livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

9Ամսագրի ընթերցողների խնդրանքով անդրադառնում ենք մի երեւույթի, որը կոչվում է ռեինկարնացիա, կամ ինչպես տպավորված է մարդկանց մոտ` կյանք` մահից հետո, հոգու տեղափոխում եւ այլն: Այս մասին մենք զրուցեցինք խիրոմանտ (ձեռնագետ), ֆիտոթերապեւտ (բնաբույժ), գրող, էզոթերիկ գիտությունների մասնագետ` ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:


- Ի՞նչ է նշանակում կամ ի՞նչ է ռեինկարնացիան:
- Ռեինկարնացիա, հոգու տեղափոխություն, հոգու վերաբնակում կամ մետեմփսիխոզ. մարդու էության փոփոխության, հոգու վերածննդի վերաբերյալ կրոնական կամ փիլիսոփայական տարատեսակ անվանումներն  են:

- Ո՞ր կրոնների կողմից է ընդունված:
- Շատ ժողովուրդների ավանդույթներում կա ռեինկարնացիայի գաղափարը, ըստ որի` մարդիկ վերածնվում են մարդկանց, կենդանիների, բույսերի:
Որոշ երկրներում (այդ թվում` նաեւ վուդուն) եւ հատկապես կարիբյան երկրներում մեծ հավատ կա ռեինկարնացիայի նկատմամբ: Ուղղակի այդպիսին է նշված կրոնների փիլիսոփայական աստառը:
Ըստ այս կրոնների, հոգու մի «մասը» օժտված է անհատականությամբ եւ հատուկ է մարդու տվյալ կյանքին, իսկ մյուս «մասը» պատկանում է տիեզերական հոգուն եւ անցնում է հաջորդ կյանք: Համարում են, որ հոգին մարմինը լքում է հաճախ բերանից, քթից, եւ կարող է վերամարմնավորվել թռչնի, թիթեռի եւ այլն: Հարավային Աֆրիկայում բնակվող վենդա ցեղի մարդիկ համոզված են, որ մեռած մարդու հոգին որոշ ժամանակ գերեզմանի մոտ է մնում, այնուհետեւ նոր «բնակատեղի» է փնտրում, այսինքն` այլ մարմին, ընդ որում` կարող է վերաբնակվել մարդու, կենդանու, նույնիսկ սողունի մարմիննրում: Վենդա ցեղի քրմերը հատուկ պաշտպանություն են կազմակերպում գերեզմանի շուրջ, որպեսզի «արգելված գոտում» չհայտնվեն մարդիկ ու կենդանիներ եւ մարմնից անջատված հոգու նոր «պահարանը» չդառնան:
Իսկ ըստ օրֆիզմի (հին հունական հավատալիքներ)` մարմինը լքած եւ հետագայում այլ մարմիններում վերաբնակված հոգին վերջնականապես ավարտում է վերածննդի ցիկլը եւ վերադառնում է նախկին իր իդեալական վիճակին: Համենայնդեպս, Պլատոնը հավատում էր հոգու անմահությանը, որը վերածնվում եւ վերաբնակվում է բազմաթիվ մարմիններում:
Սակայն պետք է նշել, որ ռեինկարնացիայի գաղափարի հիմնական եւ վառ աջակիցները ասիական կրոններն են, հատկապես` ինդուիզմը, բուդդիզմը, ջայնիզմը, սիկխիզմը: Այս կրոնները ծնունդ են առել Հնդկաստանում, եւ բոլորն էլ ղեկավարվում են կարմայի թեորեմով, պատճառի եւ հետեւանքի օրենքով, ինչն իր մեջ ներառում է հետեւյալը. այն, ինչ մարդը ցանում է իր կյանքում, անդրադարձվում է ապագայում: Ծննդի եւ վերածննդի, այսինքն` վերամարմնավորման գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ հոգին հասնում է փրկության (մոկշա), իսկ դրան կարելի է հասնել ճշմարտության գիտակցմանը հասնելուց հետո: Նրանց համար անհատական հոգին (աթման) եւ բացարձակ (հավիտենական) հոգին (բրաման) միասնական են:

Ջայնիզմը, որը քարոզում է հավիտենական հոգու գաղափարը, գտնում է, որ կարման կախված է մարդու կատարած արարքներից: Անցյալից եկող կարմայի բեռը գումարվում է նոր կարմային, ինչը ձեռք է բերվում նոր մարմնավորմամբ կյանքի ընթացքում: Այսպիսի հոգին պետք է կրոնական ծեսերի միջոցով «ազատվի», այսինքն` մաքրվի, որի համար սովորաբար գործածում են ախիմսա (հրաժարվել բռնի մեթոդներից), ինչից հետո հոգին բարձրանում է վեր, այնտեղ, որտեղ գտնվում են Տիեզերքի ազատ հոգիները:
Բուդդիզմն էլ քարոզում է հոգու կարմայի վերաբնակումը: Պնդում է, որ հոգեֆիզիկական էլեմենտները մահից հետո` հինգ սկանդխասը (էլեմենտների խումբ), դադարում են իրենց գոյությունը, բայց կարման պահպանվում է եւ մոր արգանդում վերածնվում վիջանի (գիտակցական սաղմի): Վիջանս  համարվում հոգու բջիջը, որն էլ տեղափոխվում է նոր մարմին:
Որոշակի մեթոդների, մտասեւեռման (մեդիտացիա) շնորհիվ կարելի է վերջ տալ հոգու վերածննդի հերթափոխին եւ հասնել նիրվանայի, որտեղ ավարտվում են բոլոր ցանկությունները եւ կարիքները:
Սիկխիզմն իր գաղափարով նման է ինդուիզմին, այն սովորեցնում է, որ հոգու Ահեղ Դատաստանից հետո, այն հոգու, որն ապրել է բազմաթիվ վերածնունդներ, վերջնականապես կլանվում է Աստծո կողմից:

- Ռեինկարնացիայի գաղափարը կապ ունի՞ կրիոկոնսերվացիայի հետ եւ ինչ է դա:
- Ամենաանմիջական: Կրիոկոնսերվացիան (սառեցման միջոցով մարմնի պահպանում) գիտություն է, որը, այսպես ասած, ծնունդ է առել անցյալ դարում, ինչի ամենավառ էնտուզիաստներից մեկը բժիշկ Արթուր Գրեբլն է: Նա այնքան է հավատում հոգու հավերժությանը, որ այն պատրաստ է ուղարկել լիմբո (դժոխքի նախամուտք), որտեղ հոգին կսպասի իր ժամին, իսկ գիտությունն այդ ընթացքում կհասնի անպատմելի բարձունքների եւ մարդկանց սառեցված մարմինները նորից պիտանի կդառնան կենսական ֆունկցիաներ կատարելու համար եւ, բնականաբար, ամեն ինչ կվերադառնա իր տեղը: Իրոք, նման փորձեր արվել եւ արվում են: Սակայն որպես գիտություն, կրիոկոնսերվացիան այնքան էլ հավատ չի ներշնչում, եւ դրա հաջողությունը կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ` կարո՞ղ է հոգին ապրել առանց մարմնի, այն արդյո՞ք կվերադառնա նորից մարմին, կարո՞ղ են գիտնականները մահացած մարմինները «հետ» բերել, նորից «կենդանացնել»: Իսկ գուցե՞ կլոնավորման միջոցով ստեղծեն «նոր հոգի»` բժիշկ Գրեբլի նման, ով իր հեռու ապագան պատրաստ է դիմավորել մի նոր «նեյրո որակում» (նկատի ունեմ, որ բժիշկ Գրեբլից կմնա ընդամենը ուղեղի մի հատված կամ գենետիկ հիշողության համար պատասխանատու մի բջիջ):

- Աստղիկ, իսկ ի՞նչ են ցույց տվել փորձերը, եթե դրանք արվել են:
- Փորձերը սկզբում կատարել են կենդանիների վրա: Ինչ-որ ժամանակ նրանց մարմիններն անշունչ են եղել, եւ որքանով որ մեզ է հայտնի մահվան բնույթը` կենդանիների ուղեղը ոչ թե «անջատված» է եղել, այլ մարմնից առանձնացված: Երբ նրանց մարմինները կյանքի են վերադարձել, վերադարձել են եւ նրանց «հոգիները»: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ է տեղի ունեցել երկու գործոնների ընթացքում, եւ ամենակարեւորը, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ կյանքի կոչած մարմիններում «հոգին» մնացել է նույնը, ինչ նախկինում էր: Այս ամենը նման է կատակի, այնպես չէ՞: Կամ էլ` ոչ:
Այն միտքը, որ մարմինը որպես առարկա կարելի է «պարտքով վերցնել» կամ իր տիրոջից զատ կարող է այլ ոք օգտվել, շատ հին է, ինչպես` մահը: Այն գոյություն ունի աշխարհի բոլոր կրոններում, հավատալիքներում եւ տիպիկ է ոչ միայն ֆանտաստ գրողներին, այլեւ սովորական մարդկանց:
Այսպիսի եղելությունները, որոնք բաժանվում են սեւի եւ սպիտակի, բացառապես հանդիպում են գիտաֆանտաստիկ ստեղծագործություններում (հիշենք «Ուրվականը» ֆիլմը, Վուպի Գլդբերգի մասնակցությամբ), բայց մեզ առաջին հերթին հետաքրքրում է ոչ թե հոգու եւ մարմինի բաժանումը, անջատումը, այլ այդպիսի բաժանման հնարավոր լինելը:

- Դուք ինքներդ ի՞նչ կարծիքի եք եւ կարո՞ղ եք օրինակ պատմել:
- Ես զերծ կմնամ սեփական կարծիք արտահայտելուց միայն այն պատճառով, որ այդքան ժամանակ չունենք եւ կպատմեմ ձեզ մի պատմություն: Ճշմարիտ լինելու մեջ պետք չէ կասկածել, քանի որ այն պահպանվում է հետախուզության գաղտնի պահոցում (ФБР-ֆայլ 30): 1985թ. հուլիսի 19-ին, Հնդկաստանում մահանում է 17 տարեկան աղջիկ` Սումիտրա անունով: Վշտացած ծնողներն ու հարազատները պատրաստվում են աղջկա թաղման արարողությանը, երբ աղջիկը հանկարծ կենդանանում է: Հարազատները, բնականաբար, նոր սթրես են ապրում, սակայն  Սումիտրան ոչինչ չէր հիշում իրենից եւ պահանջում է իրեն անվանել Շիվա, որ ինքը Սումիտրան չէ:
Աղջիկը, ով այժմ Շիվան է, պատմում է, որ հիշում է միայն, թե ինչպես ընտանեկան վեճի ժամանակ աղյուսի կտորը դիպավ գլխին, իսկ մնացած հիշողությունները վերսկսվել են արդեն Սումիտրայի մարմնում: Ոստիկանությունից տեղեկացնում են 22 տարեկան Շիվայի մահվան մասին, ինչը տեղի էր ունեցել դրանից երկու ամիս առաջ, եւ աղջկա մահվան պատճառը կասկածի տեղիք էր տալիս: Նրա մարմինը գտել էին երկաթուղային կայարանում, գլխին հասցված բազմաթիվ վերքերով, սակայն Շիվայի ծնողները պնդում էին, որ իրենց աղջիկն ինքնասպան է եղել: Նրա մարմինը դիակիզել էին, ինչպես ընդունված է Հնդկաստանում, սակայն ինչպես տեսանք, Շիվան վերադարձել եւ ապրում էր Սումիտրայի մարմնում:
Շիվայի ընտանիք «մուտք գործելուց» հետո, նրա հարազատներից եւ ոչ ոքի մոտ կասկած անգամ չմնաց, որ դա իրենց աղջիկն է, որովհետեւ նա ճանաչեց բոլոր հարազատներին, զբոսնեց իր սիրած վայրերում, իմացավ, թե որ իրը ով է նվիրել իրեն եւ որ ամենակարեւորն է` գրեց Շիվայի ձեռագրով ու ոճով: Այս փաստը բոլորին զարմացրեց, քանի որ Սումիտրան գրաճանաչ չէր, նա չէր կարդում եւ չէր գրում: Շիվայի օրինակը եզակի չէ, երբ որեւէ «չզբաղված» մարմին այլ հոգու համար դառնում է «կացարան», այս հարաբերության տեսությամբ կարելի է դատել նաեւ երկարատեւ  կլինիկական մահ տարած մարդկանց դեպքերը, որոնց կյանք վերադառնալը ուղեկցվում է անբացատրելի փսիխոզներով:

- Մարմնի եւ հոգու բաժանման ու վերաբնակեցման բոլո՞ր դեպքերն են այդպիսին:
- Մարմնի եւ հոգու բաժանման պրոցեսը բաժանվում է երեք կատեգորիաների: Առաջին դեպքի մասին արդեն խոսեցի, երբ հոգին տեղափոխվում է այլ (արդեն մահացած) մարմին, երկրորդ կատեգորիան քիչ դրամատիկ է, երբ հոգին տեղափոխվում է ողջ մարդու մարմին եւ բնակվում այնտեղ, սակայն` ժամանակավորապես: Եվ երրորդ տարբերակը` ավելի քիչ դրամատիկ, որի դեպքում մարդու անհատականությունը չի փոխվում, սակայն ժամանակ առ ժամանակ նա գործում է ասես «հարեւանի» ազդեցության տակ:

- Կա՞ այդպիսի օրինակ, եթե այո, պատմե՛ք:
- Կա՛ եւ շա՛տ: Անցյալ դարի վերջին թվականներին, ոմն  Ֆրեդերիկ Թոմփսոն դիմում է պրոֆեսոր Ջեյմս Խիզլոպին, վերջինս ղեկավարում էր Հոգեբույժների ամերիկյան ընկերությունը: Նա պատմում է, որ երկու տարի է, ինչ սկսել է նկարել, թեեւ նախկինում երբեք չի հետաքրքրվել այդ արվեստով: Նկարում է բավականին լավ, բայց եւ միշտ զգում է, որ նկարների բովանդակությունը, առարկայական նկարագրումները ինչ-որ մեկն է իր փոխարեն ընտրում: Բողոքում է նաեւ հաճախակի ուշաթափություններից, որոնցից հետո պարզվում է` ավարտել է սկսած նկարը եւ չի հիշում, թե ինչպես է դա կատարվել: Ինքը` Թոմփսոնը, եկել էր այն եզրակացության, որ նկարում է ճանաչված նկարիչ Ռոբերտ Սուէյն Գիֆֆորդի հոգեբանական ազդեցության տակ, ում հետ Թոմփսոնը մեկ անգամ հանդիպել էր: Ինքն իրեն ստուգելու համար մեկնել էր այլ քաղաք` Գիֆֆորդի նկարների պատկերասրահ: Մի քանի րոպե նա կորցրել էր խոսելու ունակությունը, երբ իմացել էր Գիֆֆորդի մահվան լուրը. ավելին` նա մահացել էր մեկ տարի առաջ, այն ժամանակ, երբ ինքը` Թոմփսոնն սկսել էր նկարել:

Պրոֆեսոր Խիզլոպը սկզբում կարծում է, թե Թոմփսոնը ամենասովորական խելագար է: Սակայն նկարչի նրա տաղանդը գնալով աճում է, եւ որ ամենակարեւորն է` քննադատները Թոմփսոնի աշխատանքները համեմատում եւ միայն նմանեցնում են Գիֆֆորդի ոճի հետ:
Դժվար է այս ամենը բացատրել եւ սպառիչ պատասխան տալ: Առաջին հայացքից գերբնական տպավորություն են թողնում, սակայն Հովարդ Գորդոնը (հոգեբան, հոգեբույժ) իր սեփական կարծիքն ունի, նա համարյա համոզված է, որ որոշ ոչ իրական թվացող դեպքեր ֆիզիոլոգիական բացատրություն ունեն: Երկար տարիներ նա փորձեր է կատարել հալյուցինոգեններով եւ պնդում է. եթե ուղեղին հնարավորություն տանք, նրա ունակությունները եւ երեւակայությունը անսահմանափակ են...

- Իսկ իրականում կա՞ն այնպիսի դեպքեր, երբ մարդու հոգին բնակվում է կենդանու մարմնում կամ` հակառակը, եւ եթե կա` կպատմե՞ք:
- Այո, իհարկե: Կպատմեմ օձերի թագուհու մասին (ФБР ֆայլ-53): Հնդկաստանի հարավում ապրող Շակտի Անդյավարայի, ով փոքր հասակից ապրում էր օձառատ տեղանքում: Թունավոր օձերը հաճախ էին սողոսկում նրա օրորոց, բայց աղջկան երբեւէ չէին վնասում: Հինգ տարեկան հասակում, երբ նա իր եղբայրների հետ մտնում է անտառ, պատահմամբ տրորում են օձերի բույնը, նույն պահին նրա եղբայրները մահանում են օձերի հարյուրավոր խայթոցներից, իսկ Շակտին մնում է անվնաս, ավելին` օձերը քնքշորեն փաթաթվում են նրա ոտքերին: Ամեն օր օձերը հայտնվում են Շակտիի տանը, բայց բավական էր, որ նրա ծնողները աղջկա հետ տեղափոխվեին այլ տուն, նախկին տունը օձերի համար դառնում էր անտարբեր վայր: Իսկ նոր տանը կրկնվում էր նույնը, օձերը ամենուր էին: Մի անգամ Շակտին 12 տարեկան էր, նա մտնում է սենյակ այն պահին, երբ հսկայական կոբրան կնգուղը փքած` մոտենում է աղջկա հորը: Շակտին բռնում է օձի գլխից եւ նրան դուրս շպրտում, եւ հետաքրքիրն այն է, որ հսկա սողունը հակադրվելու ոչ մի փորձ չի անում:
Այդ օրվանից նա հաճախ է օձերին ձեռքն առնում. նրան առաջարկում են նույնիսկ ելույթներ ունենալ հասարակության առաջ, որպես հմայող, բայց աղջիկը հրաժարվում է: Սողունների եւ աղջկա միջեւ եղած այս անբացատրելի կապի վրա գուցե լույս են սփռում նրա տեսած երազները. երազներում նա ուներ երկար, արծաթականաչ մարմին, սեւ պուտերով, նրա շուրջն օձեր են, նա չի խոսում մարդկային լեզվով, բայց օձերը հասկանում են նրան, ինքն էլ իր հերթին, նրանց չի ընդունում որպես օձերի եւ վերջիններս իրեն վերաբերվում են «հարգանքով»:

Աղջկա ծնողները հաճախ էին դիմում բրահմաներին, նրանք էլ իրենց կարծիքն էին հայտնում, որ Շակտիի մարմնում ապրում է մեռած օձերի թագուհու հոգին: Այդպիսի ռեինկարնացիան չէր կարող նշմարելի չլինել: Աղջիկը մի կնիք էր կրում, որը նկատելի չէր մարդկանց համար, սակայն զգալի էր օձերի կողմից: Այն ակնառու դարձավ աղջկա մահից հետո: Շակտին մահացավ 15 տարեկան հասակում, սրտամկանի բորբոքումից (օձերին հատուկ հիվանդություն): Գիշերը աղջկա սենյակ էին սողացել օձերը եւ պատել նրա մարմինը: Հարազատները նրանց հետ կռիվ տալով` դուրս են բերում դին: Դիակիզումը պետք է կատարեին գետի ափին, որտեղ երբեւէ օձեր չէին նկատվել: Երբ դեպի երկինք է բարձրանում դիակիզման կրակը, անտառից, գետից, ճահճից հազարավոր օձեր են սողում: Մարդիկ սարսափահար փախչում են, շատերը մահանում են օձերի խայթոցից, իսկ ովքեր ողջ են մնում, պատմում են, որ օձերը սողում էին դեպի աղջկա դին եւ նետվում էին կրակի մեջ, ասես ցանկանալով նրա հետ այրվել:
Եվ այսպես, ո՞վ էր իրականում Շակտի Անդյավարան: Հնդիկ գիտնականները Մինչ այսօր չեն կարողանում սպառիչ պատասխան տալ այս հարցին: Սակայն բրահմաները վստահ են, եթե այդքան երիտասարդ հասակում չմահանար Շակտին, նա կդառնար օձերի տիրուհին եւ նրանց հետ կգնար ջունգլիներ, այնտեղ, որտեղ բնակվել էր մինչ իր ծնունդը:

Զրուցեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում