆեն-շույը ներազդում է «ցի» հոսանքը կուտակելու եւ ցրելու արդյունքում: Եթե դժվար է սա գիտակցել, ապա ձեր կյանքում դրական փոփոխությունները կարող եք վերագրել ոչ թե Ֆեն-շույին, այլ՝ ինքներդ ձեր վրա կատարած աշխատանքին:

- Կներկայացնե՞ք մեր ընթերցողին 5 տարերքների եւ դրանց նշանակության մասին:

- Հինգ տարերքները շաղկապված են միմյանց հետ երկու ցիկլով: Դրանցից առաջինը ծնունդի ցիկլն է, որը ցույց է տալիս, թե որ տարերքն է խթանում մյուսի ծնունդը: Իսկ երկրորդը՝ քայքայման ցիկլն է, այսինքն ՝ ինչպես են տարերքները քայքայում միմյանց (նկ.2):

Ծնունդի ցիկլը գործում է հետեւյալ կերպ. ծառը այրվում է՝ արտադրելով կրակ, կրակը իրենից հետո հող է թողնում, որտեղ կարելի է մետաղ գտնել: Մետաղը գտնվում է հողում, որից բխում են ստորգետնյա աղբյուրները (ջուրը), որոնք սնում են բուսականությունը եւ ծնում ծառեր: Քայքայման ցիկլը կարելի է նկարագրել հետեւյալ կերպ. մետաղը կտրում է ծառին, որն իր էությունը ստանում է հողից՝ քայքայելով նրան: Հողը փլուզվում է, քայքայվում ջրից, վերջինս հանգցնում է կրակին, ինչը մետաղ է հալեցնում:

- Ի՞նչ կարող է մեզ տալ վերը նշված գիտությունը:

- Բնակարանների, տների Ֆեն-շույը կարելի է բարելավել՝ իմանալով վերը նշված ցիկլների մասին: Տան մեջ որեւէ հատված ուժեղացնելու համար հարկավոր է մեծացնել այդ հատվածին համապատասխան տարերքը: Այսինքն՝ ավելացնել այն, ինչը այդ տարերքին ծնում է: Ենթադրենք, դուք ցանկանում եք բարելավել ձեր բարեկեցությունը: Օգտվելով բա-գուայից (որի պատկերը կբերվի ստորեւ նկ. 3), դուք կհայտնաբերեք, որ բարեկեցության հետ կապված, ձեր տան հատվածը տեղակայված է հարավ-արեւելքում եւ զուգորդվում է ծառի տարերքի հետ: Ծնունդի ցիկլից երեւում է, որ ծառը ծնող տարերքը՝ ջուրն է: Հետեւաբար, կարելի է տան հարավ-արեւելյան հատվածում տեղադրել ակվարիում կամ փոքրիկ շատրվան, որի միջոցով կուժեղացնեք ծառի տարերքը, ինչն էլ դեպի ձեզ կձգի հաջողությունը: Իսկ եթե տան հարավ-արեւելյան հատվածում տեղադրեք որեւ՝ մետաղական իր, ապա, այդ հատվածում կքայքայեք ջրի տարերքը, արդյունքում կորցնելով եկամուտ ունենալու բոլոր հնարավորությունները:

- Կտեղեկացնե՞ք մի փոքր Բա-գուաի մասին:

- Բա-գուան ութանկյուն պատկեր է, որի ութ եռագրերից յուրաքանչյուրը համապատասխանում է կողմնացույցի ութ ուղղություններին: Բա-գուայի սինվոլը դնելով տան հատակագծի (կամ նախագծի) վրա եւ սիմվոլի գագաթային հատվածը հարմարեցնելով կողմնացույցի հարավային ուղղության հետ, կարող եք ձեր բնակարանը կամ տունը բաժանել ութ հավասար հատվածների՝ հյուսիսային, հարավային, արեւելյան, արեւմտյան, հարավ-արեւմտյան, հարավ-արեւելյան, հուսիս-արեւմտյան եւ հյուսիս-արեւելյան: Այս ութ հատվածները համապատասխանում են կյանքի տարբեր բնագավառներին: Սակայն, պետք է իմանալ, որ այն բնակարանը կամ տունը, որը ունի L ձեւը, ապա, բա-գուաի հատվածներից մեկը կբացակայի:

Ստորեւ կբերվի նաեւ բա-գուայի այն ութ բաժինների աղյուսակը, որոնք համապատասխանում են կյանքի գործոններին:

Նշենք, որ թեման լինելու է շարունակելի, որտեղ արդեն կներկայացնենք գործնական առաջարկներ, վերը նշված գիտության նշանակությունն ու անհրաժեշտությունը մեր տան, բնակարանի, աշխատավայրի, գրասենյակների կահավորման հարցերում:

 

fenshuy


 

 Սիրով՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում