livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019
colors1

Ի՞նչ է գունամեդիտացիան կամ գունամտասեւեռումը: Քչերը գիտեն, որ գույները մեր կյանքում շատ կարեւոր դեր ունեն: Յուրաքանչյուր գույն օժտված է իրեն բնորոշ առանձնահատկություններով: «Զարուհի» ամսագրի հետ իր տեղեկություններով կիսվեց խիրոմանտ, (ձեռնագետ) ֆիտոթերապեւտ, (բնաբույժ), գրող, էզոթերիկ գիտությունների մասնագետ եւ մեր ամսագրի բարեկամ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

- Քանի որ խոսքն այժմ գունամեդիտացիայի կամ այլ կերպ ասած` գունաբուժության մասին է, ապա ասեմ, որ այդ առանձնահատկությունների շնորհիվ է, որ յուրաքանչյուր գույն մարդու օրգանիզմում իրեն համապատասխանող օրգաններին մատակարարում է կենսաէներգիա: Օրգանիզմի կողմից ընկալվող գույները ճառագայթվում են մեր կենսադաշտի (աուրայի), (ֆիզիկական մարմնի շուրջ կենսաէներգետիկ թաղանթ) միջոցով: Կենսադաշտի էներգետիկ գույնը կախված է մարդու հոգեւոր մակարդակից եւ հուզական վիճակից: Գունամեդիտացիայի շնորհիվ կարելի է հասնել բնավորության ցանկալի որակի եւ ձերբազատվել մեր բնավորության այն վտանգներից, որոնք մեզ խանգարում են ճիշտ ապրել եւ կյանքից հաճույք ստանալ: Հայտնի թեզ է, որ ֆիզիկական ցավերի անհետացմանը, որպես կանոն, նպաստում է հոգեւոր մակարդակի ապաքինումը:

Բացի վերը նշվածներից, գույներով աշխատելիս` կարելի է զարգացնել հստակատեսությունը, որն էլ նշանակում է. ճանաչել ինքդ քեզ: Հարկ է նշել, որ ինքնաճանաչումը համարվում է այն միակ ճանապարհը, որը տանում է Տիեզերքի օրենքների ընկալմանը: Ավելի համառոտ` գունամեդիտացիայի նպատակը ֆիզիկական ցավերի բուժումն է եւ հոգեւոր վիճակի կայունացումը:

Ավելորդ չի լինի ասել, որ այս վարժությունները, ընդհանուր առմամբ, լավ ազդեցություն են թողնում մեր օրգանիզմի վրա եւ նպաստում են անձի ձեւավորման զարգացմանը:

- Կխոսե՞ք դրա մասին ավելի համառոտ, եւ ընդհանրապես ինչպե՞ս է պետք  կատարել Ձեր նշած վարժությունները:

- Բնականաբար: Առաջին հերթին հարկավոր է ընտրել մի հանգիստ տեղ, որտեղ ոչ ոք եւ ոչ մի երեւույթ ձեզ չի խանգարի: Ցանկալի է մոմ վառել, միացնել մեղմ եւ տրամադրող երաժշտություն: Պառկել կամ նստել` ընտրելով հարմար դիրք, եւ թուլանալ: Մի քանի անգամ խորը շնչել եւ արտաշնչել` պատկերացնելով, թե օդի հետ միաժամանակ ինչպես է ձեր օրգանիզմ ներթափանցում կենսաէներգիան եւ ձեր մարմնի ամեն մի հյուլեն սնում: Արտաշնչելիս պատկերացրեք, թե ինչպես է ձեր մարմինը ազատվում  լարվածությունից, վախից, անհանգստությունից, որոնք ձեզ պաշարել են:  

- Աստղիկ, իսկ կարո՞ղ է մեր ընթերցողը այս պահին իրականացնել այն:

- Այո, եկեք փորձենք հետեւելով հրահանգներին: Դանդաղ շնչելով` մտապատկերեք սպիտակ լույս, որը հսկայական գնդի ձեւ ունի: Շնչառությունը պահեք եւ զգացեք լույսի ներթափանցումը, որը ձեր օրգանիզմը լցնում է կենսաէներգիայով: Հսկայական լույսը մտովի տեղափոխեք գլխի մոտ, զգացեք` ինչպես է լուսավորում ձեր դեմքը ներսից, այնուհետեւ գունդը ուղղորդեք դեպի ուսեր, սիրտ, ստամոքս, լյարդ, սեռական օրգաններ: Հետո լույսը բաժանվում է երկու սպիտակ գնդերի, որոնք դանդաղորեն ոտքերով իջնում են ներքեւ` թուլացնելով, միեւնույն ժամանակ, կենսաէներգիայով լցնելով մկանները: Ուղարկեք լույսը դեպի ողնաշար, վեր եւ վար, ազատելով  ամեն մի ողը ցավից ու լարվածությունից: Ուսերի մակարդակում լույսը նորից երկատվում է, եւ յուրաքանչյուր սպիտակ լույսի գունդ անցնում է ուսերով, նախաբազուկներով, արմունկներով, դաստակներով եւ մատներով:Կարելի է համարել, որ ձեր կենսադաշտն արդեն ներդաշնակ վիճակում է, հետեւաբար` պատրաստ եք անցնել գունամեդիտացիայի:

- Այսքա՞նն էր գունամեդիտացիան, թե՞ կան էլի նրբություններ:

- Այն, ինչ վերը նշվեց, գունամեդիտացիային անցնելու նախապատրաստումն էր: Այժմ կխոսեմ գույների բաժանման մասին:

ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆ

Արյուն եւ կրակ մարմնավորող կարմիր գույնի էներգիան բարձրացնում է օրգանիզմի ներքին ռեսուրսները, կյանքի նկատմամբ լցնում ձգտմամբ: Կարմիր գույնին համապատասխանում է սիրտը, արյունը, արյունատար անոթները, լյարդը, երիկամները, ուղիղ աղին): Կարմիր գույնով մեդիտացիան օգտագործել արյան շրջանառության հետ կապ ունեցող օրգանները խթանելու, հեմոգլոբինը բարձրացնելու, լյարդի եւ երիկամների գործունեությունը կանոնավորելու, սեռական կարողությունը բարձրացնելու, դաշտանի ցիկլը կանոնավորելու համար:

Կարմիր գույնով մեդիտացիան խորհուրդ չի տրվում կատարել բարձր ջերմության եւ բորբոքային պրոցեսների դեպքում: Երկարաժամկետ մեդիտացիան նույնպես արգելվում է, քանի որ կարող է հանգեցնել նյարդերի գերհոգնածության: Կենտրոնացեք վերը նշված մեդիտացիայի սկզբունքներով, այնուհետեւ կենտրոնացեք կարմիր գույնի վրա:

Պատկերացրեք, որ կարմիր գույնի էներգիան գտնվում է ոտքերի մոտ, միեւնույն ժամանակ ողողել է ձեր շրջապատող տարածությունը: Խորը շնչեք եւ մտքով զգացեք ինչպես է այդ էներգիան ոտնածայրերից դանդաղորեն ներթափանցում ձեր մարմին` կենսաէներգիայով լցնելով ձեր սեռական օրգանները, երիկամները, մարսողական օրգանները, լյարդը: Հասնելով սրտին` միախառնվում է արյան հետ, հոսում երիկամներով, խթանում է արյան շրջանառությունը: Այս էներգիան հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Դուք ձեզ առողջ եք զգում, երիտասարդ եք, կենսաէներգիայով լի: Մի քանի րոպե մնացեք այս վիճակում եւ մտովի շնորհակալություն հայտնեք կարմիր գույնին, քանի որ նա է ձեզ նվիրել այս հաճելի վիճակը:

Դանդաղորեն վերադարձեք առօրյա կյանքին եւ վայելեք ձեր եւ շրջապատի միջեւ ներդաշնակությունը:

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ

Այս գույնը ձերբազատում է հոգեբանական խնդիրներից: Պատասխանատու է հետեւյալ օրգանների համար` փայծաղ, ենթաստամոքսային գեղձ, բարակ աղիք, շնչառական օրգաններ, եւ ընդհանարապես ամրացնում է օրգանիզմն ամբողջովին:

Կենտրոնացեք նարնջագույնի վրա` պատկերացնելով արեւի ճառագայթները, որոնք ոտնածայրերով ներթափանցում են ձեր մարմին, ոտքերով դանդաղորեն բարձրանում են եւ հասնում որովայն, մաքրում եւ միեւնույն ժամանակ կենսաէներգիայով լցնում ձեր ներքին օրգանները: Նարնջագույնը աստիճանաբար թափանցում է կրծքավանդակ, լուսավորում է թոքերը` շնչառությունը դարձնելով ազատ եւ հանգիստ: Այնուհետեւ տարածվում է ողջ մարմնով, հաճելիորեն թուլացնելով մարմինը, որից հետո ներթափանցում է ձեր կենսադաշտ (աուրա) եւ լուսավորում այն: Մի քանի րոպե վայելեք այս հաճույքը, հետո ուղղորդեք նարնջագույն էներգիան մարմնի այն հատված, որտեղ ինքներդ եք անհրաժեշտ համարում:

Շնորհակալություն հայտնեք նարնջագույնին` իր բուժական հատկության համար, նաեւ Աստծուն, ում կամոք ունեցաք հաճելի  զգացողություններ:

ԴԵՂԻՆ ԳՈՒՅՆ

Այս գույնի սիմվոլը արեւն է: Մաքրում է օրգանիզմը, լցնում մեծ կենսաէներգիայով: Դեղին գույնը պատասխանատու է նյարդային եւ ավշային համակարգերի, ուղեղի, արեւահանգույցի, լեղապարկի, ստամոքսի, տասներկումատնյա աղիի համար:

Բուժական մեդիտացիայի գործընթացում դեղին գույնի էներգիան խթանում է մտավոր ունակությունը, մաքրում է մարսողական օրգանները, լյարդը, մաշկը, ազդում է լեղամուղ հատկությամբ, օրգանիզմում վերականգնում է հանքային նյութերի բալանսը եւ իջեցնում ստամոքսահյութի թթվածությունը:

Տրամադրվեք եւ կենտրոնացեք դեղին գույնի վրա` պատկերացնելով շոգ ամառվա կեսօրյա արեւ: Դեղին գույնի էներգիան ոտքերով դանդաղորեն բարձրացնում է դեպքի կոնքեր, հասնում որովայն, որից հետո տարածվում է ողջ մարմնով մաքրելով ու լուսավորելով բոլոր օրգանները: Այնուհետեւ շոշափում է լյարդը, վերջինիս ազատելով ամեն տեսակի խարամներից, հետո մտնում է ստամոքս, այդտեղից էլ ներթափանցում ողնաշար եւ բարձրանում դեպի ուղեղ: Այս էներգիան խթանում  եւ թարմացնում է նյարդային համակարգը` ձեզ ազատելով լարվածությունից:

Որոշ ժամանակ պահպանեք այս եդեմական զգացողությունը, որից հետո դեղին գույնի էներգիան ուղարկեք այնտեղ, որտեղ նրա բուժական ազդեցության կարիքը կա: Մտքում շնորհակալություն հայտնեք դեղին գույնին, նրա բուժական հատկության համար, նաեւ փառաբանեք Աստծուն, ում շնորհիվ վայելեցիք ձեր եւ շրջապատող աշխարհի միջեւ ներդաշնակությունը: Եթե հաճախակի արթնացնեք դեղին գույնի պատկերը ձեր ուղեղում եւ զգաք նրա ջերմությունը, ապա կունենաք նույն զգացողությունը, ինչին հասնում եք մեդիտացիայի ընթացքում:

ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆ

Ամեն կենդանություն խորհրդանշող բնության գույնն է: Պատասխանատու է նյարդերի, մկանների, ոսկրերի, ջլերի, ֆերմենտների եւ հորմոնների համար: Կանաչ գույնը հանգստացնում եւ թարմացնում է օրգանիզմը, ամրացնում է մկանները, հյուսվածքները, խթանում է հիպոֆիզի գործունեությունը, նաեւ հակասեպտիկ ազդեցություն ունի:

Կենտրոնացեք կանաչ գույնի վրա` պատկերացնելով զմրուխտ կանաչ ծովի ջուրը: Խորը շնչեք եւ զգացեք` ինչպես է կրծքավանդակից ձեր օրգանիզմ ներթափանցում կանաչ գույնի էներգիան: Կանաչ ամպը տարածվում է ամբողջ մարմնով` իր հետ բերելով հանգստություն: Կանաչ էներգիան մաքրում է ձեր օրգանիզմը ամեն տեսակի վնասակար նյութերից, կանոնավորում է մարսողական համակարգը, հանգստացնում շնչառությունը:

ձեզ համակում է թարմության եւ առույգության զգացումը:

Կանաչ գույնի էներգիան շրջանառվում է ողջ մարմնով` ստիպելով ձեր օգանիզմին փոքր-ինչ թրթռալ:

Որքան անհրաժեշտ եք համարում, այնքան ժամանակ էլ պահպանեք այս զգացողությունը եւ ողողեք կանաչ գույնի բուժական ալիքները մարմնի այն հատված, որտեղ կա դրանց անհրաժեշտությունը: Մտովի շնորհակալ եղեք կանաչ գույնին եւ Աստծուն:

Ավարտեք մեդիտացիան` վերը բերված խորհուրդներին համապատասխան:

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ

Այս գույնը զուգորդվում է լիակատար հանգստի հետ: Պատասխանատու է նյարդերի, կոկորդի, շնչափողի, աչքերի, ականջների, քթի համար: Այս գույնի էներգիայով մեդիտացիա կատարելու ընթացքում հանգստանում է ցավը, թարմանում է օրգանիզմը, բորբոքային պրոցեսներն ընկճվում են: Հակասեպտիկ, հակաջերմային ազդեցություն ունի, հանում է հոգնածությունը, օգնում անքնության դեպքում:

Տրամադրելով մեդիտացիայի` լուսակիզակետը կլինի երկնագույնը, եթե պատկերացնենք մաքուր երկինքը: Այս էներգիան օրգանիզմ է թափանցում կատարով (գլխի) եւ շատ դանդաղ շրջանառվում է ամբողջ մարմնով: Ցավն աստիճանաբար տեղի է տալիս, անհանգստությունն անցնում է, դանդաղում է սրտի ռիթմը, զարկերակային ճնշումն անկում է ապրում:

Աշխատեք այս վիճակը պահել փոքր-ինչ երկար: Բուժական ալիքները տեղափոխեք մարմնի այն հատված, որտեղ կա դրանց անհրաժեշտությունը, եւ մեդիտացիան ավարտեք այնպես, ինչպես բազմիցս նշվել է վերը:

ԿԱՊՈՒՅՏ ԳՈՒՅՆ

Կապույտ գույնն ունի կազդուրիչ հատկություն, ինչը բնորոշ է երկնագույնին եւ օգտագործվում է նեւրոզներից առաջացած ախտերի, ցավերի դեմ: Պատասխանատու է շնչառական օրգանների, նյարդային համակարգի, վահանաձեւ գեղձի, նշիկների, կույրաղիքի համար: Ազդում է արյունահոսությունը կասեցնող, ցավազրկող հատկությամբ, նպաստում է վերքերի արագ ապաքինմանը:

Մեդիտացիային պատրաստվելուց հետո սեւեռվեք կապույտ գունի վրա:

Պատկերացրեք, թե ինչպես է կապույտ գույնի հզոր էներգիան ճառագայթելով` ներհոսում ձեր օրգանիզմ` մտնելով գլխակատարից եւ կապույտ գույնի մասնիկները ցրում ամբողջ մարմնով: Այն մտնում է ուղեղ, այնուհետեւ` կոկորդ, կրծքավանդակ, իջնում է կոնքերի հատված եւ ձգվում դեպի ոտքերը: Իր ճանապարհին ամրացնում է հյուսվածքները, ջլերը, մաքրում արյունը, հանում լարվածությունը եւ հանգստացնում ցավը: Ձեր մարմնի բջիջները ամբողջովին լցված են կապույտ գույնի էներգիայով:

Հիանալի զգացողություն է: Կապտագույն էներգիայի հոսքը ուղղորդեք այնտեղ, որտեղ կա անհրաժեշտությունը:

Աշխատեք որոշակի ժամանակ պահել այս հաճելի զգացումը: Ավարտեք մեդիտացիան այնպես, ինչպես նկարագրվել է նախորդ գույների դեպքում:

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

Բուժական գունամեդիտացիայում մանուշակագույն էներգիան օգտագործվում է որպես օրգանիզմը ամրացնող, հանգստացնող եւ մաքրող միջոց: Բարեհաջող ազդեցությամբ է ներգործում հատկապես թուլացած, ընկճված նյարդային համակարգի վրա: Պատասխանատու է հետեւյալ օրգանների համար. նյարդեր, գեղձային համակարգ, հիպոֆիզ ավշային համակարգ: Ունի հակաջերմային, ցավազրկող հատկություն. օգնում է անքնության, կիսագլխացավի (միգրեն), ընկճվածության (դեպրեսիա) դեպքում:

Պատրաստվեք մեդիտացիայի եւ կենտրոնացեք մանուշակագույնի վրա, մտապատկերելով ամետիստ թանկարժեք քարի գույնը: Ընկղմվեք մանուշակագույն փայլի մեջ, վայելեք այդ շողերը, որոնք բերում են հանգստության, մեծ ներուժ եւ ձեր մեջ ծնում վստահություն:

Խորը շնչեք եւ պատկերացրեք ինչպես է մանուշակագույն էներգիան ներթափանցում ձեր մարմին` մտնելով գլխակատարից եւ հանում է գլխացավը, դասավորում ձեր ցրիվ եկած մտքերը:

Մանուշակագույն էներգիան այնուհետեւ ներթափանցում է կոկորդ, այնտեղից` կրծքավանդակ եւ լույսով ողողում ողջ կրծքավանդակը: Ձեր մեջ ծնվում է հանգստության եւ ազատության զգացում: Փակ աչքերով դուք տեսնում եք եւ լսում, թե սրտի ռիթմերի ներքո մանուշակագույն  էներգիան ինչպես է տարածվում ողջ մարմնով` խթանելով նյարդային համակարգը, ձեզ լցնելով մեծ ներուժով: Ներքին հանգստության զգացումը աստիճանաբար վերաճում է ամենակուլ զգացմունքի: Առաջին հերթին մտածեք ձեր մասին, այն սիրո մասին, որը տածում եք ձեր հանդեպ: Ամբողջ մարմնում մանուշակագույն էներգիայի հոսք է, հաճելի ծակծկոցներ է առաջացնում, լվանում է ձեր մարմինը` թե՛ ներսից, թե՛ դրսից:

Մնացեք այս վիճակում այնքան, որքան ձեզ հաճելի է: Այնուհետեւ մանուշակագույն ճառագայթներով ողողեք այնտեղ` ուր անհրաժեշտ է:

Մտովի շնորհակալություն հայտնեք մանուշակագույնին, որ իր կենարար ազդեցությունը բերեց ձեզ, եւ սովորականի պես ավարտեք մեդիտացիան:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում